Menu Close

Որոնք են հայերի եւ Հայաստանի մասին օտարազգի հնագույն հիշատակումները

աղբյուրները

Հայ ժողովրդի և հայկական պետականության հին շրջանի մասին նշանակալի տեղեկություններ են տալիս օտարալեզու սկզբնաղբյուրները։

Հայկական լեռնաշ­խարհում տեղի ունեցող իրադարձությունների և հասարակական զարգացումների մասին առաջին տեղեկությունները հաղորդում են քաղաքակրթության համեմատաբար ավելի բարձր մակարդակի վրա գտնված խեթերն ու խուռիներն իրենց լեզվով թողած սեպագիր և գաղափարագիր արձանագրություններում։ Դրանք շատ կարևոր տվյալներ են պարունակում Հայկական լեռնաշխարհի հատկա­պես հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան մասերի վերաբերյալ։ Այդ աղբյուրներից երևում է, որ հիշյալ ժամանակա­շրջանում Հայկական լեռնաշխարհի բնակչության հիմնական զբաղմունքները եղել են երկրագործությանն ու անասնապա­հությունը, որ ռազմաքաղաքական ու հհգևոր ավագանուց դուրս, հասարակության մեծամասնությունը կազմում էին ազատ համայնականներն ու ստրուկները։

Առավել արժեքավոր են խեթական Մուրսիլիս II-ի թագավորի  (մ․թ․ա 1340—1320 թթ․) թողած արձանագրությունները։ Դրանց համաձայն՝ մ․թ․ա XIX—XVII դարերում Հայկական լեռնաշխարհի հատկապես հարավային մասերում գերիշխանու­թյունը հաջորդաբար անցել է Միտանիի թագավորությանը, Աշուրի պետությանը, Բաբելոնի Համուրաբի թագավորին, կասսիտական ցեղերին և խուռիներին։

Մեր թվականությունից առաջ երկրորդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում առաջատար դերը կատարում էր նրա արևմտյան տարածքներում բնակվող ցեղային միությունը, որին արևմուտքից նրանց հարևան խեթերը անվանում էին հայասներ, իսկ երկիրը՝  Հայասա-Ազզի։

Ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է լինում խեթերի անվանած այդ «Բարձր երկի­րը» տեղագրել հին հայկական Բարձր Հայք աշխարհի և Փոքր Հայքի տարածքներում, որտեղ մշտապես տեղի էին ունենում խեթա-հայասական ընդհարում­ներ, երկու կողմերի թագավորների միջև կնքվում էին հաշտու­թյան պայմանագրեր։ Խեթական ազբյուրները տեղեկություներ են հայտնում նաև ռազմական ուժերի եւ սպառազինության վերաբերյալ։

   Հայկական լեռնաշխարհի հնագույն երկրների ու ցեղերի մասին շատ արժեքավոր տեղեկություններ են հաղորդում նաև ասորեստանյան գրավոր աղբյուրները։ Սալմանասար թագավորի (մ․թ․ա․1274 —1245) արձանագրությունը պատմագիտությանը հայտնի ամենահին գրավոր աղբյուրն է, որտեղ աոաջին անգամ հիշատակվում է Արատտա/Ուրարտու անունը։ Ըստ աղբյուրի՝ այն տեղակայված էր Վանա լճի հարավ-արևելյան և Մեծ Զաբ գետի վերին հոսանքի շրջաններում։  Թուկուլթի֊Նինուրտա I թագավորը  (1244 — 1208 թթ ) Վանա լճի ավազանում, Տիգրիսի և Եփրատի վերին հոսանքների շրջանում բնակվող ցեղային միությունների հավաքական անունը հիշատակվում է «Նաիրի երկիր»։ Սալմանասար III թագավորը  (858— 824) պատմում է Արամ թագավորի դեմ ձեռնարկած իր արշավանքի մասին։

Հայերին եւ Հայկական լեռնաշխարհին առնչվող մ․թ․ա VIII – VI դարերի մասին որոշակի տեղեկատվություն առկա է նաև Աստվածաշնչում։  Ուշադրության արժանի են հատկապես Երեմիայի մարգարեության մեջ պահպանված հատվածները, որոնք վերաբերում են հին հայկական պետական միավորումներին ու նրանց ունեցած դերին արևելքում ծավալված քաղաքական իրադարձությունների մեջ։ Այդտեղ, Երեմիայի մարգարեության 51 ֊րդ գլխում բռնակալական Բարելոնի կործանման համար օգնության կոչ է արվում Արարատյան թագավորություններին և «Ասքանագյան գնդին»։ Ասորական տարբերակում հիշատակվում է Արարադի եւ Մինա/Արմինա թագավորությունները։

Հայաստանը պատկերված է նաև հնագույն քարտեզներից մեկում։ Մ․թ․ա․ 6-րդ դարին թվագրվող Նորբաբելոնյան կամ վաղ Աքեմենյան ժամանակաշրջան կավե քարտեզում պատկերված են այդ ժամանակահատվածում, այսպես կոչված, «հայտնի աշխարհի» մաս կազմող աշխարհագրական տեղանքները, այդ թվում՝ Հայաստանը։ Քարտեզի կենտրոնը Եփրատ գետի ավազանն է, որը հոսելով տարածվում է դեպի հյուսիս և հարավ։ Բաբելոն քաղաքը գտնվում է քարտեզի հյուսիսային հատվածամասում։ Հարավում տեղակայված է Ելամ պետության մայրաքաղաք Շոշը, հյուսիս-արևելքում՝ Վանի թագավորությունը («Ուրարտու» մակագրությամբ):

Հայերի եր Հայաստանի մասին հայտնի եւ ճշտգրիտ թվական ունեցող ամենահնագույն գրավոր տեղեկատվությունները պահպանվել են մ․թ․ա 520 թվականին պարսից Աքեմենյան դինաստիայի ներկայացուցիչ Դարեհ I Վշտասպի (մ․թ․ա 522-480թթ․) կարգադրությամբ այժմյան Իրանի Քերմանշահր քաղաքի մոտ գտնվող Բեհիսթուն բարձրադիր ժայռի վրա թողնված եռալեզու արձանագրության մեջ։

Ուշադրության է ար­ժանի, որ պարսկերեն տեքստում ամենուրեք հիշատակվող Արմինան (Հայաստանը) բաբելերենում անվանվում է Ուրաշտու (Ուրարտու)։ Ըստ այդմ՝ Ուրարտու պետու­թյան անվանումը հոմանիշ է Հայաստան անվանը։ Այնուհետև արձանագրության պարսկերեն տեքստի երկրորդ սյունակի 2Տ—63-րդ տողերում պատմվում է Արմինայում Դարեհի դեմ ծագած ապստամբությունների մասին։

Հայերի և Հայաստանի հնագույն շրջանի պատմության մասին հարուստ տեղեկություններ են պահպանվել նաև հունական և հռոմեական աղբյուրներում, որոնցից առաջինը պատկանում է Հերոդոտին (մ․թ․ա 484-423 թթ․)։ Մասնավորապես նա առաջ է բերում փռյուգացիների հետ հայերի հնարավոր կապի մասին թեզը, ինչպես նաև նկարագրում է Հայաստանը Աքեմենյան Պարսկաստանի կազմում

Հայաստանի մասին պահպանված հնագուլն սկզբնաղբյուր­ների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Քսենոփոնի «Անաբասիս» և «Կյուրոպեդիա», աշխատությունները, որովհետև այդ աշխատությունների հե­ղինակն առիթ է ունեցել անձամբ լինելու Հայաստանում և այն նկարագրել է ականատեսի աչքերով, տալիս է տնտեսական բնույթի տեղեկություններ, պատմում է հայերի հագուստի, բնավորության գծերի, կենցաղի ու ապրե­լակերպի մասին։

Հայաստանի վաղ շրջանին վերաբերող օտար սկզբնաղ­բյուրներից արժեքավոր է Պոլիբիոսի ( մ․թ․ա․ 210 կամ 205—127) «Պատմությունը»։ Ուշադրության արձանի են հատկապես նրա վկայություններր մ. թ. ա. III — II դարերի Հայաստանի քաղաքական վիճակի մասին։ Հայաստանի մասին քիշ, սակայն ուշադրության արձանի տեղեկություններ հաղորդում է նաև Դիոդորաս Սիկիլիացին (մ․թ․ա․ 90—23) իր «Պատմական գրադարան» աշխատությունում։

Մ․թ․ա II դարից մինչև մ․թ․ սկզբներն ընկած ժամանակաշրջանի Հայաստանի քաղաքական կացության և աշխարհագրության մասին խիստ արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ստրաբոնի (մ․թ․ա․ 63թ -մ․թ․ 20 թ) «Աշխարհագրության» մեջ ։ Նա բավական ճիշտ ներկայացնում է Հայաստանի զբաղեցրած տարածքը, պատմական որոշ իրադարձությունները։

Հայկական աշխարհակալ տերության և նրա հիմնադիր Տիգրան II (մ․թ․ա 95-55թթ) թագավորի, մ․թ․ա I և  մ․թ․ I դարերի հայ-հռոմեական բարդ հարաբերությունների մասին են պատմում Պլինիոս Ավագը (23-79թթ), Հովսեփոս Փլավիոս Եբրայեցին (37-100թթ), Կոռնելիոս Տալիտոսը (55-129թթ),  Պլուտարքոսը  (46 – 127թթ․), Դիոն Կասսիոս Կոկկեյանոսը (155-235թթ)։