Արարատ, Արենի և Նորավանք․ գինու, պատմության և կարմիր ժայռերի ճանապարհով
📍Վայրը՝ Արարատ, Վայոց Ձոր
Բացահայտեք Հայաստանի հարավի ամենատպավորիչ վայրերը՝ Արարատի լեգենդար տեսարաններից մինչև Նորավանքի կարմիր ժայռերով շրջապատված կիրճերը։ Այս ճանապարհորդության ընթացքում կայցելեք Խոր Վիրապը՝ հայ քրիստոնեության կարևորագույն սրբավայրերից մեկը, կտեսնեք արագիլներով հայտնի Սուրենավանը, կբացահայտեք աշխարհի հնագույն գինեգործական կենտրոններից մեկը՝ Արենին, և կբարձրանաք խորհրդավոր Թռչունների քարանձավ։ Ձեզ սպասում են տպավորիչ բնապատկերներ, հարուստ պատմություն, գինու մշակույթ և միջնադարյան Հայաստանի ճարտարապետական գոհարներից մեկը՝ Նորավանքը։
Խոր Վիրապ՝ Արարատի ստորոտում
Խոր Վիրապի վանքը գտնվում է Արարատյան դաշտում՝ գրեթե Արարատ լեռան ստորոտին։ Անվանումը նշանակում է «խոր զնդան», քանի որ այստեղ էր գտնվում հին Արտաշատ մայրաքաղաքի արքայական բանտը։ Ըստ ավանդության՝ այստեղ մահվան էր դատապարտվել հայ ժողովրդի քրիստոնյա լուսավորիչը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Նա հրաշքով ողջ է մնացել զնդանում 13 տարի, մինչև Հայաստանը 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը՝ դառնալով աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը։
Վանքը կառուցվել է հին Արտաշատի տարածքում, որի հնագիտական հետքերը պահպանվել են մինչ օրս։ Այսօր այն Հայաստանի կարևորագույն հոգևոր և պատմական վայրերից մեկն է, որտեղից բացվում է Արարատի հիասքանչ տեսարանը։
Սուրենավան՝ արագիլների գյուղ
Սուրենավանը փոքր գյուղ է Արարատյան դաշտում, որը հայտնի է որպես «արագիլների գյուղ»։ Ամեն գարուն այստեղ վերադառնում են սպիտակ արագիլները և բներ կառուցում տների տանիքներին, սյուներին ու ծառերին՝ գյուղը վերածելով կենդանի բնության թանգարանի։
Տաք կլիման և բաց տարածքները ստեղծել են իդեալական պայմաններ նրանց բնադրման համար։ Սուրենավանը այն վայրերից է, որտեղ մարդու առօրյան ներդաշնակորեն միահյուսվում է բնության հետ։
Թռչունների քարանձավ (Արենի-1)՝ գինեգործության ակունքները
Թռչունների քարանձավը (Արենի-1) համաշխարհային նշանակության հնագիտական հուշարձան է և մարդկության հնագույն պատմության կարևորագույն վկայություններից մեկը։ Այստեղ կարելի է ծանոթանալ ավելի քան 6000 տարի առաջ ապրած մարդկանց կենցաղին, արհեստներին և հավատալիքներին։
Հենց այստեղ է հայտնաբերվել աշխարհի ամենահին կաշվե կոշիկը՝ մոտ 5500 տարվա վաղեմությամբ։ Այն պատրաստված է մեկ ամբողջական կտոր կաշվից և թվագրվում է մ.թ.ա. մոտ 3500 թվականին, այսինքն՝ ավելի հին է, քան եգիպտական բուրգերը և Սթոունհենջը։ Զարմանալիորեն, կոշիկը պահպանվել է գրեթե սկզբնական տեսքով՝ ներառյալ կաշվե կապերն ու ներսում եղած չոր խոտը։
Արենի-1-ը հայտնի է նաև որպես աշխարհի ամենահին գինեգործարանի հայտնաբերման վայր։ Այստեղ գտնվել են խաղողի ճզմման հարմարանքներ, խմորման և գինու պահպանման մեծ կավե անոթներ, որոնք վկայում են, որ այս տարածաշրջանի բնակիչները գինեգործությամբ զբաղվել են դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում։
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև բուսական մանրաթելերից պատրաստված հագուստ, բույսերի մնացորդներ, պտղի կորիզներ, խաղողի որթատունկեր, կենդանիների մումիֆիկացված մնացորդներ և հնագույն ծեսերի հետքեր։ Գիտնականները կարծում են, որ քարանձավը ոչ միայն տնտեսական, այլև սրբազան նշանակություն է ունեցել։
Նորավանք
Նորավանքը («Նոր վանք») Հայաստանի ամենատպավորիչ վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Վայոց ձորի կարմիր ժայռերով շրջապատված գեղատեսիլ Ամաղու կիրճում։
Համալիրը կառուցվել է XII–XIV դարերում և միջնադարում եղել է կարևոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոն։ Նորավանքի մարգարիտը երկհարկանի Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցին է, որը ստեղծել է նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկը։ Համալիրի կազմում են նաև Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցին և Սուրբ Գրիգորի մատուռը։
Նորավանքի առանձնահատկությունը նրա բնական միջավայրն է։ Նեղ կիրճը, ուղղաձիգ կարմրանարնջագույն ժայռերն ու լույսի խաղը ստեղծում են բացառիկ մթնոլորտ։ Օրվա տարբեր ժամերին վանքը տարբեր կերպ է երևում․ առավոտյան խաղաղ ու մեղմ է, իսկ մայրամուտին կարծես բոցավառվում է ժայռերից արտացոլվող լույսի ներքո։
Արենի՝ գինու մայրաքաղաք
Արենին աշխարհի հնագույն գինեգործական տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ գինեգործության ավանդույթները հազարամյակների պատմություն ունեն, իսկ ժամանակակից գինեգործարանները շարունակում են հին մշակույթը։
Ամեն տարի գյուղը դառնում է գինու փառատոնի կենտրոն՝ միավորելով հնագույն ավանդույթներն ու ժամանակակից գինեգործությունը։ Այցի ընթացքում հնարավոր է նաև մասնակցել հայկական գինիների համտեսի և բացահայտել Արենիի հայտնի գինու գաղտնիքները։
Ծառայություններ և պայմաններ
🌦️ Հասանելի է ամբողջ տարվա ընթացքում | ⏳ 8-9 ժամ | ↔️ Հեռավորություն՝ մոտ 310 կմ
Արժեքի մեջ ներառված է՝
Հարմարավետ տրանսպորտ
Որակավորված զբոսավարի ծառայություններ
🎟️ Այց Թռչունների քարանձավ (Արենի-1)
💧 Շշալցված խմելու ջուր
📸 Լուսանկարչական կանգառներ
Զեղչեր երեխաների, դպրոցականների և մի շարք սոցիալական խմբերի համար
Արժեքի հաշվարկ և նախնական ամրագրում
❗Ամրագրումը կատարվում է էքսկուրսիայի օրվանից ոչ ուշ, քան 36 ժամ առաջ։



