«Երաժշտական խճանկար» խորագիրն է կրում «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկվող “OST” նախագծի դեբյուտային համերգաշարը: Առաջին համերգը կայանալու է ապրիլի 13-ին՝ Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում:
Ի թիվս այլ տաղանդավոր երիտասարդ կատարողների հանդես է գալու նաև նախագծի հեղինակն ու ոգեշնչողը, «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության փոխնախագահ, դաշնակահար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Բախշիյանը, ով ostarmenia.com-ին ներկայացրեց նախագծի մանրամասները:
— Ինչ է իրենից ներկայացնում «Երաժշտական խճանկար» համերգաշարը և որն է նրա ուղերձը
— Համերգաշարը նվիրված է հայ մեծանուն գործիչների՝ Կոմիտասի, Թումանյանի, Տիգրանյանի, Օթյանի և Լևոն Շանթի հոբելյաններին: Այն կոչված է հանրայնացնել հայ դասականների երաժշտական ժառանգությունը և ամրապնդել սերը նրա նկատմամբ: Այլ կերպ ասած՝ համերգաշարի ծրագիրը հագեցած է լինելու միայն հայ անվանի կոմպոզիտորների և երգահանների ստեղծագործություներով, որոնք կատարելու են մեր նորաստեղծ OST նախագծի շրջանակներում միավորված երիտասարդ երաժիշտները:
Առաջին համերգին կհնչեն Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Ռ.Մելիքյանի, Ռ.Անդրեասյանի, Ալ. Աճեմյանի, Պ. Աֆրիկյանի և Հ. Գրիգորյանի ուշագրավ ստեղծագործությունները: Ակնկալում ենք, որ մեր դեբյուտային համերգը հանրության բարձր գնահատանքի կարժանանա:
— «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է՞ իրականացնել այլ ծրագրեր ևս: Եթե այո, կխոսե՞ք այդ մասին:
-Ծրագրերը դեռ քննարկման փուլում են: Մենք նախագծեր ունենք, որոնք ուզում ենք իրականացնել և՛ Հայաստանում, և՛ Արցախում՝ արտերկրի երաժիշտների, հայ համայնքների և այլ հասարակական կառույցների հետ համատեղ: Նվիրական ծրագրերը շատ են: Ամեն ջանք ներդնելու ենք, որպեսզի դրանք իրականություն դառնան, և աշխուժանա մշակութային կյանքը Հայաստանում: Թեև մեր կարգախոսն է «Ներկայցնել Արևելքի երկրների մշակույթը Հայաստանում և Հայաստանն Արևելքում», բայց մեր թիրախային նխատակը հայկական մշակույթի զարգացումն է: Նմանատիպ նախագծերն օգնելու են մեր նպատակների իրականացմանը:
— Հեղինակի և ղեկավարի կարգավիճակում այս նախագիծը նաև Ձեր դեբյուտն է: Կպատմե՞ք թե ոնց եք սկսել Ձեր առաջին քայլերը երաժշտության մեջ
— Մանկուց շատ եմ սիրել երաժշտությունը: Մայրս նույնպես դաշնակահարուհի է: Սիրում էի նվագել լսողությամբ: Մի օր տատիկիս հետ զբոսնում էի Ստեփանակերտում, և հանկարծ հանդիպեցինք մայրիկիս երաժշտության ուսուցչուհուն: Նա տատիկիս հետ զրուցելուց և իմ ձգտումների մասին իմանալուց հետո խորհուրդ տվեց, որպեսզի ինձ տանեն երաժշտական դպրոց: Եվ այդ օրը դարձավ ճակատագրական իմ կյանքում:
Տասը տարեկան էի, երբ ընդունվեցի երաժշտական դպրոց: Դա բավական ուշ տարիք է դաշնամուրի գնալու համար: Բայց ես հենց առաջին դասարանում էլ ունեցա հաջողություն: Երաժշտական դպրոցն ավարտեցի վեց տարում, ապա ընդունվեցի Ստեփանակերտի Սայաթ-Նովայի նավան երաժշտական քոլեջ, որը նույնպես ավարտեցի վաղաժամ՝ 3 տարում: 2010 թվականին ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի դասարան: Նրա մահից հետո ուսումս շարունակեցի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի մոտ: Քոլեջը և կոնսերվատորիան ավարտել եմ գերազանցությամբ: Ես միշտ երախտապարտ կլինեմ իմ ուսուցիչներին: Նրանց շնորհիվ ես ստացել եմ ճիշտ երաժշտական դաստիարակություն, սովորել եմ հաղթահարել դժվարություններ և լինել կոփված:
— Դուք մասնակցել եք հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների: Մրցույթներին և փառատոններին մասնակցությունը ի՞նչ է տալիս արվեստագետին՝ բացի ինքնահաստատումից:
— Այո, մրցույթների ու փառատոններին շատ եմ մասնակցել, վերջիններից էր այս տարվա հունվարին Հունաստանում կայացած դաշնակահարների հեղինակավոր “Գիորգոս Թիմիս” միջազգային մրցույթը:
Մրցույթներն ու փառատոնները մեր առջև բացում են նոր աշխարհներ: Նախ մենակատարին հնարավորություն է ընձեռնվում ելույթ ունենալու միջազգային բեմի վրա. դա մեծ առիթ է հանդիսանում ցույց տալ քո կատարողական արվեստը, ճաշակը և ուրույն երաժշտական լեզուն, որը սինթեզվելով ներքին աշխարհի հետ կարող է արտահայտել քո երաժշտական ձեռագիրը, և հայտնի դարձնել ու հանրայնացնել այն միջազգային բեմահարթակներում: Նաև շատ կարևոր հանգամանքներից է ծանոթությունը այլ երկրների մշակույթի հետ, ինչպես նաև բացահայտումը նրանց պատմա-մշակութային առնչությունները մեզ՝ հայերիս հետ:
Հյուրախաղերով հանդես եմ եկել նաև Ռուսաստանի Դաշնությունում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Լեհաստանում:
— Վերադառնալով Ձեր հեղինակած նախագծին՝ պատրաստվում ե՞ք թանգարաններում այլ նմանատիպ միջոցառումներ կազմակերպել և ինչ կարգախոսով:
— Այո, թանգարաններում համերգներ կազմակերպելը նպաստում է նոր սերնդի, նաև հասարակության շրջանում դրանց հանրահռչակմանը: Այդ ծրագրերը պետք է շարունակվեն, որոնք, համոզված եմ, նպաստելու են նաև թանգարաններ այցելուների թվի աճին: Իսկ համացանցային հարթակում այդպիսի համերգների տեսագրությունների տեղադրելը լայն արձագանք կունենա նաև արտերկրում՝ հետաքրքրություն առաջացնելով նաև զբոսաշրջիկների շրջանում:
— Դուք գրեթե ամեն շաբաթ այցելում եք մեր պատմական հուշարձանները: Ծրագրեր կա՞ն հետագայում համերգաշարեր կազմակերպել պատմական կոթողների տարածքում ևս:
-Այո՛: Ունեմ նման նվիրական մտահղացում: Դա կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ներդնել մեծ ջանքեր: Մենք պետք է ամեն գնով պահպանենք ու տարածենք մեր մշակութային ժառանգությունը: Իսկ նման ձեռնարկները նպաստելու են նաև մեր արժեքների հետ մեր հոգևոր կապի ամրապնդմանը:
Զրուցեց Հասմիկ Պողոսյանը