Հայաստանի վեց գոհարները մեկ օրում․ Սևան, Դիլիջան, Գառնի և Գեղարդ
📍Վայրը՝ Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ
Բացահայտեք Հայաստանի ամենահայտնի վեց տեսարժան վայրերը մեկ օրում։ Այս հագեցած ճանապարհորդությունը միավորում է հեթանոսական տաճարը Գառնիում, ժայռափոր Գեղարդի վանքը, «Քարերի սիմֆոնիայի» բնության հրաշքը, կապույտ Սևանա լիճը, Դիլիջանի անտառապատ լեռներն ու լռության մեջ թաքնված Հաղարծնի վանքը։ Ձեզ սպասում են տպավորիչ բնապատկերներ, հազարամյակների պատմություն և Հայաստանի բնության ու մշակույթի ամենավառ էջերը։
Սևանա լիճ — ջրի և բարձունքի շունչը
Սևանա լիճը աշխարհի խոշորագույն բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է և Հայաստանի գլխավոր բնական խորհրդանիշը։ Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա և հիացնում է իր մաքուր ջրերով ու անծայրածիր տարածության զգացողությամբ։
Սևանը մշտապես փոխվում է․ առավոտյան ջուրը արծաթավուն է, ցերեկը՝ վառ կապույտ, իսկ երեկոյան ստանում է խորը մուգ կապույտ երանգ։ Շուրջը լեռներ են, քամի և տարածություն, որը դժվար է ընդգրկել մեկ հայացքով։
Ամռանը լիճը դառնում է հանգստի կենտրոն՝ լողափերով, նավակներով, ափամերձ սրճարաններով և երկար մայրամուտներով։ Ձմռանը այստեղ տիրում են լռությունը, թափանցիկ լեռնային օդն ու հանգստացնող մթնոլորտը։
Սևանավանք — վանք լճի ափին
Սևանավանքը գտնվում է բարձունքի վրա, որը ժամանակին կղզի էր, և համարվում է Հայաստանի ամենաճանաչելի վանքերից մեկը։ Հիմնադրված 874 թվականին իշխանուհի Մարիամ Բագրատունու կողմից՝ այն դարձել է միջնադարյան Հայաստանի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը։
Վանքը կառուցված է սև հրաբխային տուֆից, ինչի պատճառով հաճախ անվանում են «Սև վանք»։ Ըստ վարկածներից մեկի՝ հենց վանքի անունից է առաջացել նաև լճի «Սևան» անվանումը։
Հնագույն Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիները պահպանել են IX դարի շունչը։ Բարձունքից բացվում է Հայաստանի ամենահայտնի տեսարաններից մեկը՝ անծայրածիր լիճը, լեռներն ու երկինքը, որոնք միաձուլվում են մեկ հորիզոնի մեջ։
Դիլիջան
Դիլիջանը անտառների, մաքուր լեռնային օդի և հանգիստ մթնոլորտի քաղաք է, որը հաճախ անվանում են «հայկական Շվեյցարիա»։ Մեղմ կլիմայի և հարուստ բնության շնորհիվ դեռ խորհրդային տարիներին այստեղ կառուցվել են առողջարաններ և հանգստյան տներ։
Քաղաքի իրական մթնոլորտը զգացվում է Հին Դիլիջանում՝ Շարամբեյան փողոցում։ Սա XIX դարի վերականգնված թաղամաս է՝ փայտաշեն պատշգամբներով տներով, արհեստանոցներով, քարե սալահատակներով և հարմարավետ սրճարաններով։ Այստեղ պատմությունը ոչ թե ցուցադրություն է, այլ կենդանի քաղաքի մի մասը։ Այսօր Դիլիջանը Հայաստանի մյուս քաղաքներից առանձնանում է իր կանաչ բնությամբ, խոնավ անտառային օդով և կյանքի հանդարտ ռիթմով։
Հաղարծին
Հաղարծնի վանքը թաքնված է Դիլիջանի ազգային պարկի խորքում՝ խիտ անտառների և լեռների միջավայրում։ X–XIII դարերի այս վանական համալիրը համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ հուշարձաններից մեկը՝ շնորհիվ ճարտարապետության և բնության ներդաշնակ համադրության։
«Հաղարծին» անվանումը նշանակում է «արծիվների խաղ»։ Ավանդության համաձայն՝ վանքի օծման ժամանակ նրա վրա արծիվներ են պտտվել։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի համար բավական հազվադեպ արքայական դամբարանը։
Վանք տանող ճանապարհն անցնում է անտառային ոլորաններով, և արդեն ճանապարհորդությունն ինքնին դառնում է տպավորիչ փորձառություն՝ մշուշով, սոճիների բույրով և քաղաքային աղմուկից լիակատար կտրվածության զգացումով։
Գառնիի արքայական նստավայրը և անտիկ տաճարը
Գառնի գյուղում պահպանվել է եզակի պատմաճարտարապետական համալիր, որտեղ միահյուսվում են պատմությունը, ճարտարապետությունն ու բնությունը։ Համալիրի կազմում են ամրոցը, որի ներսում գտնվել են արքայական պալատը, I դարի հելլենիստական տաճարը և III դարի բաղնիքը։ Տաճարի հարևանությամբ պահպանվել են նաև VII դարի եկեղեցու ավերակները։
Համալիրը մ.թ.ա. III դարից ծառայել է որպես հայ արքաների ամառային նստավայր, իսկ տաճարը նվիրված է եղել հայկական Միհր կամ պարթևական Միտրա աստծուն՝ լույսի և արդարության խորհրդանիշին։
Գառնիում զբոսնելիս հեշտ է զգալ հնության շունչը․ տաճարի վեհասքանչ սյուները, ամրոցի հզոր պարիսպները, հռոմեական բաղնիքների մնացորդներն ու եկեղեցու ավերակները ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ։ Դիտահարթակներից բացվում են Ազատ գետի կիրճի և շրջակա լեռների տպավորիչ տեսարանները։
Քարերի սիմֆոնիա
Սա Հայաստանի ամենայուրահատուկ բնական հուշարձաններից մեկն է, որը գտնվում է Գառնիի մոտ։ Բարձր բազալտե սյուները ձևավորվել են հին հրաբխային գործընթացների արդյունքում։ Նրանց կանոնավոր երկրաչափությունը և հզոր տեսքը հիշեցնում են հսկայական երգեհոնային փողեր, կարծես բնությունն ինքն է ստեղծել այս քարե սիմֆոնիան։
Սյուների միջև քայլելիս կարելի է զգալ բնության ուժն ու վայելել ձևերի ներդաշնակությունը։ Առավոտյան և երեկոյան լույսի ներքո բազալտը ստանում է մեղմ, գրեթե արծաթագույն երանգ՝ ընդգծելով այս բնական հրաշքի վեհությունը։ «Քարերի սիմֆոնիան» համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ և տպավորիչ բնական տեսարժան վայրերից մեկը։
Գեղարդ — ժայռափոր միջնադարյան վանք
Գեղարդը (պաշտոնական անվանումը՝ Գեղարդավանք կամ «Գեղարդի վանք») գտնվում է Երևանի մերձակայքում գտնվող գեղատեսիլ լեռնային կիրճում։ Այս միջնադարյան վանքը կարծես դուրս է գալիս ժայռերից՝ ստեղծելով բնության և ճարտարապետության կատարյալ միասնություն։
Վանքը հիմնադրվել է IV դարում և հայտնի է իր ժայռափոր եկեղեցիներով ու մատուռներով, որոնք քանդակված են միաձույլ ժայռի մեջ։ Ներսում գտնվում է սուրբ աղբյուր, որը մեծարվել է դեռ նախաքրիստոնեական ժամանակներից։ Քարանձավային բազմաթիվ սրահների պատճառով վանքը վաղ շրջանում կոչվել է Այրիվանք՝ «քարանձավային վանք»։
Անվանումը՝ «Գեղարդ», կապված է Սուրբ Գեղարդի հետ, որը, ըստ ավանդության, այստեղ է պահվել մի քանի դար։ Իր բացառիկ ճարտարապետության և հոգևոր մթնոլորտի շնորհիվ վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Ծառայություններ և պայմաններ
🌦️ Հասանելի է ամբողջ տարվա ընթացքում | ⏳ 10-12 ժամ | ↔️ Հեռավորություն՝ մոտ 305–315 կմ
Արժեքի մեջ ներառված է՝
Հարմարավետ տրանսպորտ
Որակավորված զբոսավարի ծառայություններ
🎟️ «Գառնի» պատմամշակութային արգելոցի և «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի մուտքի տոմսեր
💧 Շշալցված խմելու ջուր
📸 Լուսանկարչական կանգառներ
Զեղչեր երեխաների, դպրոցականների և մի շարք սոցիալական խմբերի համար
Արժեքի հաշվարկ և նախնական ամրագրում
❗Ամրագրումը կատարվում է էքսկուրսիայի օրվանից ոչ ուշ, քան 36 ժամ առաջ։



