Հայկական մշակույթը հայ ազգի կենսագործունեության տարատեսակ դրսևորումներն են՝ հիմնված ինքնաճանաչման, ինքնարտահայտման և հմտությունների ու կարողությունների կուտակման վրա: Այն հավաքածուն է խորհրդանիշների, հավատալիքների, համոզմունքների, արժեքների, նորմերի և վարքի օրինաչափությունների, որոնք բնութագրում են ազգի կյանքը:
Իր բնույթով հայկական ազգային մշակույթը էթնիկական մշակույթի զարգացման բարձրագույն ձևն է, որը բնութագրվում է սոցիալական համերաշխության վրա հիմնված յուրահատուկ մշակութային համակարգի առկայությամբ և հայերի համակեցության փորձով ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ այլ երկրներում:
Մշակույթի բարձր մասնագիտական մակարդակի առկայությունը այն բարձրացրեց համաշխարհային նշանակության մակարդակի, մասնավորապես` համաշխարհային քաղաքակրթությանը նպաստելու կարողության: Հայ ազգային մշակույթը միշտ կապված է սոցիալական իր անմիջական կրողի՝ հայ ժողովրդի հետ:
Պատմական զարգացման ընթացքում հայ ազգը ստեղծել է նյութական, հոգեւոր, գեղարվեստական և ֆիզիկական մշակույթ, որոնք բավարարում են նրա կենսագործունեության առաջնային կամ երկրորդային կարիքները։
Հայկական նյութական մշակույթը հիմնված է բանական, վերարտադրողական գործունեության տեսակի վրա, արտահայտվում է օբյեկտիվ — առարկայական տեսքով։
Հայերը երկրագործության անցած առաջին ազգերից են։ Բարձր մակարդակի է հասցվել ցորենի և խաղողի մշակումը, այգեգործությունը։ Բնակլիմայական լեռնային խիստ պայմաններում ձեւավորվել է հայկական բնակարանը` գլխատունը իր ուրույն կենցաղային պայմաններով։ Հայերը կարողացան վարպետորեն օգտագործել Հայկական լեռնաշխարհի բնական ռեսուրսները, հարմարեցնել դրանք իրենց կենցաղին։ Լայնորեն կիրառվում է նաեւ հարեւան քաղաքակրթությունների տեխնիկական փորձը։ Հայերը ստեղծեցին նաև ուրույն ազգային տարազ և խոհանոց։
Հայ ազգի հոգևոր մշակույթը հիմնված է ռացիոնալ, ստեղծագործական տեսակի գործունեության վրա, արտահայտված է սուբյեկտիվ ձևով։ Էթնոսի ձեւավորմանը զուգահեռ ստեղծվում է հավատալիքների, ծեսերի, հոգեւոր արժեքների սեփական համակարգ։ 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն, բայց զարգանում ուրույն ազգային ճանապարհով, ինչը մեծագույն ազդեցություն է թողնում հայերի ինքնաճանաչման և ինքնադրսևորման վրա։
405 թվականին ստեղծվում է ազգային գիրը, ինչը խթան է հանդիսանում ազգային գրականության ձեւավորման համար։ Հավատքն իր ազդեցությունն ունի հայի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Միաժամանակ հայկական վանքերն ու եկեղեցիները ոչ միայն կրոնական, այլ նաեւ կրթական, գիտական, հասարակական և այլ մշակութային կենտրոններ են։
Հայերի գեղարվեստական մշակույթը հիմնված է իռացիոնալ, ստեղծագործական տեսակի գործունեության վրա, արտահայտվում է ինչպես օբյեկտիվ-առարկայական, այնպես էլ սուբյեկտիվ տեսքով։ Մեծ է հայկական քրիստոնեության ազդեցությունը։ Շոշափելի են նաեւ հարեւան քաղաքակրթություններից որոշակի փոխառություններ։
Հայերի ֆիզիկական մշակույթը հիմնված է ռացիոնալ, ստեղծագործական տեսակի գործունեության վրա, արտահայտված է սուբյեկտիվ (մարմնական) ձևով։ Հայերի ֆիզիկական պատրաստվածությունը տարբեր ոլորտներում բարձր է գնահատվել միջազգային մակարդակով։
Պատմականորեն ստեղծվել են մշակույթի էլիտար, ժողովրդական եւ զանգվածային ձեւերը։
Հայկական Էլիտար կամ բարձր մշակույթը ստեղծում են հայկական հասարակության արտոնյալ մասը կամ դրա պատվերով՝ պրոֆեսիոնալ ստեղծագործողները: Որպես կանոն, այն առաջ է անցնում միջին կրթվածության անձի ընկալման մակարդակից: Պետականության բացակայության պայմաններում հայերի էլիտար մշակույթը անցավ լուրջ փորձությունների միջով և գրեթե ամբողջովին վստահվեց հայ հոգևորականությանը:
Հայկական ժողովրդական մշակույթը կամ ֆոլկլորը կերտվել է անանուն ստեղծագործողների կողմից, որոնք չունեին մասնագիտական պատրաստվածություն։ Կազմավորվելով հայ ժողովրդի ծագման հետ միասին ՝ այն անցել է իր զարգացման դարավոր ուղին ՝ միաժամանակ պահպանելով տեղական որոշակի ավանդույթներ։
Զանգվածային հայկական մշակույթը չի արտահայտում հայ մտավորականության նրբաճաշակությունը կամ ժողովրդի հոգևոր որոնումները։ Սա արվեստ է յուրաքանչյուրի համար, և միտված է ծառայելու գումար վճարողների ճաշակին ու կարիքներին: Ի տարբերություն էլիտար մշակույթի, այն ունի ավելի մեծ լսարան, իսկ ժողովրդական մշակույթի հետ համեմատած ՝ միշտ հեղինակայինն է:
Զանգվածային հայկական մշակույթը նախատեսված է մարդկանց անմիջական կարիքները բավարարելու համար, արձագանքում է ցանկացած նոր իրադարձության և ձգտում է արտացոլել այն: Նրա նմուշներն արագորեն կորցնում են իրենց արդիականությունը, դուրս գալիս մոդայից:
Հայկական զանգվածային մշակույթն առավել մեծ տարածվածություն ու ներկայացուցչություն ունեցավ ժամանակակից զանգվածային լրատվամիջոցների շնորհիվ։