Հայաստանում երկաթը սկսել է օգտագործվել դեռ մ.թ.ա. III հազարամյակում, բայց լայնածավալ կիրառում է ստանում միայն II հազարմյակի կեսերից։ Հայկական լեռնաշխարհում երկաթի դարը մեկնարկել է մ.թ.ա. X դարից։
Բրոնզե դարաշրջանում երկաթը համարվել է ծիսական նշանակություն ունեցող մետաղ, որը գործածելու իրավունք ունեցել է միայն թագավորը։ Երկաթը տնտեսության մեջ սկսել է աստիճանաբար մուտք գործել ուշ բրոնզի դարաշրջանում: Այդ ժամանակից բրոնզը դանդաղ, բայց և հաստատուն կերպով սկսեց իր տեղը զիջել երկաթին, որն անհամեմատ էժան էր, իսկ հանքավայրերը Հայկական լեռնաշխարհում շատ էին։ Երկաթի պաշարներով հարուստ լեռնաշխարհը (Սյունիք, Մուշ, Խնուս) դարձել է Առաջավոր Ասիայում հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավել:
Երկաթի մշակությունը մարդկային հասարակության պատմության մեջ հեղաշրջող դեր է կատարում։ Երկաթե գործիքները բարձրացնում են աշխատանքի արտադրողականությունը և ընդլայնում արտադրության բոլոր ճյուղերը։ Համեմատաբար արագ է զարգանում հատկապես երկրագործությունը։ Երկաթե կացինը հնարավորություն է տալիս անտառները կրճատելու միջոցով մեծ չափով ավելացնել ցանքատարածությունները, իսկ երկաթե խոփով գործող արորը բարձրացնում է բերրիությունը։ Բացի ցորենի, գարու և հաճարի մշակությունից, Հայաստանում սկսվում է նաև կորեկի, ոսպի, սիսեռի, յուղատու հատիկներից՝ կտավատի, քունջութի մշակությունը։ Զգալի չափով զարգանում է նաև այգեգործությունն ու պտղաբուծությունը։
Այս շրջանում զարգանում են և երկրագործությունից առանձնանում արհեստագործության որոշ ճյողերը։ Արհեստները ավելի նեղ մասնագիտացման են ենթարկվում, կատարելագործվում են շինարարության, կառուցողական գործի տեխնիկան ու արվեստը։
Տնտեսության բոլոր ճյուղերի րնդլայնումր և աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ հավելյալ կենսամթերքների ստացման հնարավորությունր պայմաններ են ստեղծում շահագործման և ստրկության առաջացման համար։ Եթե առաջ պարտված և գերեվարված թշնամուն սպանում կամ որդեգրում էին հաղթողների տոհմում, ապա այժմ նրան ստրկացնում են։ Սպանված կամ առանց սպանելու իրենց տերերի հետ թաղված մարդկանց կմախքներ են գտնվել Գեղարքունիքում, Սյունիքում և Լոռիում։
Արտադրողական ուժերի զարգացումը և աշխատանքի նոր բաժանումը սկսում են քայքայել նախնադարյան համայնական հասարակությունը։ Նահապետական ընտանեկան համայնքը քայքայվելով առաջանում են ավելի փոքր ընտանիքներ։
Փոխադարձ տնտեսական-մշակութային կապերի և արտաքին թշնամու դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությամբ սկզբում առաջանում են ցեղային միությունները, իսկ հետագայոմ սրանց ձուլումից կազմավորվում է ժողովուրդը՝ մի միասնական տարածքով ու լեզվով։
Երկաթի դարաշրջանը, որը ստորաբաժանվում է վաղ երկաթի (մ.թ.ա. X –IX դդ.) և երկաթի լայն տարածման (մ.թ.ա. VIII – VI դդ.) ժամանակաշրջանների, հայ ժողովրդի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում: Շրջադարձային նշանակություն ունեցող այս դարաշրջանն առանձնանում է Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքն իրենց ոլորապտույտի մեջ ներառած պատմական բուռն իրադարձություններով, որոնք, արագացնելով հայ ժողովրդի միավորման ու կազմավորման գործընթացը, ուղի հարթեցին մ.թ.ա. VI դարում հայկական միասնական պետության երևան գալու համար:
Միտաննիի և Խեթական պետության՝ պատմության թատերաբեմից հեոանալուց հետո Ասորեստանը, որը ձգտում էր ինքնուրույն քաղաքական միավորումներ հանդիսացող Նաիրի երկրների թագավորների, այդ թվում և խուրրի-ուրարտական ու զագրո-էլամական ցեղամիությունների վրա իր իշխանությունը տարածել, մ.թ.ա. IX դ. սկսած հարկադրված եղավ երկարատև պայքարի մեջ մտնել Արարատյան թագավորության դեմ` աշխատելով միաժամանակ շարունակել Նաիրի երկրների հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը: Ասորեստանյան աղբյուրները պետական այդ կազմավորումն անվանեցին «Ուրարտու», ինչի պատճառով արդի պատմագրության մեջ դեռ առկա է բանավեճ Հնագույն Հայաստանի հետ դրա կապի և էթնիկ ընդհանրությունների մասին։
Տիգրիս-Եփրատի վերին հոսանքներն ընդգրկող տարածքների ինքնիշխան և բավական ուժեղ թագավորություններին չէին անտեսում և բիայնացիները: Վերջիններս Ասորեստանի նվաճողական նկրտումները չափավորելու, իրենց սահմաններն ընդլայնելու և ամրապնդելու, ինչպես և բանակի զինական ուժը համալրելու և այն պահելու համար հաճախ էին զենքն ուղղում դեպի նշված տարածքները: Ավելին, եթե Ասորեստանը իր արշավանքներից հետո ամայացնում էր դիմադրություն ցույց տված երկրները, ապա Ուրարտուի (Արարատյան) թագավորները տեղահանում և վերաբնակեցնում էին բնակչությանը, հզոր ամրոցներ կառուցում նվաճված տարածքներում՝ աշխատելով վեջնականապես հիմնավորվել ու ամրապնդվել տերության սահմանների մեջ ներառված տարածքներում: Այդ քաղաքականությունն էին նրանք վարում և անդրարաքսյան տարածքներում, որտեղ և հայտնվեցին մ.թ.ա. VIII դ.:
Ուրարտուի (Արարատյան) թագավորության հզորացմանն ու ամրապնդմանն ուղղված այդ քաղաքականությունը, սակայն, նպաստում էր և Հայկական ողջ լեռնաշխարհի բնակչության լեզվական համահարթեցմանը, միավորմանը, հետագայում հաղթանակում էր տարածքում մեծամասնություն կազմող բնակչության լեզուն, քանի որ խուրրի-ուրարտերենը փոքրամասնության մեջ էր: Փաստորեն ստեղծվում էր հայախոս բնակչություն ունեցող հսկայական պետություն, որի գլուխ կանգնած էին Բիայնա արքայատոհմի թագավորները, որոնց Միջագետքի բնակիչները շուրջ վեց դար անվանում են «ուրարտացիներ»
Պեղումների արդյունքները ցույց են տալիս, որ ուրարտական արշավանքներից հետո ավերված բնակավայրերի մի մասը, բնակչության տարագրվելուց հետո, երկար ժամանակ անբնակ է մնում: Մյուսները, որոնց բնակչությունն անձնատուր լինելով պարտավորվել է կանոնավոր կերպով հարկ տալ և հաղթողների պահանջները կատարել, առանձնապես ավերածությունների չեն ենթարկվել, բայց կյանքը ղրանցում ակնհայտորեն ծանրացել է: Այլ պատկեր են ուրվագծում ուրարտական զենքի հասանելության սահմաններից դուրս մնացած բնակավայրերը: Դրանք ջրավազանների հարևանությամբ գտնվող բարձունքների վրա կառուցված, միջնաբերդի շուրջը տարածվող կացարաններից կազմված, երկու-երեք շարք պարիսպներով շրջափակված բնակավայր-ամրոցներ են: Առանձին ամրոցներում առկա են մոտակա ջրավազանը տանող գետնուղիներ
Միջնաբերդում ձգվող պատերը երկու մասի բաժանելով բնակավայրի կենտրոնական մասը, ոչ միայն ավագանու կացարաններն ու սրբավայրը անջատել են մյուս մասերից, այլև՝ ինչ-որ չափով ամրացրել են միջնաբերդի այղ հատվածները։
Պարիսպների միջև կառուցված կացարանները, որոնք բնակչության աճին համապատասխան տարածվել են բլուրների լանջերով, պատրաստված են աստիճանաձև հարթակների՝ դարավանդների վրա: Դրանք կառուցելու համար, լանջի թեքության մեջ, ինչպես վաղ բրոնզի դարաշրջանում, հողը հանվել է և կտրվածքում շարվել են 1-3 պատ. դրանց քարերը ամրացվել ու ծեփվել են կավաշաղախով: Սենյակներում հայտնաբերվում են 1-4 քարե խարիսխներ՝ հենասյուները պահելու համար:
Կացարանների անկյուններում հացահատիկի հորեր են պատրաստված, որոնց մոտ հաճախ քարակերտ կուռքեր են տեղադրված: Սենյակների ներքին հարդարանքի պարտադիր մասն են կազմում պատերից մեկի կամ երկուսի երկայնքով ձգվող նստարան-մահիճները, որոնց բարձրությունը մոտավորապես 40֊45 սմ է: Դրանք հարթեցված են կավածեփով: Ամենայն հավանականությամբ կացարանների աղյուսաշար պատերի մեջ խորշեր են պատրաստվել ճրագների տեղադրման համար: Կացարանների հատակները հարթեցված են կավաշերտով, իսկ աոանձին հատվածներում սալապատվել են:
Հնակավայրերի հարևանությամբ էին գտնվում դամբարանադաշտերը։ Դամբարանաթմբերը քարալիցք կամ հող ու քարից էին կազմված, երբեմն շրջափակված էին կրոմլեխով։ Հանդիպում են նաև առանց դամբարանաթմբի, սոսկ կրոմլեխով շրջափակված, հիմնահողային, քարարկղային կամ սալարկղային կառուցվածք ունեցող գերեզմաններ։ Շիրակում (Արթիկ, Ոսկեհասկ) հայտնաբերվել են կոշկաձև կատակոմբներ, որոնք պարունակում են զույգ կամ խմբակային թաղումներ:
Հատկանշական է, որ խմբակային թաղումները միշտ չէ, որ պայմանավորված են տիրոջ ու ծառաների (ստրուկ) կարգավիճակներով: Դարաշրջանի դամբարաններում հաճախ դիտվող այս երևույթի պատճառը նաև հաջորդաբար կատարված թաղումներն են, որը տարբեր դամբարանադաշտերում է դիտված. նախկինում թաղվածների ոսկորները խառը կերպով մեկ տեղ են հավաքվել նոր հանգուցյալի համար տեղ ազատելու նպատակով: Խմբակային թաղումներ պարունակող դամբարանները միշտ չէ, որ առանձնանում են նաև գույքի հարստությամբ։ Նկատելի է նաև դամբարանների չափերի փոքրացում՝ անկախ հասարակական կարգավիճակից։
Երկաթի դարի սկզբում նկատելի է նաև նախորդ դարաշրջանում լայն տարածված և ժամանակաշրջանին բնորոշ, ձևավոր և բարդ տեսք ունեցող բրոնզե զենքերի և այլ իրերի պարզեցումը, դրանք երկաթե նմուշներով փոխարինելու ձգտումը, որն ընդգծված դրսևորվում է մ.թ.ա. I հազարամյակի սկզբից: ժամանակաշրջանի համալիրներում բրոնզյա սակրերը, ծալված թևիկներով դաստակներ ունեցող թրերն ու նման դաշույնները, անվակաձև աստիճաններով սանձերը և այլ նյութեր գրեթե չեն հանդիպում: Պատճառներից մեկը բրոնզի թանկացումն էր: Գրավոր աղբյուրները վկայում են, որ մ.թ.ա. VI դարում արդեն, բրոնզը երկու անգամ երկաթից թանկ էր:
Խեցեղեն արտադրանքը ներկայացված է բավական հարուստ տեսականիով, որը ձևերով, զարդերով ու դրանց ստացման եղանակներով, ինչպես և դարաշրջանում երևան եկած առանձին մանրամասներով, մակերեսի գուներանգներով որոշակիորեն առանձնանում է ուշ բրոնզեդարյան նմուշներից:
Երկաթեդարյան հայտնի հուշարձաններից են Մեծամորը, Շամիրամը, Դվինը, Կարմիր բլուրի նախաուրարտական բնակավայրը, Այգեշատը, Թալինը, Լոռի բերդը և այլն: Հնավայրերից հայտնաբերված երկաթի ձուլման հնոց-արհեստանոցները վկայում են տնտեսության ու արհեստների աննախադեպ զարգացման մասին:
Ներկայիս Հայաստանի տարբեր մասերում կարելի է հանդիպել «Վիշապ» կոչվող քարե կոթողները, որոնք առաջ են եկել դեռ վաղ բրոնզե դարում, կապված են եղել ջրի և արգասավորման պաշտամունքին։
Հայտնաբերվել են առանձնակի կամ այլ խոշոր առարկաների մաս կազմող երկաթեդարյան արձանիկներ (Լճաշեն, Լոռի բերդ, Պառավաքար, Արթիկ, Շիրակավան, Տոլորս, Վերին Նավեր), որոնք պատկերում են մարտակառքեր, ցլեր, եղջերուներ, քարայծեր, առյուծներ, զինվորներ, աստվածություններ։ Հայկական լեռնաշխարհի բնակչությունը մ. թ. ա. III հազարամյակից պատկերացում է ունեցել նաև արեգակնային տարվա՝ օրացույցի մասին, պատկերում էր Արեգակնային համակարգը։
Մ.թ.ա. VIII դարից Հայկական լեռնաշխարհը միավորվում է միասնական պետականության շրջանակներում, ինչը հանգեցնում է հայ ժողովրդի ձևավորման ավարտին, հայկական միասնական մշակույթի ի հայտ գալուն։
Պատրաստեղ Բագրատ Մովսեսյանը
ՏԵՍ ՆԱԵՒ