Մարդկային հասարակության կազմավորումն ու զարգացումն ունի հարյուր հազարավոր տարիների պատմություն։ Հնագիտական բազմաթիվ պեղումները և ուսումնասիրությունները վկայում են, որ Հայկական լեռնաշխարհը նույնպես հանդիսացել է նախամարդու օրրաններից և նրա ձևավորման տարածքներից մեկը։
Քարի դարի սահմանումը

Մարդկության զարգացման ամենաերկարատև ժամանակաշրջանն ընդգրկող քարի դարաշրջանի հուշարձանների թվագրությունը սերտորեն կապված է երկրագնդի զարգացման վերջին՝ մոտավորապես 65 միլիոն տարի աոաջ սկսված Կայնոզոյի դարաշրջանի Չորրորդական կամ Անթրոպոգեն կոչվող ժամանակաշրջանի երկրաբանական շերտերի հետ: Աշխատանքային կամ արտադրողական գործիքների պատրաստումը մարդու առաջին և հիմնական առանձնահատկությունն էր։ Առաջին գործիքները պատրաստված էին փայտից, քարից և ոսկորից։
Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկում է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 մլն տարի առաջ-մ.թ.ա. IV հազարամյակի վերջ), որը գրեթե համապատասխանում է մարդկության պատմության քարի դարաշրջանին: Հին քարի դարը հաճախ համարում են սնունդ հավաքողների, միջին քարի դարը՝ սնունդ պահեստավորողների, իսկ նոր քարի դարը՝ սնունդ արտադրողների ենթափուլեր:
Հին Քարե դար (Պալեոլիթ)
Հին քարի դարաշրջանը, որն ըստ ներկա տվյալների սկսվել է 3-2,6 մլն տարի աոաջ, համապատասխանում է երկրաբանական պլեյստոցենի (Pleistocene)՝ սառցե ժամանակաշրջանին։ Հայկական լեռնաշխարհում այն ավարտվում է մ.թ.ա. XII հազարամյակում։
Այդ ժամանակաշրջանի երկրաբանական շերտերում են հայտնաբերված ավստրալոպիթեկների (հարավային կապիկ) բազմաճյուղ ընտանիքին (մոտ 60 տեսակ) պատկանող, այդ թվում և ավելի զարգացած աստիճանը ներկայացնող, գործիք պատրաստելու ունակ, Homo habilis կոչված արարածների ոսկրաբանական մնացորդները: Նախնադարյան հասարակության սկզբում մարդիկ ապրել են թափառող խմբերով՝ հոտերով, որոնք պարբերաբար իրենց կայաններն էին ունենում։
Ստորին հինքարեդարյան մշակույթը (մոտ 2,6 մլն-մոտ 100 հազ. տարի առաջ) Հայկական լեռնաշխարհում հիմնականում բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով: Այստեղ հայտնաբերված պալեոլիթյան հնագույն բնակատեղիները՝ կայանքները գտնվել են պատմական Գուգարքում (ներկայիս Վրաստան) և ունեն ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Դրանք Եվրոպայի և Արևմտյան Ասիայի տարածքում մինչ օրս հայտնաբերված ամենահին բնակատեղիներն են։ Վիրահայոց լեռների հուշարձաններում գերակշռում են կայծքարից պատրաստված գործիքները, իսկ Ջավախքի լեռնաշղթայի արհեստանոցներում հիմնականը դացիտից պատրաստվածներն են, ինչը ցույց է տալիս, թե հանքաքարը ձեռք է բերվել հնարավորին չափ մոտ գտնվող քարհանքերից:
Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում: Հնավայրերից (Արզնի, Նուռնուս, Ջրաբեր, Հատիս, Ապարան, Արտենի և այլն) պեղված նյութերը պատրաստված են գերազանցապես բազալտից ու վանակատից:
Վաղ շրջանին պատկանող գործիքներն առանձնանում են ոչ միայն ձևով ու մշակման եղանակներով (օրինակ’ շելյան հատիչների եզրերը ալիքավոր տեսք ունեն, իսկ աշելին պատկանողներինը ավելի ուղիղ է և այլն), այլև՝ մակերեսի փառի ավելի մուգ գույնով: Նմանօրինակ գործիքներ են հայտնաբերված և Հադրութի շրջանում գտնվող Ազոխի քարայրից, որի մշակութային շերտերը ներկայացնում են աշելյան փուլի զարգացման պատկերը: Հինքարեդարյան հուշարձաններ կան նաև Արտին լեռան լանջերում, Հրազդան գետի միջին հոսանքի շրջանում, ինչպես նաև Կարս, Մալաթիա քաղաքների շրջակայքում։
Հայաստանի և հարևան հանրապետությունների վաղ պալեոլիթյան, այսինքն մարդու՝ կենսաբանականից հասարակական որակի անցման ժամանակաշրջանի հուշարձանները անհամաչափ են հետազոտված։ Դա գգալիորեն խոչընդոտում է աոաջնակարգ կարևորություն ունեցող մի շարք հարցերի պարզաբանմանը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ունակ մարդ (Homo habilis) կոչվող արարածի և նրա կողմից պատրաստված ամենանախնական՝ օլդուվայան գործիքների հայտնաբերված չլինելուն։
Այս ժամանակահատվածի աշխատանքային պարզագույն գործիքները ստեղծած նախամարդիկ պատկանում են մարդաբանական արխանտրոպների (պիթեկանթրոպներ, սինանթրոպներ, Հայդելբերգյան մարդիկ) և, հավանաբար, ավելի պարզունակ տիպի (հմուտ մարդ Homo habilis, Prezinjanthropus): Վաղ պալեոլիթում արդեն, Homo erectus զարգացած տեսակներին (սինանթրոպ) անմիջապես փոխարինելու է եկել նեանդերթալցին։ Մարդաբանների մեծ մասի կարծիքով նեանդերթալցիների ինչ-որ ճյուղից (չի բացառվում և խաոնվելու հնարավորությանը) առաջացել է ժամանակակից մարդը, իսկ մյուս ճյուղերը փակուղի մտնելով անհետացել են:
Միջին հին քարի դարից (մ.թ.ա. մոտ 100.000-40.000 տարի առաջ) Հայկական լեռնաշխարհում հայտնի է ավելի քան 150 հուշարձան։ ՀՀ ներկայիս տարածքում հետազոտվել են Ապարանի գոգավորության, Արամուսի, Արզնիի, Արտենիի, Հատիսի, Դաշտադեմի և այլ հնավայրեր:
Մարդիկ ապրել են ոչ մեծ (մինչև 20 հոգի) խմբերով’ համայնքներով: Նրանց հիմնական զբաղմունքը որսորդությունն էր, ավելի ուշ՝ նաև ձկնորսությունը: Միջին և վերին պալեոլիթի սահմանագծում մարդը կատարում է ամենամեծ գյուտերից մեկը՝ արհեստական կերպով կրակ է ստանում, ինչը հնարավորություն է տալիս փոխելու սննդակարգը և տարածվելու ավելի մեծ տարածաշրջանում։
Գործիքների տեսակներն են՝ ձեոքի հատիչները, միջուկները, ցլեպները: Մեծ քանակություն են կազմում քերիչները, կտրիչները, սրածայրերը, ծակիչները, գրերի տեսք ունեցող գործիքները, իսկ միջուկներն ու հատիչները, որոնք նախորդ շրջանի բնորոշ գործիքներից էին, այս ժամանակաշրջանում չնչին տոկոս են կազմում (5%): Դրանք հիմնականում սկավառակաձև են, սակավ՝ բրգաձև, բայց բոլոր դեպքերում առանձնանում են փոքր չափերով (4-5սմ): Հակառակ ղրանց, ցլեպները զանգվածեղ են, կարճ, ունեն եռանկյունաձև, սեղանաձև կամ ձվածիր տեսք: Մյուս գործիքների դեպքում նկատվում է ձևերի նրբացում, հարդարման տարբեր եղանակների (թեփուկավոր, ատամնավոր, եղունգաձև և այլն) կիրառում, հարթեցում, գործիքի ողջ մակերեսի մշակում: Դիտվում է և հումքը խնայելու ձգտում, ինչպես և ոսկոր, փայտ, կաշի մշակելու համար մասնագիտացված գործիքներ պատրաստելու նպատակ:
Միջին պալեոլիթը նեանդերթալցիների տիրապետության շրջանն է, որոնց կյանքի տարբեր կողմերի վերաբերյալ պատկերացում են տալիս նաև այլ հուշարձանները։
Վերին հին քարի դարի (մ.թ.ա մոտ 40.000-14.000 տարի առաջ) սկզբին նախամարդը նմանվել է ժամանակակից մարդուն, հանդես է եկել բանական մարդը (Homo sapiens): Այդ շրջանի շուրջ 60 հուշարձանների մեծ մասը Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան կողմերում է (Եփրատի ու Տիգրիսի ավազաններ, Կորդվաց աշխարհ և այլուր): Մարդկանց հիմնական զբաղմունքը որսորդությունն էր, ավելի ուշ՝ նաև ձկնորսությունը:
Երևանյան լճի աջ ափին գտնվող մի մեծ քարանձավում հայտնաբերվել են միջին եւ վերին պալեոլիթին պատկանող հազարավոր քարե գործիքներ և մեծ քանակությամբ խոհանոցային մնացորդներ, որոնք ունեն 100․000-ից մինչև 25․000 տարվա հնություն։
Վերին պալեոլիթում աշխատանքի արտադրողականության բարձրացումը, զբաղմունքի նոր բնագավառների հանդես գալը նախնադարյան հասարակությայն ներսում առաջ են բերում աշխատանքի բնական բաժանում տղամարդկանց և կանանց միջև։ Մարդկային հասարակությունը նախնադարյան հոտից անցում է կատարում դեպի նախնադարյան տոհմային հասարակարգ։
Համակեցության պայմաններում կնոջ դերի մեծացմանը զուգահեռ վերին պալեոլիթում առաջանում է մայրական տոհմային համայնքը, որի անդամներն արդեն փոխկապակցված էին արյունակցական կապերով, իսկ աշխատանքն ու նյութական բարիքների յուրացումն ու բաշխումը բացառապես կոլեկտիվ բնույթ ունեին։ Տոհմը ավելի բազմամարդ էր (150-200 մարդ), ուներ բնակության մշտական տարածք։
Արյունակցական կապերի հանդես գալու հետ զուգահեռ ի հայտ է գալիս թաղման ծեսը, զարգանում է հոգևոր կյանքը։ Հայտնաբերվել են քարանձավային (գծանկարներ քարայրերի պատերին) և փոքր չափերի (արձանիկներ, առարկաներին փորագրված ու ներկանյութով պատված զարդեր, պատկերաքանդակներ) արվեստների նմուշներ: Հայկական լեռնաշխարհում այդ շրջանի մշակույթն ընդհանրություններ ունի Մերձավոր Արևելքի վերին հինքարեդարյան մշակույթի հետ, Միջերկրականի ափամերձ երկրների (Լևանտ) ու Զագրոսի հուշարձանների հետ միավորվել է, այսպես կոչված, առաջավորասիական մշակութային գոտու մեջ:

Միջին Քարե դար (Մեզոլիթ)
Միջին քարի դարի սկիզբը համընկնում է վյուրմյան սառցապատմանը հաջորդած համընդհանուր ջերմացմանը: Մոտավորապես 13,5/13000 տարի առաջ սկսված կլիմայի տաքացումը (Հոլոցենի ժամանակաշրջան) մինչև 10-րդ հազարամյակը ընդմիջարկվել է կարճատև ցրտեցումներով:
Յուրացնող տնտեսաձև վարող և այն զարգացման բարձրագույն աստիճանի հասցրած մարդիկ մեզոլիթի սկզբնական շրջանում շարունակում էին բնակվել քարայրերում ու ժայռածածկերում: Դրանց զուգահեռ առկա են և բացօթյա կայաններ, արհեստանոցներ:
Տարածաշրջանի եվրոպոիդ ռասայի հարավային ճյուղի՝ Homo sapiens տեսակին պատկանող բնակիչները շարունակում էին իրենց հանապազօրյա սնունդը հայթայթել որսորդությամբ ու հավաքչությամբ: Սկսում է կիրառվել առաջին հեռաձիգ զենքը՝ նետն ու աղեղը: Ձկնորսությունը դառնում է սննդի հայթայթման հիմնական ձևերից մեկը:
Մեզոլիթում սկսվել են վայրի կենդանիների ընտելացումն ու հացազգի բույսերի մշակումը: Այս ժամանակաշրջանում արդեն լայն տարածում ուներ ընտելացված շունը: Վայրի հացազգիները աստիճանաբար դաոնում են սննդի հիմնական և հուսալի աղբյուր: Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է մշակովի բույսերի տարածման համաշխարհային կենտրոն:
Հասարակության մեջ զգալի է դարձել ընտանիքի դերը: Արագացել է համայնքների ավելի մեծ կազմավորումների՝ ցեղերի մեջ միավորման գործընթացը, կտրուկ մեծացել է բնակչության թիվը:
Նոր Քարե դար (Նեոլիթ)
Մարդկության զարգացման երկարատև պատմության մեջ նեոլիթը (մ.թ.ա.IX-VI հազարամյակներ) առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Շրջադարձային հանդիսանալով՝ այն պայմանավորեց մարդկության զարգացման հետագա ընթացքը: Նեոլիթում մարդն աստիճանաբար որսորդա-հավաքչական՝ յուրացնող, սոսկ բնությունից վերցնող տնտեսաձևից անցավ արտադրող՝ երկրագործական-անասնապահականին: «Նեոլիթյան հեղափոխությունը» հիմնովին վերափոխեց մարդու կյանքը՝ ազատելով բնությունից ամբողջական կախվածությունից։ Մարդը ինքն սկսեց արտադրել իր սնունդը, հիմք դնելով դրա մշտական առկայությանը, այն բազմապատկելու ձգտումը պայմանավորեց նրա հետագա գործունեությունը:
Մ.թ..ա. VIII հազարամյակի վերջերից Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ: Միջերկրական ծովի, Սիրիական անապատի և Հայկական (Արևելյան) Տավրոսի միջև ընկած գետահովիտներում ու արգավանդ հողերով հարուստ տարածքներում հանդես են զալիս առաջին նստակյաց բնակատեղիները: Դրանք նեղ շերտով ձգվում են հարավից հյուսիս՝ Հորդանանի հարթավայրից, դամասկոսյան օազիսի լճերի ափերով դեպի միջին Եփրատ և Ուրֆայի (Ուռհա) շրջանից՝ Եփրատի ու Տիգրիսի վերին հոսանքները:
Հայկական լեռնաշխարհում երկրագործության առաջին կենտրոններն են դարձել Արարատյան դաշտը, Արածանի գետի ստորին հովիտը, Հայոց ձորը (Վասպուրական)։ Անասնապահությունն ու երկրագործությունը հեղաշրջող դեր են կատարում նախնադարյան հասարակության կյանքում. ստեղծվում են սննդի համեմատաբար մշտական և կայուն աղբյուրներ, ինչը նպաստում է մշտական բնակավայրերի կառուցմանը, մարդկային ապրելակերպի, աշխարհայեցողության, հոգեբանության փոփոխմանը։ Նախնադարյան հասարակության տնտեսության և մշակույթի զարգացման մեջ հսկայական դեր է կատարում կավագործության կամ խեցեգործության առաջացումը։
Դեռ մեզոլիթում տնտեսության նոր բնագավառների հանդես գալը ավելի է խորացնում աշխատանքի բնական բաժանումը տղամարդկանց և կանանց միջև։ Բացի տնային աշխատանքներից, զբաղվում էին նաև երկրագործությամբ, անասնապահությամբ, բրդի մշակմամբ և այլն։ Սննդի մշտական և հիմնական միջոցներն արտադրվում էին կնոջ աշխատանքով, որովհետև որսորդությունը, որով հիմնականում զբաղվում էին տղամարդիկ, կախված էր պատահական հաջողությունից։ Զարգացման է հասնում մայրական տոհմային համայնքը։ Ստեղծվում է առաջին ղեկավարման գերագույն մարմինը՝ տոհմի ժողովը, որտեղ հավասար իրավունքներ ունեին կանայք և տղամարդիկ։ Բացի կարևորագույն հարցերը վճռելուց՝ ժողովը ընտրում է տոհմի ավագին և ռազմական առաջնորդին։
Նեոլիթի վերջում առաջանում է մթերքների միջտոհմային պարզ փոխանակությունը։ Հայկական լեռնաշխարհում միջտոհմային պարզ փոխանակության հիմնական նյութերից մեկը դառնում է աղը։ Կարևոր նյութերն էին նաև օբսիդիանը և դրանից պատրաստված գործիքները։
Ուշ նեոլիթում առաջանում է զույգային ամուսնությունը և զույգային ընտանիքը, ստեղծվում են նոր տոհմեր, որոնք բնակություն են հաստատում մայր տոհմից որոշ հեռավորության վրա գտնվող սակավաբնակ կամ անմարդաբնակ վայրերում։ Արյունակից և ոչ արյունակից ցեղերը պաշտպանության և գոյատևման այլ անհրաժեշտություններից դրդված՝ կազմում են ցեղեր, իսկ ցեղերը՝ դեռևս անկայուն ցեղային միություններ։ Ցեղերի առաջացումը մեծ չափով նպաստում է տնտեսական ու մշակութային գյուտերի, նորություների արագ տարածմանը և յուրացմանը։ Առաջանում են ցեղային լեզուներ, հոգևոր մշակույթ և պաշտամունք։
Հայկական լեռնաշխարհի տարածքում մեծ տարածում ուներ դեռ մեզոլիթում առաջացած տոտեմիզմը․ ամեն մի տոհմ ուներ իր բուսական կամ կենդանական «պահապանը» և կոչվում էր նրա անունով։ Այստեղ ապրող տոհմերի մոտ հիմնականում գոյություն են ունեցել կենդանական տոտեմներ, ինչպես ցուլը, եզը, ձին, վարազը, խոյը, այծը, շունը, եղջերուն, արծիվը, անգղը, արագիլը, ծիծեռնակը և օձը։
Զարգանում է նաև հավատքը հանդերձյալ կյանքի նկատմամբ, հանգուցյալների և ոգիների պաշտամունքը։ Հանգուցյալի հետ սկսում են թաղել նրա զենքերը, զարդերը, ձին, գործիքները, ամանները, անասուններ, կերակուր։ Հանդես են գալիս մեծ քանակությամբ մենգիրներ, կրոմլեխներ, դոլմեններ և այլ մեգալիթներ։
Պորտաբլուրում՝ Գյոբեքլի Թեփեյի /Göbekli Tepe/ մոտակայքում (Հին Եդեսիա) բացվել են Երկիր մոլորակի ցայժմ հայտնի ամենահին տաճարային համալիրը: Մինչև 4 մ բարձրությամբ քանդակազարդ կոթողներով «սրբազան շինություն» է պեղվել այսպես կոչված «առյուծների տուն» հուշարձանում: Քարակոթողների զգալի մասն ունի 3-6 մ բարձրություն, ամենամեծը’ 9 մ բարձրությամբ, կշռում է ավելի քան 50 տ: Կոթողները քանդակազարդված են մարդու, թռչնամարդու, կրիայի, առյուծի և այլ պատկերներով: Գտնվել են մոտ 700 քարե արձանիկներ:
Պորտաբլուրում հայտնաբերվել է նաև զգալի քանակությամբ մալաքիտ և լազուրիտ: Փաստագրվել են պատրաստի իրեր, որոնք երբևիցե հայտնաբերված հնագույն մետաղե գտածոներից են: Այս իրերը (մեծ մասամբ՝ զարդեր) պատրաստվել են սառը կռման եղանակով: Նորքարեդարյան հիմնական մշակաբույսերը՝ կարծր ցորեն, ոլոռ, սիսեռ, ոսպ, միահատիկ ցորեն, նույնպես վերոհիշյալ տարածքում են ընտելացվել և տարածվել ամբողջ Հայկական լեռնաշխարհով։

Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը
ՏԵՍ ՆԱԵՒ
Պղնձաքարի հասարակություն
Բրոնզեդարյան քաղաքակրթություն
Երկաթեդարյան քաղաքակրթություն