Menu Close

Հայաստանի պատմության թանգարան․ հազարամյակների ճանապարհորդություն մեկ այցելությամբ.

📍Վայրը՝ Երևան

Փորձագետի ուղեկցությամբ այս էքսկուրսիայի ընթացքում ընդամենը երկու ժամում կանցնեք հայ ժողովրդի հազարամյակների պատմության ճանապարհով, կծանոթանաք նրա հարուստ մշակույթին և կբացահայտեք հայկական քաղաքակրթության եզակի ժառանգությունը։


Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն կտա բացահայտել երկրի բազմահազարամյա պատմությունը և բառացիորեն «սուզվել» անցյալի աշխարհ։ Թանգարանի ընդարձակ սրահներում շրջելիս դուք կհայտնվեք մի միջավայրում, որտեղ կենդանանում են պալեոլիթի և բրոնզի դարի էջերը։ Այստեղ ցուցադրվում են շուրջ 250 000 տարվա հնության բրածոներ, 5500 տարվա հնության կաշվե կոշիկ, առաջնորդների թաղման սայլեր, ինչպես նաև հնագույն Արտաշատ մայրաքաղաքից հայտնաբերված արձաններ և հարթաքանդակներ։ Այս բացառիկ ցուցանմուշները հնարավորություն են տալիս զգալ հազարավոր տարիներ առաջ ապրած հայերի կյանքը։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հայկական հելլենիստական շրջանի ամֆորաները, գավաթները և այլ առարկաները, որոնք վկայում են տարածաշրջանի արհեստների, առևտրի և մշակութային կապերի բարձր զարգացման մասին։

Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրությունը պատմում է ոչ միայն նյութական մշակույթի, այլև հին հայերի հոգևոր կյանքի մասին։ Նախաքրիստոնեական ծեսերը, հավատալիքները, տոները և ավանդույթները ներկայացված են բազմաթիվ ցուցանմուշների միջոցով։ Հատուկ ուշադրության են արժանի միջնադարյան սրահները, որտեղ պահպանվում են նրբազարդ խաչքարեր, եկեղեցական մասունքներ, ձեռագրեր, վանական և քաղաքային կենցաղի առարկաներ, երաժշտական գործիքներ, հագուստ և սպասք։ Յուրաքանչյուր ցուցանմուշ օգնում է զգալ միջնադարյան հայկական մշակույթի մթնոլորտը և պատկերացնել, թե ինչպես էին մարդիկ ապրում, աշխատում, աղոթում և տոնում։

Թանգարան այցելելը իսկական ճանապարհորդություն է ժամանակի միջով։ Այստեղ կարելի է տեսնել հնագույն գործիքներ և զարդեր, կրոնական պաշտամունքի առարկաներ, արվեստի և արհեստագործության նմուշներ, զգալ տարբեր դարաշրջանների շունչը և պատկերացնել հայ ժողովրդի առօրյան հազարամյակների ընթացքում։

Թանգարանի շենքը, որտեղ այն գործում է 1978 թվականից, ինքնին ճարտարապետական գլուխգործոց է։ Այն նախագծել է անվանի հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը՝ ստեղծելով հայկական ավանդական մոտիվների և եվրոպական ճարտարապետական տարրերի ներդաշնակ համադրություն։ Նրա նախագիշը կյանքի են կոչել ճարտարապետներ Մարկ Գրիգորյանը,Էդուարդ Սարապյանը և Աշոտ Ղազարյանը։ Մոնումենտալ ձևերը, խիստ գծերն ու նրբագեղ մանրամասները թանգարանը դարձնում են ոչ միայն պատմության պահոց, այլև ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձան։

Հենց թանգարանը հիմնադրվել է 1920 թվականին՝ Կովկասի ազգագրական ընկերության հավաքածուների, Նոր Նախիջևանի հնությունների թանգարանի, Անիի հնությունների թանգարանի և Վաղարշապատի հնագրատան ֆոնդերի հիման վրա։ Սկզբում հավաքածուները պահվում էին մայրաքաղաքի տարբեր շենքերում, մինչև որ տեղափոխվեցին իրենց մշտական շենքը։ Իր գործունեության ընթացքում թանգարանը մի քանի անգամ փոխել է անվանումը, իսկ 2003 թվականին ստացել է ներկայիս անվանումը՝ Հայաստանի պատմության թանգարան։ Այսօր նրա ֆոնդերում պահվում է շուրջ 400 000 ցուցանմուշ, իսկ հավաքածուները շարունակաբար համալրվում են Հայաստանի տարբեր վայրերում իրականացվող հնագիտական պեղումների նոր գտածոներով։

Թանգարանի էքսկուրսիան հետաքրքիր կլինի ինչպես պատմության և հնագիտության սիրահարների, այնպես էլ սովորական զբոսաշրջիկների համար։ Այստեղ կարելի է ոչ միայն ծանոթանալ պատմական փաստերին, այլև զգալ հայկական մշակույթի հարստությունը, տեսնել դրա շարունակականությունն ու մինչև մեր օրերը պահպանված քաղաքակրթության մեծությունը։ Երեխաների և պատանիների համար թանգարանն առաջարկում է նաև ուսուցողական և հետաքրքիր այցելության ձևաչափ, որը թույլ է տալիս պատմությունը բացահայտել տեսողական ցուցանմուշների և ինտերակտիվ տարրերի միջոցով։

Ծառայություններ և պայմաններ

🌦️ հասանելի է ամբողջ տարվա ընթացքում | ⏳ 2-3 ժամ | 📅 Երկուշաբթի օրերին չի գործում

Գնի մեջ ներառված է՝

🧑‍🏫 Պրոֆեսիոնալ գիդի ծառայություն
🏚 Թանգարանի մուտքի տոմսեր
🏷️ Զեղչեր երեխաների, աշակերտների և մի շարք սոցիալական խմբերի համար

Վճարվում է առանձին

🚐 Հարմարավետ տրանսպորտ (ըստ ցանկության)
🚗 Տրանսֆեր հյուրանոցից և հետ (սկսած 3000 դրամից)

Արժեքի հաշվարկ և նախնական ամրագրում

💰 Հաշվել արժեքը և տեսնել հասանելի ամսաթվերը 👉

❗Ամրագրումը կատարվում է էքսկուրսիայի օրվանից ոչ ուշ, քան 36 ժամ առաջ։

Կոնտակտներ՝  Telegram | WhatsApp | E-mail | MAX