Menu Close

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Մ.թ.ա. II-I հազարամյակների սահմանագծին արտաքին գործոնների ազդեցության ներքո Հայկական լեռնաշխարհում հասունանում են միասնական պետականության ձևավորման նախադրյալները։ Հայկական լեռնաշխարհի սրտում՝ Այրարատ աշխարհում, կենտրոնացված պետության ձևավորման հիմքը դառնում են Նաիրի միությունը և նրա մաս կազմող հայկական և խուրրիական ցեղերը։


Մ․թ․ա  XIII-XI դարերի էթնիկ տեղաշարժերը

Մ.թ.ա. XIII-XII դարերում Փոքր Ասիան ենթարկվեց «ծովի ժողովուրդների» հարձակմանը: Թրակա-փռյուգիական ցեղերը դեպի արևելք իրենց գաղթի ճանապարհին ոչնչացրին Խեթական երբեմնի հարուստ պետությունը` առաջ բերելով տեղական ժողովուրդների և ցեղերի մի վիթխարի շարժ: Նրանց ճնշման տակ Թեգարամա երկրի բնակիչները շարժվեցին հյուսիս-արևելք և հարավ-արևելք՝ սկզբում հաստատվելով Հայասա Ազզի միության երբեմնի տարածքներ հանդիսացող Ակիլիսենե (Եկեղեք), Սիսպիրիտիս (Սպեր), ապա նաև` խուրրիաբնակ Կալաքենե ու Ադիաբենե երկրներում:

Հավանաբար տեղական բնակչությունը նրանց կոչում էր «եկյալներ կամ եկվորներ», որը ժամանակի ընթացքում տարածվեց գավառի վրա: «Եկեղյաց» հավանաբար նշանակել է «եկեալների» գավառ:

 Սակայն ավելի մեծ դեր էր վիճակված Թեգարամա երկրի բնակիչներին, որոնք ևս մասնակցեցին այս էթնիկ տեղաշարժին։ Դեպի արևելք ճանապարհին նրանք սկզբում հասան մինչև Ադիաբենե և ըմբոստանալով ասորեստանյան թագավորի դեմ՝ անցան Կամենա։ Պարտության մատնելով ասորեստանյան թագավորին՝ նրանք շարժվեցին դեպի Կադմուխի երկիրը, այնուհետև հուսիս-արևելյան ուղղությամբ՝ Հարքի արգավանդ դաշտավայրը։


Հայկազունների Արարատյան թագավորության ձևավորումը

Հայկյանների պետության առաջացումը և հայ ժողովրդի կազմավորումը (ըստ Մովսես Խորենացու)  /Սեղմել քարտեզին մեծացնելու համար/

Էթնիկ այս տեղաշարժը ներկայացնում է V դարի պատմագիր Մովսես Խորենացին, կապելով այն Հայկի մասին առասպելի հետ։ Նա պատմում է, թե ինչպես է նախահայր Հայկը ընդվզում ասուրաբաբելոնյան տիրակալի դեմ, բնակություն հաստատում Հայկական լեռնաշխարհի Հարքի դաշտում, որտեղ և ջախջախում է իրեն հպատակեցնելու համար այստեղ եկած ասուրաբաբելոնական զորքին։ Հայկին հաջորդող առաջնորդներին Խորենացին անվանում է Հայկազուններ։

Արամանյակի օրոք Հայկազունները հաստատվեցին Արարատյան դաշտում, որի անունը Մովսես Խորենացին կապում է Արա Գեղեցիկ թագավորի անվան հետ: Արամանյակի որդի Արամայիսի օրոք ստեղծվում է Հայկյանների Այրարատյան թագավորությունը մ.թ.ա. 1032 թվին, ինչը կարելի է եզրակացնել հայոց շարժական տոմարի հաշվարկներից: Պետության ստեղծումը և Արմավիր մայրաքաղաքի հիմնադրումը տեղի ունեցավ այդ թվականի օգոստոսի 11-ին կամ Նավասարդի 1-ին:

Հայկյաններից և ոչ մի թագավորի անուն արձանագրված չէ գրավոր աղբյուրներում՝ բացառությամբ Արամե/Արամի։ Ենթադրվում է, որ մ.թ.ա. II-I հազարամյակներում իշխել են Արամ անունով մի քանի հայ արքաներ, որոնք ազգային ավանդության մեջ միավորվել են և Մովսես Խորենացու մատյանում տեղ գտել «Հայկյան Արամ» միասնական կերպարով։ Պատմագիրը նշում է, որ Արամը ոչ միայն հերոսաբար հետ է շպրտել ասորեստանյան նվաճողներին. այլ հաղթական արշավանքներ է կատարել դեպի հյուսիսային շրջաններ և Փոքր Ասիա:

Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը


ՏԵՍ ՆԱԵՒ

➡️ Ուրարտու․ Կենտրոնացված պետականության սկբնավորումը
➡️ Ուրարտու․ Վերելքը և ծաղկումը
➡️ Ուրարտու․ Տերության ճգնաժամը