Մ.թ.ա. IX դարի վերջից Արարատյան թագավորությունը (Ուրարտու) դառնում է Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը։ Այդ հզորությունն սկսվում է Մենուայի թագավորության սկզբից և տևում մոտ 70 տարի։ Հայկական լեռնաշխարհում միանական պետականության ստեղծման բարենպաստ պայմանները հանգեցնում են սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման նոր տեմպերի, ինչը մեծացնում է ուրարտական պետության ներուժը։ Բիայնիլիի արքաներն անցնում են ակտիվ նվաճողական քաղաքականության, ինչի շնորհիվ կարճ ժամանակահատվածում իրենց իշխանության ներքո միավորում են ամբողջ Հայկական լեռնաշխարհը և այստեղից դուրս մղում Ասորեստանին։ Ստեղծվում է կենտրոնացված ուժեղ կառավարման համակարգով հինարևելյան տերություն։
Իշպուինիի և Մենուայի բարեփոխումները
Իշպուինին (մ.թ.ա. 825-810 թթ.) շարունակում է հոր քաղաքականությունը։ Նրան վիճակված էր դառնալու Ուրարտուի պետականության ստեղծման և արքայական գաղափարախոսության ձևավորման հիմնադիրը:
Իշպուինին Ուրարտուում ներդրեց Խալդիի պաշտամունքը՝ վերջինս դարձնելով տերության գերագույն աստված: Արձանագրություններից մեկում այս միապետն իրեն անվանում է «Խալդի աստծո ստվեր», ինչը մատնանշում է, որ Իշպուինին ասոցացվում էր որպես Խալդիի փոխանորդ երկրի վրա: Հետագայում՝ ուրարտական տերության գոյության ամբողջ ընթացքում Խալդին մարմնավորելու էր ՈՒրարտուի հզորությունն ու բարեկեցությունը: Իշպուինին ստեղծում է նաև ուրարտական միասնական դիցարանը, որտեղ հանդես են գալիս նաև նաիրյան դաշնության աստվածությունները։ Դիցարանի ցանկը զետեղվել է Տուշպա մայրաքաղաքի մոտ «Խալդիի դարպաս» արձանագրությունում, որը ժողովրդի մեջ հետագայում կոչվեց «Մհերի դուռ»։
Նրա օրոք թագավորության տարածքում ասուրերենի փոխարեն սկսում են գրել տեղական՝ ուրարտական լեզվով, կիրառելով ասուրա-բաբելոնական սեպագրի պարզեցված մի ձև։
Փոխարինելով դաշնային աշխարհազորը կանոնավոր բանակով՝ իր գահակիցը դարձած որդի Մենուայի հետ մ.թ.ա. 820-ականներին Իշպուինին նվաճում է Վանա և Ուրմիայի լճերի միջև ընկած երկրամասերը, Ուրմիա լճի արևելյան ափը, ինչպես նաև Մուսասիր քաղաքը, որը համարվում է Հայ(կ)/Խալդի աստծո կարևորագուն սրբավայրը։ Արդինի –Մուսասիր երկիրը դառնում է Ուրարտուի վարչական և կրոնական խոշոր կենտրոններից մեկը։ Նվաճելով նաև Վանա լճից դեպի հյուսիս-արևելք ընկած Ալաշկերտի դաշտը, Իշպուինին իր պետության հյուսիսային սահմանները հասցնում է գրեթե Հայկական պարը։
Իշպուինիի և Մենուայի համատեղ գահակալման շրջանում է, որ ձևավորվում են պետականության այսպես կոչված «ստանդարտ» չափորոշիչները:
Մենուայի թագավորության ժամանակ (մ.թ.ա. 810-786 թթ.) ուրարտացիները բոլոր ուղղություններով խոշոր նվաճումներ են կատարում և րնդարձակում իրենց պետության սահմանները։ Մասնավորապես նա մի քանի արշավանք ուղղում է Ասորեստանի և նրա դաշնակիցների դեմ Ուրմիա լճից հարավ և Եփրատի միջին հոսանքի շրջան, նույնիսկ անցնում գետը։
Մենուայի բանակը շարունակում է հաղթարշավը Ուրմիայից հարավ — արևելք ընկած տարածքներում՝ հասնելով մինչև Դիալա գետի ավազան: Այս արշավանքներով Մենուան վերահսկողության տակ է վերցնում զագրոսյան առևտրական ուղիների զգալի մասը՝ նպատակ ունենալով կտրել Ասորեստանին Իրանական բարձրավանդակի կամ նրա միջնորդությամբ ստացվող հումքի աղբյուրներից: Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնել Բիայնիլիի առաջխաղացումը, մ.թ.ա. 791 թվականին ավարտվում են անհաջողությամբ։
Հյուսիսում անցնելով Հայկական պարը, ուրարտական զորքը հասնում է Արաքս գետին և նվաճում Արարատյան դաշտի մեծ մասը։ Իր նվաճումներն ամրապնդելու և հենակետ ստեղծելու նպատակով Արաքսի աջ ափին կառուցում է Մենուախինիլի քաղաք-ամրոցը։ Մի քանի արշավանքներ ուղղվում են դեպի Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտք, որտեղ ենթարկում է Դիաուեխի երկիրը (միջնադարյան Տայք):
Տասնյակ ամրոցներ են կառուցվում պետության կենտրոնական շրջաններում և Ուրմիո լճի ափերին։ Մենուայի շինարարական գործունեության գլուխգործոցներից է Վերին Ահձավի նշանավոր բերդաքաղաքը ներկայիս Վան քաղաքի մոտակայքում։ Իր պետության սահմաններն ընդարձակելու հետ միասին արքան խոշոր աշխատանք է կատարում նաև երկրի տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ: Բացի շինարարական ակտիվ գործունեությունից, զարկ է տրվում խաղողի և պտղատու այգիների, ցանքատարածությունների ընդլայնմաը, ստեղծվում է որոգման կենտրոնացված համակարգ։
Մենուան հրաշալի ստրատեգ էր ու հանճարեղ կառավարիչ: Մենուա թագավորի ավագ որդին էր Ինուշպուան: Ըստ երևույթին, Մենուայից հետո շատ կարճ ժամանակահտավածում կառավարում է հենց Ինուշպուան: Աղբյուրները լռում են, թե հետո ինչ է պատահում. գուցե Ինուշպուան մահանում է, գուցե դառնում է քուրմ… Նրան փոխարինում է Մենուայի մյուս որդին՝ Արգիշտին։
Բիայնիլի թագավորությունն իր հզորության գագաթնակետին
Արգիշտի I-ի օրոք (մ.թ.ա. 786—764 թթ.) ուրարտական տերությունը հասնում է իր քաղաքական և ռազմական հզորության բարձր աստիճանին։ Նրա գործունեությունը վերականգնվում է ժամանակագրությամբ՝ շնորհիվ Վանի ժայռի հարավարևմտյան կողմում փորագրված «Խորխորյան տարեգրության» և այլ արձանագրությունների։
Մ.թ.ա 783 թ. Արգիշտին խոշոր արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք՝ Փոքր Ասիայի տարածք: Արևմտյան արշավանքից արքան վերադառնում է տասնյակ հազարավոր ռազմագերիներով և այլ ավարով: Այս արշավանքով Ասորեստանի առջև փակվում են Փոքր Ասիայի հանքի աղբյուրներ տանող ճանապարհները:
Արքան մեծ ուշադրությամբ և եռանդով աշխատում է ամրապնդել Ուրարտուի տիրապետությունն Արարատյան դաշտում և տարածվել դեպի հյուսիս։ Անցնելով Արաքս գետը, նա գրավում է դաշտի մնացած մասը և հասնում մինչև Սևանա լճի հյուսիս-արևելյան ափը։ Իր նվաճումներն ամրապնդելու նպատակով Արգիշտին մ.թ.ա. 782 թվականին այստեղ կառուցում է Էրեբունի (ներկայիս Երևան), իսկ մ.թ.ա. 776 թվականին՝ Արգիշտիխինիլի քաղաքները։ Էրեբունի բերդաքաղաքում տեղակայվում են եփրատյան Խաթի և Ծուփանի (Ծոփք) երկրներից բերված 6600 ռազմիկներ: Գիտնականները ապացուցել են, որ Երևանի անունը ծագել է Էրեբունիի անվանաձևից և ՀՀ ներկայիս մայրաքաղաքն անմիջական կապ ունի ուրատական բերդի հետ։
Բազմաթիվ արշավանքներով ուղեկցվող գործուն արտաքին քաղաքականությունն Արգիշտին շարունակեց վարել նաև մ.թ.ա. 775-773 թվականներին, որոնց ընթացքում լիակատար կերպով ոչնչացրեց Ասորեստանի հետ համագործակցող ուժերին՝ վերջնականապես իր դիրքերը հաստատելով Ուրմիո լճից հարավ տարածվող շրջաններում: Արգիշտիին հաջողվում է Ասորեստանին դուրս մղել Հյուսիս Միջագետքից, Կոմմագենեից և Հյուսիս Ասորիքից, տիրել Միջերկրական ծովի արևելյան և Փոքր Ասիայի հարավ-արևելյան շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին: Արգիշտի I-ի ռազմաքաղաքական ազդեցությունը տարածվել է մինչև Հյուսիսային Կովկաս, որտեղ նրա անունով սեպագիր արձանագրությամբ հայտնաբերվել է սաղավարտ (պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում):
Այսպիսով՝ Արգիշտի 1-ի օրոք Բիայնիլի-Ուրարտու-Արարատ թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությունների՝ վերածվելով Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի: Նրա գերիշխանության սահմանները լայնածավալ էին. դրանք ընդգրկում էին Փոքր Ասիայի արևելյան պետությունները և մերձուրմյան ավազանի մի քանի երկրներ, իսկ հարավում՝ մինչև Պարսից ծոց՝ ներառյալ Բաբելոնիան:
Արարատյան տերության հզորությունը շարունակվել է Արգիշտի I-ի որդու՝ Սարդուրի II-ի օրոք (մ. թ. ա. 764-735): Արքան մի քանի պատժիչ արշավանքներ է կազմակերպում Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան շրջաններ, վերանվաճում Ուրմիա լճից հարավ ընկած երկրները, հպատակեցնում Կոլխան (Կողքիս) և Բաբելոնիան։ Մ.թ.ա. 746 թվականին նա հպատակեցնում է Հյուսիսային Ասորիքը՝ ստեղծելով այստեղ հակաասորեստանյան դաշինք։ Սարդուրի II-ի գերիշխանությունը ճանաչում է Դամասկոսի թագավորությունը։
Նրա օրոք համահայկական թագավորության հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Կուր գետով, հյուսիսում հասնում էր Սև ծով, արևելքում՝ Կասպից ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան և Միջերկրական ծով, հարավում՝ Բարելոնով Պարսից ծոց։ Սարդուրի II-ը Բիայնիլին դարձել էր «Չորս ծովերի տերություն», իսկ բանակը՝ շուրջ 350-հազարանոց (նվաճված ու հարկատու երկրների զինուժով հանդերձ): Հայկական լեռնաշխարհի տարածքում կախյալ թագավորությունները Սարդուրի II-ը վերածում է պետության վարչական միավորների՝ համադաշնային կառավարման համակարգից անցնելով գերկենտրոնացված պետության:
Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի օրոք Վանի տերությանը Առաջավոր Ասիայի հզորագույն ուժն էր և միանձնյա առաջատարը, ինչը տևեց ավելի քան կես հարյուրամյակ:
Ասորեստանի հակահարվածը և Բիայնիլիի թուլացման սկիզբը
Ուրարտական տերությունից եկող վտանգը ստիպում է համախմբվել Ասորեստանի բոլոր քաղաքական ուժերին։ Մ.թ.ա. 745 Ասորեստանում գահ է բարձրանում Թիգլաթպալասար III-ը, որը, վերականգնելով կենտրոնական հզոր ապարատը և զորքի մարտունակությունը, վճռական պայքարի է դուրս Սարդուրի II-ի դեմ։
Մ.թ.ա. 743 թվականին նա մեծ ուժերով հարձակվում է Ուրարաուի դաշնակից Արպադ քաղաքի վրա Հյուսիսային Ասորիքում։ Ասորեստանյան զորքը կարողանում է ծանր պարտության մատնել ուրարատական և նրա դաշնալիցների զորքը։ Սարդուրի II-ը, կորցնելով իր զորքի մեծ մասը, ստիպված է լինում հեռանալ մարտի դաշտից՝ թողնելով հարուստ ավար։
Մ.թ.ա. 735 թվականին ասորեստանցիներն ուրարտական բանակի դեմ տանում են երկրորդ վճոական հաղթանակը։ Այս անգամ Թիգլաթպալասարը ներխուժում է Բիայնիլի, հասնում և պաշարում մայրաքաղաք Տուշպան, բայց գրավել չի կարողանում։
Բանակի պարտությունը ծանր հետևանքներ է ունենում Արարատյան տերության համար։ Այն ոչ միայն կորցնում է իր քաղաքական գերիշխանությունը Առաջավոր Ասիայում, տիրապետությունները Ասորիքում, Միջագետքում և Ուրմիայի լճից դեպի հարավ գտնվող երկրներում, այլ նաև ծայրամասային և նույնիսկ կենտրոնական մի շարք մարզեր։
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը
ՏԵՍ ՆԱԵՒ
Արարատյան թագավորության առաջացումը
Ուրարտու․ Կենտրոնացված պետականության սկբնավորումը
Ուրարտու․ Տերության ճգնաժամը