Menu Close

ՈՒՐԱՐՏՈՒ․ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ

 Վաղ երկաթի ժամանակաշրջանում (մ․թ․ա. 12-9-րդ դարեր) ասորեստանյան կայսրության ծավալապաշտական նկրտումները ստեղծում էին գործոններ տարբեր ցեղային միությունների միավորման համար: Լեռնաշխարհի տարածքում գլխավորապես ստեղծվել էին երկու կարևոր ուժեր՝ դրանցից մեկը գլխավորում էր Էթիունի հզոր համադաշնությունը, իսկ մյուսը՝ Վան և ՈՒրմիա լճերի միջև և քիչ հարավ գտնվող գոտում ձևավոևված միավորը, որը ասորեստանյան աղբյուրներում հայտնի է ՈՒրարտու անվամբ: Եթե ասորեստանցիներն այդ տարածքն անվանում էին ՈՒրարտու, ապա տեղի արքաներն իրենց երկիրն անվանում էին Բիայնիլի, Բիայնա կամ գուցե՝ Բիա: Իսկ Աստվածաշնչում այն հիշատակվում է որպես Արարատի երկիր:


Կենտրոնացված պետականության սկզբնավորումը

Ցավոք, ուրարտական պետության սկզնավորման և ընդգրկած նախնական տարածքի վերաբերյալ առկա տեղեկությունները սակավ են: Ըստ մեզ հասած տվյալների`Ուրարտուի առաջին արքան Արամուն  (նաև  որպես Արամ, Արամա, Արամե) էր: Վերջինս  մ.թ.ա. 859-843 թթ. ընթացքում համառ մարտեր է մղել Ասորեստանի տիրակալ Սալմանասար III-ի դեմ և փորձել պահպահել իր երկրի անկախությունը: Հատկանշական է, որ Ասորեստանի Աշշուրնասիրապալ II թագավորր (մ.թ.ա. 883-859 թթ) «Նաիրի» անվան կողքին առաջին անգամ հիշատակում է նաև «Mt rrt», ինչը միջազգային փորձագիտական հարթակնում դիտարկվում է որպես «Ուրարտու աշխարհ»։ Այս անվանումը Աշշուրնասիրապալ II-ը կիրառում է Սուբնատ գետի ակունքի շրջանից, այսինքն Հայկական Տավրոսի լեռնաշղթայի արևմտյան հատվածից դեպի հյուսիս-արևելք ընկած գավառներն ասպատակելու կապակցությամբ: Մ․թ․ա 858 թվականին Աշշուրնասիրապալ II-ին հաջորդած Սալմանասար Ill-ը (մ.թ.ա. 858-824 թթ.) ներխուժում է «Ուրարտու աշխարհ», պաշարում և ճակատամարտում հաղթելով ուրարտացիներին՝ գրավում թագավորանիստ Արզաշկու քաղաքը։

 Մ.թ.ա. 848 թվականին Սալմանասար III-ն արշավանք է կատարում Ուրարտուի վրա, որի մասին նա իր արձանագրության մեջ նշում է շատ համառոտ կերպով. «Ուրարտացի Արամի քաղաքները մինչև Եփրատ գետի(Արածանի) ակունքը ավերեցի, քանդեցի, հրով այրեցի»։

Ասորեստանյան բանակների հարվածների ներքո թուլանում է Արամու/Արամի Այրարատյան թագավորությունը։ Արամուին վերաբերող վերջին հիշատակությունը վերաբերում է Ք. ա. 844 թվականին:

 Արդեն Սալմանասար III-ի կառավարման քսանյոթերորդ տարում (մոտ. Ք. ա. 832 թ.) ասորեստանյան աղբյուրներներից մեկում հիշատակվում է մեկ այլ ուրարտացի արքայի՝ Սեդուրիի  (Սարդուրի I) մասին: Մասնագիտական գրականության մեջ կա վարկած, որ նա մեկ այլ խուրիտա-ուրարտական տոհմի ներկայացուցիչն է և իշխանության եկավ մ․թ․ա․ 835 թվականին։

Վերջինս է կառուցել Վանա ժայռի ստորոտին տեղակայված շինությունը և դրա պատերին ասսուրերեն լեզվով թողել վեց նույնիմաստ արձանագրություններ, որտեղ ներկայացված է Սարդուրիի տիտղոսաշարը, իսկ արձանագրությունների վերջում Լութիպրիի որդի Սարդուրին տեղեկացնում է վերը հիշված շինությունը Ալնիունու երկրից բերված քարերով կառուցելու մասին:


«Ուրարտու» պետության անվանման հիմնահարցը 

Սալմանասար Ill-ի արձանագրություններում Ուրարտուն մատնանշվում էր Հայկական լեռնաշխարհի միջնատարածքում, ճիշտ այն «աշխարհում», որը հայտնի է Արարատ կամ Այրարատ անվանումով: Սույն տեղորոշմամբ միանգամայն պարզ է դառնում, որ սեմական լեզուներում, մասնավորապես աքքադերեն արձանագրություններում և արամեերեն ձեռագրերում պահպանված Ուրարտու, Ուրաշտու, Ուրարատ. Ուրարտ, Արարտ և Արարատ համանիշ երկրանվան ձևերն առաջացել են Հայոց միջնաշխարհի հնամենի Արարատ (Այրարատ) բնանվանումից։ Տարընթերցման պատճառ է հանդիսացել նաև սեմական լեզուներում ձայնավորների սղման օրինաչափությունը։ Ասուրա-բաբելական ազդեցությամբ մինչև մ.թ.ա. IV դարի առաջին կեսը հայերն «ուրարտացի» անվամբ հիշատակվում են վերջին Աքեմենյանների թողած արձանագրություններում:

Սեդուրի — Սարդուրիից սկսած իշխող արքայատոհմի անվանումը կապում են Տուշպա/Տոսպ քաղաքի շրջակայքի և նրա Վան անվանման գետ։ Այդ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն։ Աստվածաշնչում այն հիշատակվում է «Արարատյան թագավորություն» անվամբ: «Նաիրի», «Ուրարտու», «Բիայնիլի» և «Արարատ» անուններից բացի, թագավորությունը երբեմն հիշատակվում է նաև «Կուտիական երկիր» անվանումով։

Հայտնի է, որ ուրատական արքաները երբեք իրենց պետությունը Ուրարտու չեն կոչել: Պարզապես ասորեստանցիները Հայկյանների պետության անունը տարածեցին նոր հանդես եկած թագավորական տոհմի տիրույթների վրա և պետությունը կոչեցին իրենց արտասանությամբ ՈՒրարտու (ՈՒրաշտու): Քանի որ Բիա/Բիաինիլի անունից ծագում է Վան մայրաքաղաքի անունը, շատ ուսումնասիրողներ այս պետական միավորը կոչում են նաև Վանի թագավորություն:


    Սարդուրի I -ի գահակալումը

 Հայկական լեռնաշխարհում Ասորեստանի ազդեցության նվազեցնելու քաղաքականությունը սկսում է  արդեն իսկ Սարդուրի I-ի թագավորության օրոք։ Այսպես, Սալմանասար III-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության համաձայն մ.թ.ա. 833/832 թթ. Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Ուրարտուի Սարդուրի I թագավորի (մ.թ.ա. մոտ 835- 825թթ․) հսկողության ներքո։

 Օգտվելով Ասորեստանում` մ.թ.ա. 827-825 թթ. բորբոքված գահակալական կռիվներից և այնտեղ տիրող խառնաշփոթ կացությունից, անկասելի առաջխաղացմամբ Սարդուրի I-ը միավորեց Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, որով փաստորեն Արարատյան տերության հարավային սահմանները ընդլայնվեցին և հասան Հայկական Տավրոսի լեռնաշղթային։

 Սարդուրի I-ին են վերագրում Տուշպա քաղաքի վերակառուցումը և մայրաքաղաք հռչակելը մ.թ.ա. 830-ական թվական­ներին։ Մոտ 5 դար Տուշպա-Վանը դառնում է հայկական պետականության ռազմաքաղաքական և տնտեսական կենտրոնը։


ՏԵՍ ՆԱԵՒ

Մետաղի մշակման, կատարելագործման հետևանքով բրոնզի հայտնագործումը նպաստեց մշակութային ինտենսիվ փոփոխություններին, որոնք հիմք հանդիսացան առաջին մեծ քաղաքակրթությունների ձևավորմանը՝ իրենց սոցիալական կառուցվածքով և սոցիալ-տնտեսական անհավասարություններով։

Մաքուր պղինձն իր փափկության պատճառով երկար չի մնում գործածության մեջ։ Էնեոլիթի ավարտին պղնձի և անագի համաձուլվածքից մարդը ստացավ ավելի ամուր մի այլ մետաղ՝ անագապղինձը կամ բրոնզը, ինչը հնարավորություն տվեց ոչ միայն մեծացնել աշխատանքային գործիքների որակն ու քանակը, այլ նաև ստեղծել նոր գործիքներ։ Այս նյութը հանգեցրեց ամեն տեսակի սպասքի արտադրություն:

Բրոնզե դարը Հայկական լեռնաշխարհում սկսվել է մ.թ.ա. IV հազարամյակի կեսերին։ Սկսում են լայնորեն օգտագործվել Հայաստանի պղնձի, կապարի, ոսկու, արծաթի, անագի հանքերը։ Իր ժամանակի տեխնիկայի ուսումնասիրման տեսակետից բացառիկ արժեք ունեն պեղումների միջոցով հայտնաբերված Մեծամորի տարբեր մետաղների և Սոթքի ոսկու հանքանյութի մշակման արտադրական համալիրները՝ հանքաքարի մանրացման, հարստացման հարմարանքներով, մետաղներ հալելու բազմաթիվ մեծ ու փոքր հնոց-ձուլարաններով։

Պատմական Հայաստանի տարածքում չկա մի շրջան, որտեղ գտնված չլինեն բրոնզեդարյան հուշարձաններ։ Շատ հարուստ և լավ պահպանված բրոնզեդարյան իրեր են գտնվել հատկապես Լճաշենի, Արթիկ տուֆի քարհանքի, Հառիճի և այլ վայրերի դամբարանադաշտերի պեղումներից։

Բրոնզե գործիքների հանդես գալը մեծ չափով բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը և նպաստում տնտեսության բոլոր բնագավառների արագ զարգացմանը, մասնավորապես՝ երկրագործության։ Ընդարձակվում են ցանքատարածությունները, հատկապես հացահատիկային կուլտուրաների տարածությունները, բարելավվում են երկրագործության հետ կապված աշխատանքի պրոցեսները։ Բացի ցորենի, գարու և հաճարի մշակությունից, առաջանում է նաև խաղողի և պտղատու ծառերի մշակությունը։ Հայաստանը համարվում է խաղողի մշակության հնագույն հայրենիքներից մեկը։

Ցանքսերը և արոտավայրերր ոռոգելու, անասունները ջրելու համար Հայաստանի բրոնզեդարյան մարդը Արարատյան դաշտում, Արագածի և Գեղամա լեռների լանջերում կառուցում է ջրանցքների և առուների ամբողջական ցանցեր, որոնք սկիզբ են առնում լեռնային աղբյուրներից։ Այդ աղբյուրների մոտ հայտնաբերվել են հսկա ձկան տեսք ունեցող քարակոթողներ՝ «վիշապներ», որոնք համարվել են ջրի պահապաններ։

Բրոնզե դարում մարդը հնարում է նաև լծկան անասունների ուժով գործող արորը և կամը, որով բարելավվում և ընդարձակվում է հերկը և հեշտացվում ու արագացվում է հացահատիկի կալսումը։ Նույն այս ժամանակ մարդը հնարում է նաև երկանիվ ու քառանիվ սայլը, ճամփորղական կառքը և ռազմակառքը։

Անասնապահության և երկրագործության զարգացման շնորհիվ Հայաստանի լեռնային շրջաններում ապրող տոհմերն ու ցեղերը առավելապես սկսում են զբաղվել անասնապահությամբ, իսկ դաշտավայրերում բնակվողները՝ երկրագործությամբ։

Զգալի չափով զարգանում է նաև փայտամշակությունը, քարագործությունը, կաշեգործությունը, ջուլհակագործությունը։ Զարգանում է նաև փոխանակությունը, որը տեղի է ունենում հեռավոր տոհմերի ու ցեղերի և նույնիսկ հեռավոր երկրների միջև։ Աղի հետ միասին փոխանակության կարևոր առարկաներ են դաոնում անագը, անասունը, բրոնզե գործիքները և զենքերը։

Երկրագործության ու անասնապահության զարգացմամբ պայմանավորված, հաճախակի դարձած ընդհարումները բնակիչներին ստիպել են ամեն կերպ բարձրացնել բնակավայրի պաշտպանունակությունը։ Հանդես են գալիս ողջ բնակավայրը ներառող, աղյուսաշեն կամ անմշակ քարերով ձևավորված, արգելապատնեշի նմանվող կիկլոպյան պարիսպները։ Բնակատեղիից դուրս ձևավորվում են դամբարանադաշտեր։


Վաղ բրոնզե դար

Հայաստանի վաղբրոնզեդարյան (մ.թ.ա. 3.500 — 2.300 թթ) մշակույթի հնագույն համալիրները կենտրոնացած են Կուրի և Արաքսի ավազաններում, ինչի պատճառով էլ այն ստանում է Կուրարաքսյան անվանումը։

Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մ․թ․ա. XXVIII դարում տեղի է ունենում վաղբրոնզեդարյան մշակույթի աննախադեպ մեծ տարածում Հայկական լեռնաշխարհից: Այդ մշակույթը հյուսիսում հասնում է Հյուսիսային Կովկաս, հարավ-արևելքում՝ Իրանական սարահարթի կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում՝ Սիրիա և Պաղեստին: Մշակութային այս ներթափանցումն ու տիրապետությունը շարունակվում են երկու-երեք հարյուրամյակ՝ մինչև մ.թ.ա. XXVI դարը, որից հետո Հայաստանի մշակութային գոտին կրկին սահմանափակվում է Հայկական լեռնաշխարհով: Փաստացի՝ Կուրարաքսյան մշակույթը պատմության մեջ ստեղծված աոաջին «մշակութային աշխարհակալությունն» էր։

Մշակութային այս աննախադեպ տարածումը մեկնաբանվում է որպես միգրացիայի, էթնիկական տեղաշարժերի արդյունք: Հիշյալ տեղաշարժերն ընթացել են լեռնաշխարհի կենտրոնական գոտուց դեպի Արճեշ (Առնիստ)- Մուշ-Մալաթիա ուղիով: Արարատյան դաշտին հարակից շրջաներին բնորոշ մշակութային իրողությունները տիրապետող են դառնում Բարձր Հայքում՝ ձգվելով Եփրատով դեպի հարավ մինչև Մալաթիա և Խարբերդի դաշտ, Մշո դաշտում և Վանի ավագանում՝ ձգվելով դեպի արևելք՝ մինչև Ուրմիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան ափամերձ գոտիները: Մշակույթի արևելյան սահմաններն այսօր տեսանելի են Փոքր Կովկասի երկայնքով՝ Դեբեդի և Աղստևի հովիտներից մինչև Արաքս: Մշակութային այս ընդհանրության կենտրոնն էր ներկայիս Երևանի տարածքում հայտնաբերված Շենգավիթի համալիրը։

Ողջ լեռնաշխարհի տարածքում աշխատանքի գործիքներն ու զինատեսակները միանման են: Գերիշխում է բնակարանների նույն տեսակը՝ հարակից քառակուսի շենքերով և հում աղյուսե պատերով կլոր կացարանները: Նույնատեսակ են կենցաղային իրերը (հատկապես խեցեղենը): Լայն տարածում ունեն պաշտամունքային նշանակության իրերը՝ եռոտանի պատվանդաններ, եզան ու խոյի տեսքով բազմատեսակ հենակներ, որոնք Հայկական լեռնաշխարհի մշակութային գոտուց դուրս հայտնի չեն:

Հայկական լեռնաշխարհը դառնում է սև, փայլեցրած, երկրաչափական նախշերով ու գեղազարդ ոճով խեցեղենի հայրենիքը, որը միաժամանակ հայաստանյան վաղբրոնզեդարյան մշակույթի տարբերակիչ հատկանիշն է: Այդ տեսակի խեցեղեն է հանդիպում լեռնաշխարհի բոլոր հնավայրերում, նաև այդ մշակույթի արտերկրյա տարածման բոլոր շրջաններում: Խեցեղենի վրա մեծ առատությամբ հանդիպում են խորհրդանշաններ և գաղափարագրեր, որոնք դարձել են հայկական մեհենագրության հիմքը:

Շումերա-աքքադական գրավոր աղբյուրները ցույց են տալիս, որ շումերները Եփրատի հոսանքով առևտրական սերտ կապեր են ունեցել Հայկական լեռնաշխարհի բնիկների հետ: Նրանցից շումերները ստացել են մետաղներ (պղինձ, ոսկի, արծաթ, կապար), տարբեր տեսակի քա­րեր, շինափայտ (Արղանա-Մադեն, Ամանոս), իսկ Սարգոն Աքքադացին և նրա հաջորդները,մ․թ․ա․ III հազարամյակի երկրորդ կեսում իրենց թշնամի երկրանունների թվում հիշատակում են և Արմանի երկիրը (Արմե-Շուպրիա, Աղձնիք):

Մ.թ.ա. XXVIII-XXVII դարերում Հայկական լեռնաշխարհում առաջին անգամ հիշատակվում են սանձված ձիեր, որոնք ծառայել են որպես փոխադրամիջոց: Մինչդեռ շրջակա աշխարհում որպես փոխադրամիջոց ծառայում էին էշերն ու եզները։ Հայկական լեռնաշխարհում վաղ բրոնզի դարաշրջանում ձիու ընտելացման մասին են վկայում կենդանիների պեղածո կմախքները, ինչպես նաև հնագույն ժայռապատկերներում աոկա տեսարանները:

Փոփոխության է ենթարկվում նաև Հայկական լեռնաշխարհի բնակիչների կացութաձևը։ Մայրական տոհմը և մայրական իրավունքն արդեն չէին համապատասխանում արտադրական նոր հարաբերություններին։ Վաղ բրոնզե դարում դրանք փոխարինվում են հայրական տոհմով և հայրական իրավունքով։ Երեխաների արյունակցությունն արդեն հաշվվում էր հոր գծով, և հայրն իրավունք ուներ իր ժաոանգաթյունը թողնել երեխաներին։ Տոհմի արական անդամները մնում էին նույն տոհմում, իսկ իգական անդամներն ամուսնանալուց հետո հեռանում էին։

Զույգային ամուսնության հիման վրա առաջանում է նահա­պետական ընտանիքը կամ գերդաստանը, որն իր մեջ ընդգրկում էր մոտիկ արյունակիցների մի քանի սերունդներ՝ ընտանիքի ավագ համարվող տղամարդու կամ նահապետի գլխավորությամբ։ Տոհմային ընտանիքներում աշխատանքը և արտադրված նյութա­կան բարիքների տնօրինումն ուներ կոլեկտիվ բնույթ։


Միջին բրոնզե դար

Մ.թ.ա. III հազարամյակի վերջին քառորդում տեղ զտած ամորեացիների, ինչպես և կուտիների ակտիվ տեղաշարժերը, Մարիի և Աշշուրի բարձրացումը, II հազարամյակի առաջին կեսում Սիտաննիի և Խեթական պետություննե­րի կազմավորումն ու հզորացումը, նրանց պայքարը տարածաշրջանում գերիշխանություն ձեռք բերելու համար, որի մեջ էին ներքաշվում և այդ պետությունների միջև ընկած տարածքների բնակիչները, չէին կարող չանդրադառնալ Հայկական լեռնաշխարհի, առաջին հերթին՝ բարձրավանդակի արևմտյան և հարավային շրջանների բնիկների վրա: Վերջիններս, շարունակելով զարգանալ իրենց ներքին օրինաչափութ­յուններով, միաժամանակ և անմիջականորեն շփվելով այդ պե­տությունների հետ, նրանց հասարակական կյանքի առանձին կողմերի ընդօրինակման քայլեր էին կատարում: Երևան են գալիս ոչ միայն տարբեր մշակույթների պատկանող նյութեր, այլև արքայավայել կերպով կատարված, առաջնորդների ու ցեղային ավագանու ներկայացուցիչներին պատկանող թաղումներ, որոնք փաստում են սոցիալական խոր շերտավորումը, հասարակական կյանքում տեղ գտած արմատական փոփոխությունները: Սոցիալական այդ խոր շերտավորումը ընդգծելու են գալիս շարքային համայնականներին պատկանող անշուք, աղքատիկ նյութեր պարունակող դամբարանները որոնք սփռված են ողջ տարածաշրջանում:

Կուր -արաքսյան ընդհանրության կազմալուծմանը զուգընթաց մ.թ.ա. III հազարամյակի երրորդ քառորդի ընթացքում լեռնաշխարհի մեծ մասում տարածում է ստանում առավելապես դամբանաբլուրներով հայտնի «վաղ կուրգանների մշակույթը»:

Մ.թ.ա. III հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են «Թռեղք-վանաձորյան» մշակութային համալիրները: Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում: Մշակութային այդ ընդհանրության սահմաններն արևելքում ձգվում են Շիրվանի տափաստանից դեպի հարավ՝ մինչև Ուրմիայի արևմտյան ափամերձ շրջանները, այնուհետև Մեծ Կովկասի հարավային ստորոտից (ներառելով Արևելյան Վրաստանը, Կուր-Արաքսի ավազանը) հասնում Վանա լճի արևելյան և հյուսիսային ավազանը: Արևմտյան սահմանագոտին տեսանելի է Մուշ, Էրզրում, Արդվին գծով: Հայկական լեռնաշխարհի արևելքում և հյուսիս-արևելքում (Սյունիք, Արցախ, Սևանի ավազան, Աղստևի հովիտ), Թռեղք֊վանաձորյան համալիրներին զուգահեռ, տարածում են ստանում, այսպես կոչված, Սևան-Արցախյան մշակույթին բնորոշ իրողությունները:

Բնակավայրերի մոտ սփռվում են տոհմային գերեզմանատները։ Դամբարանների պեղումներից երևում է, որ թաղումը կատարվել է ննջեցյալներին կարասների, քարարկղների և մեծ սալաքարերից պատ­րաստված տնականման դոլմենների մեջ տեղավորելով։ Կիրառվել է նաև դիակիզում։ Հսկայական դամբարանաշերտերի հնագիտական գտածոների մեջ առանձնանում են ծիսական անոթները, սպիտակ ու կարմիր ներկերով զարդարված խեցեղենը, բրոնզե դաշույններ, նետասլաքներ, ուլունքներ ևն:

Անկախ դամբարանի տեսակից, թաղման դիրքը հիմնականում աջ կամ ձախ կողքի, կծկած վերջույթներով պառկեցված վիճակն է: Թաղվածների դեմքը հիմնակա­նում արևելք է դարձված։ Թաղման ժամանակ օխրա է գործածվել։


Ուշ բրոնզի դար

Մ. թ. ա. XVI դարի վերջից մինչև XIII դարի առաջին կեսում նկատելի է ժողովրդագրական մեծ պայթյուն և բնակչության կենտրոնացումը խոշոր բնակավայրե­րում. սկսվում է վաղքաղաքային կյանքի վերելքը: Առաջացել են հզոր միջնաբերդերով համեմատա­բար խոշոր քաղաքներ (Մոտկանաբերդ, Լազարավան, Լճաշեն, Հոռոմ, Մեծամոր, Վանաձոր, Քարաշամբ ևն): Դրանց մերձակայքում տա­րածվել են գյուղական փոքր, չամրացված բնակավայրեր: Այս ժամանակահատվածում հստակ ընդգծվում է Լճաշեն-մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը:

Դարաշրջանի բնակավայրերի գերակշռող մեծամասնությունը, ինչ­պես և նախկինում, կառուցված է բարձունքների վրա ու շրջափակված է ղրանց մակերևույթի առանձնահատկություններին համապատասխան տարված, հզոր որմնահեցեր և աշտարակներ ունեցող, մեկից երեք շարք, կիկլոպյան շարվածք ունեցող պարիսպներով: Վերջիններիս շարվածքում, սակայն, դիտվում են արդեն որոշակի շարքեր, իսկ քարերը հարթ երեսնե­րով դուրս են ուղղված:

Տարածված է եղել ոսկորներ թաղելը (երկրորդական թաղում), որը պարզ դիտվում է կմախքի անատոմիական վիճակից։ Հաճախ են հանդիպում և հուշադամբարանները, դրանց մեջ կմախքներ չեն հայտնաբեր­վում: Անհատական, զույգային թաղումներին զուգահեռ՝ առկա են և խմբակային թաղումներ ու մարդկային զոհաբերություններ:

Հայաստանի հնագիտական հուշարձանների բազմակողմանի ոաումնասիրությունները, հայտնաբերված նյութերը և թաղման ծեսը փաստագրում են ուշ բրոնզի դարի հասարակությունների աննախադեպ վերելքի մասին: Գտածոների թվում կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր ներկերով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր:

Մետաղի մշակման կատարելագործման հետ զուգահեռ այս ժամանակաշրջանում բրոնզը հաստատուն կերպով սկսեց իր տեղն աստիճանաբար երկաթին զիջել, որն անհամեմատ էժան էր, իսկ հանքավայրերը Հայկական լեռնաշխարհում շատ են։

Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը


ՏԵՍ ՆԱԵՒ

➡️ Արարատյան թագավորության առաջացումը 
➡️ Ուրարտու․ Վերելքը և ծաղկումը
➡️ Ուրարտու․ Տերության ճգնաժամը