Ad image

ՀԱՅԱՍՏԱՆ

 Հայաստանը Արևմտյան Ասիայի հյուսիսում գտնվող պատմա — աշխարհագրական տարածաշրջան է, որտեղ ստեղծվել, ձևավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ազգը։ Այն իր մեջ ամբողջությամբ ներառում է Հայկական լեռնաշխարհը՝ Արևմտյան Ասիայի խոշորագույն բարձրավանդակներից մեկը:

Հյուսիսից Հայաստանը սահմանակից է Կովկասին և Սև ծովի ավազանին, արևելքից `Իրանի բարձրավանդակին, հարավից` Միջագետքին և արևմուտքից` Փոքր Ասիայի բարձրավանդակին։

Ո՞րն է պատմական Հայաստանի տարածքը

Տարբեր գնահատականների համաձայն ՝ Հայաստանը զբաղեցնում է 290,000 / 300,000 — 360,000 քառ․ կմ  տարածք:

Հայկական լեռնաշխարհը պատկանում է երկրագնդի այն տարածքներին, որտեղ տեղի է ունեցել ժամանակակից մարդկանց ձևավորումը։ Աշխարհարգրական այս շրջանում հնագետները հայտնաբերել են հնագույն մարդկանց ներկայության բազմաթիվ հետքեր՝ սկսած ստորին պալեոլիթից։ Հայկական լեռնաշխարհում մշտական բնակչություն և բնակավայրեր հանդես են գալիս հոլոցենից։

Իր պատմության ընթացքում երկիրը մաս էր կազմում մեծ թվով պետությունների և ամբողջությամբ միայն կարճ ժամանակով էր գտնվում մեկ կառավարչի վերահսկողության տակ:

Հայաստանը՝ Հայոց աշխարհը, հայտնվելով պատմության թատերաբեմում ավելի քան չորսուկես հազարամյակ առաջ, անցել է զարգացման դժվարին ու հերոսական ուղի։ Ապրել է վերելքի ու բարգավաճման, նշանավոր ձեռքբերումների, սակայն և անկումների ու կորուստների իրար հաջորդոդ ժամանակաշրջաններ, եղել իր ժամանակի աշխարհի խոշոր պետությունների շարքում, բայց և հաճախ կորցնելով պետական անկախությունը, մաս-մաս կամ ամբողջությամբ հայտնվել է օտար նվաճողների տիրապետության ներքո։

Պատմաաշխարհագրական Հայաստանի սահմանները մեծամասամբ համընկնում են Մեծ Հայքի և Փոքր Հայքի պատմական պետությունների սահմանների հետ։ 

Նորագույն ժամանակներում հայ ժողովուրդն իր ազգային պետականությունը վերահաստատել է 1918 թ.՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականին Ադրբեջանից անկախություն է նվաճել նաև Լեռնային Ղարաբաղը (Արցախը)։ 

Այժմ պատմական Հայաստանի ընդամենը 10% կազմող տարածքի վրա գոյության ունի 2 հայկական պետություն՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը և դե ֆակտո կայացած, բայց միջազգային ճանաչում այսպես էլ չստացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: 2023 թվականին վերջինս ամբողջությամբ բռնազավթվոլ է Ադրբեջանի կողմից։

Ինչպե՞ս է անվանվում երկիրը

Բնիկների՝ հայերի կողմից երիրն անվանվում է Հայաստան կամ Հայք։ Հին շրջանում շումերներն անվանում էին Արատտա, աքքադացիները ՝ Armani կամ Armanum: Խեթերը օգտագործում էին Հայասա և Արմատանա անունները, իսկ ասորիները` Ուրուատրի կամ Ուրարտու և Արմի:

Պարսիկները կոչում էին Արմինիուա, էլամացիները՝ Հարմինույա, իսկ եգիպտացիները ՝ Էրմենեն: Վրացիները երկիրն անվանում են სომხეთი (Սոմխեթի):Եվրոպական լեզուներով երկրի անվանումը գալիս է լատինական Armenia անունից, որը եկել է հունական Ἀρμενία անվանումից։

Հայաստանի մասին ամենավաղ հիշատակումը սկսվում է մ.թ.ա. 2237-2200 թվականներին։ Պարսից արքա Դարեհ I- ը Բեհիստունյան գրության մեջ (մ.թ.ա. VI դար) երեք լեզուներով Ուրարտուի երկիրն անվանում է «Արմինա» (հին պարսկերեն) և «Արմինուա» (էլամերեն) տեղանուններով:

Հին հունական լեզվում Αρμένιοι բառը հայտնվել է մոտավորապես նույն ժամանակաշրջանում։ Այն առաջին անգամ օգտագործվել է Հեկատեոս Միլետացու կողմից մ.թ.ա. մոտ 476 թվականին։