Menu Close

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ քրիստոնեության ակունքներն ու եկեղեցական ճարտարապետությունը

📍Վայրը՝ Արմավիր 

Բացահայտեք Էջմիածինը՝ հայ քրիստոնեության հոգևոր կենտրոնն ու աշխարհի հնագույն սրբավայրերից մեկը։ Այս ճանապարհորդության ընթացքում կայցելեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Զվարթնոցի տաճարի տպավորիչ ավերակները։ Էջմիածինը մի վայր է, որտեղ պատմությունը, հավատքն ու ճարտարապետությունը միավորվում են՝ ստեղծելով Հայաստանի հոգևոր դիմանկարը։


Էջմիածին՝ Սուրբ Աստվածածին Մայր Տաճար

Ըստ ավանդության՝ Սուրբ Աստվավածին Մայր տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ իջել է Միածինը, ինչից էլ առաջացել է Էջմիածին անվանումը («Միածնի իջման վայր»)։ Տեսիլքում Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես Հիսուս Քրիստոսը ոսկե մուրճով ցույց է տալիս ապագա տաճարի տեղը։ Հիմնադրված 302 թվականին՝ Մայր Տաճարը դարձել է ոչ միայն հոգևոր կենտրոն, այլև հայկական պատմության կարևորագույն իրադարձությունների վկան։ Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լայնածավալ համալիր է՝ եկեղեցիներով, կրթական և վարչական շենքերով։ Հնագիտական պեղումների ընթացքում տաճարի տարածքում հայտնաբերվել են IV դարի և նույնիսկ ավելի վաղ՝ Ուրարտուի ժամանակաշրջանի մշակութային շերտեր։

Տաճարում գործում է թանգարան-գանձարան, որտեղ պահվում են բացառիկ քրիստոնեական սրբություններ։ Ամենահայտնի մասունքներից են Սուրբ Գեղարդը (Լոնգինի գեղարդը), որով խոցվել է Քրիստոսի կողը, Նոյյան տապանի մասունքը, ինչպես նաև արժեքավոր արվեստի գործեր։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատի արևելյան հատվածում և համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Տաճարը կառուցվել է 618 թվականին՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից, IV դարի նահատակ Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի վրա։ Հետագա դարերում համալիրը համալրվել է նոր կառույցներով․ XVIII–XIX դարերում կառուցվել են պարիսպներ, զանգակատուն և օժանդակ շինություններ։ Այս տիպի եկեղեցին մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն VII դարի, այլև հետագա ժամանակաշրջանների հայկական եկեղեցաշինության վրա։

Սուրբ Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցին վաղ հայկական եկեղեցական ճարտարապետության լավագույն օրինակներից է։ Տաճարը կառուցվել է 630 թվականին՝ Եզր Նգեցի կաթողիկոսի կողմից, Սուրբ Գայանեի գերեզմանի վրա նախկինում գոյություն ունեցած մարտիրոսի փոխարեն։ Սրբատաշ տուֆից կառուցված եկեղեցին գմբեթավոր բազիլիկ է՝ V–VII դարերի զարգացած հորինվածքով։ Խորանն ու ավանդատները տեղակայված են արևելյան մասում, իսկ դրանցից մեկից մուտք կա դեպի սրբուհու դամբարան։ XVII դարում եկեղեցին վերանորոգվել և համալրվել է գավիթով, որտեղ ամփոփված են հայ կաթողիկոսներ։ Ներսում և հարակից տարածքում պահպանվել են X–XVII դարերի բազմաթիվ խաչքարեր։

Շողակաթ

Շողակաթ եկեղեցին փոքրածավալ, սակայն նրբագեղ հուշարձան է և Էջմիածնի համալիրի ամենաուշ կառուցված սրբավայրը։ Այն կառուցվել է 1694 թվականին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից՝ Սուրբ Հռիփսիմե վանքից արևմուտք։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին կանգնեցվել է այն վայրում, որտեղ նահատակ կույսերի վրա «իջել է երկնային լույսը», ինչից էլ առաջացել է Շողակաթ անվանումը («լույսի շող»)։ Կառույցն առանձնանում է ներդաշնակ համամասնություններով և հենվում է VI–VII դարերի ավելի վաղ հիմքերի վրա։ Մոտակայքում պահպանվել են նաև ավելի հին՝ վաղմիջնադարյան շինության ավերակներ։

Զվարթնոց

Զվարթնոցի տաճարը հայկական ճարտարապետության ամենայուրօրինակ հուշարձաններից է, որն իր մեջ համատեղում է ինչպես վաղ, այնպես էլ նորարարական ճարտարապետական լուծումներ։ VII դարում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը (նրա իրական անվանումը) շարունակել է նախորդ ճարտարապետական ավանդույթները և մեծ ազդեցություն ունեցել հետագա եկեղեցաշինության զարգացման վրա։ Տաճարի օծմանը մասնակցել է Բյուզանդիայի կայսր Կոստանդին II-ը, ինչը վկայում է ժամանակաշրջանի կարևոր քաղաքական նշանակության մասին։ Տաճարի ավերակներն ուսումնասիրել է ճարտարապետ Թորոս Թորամանյանը, որը վերակառուցել է այն որպես եռահարկ կենտրոնագմբեթ կառույց՝ մոտ 45 մետր բարձրությամբ և հզոր գմբեթով։

Ծառայություններ և պայմաններ

🌦️ Հասանելի է ամբողջ տարվա ընթացքում | ⏳ 5–6  ժամ | ↔️ Հեռավորություն՝ մոտ 65 կմ

Արժեքի մեջ ներառված է՝

🚐 Հարմարավետ տրանսպորտ
🧑‍🏫 Որակավորված զբոսավարի ծառայություններ
🎟️ «Զվարթնոց» համալիրի և Էջմիածնի թանգարան-գանձարանի մուտքի տոմսեր
💧 Շշալցված խմելու ջուր
📸 Լուսանկարչական կանգառներ
🏷️ Զեղչեր երեխաների, դպրոցականների և մի շարք սոցիալական խմբերի համար

Արժեքի հաշվարկ և նախնական ամրագրում

💰 Հաշվել արժեքը և տեսնել հասանելի ամսաթվերը 👉

❗Ամրագրումը կատարվում է էքսկուրսիայի օրվանից ոչ ուշ, քան 36 ժամ առաջ։

Կոնտակտներ՝ Telegram | WhatsApp | Էլ․ փոստ | MAX