Քանի՞ տարեկան է հայկական պետականությունը
Հայկական լեռնաշխարհում առաջին պետական կազմավորումների համախմբումը տեղի է ունեցել XV-XII դարերում: Արդեն մ.թ.ա. X դարից՝ այստեղ ձևավորվել է ամենահին միավորված հայկական պետությունը ՝ Հայկյան Այրարատյան թագավորությունը: IX-IV դարերում ձևավորվել է հինմերձավորարևելյան տիպի հայկական պետականությունը (Ուրարտու, Երվանդունիների Հայկական թագավորություն), իսկ մ.թ.ա. III դարից՝ հելլենիստական (Արտաշեսյանների Մեծ Հայք):
III-IV դարերի սահմանագծին Արշակունիների Մեծ Հայքի թագավորությունը սոցիալ-տնտեսական տեղաշարժերի արդյունքում աստիճանաբար վերածվել է ֆեոդալական միապետության: Դասական ֆեոդալական միապետությունները Բագրատունիների թագավորությունն ու Կիլիկյան հայկական պետություններն են:
Որպես Առաջին աշխարհամարտի հետևանք ավելի քան հինգդարյա դադարից հետո վերականգնվել է հայկական պետականությունը: 1918-ի մայիսին ծնվել է Հայաստանի Հանրապետությունը, որում սահմանվել է կառավարման խորհրդարանական ձևը: 1920-ի դեկտեմբերին տեղի է ունեցել Հայաստանի խորհրդայնացումը: 1991-ի սեպտեմբերի 23-ին անկախության հռչակումից հետո հաստատվել է կառավարման նախագահական ձևը: 2018-ին Հայաստանի Հանրապետությունը կրկին անցել է կառավարման խորհրդարանական ձևին:
1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ): Երկրորդ հայկական պետությունը, որը չի ճանաչվել համաշխարհային հանրության կողմից, ընտրել է նախագահական կառավարման ձևը։