Հայկական լեռնաշխարհի բնիկները մ․թ․ա III հազարամյակի կեսերից քաղաքական և մշակութա-տնտեսական ակտիվ շփումների մեջ են մտնում Միջագետքի ու արևմտաիրանական քաղաքակիրթ շրջանների հետ, ինչի շնորհիվ երկրի տարբեր մասերում նկատվում է նախնադարյան հասարակության քայքայման և սոցիալական նոր հարաբերությունների պայմաններում ցեղերի վերաձևավորման գործընթացը։ Առաջ են գալիս ցեղային խմբեր, որոնք հիմնվում են մշակութա-տնտեսական և լեզվական ընդհանրությունների վրա։
Հայկական լեռնաշխարհի բնակչության բրոնզեդարյան էթնիկ պատկերի համար հնարավորություններ են ընձեռում ոչ միայն մարդաբանական և հնագիտական, այլ նաև հարևան քաղաքակրթությունների առաջին գրավոր աղբյուրները։
Միջին բրոնզե դարից Հայկական լեռնաշխարհում ձևավորված ցեղային խմբերը խոսում էին սերտ ազգակցության մեջ գտնվող լեզուներով, կառուցում մշակութա-տնտեսական միասնականություն։ Նախնադարյան հասարակության քայքայմանը զուգահեռ՝ արտաքին մարտահրավերների ազդեցության ներքո հանդես են գալիս նաև ցեղային միություններ, որոնք դառնում են պետական կազմավորումների նեցուկը։
Մ․ թ․ա II հազարամյակի կեսերին Հայկական լեռնաշխարհում տարածում են գտել հնդեվրոպական լեզվաընտանիքի մի քանի խոշոր ցեղային խմբեր, որոնք ձևավորեցին հայ ժողովրդի կազմավորման հիմքը։
Խուրրիական ցեղեր
Հայկական լեռնաշխարհի հարավում և նրա հարևան շրջաններում էին բնակվում հնդեվրոպական ծագման ցեղեր, որոնց խեթերն անվանում էին խուրրիներ, իսկ ասորեստանցիները’ սուբարիներ։
Մ. թ. ա. II hազարամյակի սկզրներին խուրրիական ցեղերն արդեն գերիշխող տարր էին Հայկական լեռնաշխարհի միջին մասում, նրան կից Հյուսիսային Միջագետքում և Փոքր Ասիայի արևելյան շրջաններում։ Չի բացառվում, որ խուրրիական որոշ ցեղեր մասնակցեցին հնդարիական մեծ ներգաղթին Հյուսիսային Հնդկաստան (թեև առկա է վարկած, թե նրանց նախկինները եկել են Կենտրոնական Ասիայից)։
Մ. թ. ա. XVIII դարում խուրրիները հիմք են դնում մի պետության, որը պատմության մեջ հայտնի է Միտաննի-Հանիգալբաթ (մ․թ․ա 1550–1260 թվականներ) անունով։ Այն իր մեջ ընդգրկում էր ամբողջ Հյուսիսային Միջագետքը, Ասորիքի զգալի մասը, Վանա լճի ավազանը, Արևելյան ու Արևմտյան Տիգրիս գետերի և Հայկական Տավրոս լեռնաշղթայի միջև ընկած շրջանները, ինչպես նաև Արածանի գետի հովիտը։
Մ․թ․ա VII-V դարերում Սուբարտու էին անվանում Հյուսիային Միջագետքի այն մասը, որտեղ գտնվում էր խուրրիական Միտաննի պետության մայրաքաղաք Վաշշուգանեն։ Ցեղախմբի հետ են կապում նաև հնագույն Շուպրիա/Ծուպանի աշխարհը (հայկական Ծոփք):
Ենթադրվում է, որ խուրրիական ծագում են ունեցել Վանա լճի ավազանի ցեղերը, որոնց միջազգային պատմագրության մեջ ընդունված է անվանել ուրարտացիներ։ Դրանցից Բիայնա ցեղախումբը մ․թ․ա IX- VIII դարերում կարողացավ միավորել Հայկական լեռնաշխարհը՝ ստեղծելով Ուրարտուի (կամ Արարատի) աշխարհակալությունը։
Խուրրիական ցեղերի ֆիզիկական տիպը շարունակում է ապրել Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի ժամանակակից որոշ ժողովուրդների և մասնավորապես հայերի մեջ։ Իրենց մոտ գերակշռում է կարճագլխությամբ և արծվաքիթ դեմքով բնորոշվող արմենոյիդ (armenoid) մարդաբանական տիպը։
Հայասցիներ
Հնդեվրոպական ծագման հայասցիների և նրանց ցեղային միության մասին հանգամանալից պատմում են խեթական աղբյուրները։ Գերիշխող կարծիքն է, որ Հայասա-Ազզի երկրի բնակիչները պատկանում էին խուրրիական ցեղերին։
Հայասայի լեզվից հասած սակավաթիվ տվյալների (հայասական անձնանունների ու տեղանունների) վերլուծությունը բերեց նաև այն եզրակացության, որ հայասական լեզուն պատկանում է հնդեվրոպական հին անատոլիական լեզուների խեթա-լուվիական խմբին, կամ որ այն ինքնուրույն հին անատոլիական լեզու է։
Այնուամենայնիվ, եթե Hayasa անունը հիմք է դարձել հայ ժողովրդի ինքնանվան և նրա կողմից զբաղեցրած երկրի անվան, ապա հայասական լեզուն կարող է դիտվել որպես ձևավորվող հայերեն լեզվի հնագույն շերտերից մեկը, բայց ոչ նրա հիմքը։
Էթիուներ
Արարատյան դաշտում կարելի է ենթադրել հնդեվրոպական մեկ այլ ցեղախմբի գոյությունը։ Ուրարտական աղբյուրներում այն կոչվել է էթիուխի (էթիունցիներ), իսկ Ասորեստանյան՝ Էթինի ձևով։
Հնագետները կապում են էթիուներին Լճաշեն-մեծամորյան և Թռեղք-վանաձորյան մշակույթների մ․թ․ա․ II հազարամյակի գերեզմանային հուշարձանների հետ, որոնք վկայում են խուրրիական աշխարհի հետ նրանց ունեցած մշակութային սերտ կապերի մասին։
Կուտիներ
Կապուտան (Ուրմիա) լճից մինչև Մեծ Կովկաս բնակվող ժողովուրդների ու ցեղերի լեզուներից հայտնի են միայն մ․թ․ա II հազարամյակին վերաբերող առանձին հատուկ անուննեո և տեղանուններ։ Շրջանի բնակչությունը մեծամասամբ տարբերվում էր խուրրիներից, սակայն բացառված չէ խուրրիական առանձին խմբերի գոյությունը։ Ասորական և բաբելոնական աղբյուրներում տեղի էթնիկ խմբերը հիշատակվում են կուտիներ անվամբ։ Մասնավորապես նշվում է, որ կուտիները հաղթել են աքքադական տիրակալ, Նարամ-Սուենին (Նարամսի) մոտ մ․թ․ա 2200 թվականին։
Թրակա-փռյուգիական ցեղեր
Մ. թ. ա. II հազարամյակի երկրորդ կեսում մեծ թափ է ստանում ցեղերի տեղաշարժը էգեյան աշխարհից և Բալկաններից դեպի Փոքր Ասիա, Լևանտի ծովեզերք և նույնիսկ Եգիպտոս։ Եգիպտական աղբյուրներում բոլոր այդ հարձակվող ցեղերր կոչվում են «ծովի ժողովուրդներ»: Փոքր Ասիայի արևմտյան, ապա կենտրոնական մասեր տեղափոխված թրակա-փյուգական ցեղերի մեջ հիշատակում են արիմներին (Άριμοι), որոնց համարում են հայ ժողովրդի կազմավորման կարևորագույն բաղադրիչներից մեկը։
Մ․թ․ա XIII դարում տեղի է ունենում թրակա-փռյուգիական ցեղերի նոր զանգվածային տեղածարժը, որի ժամանակ կործանվում են Տրոյա քաղաք-պետությունը, Խեթական կայսրությունը և Հայասա Ազին։ Մ. թ. ա. 1170-ական թվականների փռյուգական ցեղերն անցան Եփրատը և ներխուժեցին Ասորեստանի տիրապետության տակ գտնվող Շուպրիա երկիրը։
Ասորեստանցիները և Առաջավոր Ասիայի մյուս ժողովուրդները թրակա-փռյուգական լեզվաճյուղի բոլոր հնդեվրոպական ցեղերին անվանում էին մուշկեր։
Հատկանշական է, որ լեզվական և պատմական գրականության փաստերը ցույց են տալիս, որ հայերի հնդեվրոպական նախնիների մի ճյուղը երկարատև շփման մեջ է եղել փոքրասիական և էգեյան ցեղերի ու ժողովուրդների հետ։ Հայերի առաջացման մասին մ․թ․ա IV դարից տարածքում ստացած հունական առասպելը հիմք է տալիս «բալկանյան ծագման» կամ «եկվորության» վարկածների։ Մեկ այլ վարկածի համաձայն մ․թ․ա I հազարամյակի սկզբի հայերը հանդիսանում էին տեղական խեթական բնակչության և թրակա-փռյուգիական մուշկերի խառնուրդ:
Այնուամենայնիվ ժամանակակից գենեալոգիական ԴՆԹ հետազոտությունները չեն բացահայտել հայերի և բալկանյան ժողովուրդների միջև ուղիղ կապը, ինչը «բալկանյան ծագումը» դարձնում է զուտ ենթադրություն։