Մ․թ․ա XIII – IX դարերում Վանա լճի շրջակայքում և նրանից դեպի հարավ ու արևմուտք ընկած ընդարձակ տարածությունների վրա ապրում էին խուրրիական-ուրարտական բազմաթիվ ցեղեր, որոնց զբաղեցրած տերիտորիան ասորեստանյան արձանագրությունների մեջ անվանվում է «Նաիրի»։ Հատկանշական է, որ այն ոչ թե էթնիկ խմբավորման անուն է, այլ հենց տեղանուն, ինչը թարգմանաբար նշանակում է «գետերի երկիր»: Այդ երկրանունն աոաջին անգամ հիշատակում է Ասորեստանի Սալմանասար I թագավորը (մ․թ․ա․ 1280—1261 թթ․)։
Նշված ընդարձակ տարածքում ապրում էին դաշնային հիմունքներով միավորված բազմաթիվ ցեղապետություններ, որոնք ասուրական աղբյուրներում անվանվում են «երկրներ»: Դրանց հզորության մասին է վկայում այն փաստը, որ Սալմանասար I ստիպված էր սահմահամերձ մի քանի քաղաքներում նշանակել հատուկ պահակազորեր՝ Ասորեստանի տիրապետության շրջանների վրա նաիրյան հարձակումները կանխելու նպատակով:
Նաիրյան «երկրները» և դրանց 40 աոաջնորդները (որոնք աղբյուրներում կոչվում են «թագավորներ») հիշատակվում են Սալմանասար I հաջորդի՝ Թուկոլլթի-Նինուրտայի (մ․թ․ա. 1261 —1239թթ.), իսկ մեկուկես դար անց’ Թիգլաթպալասար I (մ․թ․ա․ 1114–1076 թթ.) արձանագրություններում:
Ուշագրավ է, որ չնայած իր նախորդներր գրում են, թե գրավել ու հպատակեցրել են Նաիրյան «երկրները», Թիգլաթպալասար I Նաիրին անվանում է «ընդարձակ, հպատակություն չճանաչող և անծանոթ երկիր»։ Ասորետանյան տիրակալը հայտնում է, որ ճակատամարտում հաղթել է Նաիրի երկրի 23 և նրանց օգնության եկած 60 ցեղային առաջնորդների, ջարդել նրանց 120 ռազմակառքերը, գրավել, ավերել ու այրել է նրանց բնակավայրերը, կողոպտել ու տարել նրանց անասունների երամակները և երկրագործական անթիվ ունեցվածքը։ նա հայտնում է նաև, որ ցեղային առաջնորդների որդիներին պատանդ է վերցրել և նրանց վրա տարեկան 12000 ձի և 2000 խոշոր եղջերավոր անասուն հարկ նշանակել։
Ւ հիշատակ նաիրյան ցեղերի դեմ տարած իր հաղթանակի’ Թիգլաթպալասարը ճակատամարտի վայրում’ Մանազկերտի դաշտում’ մի արձանագրություն է թռղել,որը Հայաստանի տարածքում մինչև այժմ հայտնաբերված ամենահին արձանագրությունն է։
Նաիրի երկրի մասին կարևոր տեղեկություններ է տալիս նաև Աշշուրնազիբպալ II (մ․թ․ա․ 883—՝859) թագավորի տարեգրությունը։ Իրար հաջորդող չորս արշավանքների ընթացքում ասորեստանյան տիրակալը, դաժան կերպով ճնշելով նաիրյան ցեղերի դիմադրությանը, գրավում և ավերում է 250 քաղաք ու բնակավայրերը և ծանր հարկեր նշանակում։ Բացի այդ Աշշուրնազիբպալ սահմանամերձ քաղաքներում բնակեցնում է ասորեստանյան գաղթականներ, թողնում պահակազոր և իր գրաված առանձին երկրամասերում տեղական ցեղային առաջնորդների փոխարեն նշանակում ասորեստանցի կառավարիչներ։ Հատկանշական է, որ Աշշուրնազիբպալը Նաիրին հիշատակում է որպես միասնական պետություն։ Բնականաբար, բոլոր ասորեստանյան աղբյուրները նկարագրում են իրենց տիրակալների վայրագությունները պարտվածների նկատմամբ։
Նաիրին որպես մեկ միասնական պետություն է հիշատակվում նաև նրա հաջորդի’ Սալմանասար III-ի (մ․թ․ա. 859–824 թթ․) արձանագրություններում: «Նաիրի» անվամբ են իրենց երկիրը կոչում Արարատյան թագավորության (Բիայնիլի, Ուրարտու) տիրակալները ասուրերենով գրված իրենց արձանագրություններում։
Տես նաև՝
Վաղ պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում