Հայկական մշակույթը հայ ազգի կենսագործունեության տարատեսակ դրսևորումներն են՝ հիմնված ինքնաճանաչման, ինքնարտահայտման և հմտությունների ու կարողությունների կուտակման վրա: Այն հավաքածուն է խորհրդանիշների, հավատալիքների, համոզմունքների, արժեքների, նորմերի և վարքի օրինաչափությունների, որոնք բնութագրում են ազգի կյանքը:
Իր բնույթով հայկական ազգային մշակույթը էթնիկական մշակույթի զարգացման բարձրագույն ձևն է, որը բնութագրվում է սոցիալական համերաշխության վրա հիմնված յուահատուկ մշակութային համակարգի առկայությամբ և հայերի համակեցության փորձով ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ այլ երկրներում:
Մշակույթի բարձր մասնագիտական մակարդակի առկայությունը այն բարձրացրեց համաշխարհային նշանակության մակարդակի, մասնավորապես `համաշխարհային քաղաքակրթությանը նպաստելու կարողության: Հայ ազգային մշակույթը միշտ կապված է սոցիալական իր անմիջական կրողի՝ հայ ժողովրդի հետ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Պատմական զարգացման ընթացքում հայ ազգը ստեղծել է նյութական, հոգեւոր, գեղարվեստական և ֆիզիկական մշակույթ, որոնք բավարարում են նրա կենսագործունեության առաջնային կամ երկրորդային կարիքները։
Հայկական նյութական մշակույթը հիմնված է բանական, վերարտադրողական գործունեության տեսակի վրա, արտահայտվում է օբյեկտիվ -առարկայական տեսքով։
Հայերը երկրագործության անցած առաջին ազգերից են։ Բարձր մակարդակի է հասցվել ցորենի և խաղողի մշակումը, այգեգործությունը։ Բնակլիմայական լեռնային խիստ պայմաններում ձեւավորվել է հայկական բնակարանը’ գլխատունը իր ուրույն կենցաղային պայմաններով։ Հայերը կարողացան վարպետորեն օգտագործել Հայկական լեռնաշխարհի բնական ռեսուրսները, հարմարեցնել դրանք իրենց կենցաղին։ Լայնորեն կիրառվում է նաեւ հարեւան քաղաքակրթությունների տեխնիկական փորձը։ Հայերը ստեղծեցին նաև ուրույն ազգային տարազ և խոհանոց։
Հայ ազգի հոգևոր մշակույթը հիմնված է ռացիոնալ, ստեղծագործական տեսակի գործունեության վրա, արտահայտված է սուբյեկտիվ ձևով։ Էթնոսի ձեւավորմանը զուգահեռ ստեղծվում է հավատալիքների, ծեսերի, հոգեւոր արժեքների սեփական համակարգ։ 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն, բայց զարգանում ուրույն ազգային ճանապարհով, ինչը մեծագույն ազդեցություն է թողնում հայերի ինքնաճանաչման և ինքնադրսևորման վրա։ 405 թվականին ստեղծվում է ազգային գիրը, ինչը խթան է հանդիսանում ազգային գրականության ձեւավորման համար։ Հավատքն իր ազդեցությունն ունի հայի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Միաժամանակ հայկական վանքերն ու եկեղեցիները ոչ միայն կրոնական, այլ նաեւ կրթական, գիտական, հասարակական և այլ մշակութային կենտրոններ են։
Հայերի գեղարվեստական մշակույթը հիմնված է իռացիոնալ, ստեղծագործական տեսակի գործունեության վրա, արտահայտվում է ինչպես օբյեկտիվ-առարկայական, այնպես էլ սուբյեկտիվ տեսքով։ Մեծ է հայկական քրիստոնեության ազդեցությունը։ Շոշափելի են նաեւ հարեւան քաղաքակրթություններից որոշակի փոխառություններ։
Հայերի ֆիզիկական մշակույթը հիմնված է ռացիոնալ, ստեղծագործական տեսակի գործունեության վրա, արտահայտված է սուբյեկտիվ (մարմնական) ձևով։ Հայերի ֆիզիկական պատրաստվածությունը տարբեր ոլորտներում բարձր է գնահատվել միջազգային մակարդակով։
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԵՐԸ
Պատմականորեն ստեղծվել են մշակույթի էլիտար, ժողովրդական եւ զանգվածային ձեւերը։
Հայկական Էլիտար կամ բարձր մշակույթը ստեղծում են հայկական հասարակության արտոնյալ մասը կամ դրա պատվերով՝ պրոֆեսիոնալ ստեղծագործողները: Որպես կանոն, այն առաջ է անցնում միջին կրթվածության անձի ընկալման մակարդակից: Պետականության բացակայության պայմաններում հայերի էլիտար մշակույթը անցավ լուրջ փորձությունների միջով և գրեթե ամբողջովին վստահվեց հայ հոգևորականությանը:
Հայկական ժողովրդական մշակույթը կամ ֆոլկլորը կերտվել է անանուն ստեղծագործողների կողմից, որոնք չունեին մասնագիտական պատրաստվածություն։ Կազմավորվելով հայ ժողովրդի ծագման հետ միասին ՝ այն անցել է իր զարգացման դարավոր ուղին ՝ միաժամանակ պահպանելով տեղական որոշակի ավանդույթներ։
Զանգվածային հայկական մշակույթը չի արտահայտում հայ մտավորականության նրբաճաշակությունը կամ ժողովրդի հոգևոր որոնումները։ Սա արվեստ է յուրաքանչյուրի համար, և միտված է ծառայելու գումար վճարողների ճաշակին ու կարիքներին: Ի տարբերություն էլիտար մշակույթի, այն ունի ավելի մեծ լսարան, իսկ ժողովրդական մշակույթի հետ համեմատած ՝ միշտ հեղինակայինն է: Զանգվածային հայկական մշակույթը նախատեսված է մարդկանց անմիջական կարիքները բավարարելու համար, արձագանքում է ցանկացած նոր իրադարձության և ձգտում է արտացոլել այն: Նրա նմուշներն արագորեն կորցնում են իրենց արդիականությունը, դուրս գալիս մոդայից: Հայկական զանգվածային մշակույթն առավել մեծ տարածվածություն ու ներկայացուցչություն ունեցավ ժամանակակից զանգվածային լրատվամիջոցների շնորհիվ։