Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնը նշում է կիրակի, և քանի որ ըստ Եկեղեցական կարգի երեկոյան ժամերգությունից կամ Ս. հետո սկսվում է նոր օր, Ս. Հարության ավետիսը տալիս ենք շաբաթ երեկոյան:
Ըստ եկեղեցական տոնացույցի տարվա ընթացքում երկու անգամ է մատուցվում Ճրագալույցի Ս. Պատարագ՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախօրյակին: Հենց այս երկու օրերին էլ Ս. Պատարագից հետո եկեղեցուց վառած ճրագներ են տանում տուն՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Կիրակի առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, որին պատասխանում են՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Ս. Հարության տոնի խորհուրդը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Առաջինը Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծո խնամածությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը, փրկվեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը:
Երկրորդը Քրիստոսի Հարությունն է: Աստծո Որդին՝ իբրև Գառն Աստծո, Իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր Իրեն հավատացողներին սրբելով մեղքերից՝ արժանի դարձնի հավիտենական կյանքին:
Եգիպտոսից Իսրայելի դուրս գալը խորհրդանշում է մարմնավոր գերությունից ազատվելը, իսկ այժմ Քրիստոսի Հարության զորությամբ մարդկությունը` Նոր Իսրայելը, փրկվում է մեղքի և մահվան տիրակալությունից` խավարից դառնալով դեպի աստվածային լույսը, հավատն ու հավիտենական կյանքը:
Այսպիսով՝ Հին Կտակարանի զատկական գառը օրինակն է Հիսուս Քրիստոսի: «Ահա Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքըե (Հովհ. 1. 29): Հովհաննես Մկրտչի այս մարգարեությունը, թե Հիսուս պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսում էր դժոխքի ու մահվան պարտությունը:
Ս. Հարության տոնի Ավետարանական պատումը
Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Եբրայական օրենքով շաբաթ օրը որևէ բան անելն արգելված է, այդ պատճառով էր, որ Քրիստոսին թաղեցին հենց նույն օրը երեկոյան, և միայն երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը: Նրանք, սակայն, զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Զատկից հետո՝ Հինանաց շրջան. Համբարձում և Հոգեգալուստ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Սբ.Զատկից սկսած հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ (Պենտեկոստե) Հայ Առաքելական Եկեղեցում կոչվում են Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության և Համբարձման խորհրդին: Այդ պատճառով ամբողջ շրջանը կոչվում է Տերունի: Հինունք անունը ծագում է հիսունքից: Առաջին քառասուն օրերը նվիրված են Հարուցյալ Քրիստոսի երևումներին: «Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին» (Գործք 1:3): Իր Հարությունից քառաուն օր հետո Հիսուս համբարձվում է:
Համբարձման տոնին հաջորդում են Հինանց շրջանի վերջին տասն օրերը, որոնց ավարտին տոնում ենք Հոգեգալուստը: Համաձայն եկեղեցու կանոնների` բոլոր հիսուն օրերն ուտիք են, այսինքն` այս շրջանում չկան պահոց օրեր և թույլատրելի են բոլոր կերակրատեսակները: Բացի մեծ պահքից ու տաղավար տոներից առաջ պահվող շաբաթապահքերից՝ տարվա մեջ գրեթե բոլոր չորեքշաբթիներն ու ուրբաթները պահոց օրեր են. չորեքշաբթին՝ Հիսուսի մատնության, ուրբաթը՝ խաչելության հիշատակին: