Ad image

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 Հայերը աշխարհի հնագույն ազգերից են։ Նրանց վավերագրական պատմությունը հասնում է մի քանի հազար տարվա։ Այս ընթացքում հայերը մեկ անգամ չէ, որ վերապրել են իրենց պատմության և՛ ողբերգական, և՛ աննախադեպ բարգավաճման ու ստեղծագործ աշխատանքի փուլեր՝ համաշխարհային քաղաքակրթությանը նվիրելով նյութական և հոգևոր մշակույթի արժեքավոր գլուխգործոցներ։

Հայ ժողովուրդը ձևավորվել և իր պատմական ուղին է անցել Հայկական լեռնաշխարհ անունը կրող տարածքում: Աշխարհարգրական այս շրջանում հնագետները հայտնաբերել են հնագույն մարդկանց ներկայության բազմաթիվ հետքեր՝ սկսած ստորին պալեոլիթից։ Ըստ այդմ՝ Հայկական լեռնաշխարհը պատկանում է երկրագնդի այն տարածքներին, որտեղ տեղի է ունեցել ժամանակակից մարդկանց ձևավորումը։

Հայկական լեռնաշխարհի մասին Աքքադի թագավորների թողած առաջին գրավոր հիշատակումները վերաբերում են մ.թ.ա. III հազարամյակին, երբ Հայկական լեռնաշխարհում սկսվում է պետական կազմավորումների դարաշրջանը։ Մ․թ․ա III-II հազարամյակներում հանդես են գալիս Արատտա, Էթիունի, Դիաուխի, Նաիրի, Հայասա Ազզին, Արմե-Շուբրիա համադաշնությունները։ Հայկական լեռնաշխարհում մ․թ․ա. IX դարում ասպարեզ իջած Արարատյան թագավորությունը (Ուրարտու/Բիայնիլի) դառնում է առաջին միասնական պետությունը։

Հայերն ու նրանց ստեղծած պետությունը Հին աշխարհում հայտնի էին մ․թ․ա․ VII դարի վերջից։ Մ․թ․ա V դարում Հայաստանը պատկերված էր հույն պատմաբան և աշխարհագրագետ Հեկատեոս Միլետացու և բաբելոնական քարտեզներում։ Երկրի մասին բավական հագեցած տեղեկատվություն են հաղորդել արևելյան և հունահռոմեական հեղինակները։

 Միասնական պետականությունների պատմությունը հարատևում է մինչև 387 թ. Հայաստանի բաժանումը կամ Արշակունյաց արքայատոհմի անկումը։ Վաղ միջնադարում պետականությունը 428 թ. հետո չի վերանում։ Այն թագավորից անցնում է նախարարներին։ Պետականության շատ հատկանիշներ պահպանվում են արաբական տիրապետության ժամանակաշրջանում ընդհուպ մինչև IX դարի կեսերը, երբ վերականգնվեց հայոց թագավորությունը։ XIV դարի վերջին Կիլիկիայի հայկական թագավորության կործանումով ավարտվում է հայոց պետականության ժամանակահատվածը։

 Պատմաաշխարհագրական Հայաստանի սահմանները մեծամասամբ համընկնում են Մեծ Հայքի և Փոքր Հայքի պատմական պետությունների սահմանների հետ: Արշակունիների թագավորական դինաստիայի ժամանակ Մեծ Հայքը բաժանվում էր 15 նահանգի, կամ «աշխարհի», որոնք հանդիսանում էին առանձին բնապատմական և տնտեսական միավորներ՝ իրենց սովորություններով, տարազով ու բարբառներով։

Փոքր Հայքը տարածվում էր Եփրատից դեպի արևմուտք մինչև Անտիտավրոս լեռնաշղթան։ Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Փոքր Հայքը բաժանվում էր երեք վարչական մարզերի՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք և Երրորդ Հայք։

 Աշխարհագրորեն գտնվելով Արևելքը և Արևմուտքն իրար մեջ կապող առևտրային կարևորագույն ուղիների խաչմերուկում, հարևան հզոր տերությունների (Հռոմեական, ապա Բյուզանդական, իսկ ավելի ուշ՝ Օսմանյան կայսրություններ և Իրան) միջև, և դիմանալով դրանց տարաբնույթ ճնշումների, Հայաստանը բազմիցս ենթարկվել է օտարազգիների հարձակումների (արաբներ, սելջուկ թուրքեր, մոնղոլներ, օսմանյան թուրքեր և այլ քոչվորներ):

XVII դարի կեսերին ավարտվում են թուրք-պարսակական արյունալի ու երկարատև պատերազմները, որոնցից հետո ծավալվում են հայ ազգային-ազատագրական շարժումները։ Նոր ժամանակներում, մասնավորապես XVII-XVIII դարերում հայոց պետականությունը Արցախի և Սյունիքի մելիքությունների տեսքով ունենում է իր նոր, բայց շատ հստակ դրսևորումները։ XVIII դարի երկրորդ կեսին հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը հասնում է այնպիսի մակարդակի, երբ ժամանակի նշանավոր գործիչները առաջ են քաշում հայկական պետականության վերականգնման վերաբերյալ նախագծեր։ Ընդ որում, հայ ազատագրական միտքն առաջադրում է նաև աշխարհում այդ ժամանակ եզակի՝ կառավարման հանրապետական համակարգ ստեղծելու գաղափարներ։

Ռուսական տիրապետության ժամանակ հայկական ինքնավարության վերջին նշույլներն ու շառավիղները վերանում են 1840 թ. Հայկական մարզի վերացումով, որը, այնուամենայնիվ, որոշ ինքնավարության տարրեր պարունակող միավոր էր. ուներ դրոշ, զինանշան, հայկական անուն և այլն։ 1849 թ. Երևանի նահանգի ստեղծումով Արևելյան Հայաստանում վերջնականապես արմատախիլ են արվում պետականության բոլոր, անգամ նվազագույն դրսևորումները։ Բայց Արևմտյան Հայաստանում՝ Մոկսում, Շատախում, Սասունում, ինչպես նաև Կիլիկիայում, հատկապես Զեյթունում, դրանք ինքնավարությունների ձևով պահպանվում են մինչև Հայոց Ցեղասպանությունը։

Հնագույն ժամանակներից Հայաստանը դարձել է ավերիչ պատերազմների ու արշավանքների ասպարեզ, բազմիցս նվաճվել, մասնատվել ու ավերվել է, իսկ հայ ժողովրդի մեծաքանակ խմբեր բռնի տեղահանվել են։

Հայ ժողովուրդն ամենածանր կորուստները կրել է 1894-ից 1923 թվականներին, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ 1915-ի գարնանը Թուրքիայի իշխող շրջանակներն իրականացրեցին մարդկության պատմության մեջ առաջին հրեշավոր ակտը՝ հայերի ցեղասպանությունն իրենց պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում։ Արդյունքում ավելի քան 1,5 միլիոն մարդ սպանվեց։ Դրա, ինչպես նաև բռնի արտագաղթի արդյունքում հայերի էթնիկ տարածքի գրեթե ¾-ը զրկվեց բնիկ բնակչությունից։ Թուրքիայի մոտ 2,5 միլիոն հայերից մնացել են ընդամենը մի քանի տասնյակ հազարը: Ոմանք կարողացան տեղափոխվել Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներ։ Ավելի քան 300 հազար հայ ապաստան գտան Ռուսաստանում, այդ թվում՝ XIX դարի սկզբին Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանում։

Հայկական ներկայիս պետականությունը սկիզբ է առնում 1918 թվականին՝ հանրապետության ձևաչափով։

  Հայոց նորագույն պետականության ժամանակաշրջանը կարելի է տրոհել երեք փուլի՝ Առաջին հանրապետության շրջանի (1918-1920), որն անկախ պետականության փուլն է։ Երկրորդը՝ անկախ, սոցիալիստական հանրապետության շրջանն է (1920 թ. դեկտեմբերի 2-1922 թ. մարտի 12), երբ սոցիալիստական խորհրդային Հայաստանը հարաբերականորեն անկախ պետություն էր, ուներ անգամ արտաքին քաղաքականություն վարելու որոշ հնարավորություններ։ Բայց այդ հարաբերական ինքնուրույնությունը վերացվեց 1922 թ. մարտի 12-ին Անդրդաշնության, ապա վերջինիս կազմում՝ նույն տարվա վերջին ԽՍՀՄ-ում Հայաստանի ընդգրկմամբ։ 1936-1991 թթ., Խորհրդային Հայաստանը ձեռք բերեց միութենական հանրապետության կարգավիճակ և որոշ չափով ապահովեց ներքին ինքնուրույնությունը։

Հայոց նորագույն պատմության արդի փուլի սկիզբը նշանավորվեց 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակագրի ընդունումով, որի տրամաբանական զարգացումը հանգեցրեց 1991 թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեին ու սեպտեմբերի 23-ին անկախության հռչակմանը։ Հայոց նորագույն պատմության արդի փուլը կարևորվեց նաև 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումով։ Ցավոք, 2023 թվականին Արցախի Հանրապետության տարածքը բռնազավթվեց Ադրբեջանի կողմից։

© Բագրատ Մովսեսյան, 2023 թ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ
ՊԱՐԲԵՐԱՑՈՒՄ

 Հայոց պատմությունը, լինելով համաշխարհային պատմության օրգանական մասը, ենթարկվում է նրա զարգացման տրամաբանությանը և պարբերացմանը։

ՎԱՂՆՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
(մինչեւ մ․թ․ա. XXXV դար)

ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ
(մ․թ․ա. XXXV - IV դարեր)

ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
(մ․թ․ա. IV դար - մ․թ․ V դար )

ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
( V - IX դարեր )

ԴԱՍԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
(IX - XIV դարեր)

ՈՒՇ ՄԻՋՆԱԴԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
(XIV - XViI դարեր)

ՆՈՐ ԴԱՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
(XVII - XX դարեր)