Menu Close

Պատմական ինչ ուղի է անցել Երևանը

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր:

Ժամանակագրական առումով’ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է, որը գտնվում է Երևանյան լճի մոտ’ Հրազդան գետի ձախ ափին։ Նրա հնագույն հնագիտական շերտը թվագրվում գրեթե 10-րդ հազարամյակով։

Էրեբունի բերդաքաղաքը մ,թ,ա VIII-VI դդ․

1950-ին Արին բերդ բլրի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Ուրարտուի Արգիշտի I արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի նրա կողմից մ.թ.ա 782-ին հիմնադրվել է Էրերունի բերդաքաղաքը։ Արձանագրությունը վկայում է, որ արքան այստեղ Խաթե և Շուպանե երկրներից /Փոքր Ասիա թերակղզու արելյան մաս/ 6600 զինվորներ է բնակեցրել։ Մ. թ. ա. VII դ-ում Կարմիր բլուրում կառուցվել է մեկ այլ՝ Թեյշեբաինի ամրոցը: էրեբունի տեղանունը հիշատակվում է Վան քաղաքի շրջագայքում գտնվող Խորխոռյան տարեգրության մեջ, որը թվագրվում է մ․թ․ա VII դարով։ Այն 1828-ին հայտնաբերել է արևելագետ Ֆ. Շուլցը։

Երևանը հիշատակվում է նաև III դարի վաղ քրիստոնեական տեքստերում։ Նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին այստեղ ձևավորվել է Իրանից եկած մանիքեական համանք։

VII դարում «Գիրք թղթոցի» մեջ պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր: XII-XIII դարերում Երևանը բավական մեծ տարածք է զբաղեցրել, սակայն սելջուկ թուրքերի արշավանքների հետևանքով հիմնովին ավերվել է։ 1387-ին դեռ ուժգի չգալով նախորդ ասպատակություններից՝ այն ավերվել է Լենկթեմուրի կողմից։

Երևանի կարևորությունը մեծացել է XV դարի կեսերին, երբ այն դարձել է թուրքմենական տիրակալ  Ջհանշահի (1437-1467) Արարատյան կուսակալության կենտրոնը։ Այդ տարեշրջանից բնակավայրը  հաճախ հիշատակվում է որպես «Արարատյան երկրի մայրաքաղաք»: 1502-ին Իրանի Սեֆյան հարստության հիմնադիր Իսմայիլ շահը, ի թիվս Հայաստանի արևելյան երկրամասերի, ակկոյունլուներից խլել է նաև Երևանն ու հանձնել Ռևան խանին: Իբրև սահմանային մեծ խանության կենտրոն’ Երևանը Ռևան խանի օրոք ձեռք է բերել ռազմական մեծ նշանակություն:

Երևանի ամրոցը XVI-XVIII դարերում

1555-ի Ամասիայի պայմանագրով Երևանի խանությունն անցել է Իրանին: 1578-ին թուրքական զորքերը Մուստաֆա Լալու (Ջաֆեր) փաշայի գլխավորությամբ կրկին հարձակվել են Երևանի խանության վրա։ Մահմուդ Թոխմախ խանը, լսելով թուրքական բանակի մոտենալու լուրը, կողոպտել էր քաղաքը և դիմել փախուստի’ իր հետ տանելով հազարավոր գերիներ: 1579-ին հեշտությամբ գրավել են անպաշտպան բնակավայրը և մոտ 60 հազար գերիներ տարել։

Թուրքական  Ֆահրադ փաշան 1582-ին կրկին գրավելով Երևանը, Հրազդանի ձախափնյա զառիթափ ձորեզրին բերդ է կառուցել։ Այն դառնում է թուրք և պարսիկ տիրակալների բացառիկ կարևոր ռազմական հենակետը: XIX դ-ի սկզբին բերդն զբաղեցրել է 790 մ X 850 մ չափսերի գրեթե քառակուսի տարածք:

1603-ին Աբբաս շահը մոտ 8-9 ամիս պաշարել է Երևանը, թուրքական կայազորը հարկադրված հանձնվել է: 1604-ին Աբբասի գերեվարած հայերի թվում եղել են բազմաթիվ երևանցիներ, որոնք 1606-ին Նոր Ջուղայի մոտ հիմնել են ավան և կոչել Նոր Երևան:  Հակառակորդները 1605-ի դաշնագրով’ վերականգնվել են 1555-ի թուրք-պարսկական սահմանները, և Երևանը կրկին մնացել է պարսկական տիրապետության տակ։

Երևանի Բերդը 1874թ.-ին

1606-1609-ին Երևանի Ամիրգունա խանը Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից գերած բազմաթիվ հայերի բնակեցրել է Երևանի շրջակայքում: 1638-ին Երևանը և շրջակա բնակավայրերը գրավել ու ասպատակել են Քանան փաշայի թուրքական զորքերը, որոնց կազմում եղել են նաև Ղրիմի խանի ջոկատները: Երևանը մեծապես տուժել է 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից։ Փլվել են եկեղեցիներ, մզկիթներ, բերդը, խանի ապարանքները, ավերվել քաղաքի բնակելի թաղամասերը: Զոհերի թիվը հասել էր 7600-ի:

Այսպիսով երեք դար շարունակ Երևանը 14 անգամ ձեռքից ձեռք է անցնել: 1639-ին կնքված Կասրե-Շիրինի հաշտությամբ հաստատվել է մոտ 60-ամյա խաղաղություն: Երևանը եղել է Սեֆյան կայսրության Չուխուր Սաադի բեգլարբեգության կենտրոնը, որը կառավարել է սարդարը, իսկ 1747-ից՝ խանը:

1724-ին Երևանի և շրջակա գյուղերի բնակիչները շուրջ 2 ամիս դիմագրավել են թուրքական 70-հազարանոց բանակին և միայն պարսիկների դավաճանության պատճառով պարտվել ու բերդը հանձնել թուրքերին։ Պաշտպանության ընթացքում շուրջ 20 հազար երևանցի է զոհվել։ 1735-ին Իրանի Նադիր շահը, թուրքերի հետ նախնական պայմանավորվածությամբ, վերացրել է Կարսի բերդի պաշարումը և դրա փոխարեն գրավել Երևանը:

XVIII դարի 2-րդ կեսին Երևանի խանությունը հարկատու դարձավ Արևելյան Վրաստանի Իրակլի II թագավորին, որից ժամանակ առ ժամանակ հրաժարվելու պատճառով Իրակլին ձեռնարկել է 3 պատժիչ արշավանքներ (1765, 1769, 1779): Վերջինի ժամանակ ավերել է Երևանի խանության գավառները, 3 ամիս պաշարել քաղաքը, խանության շատ բնակիչների գաղթեցրել Վրաստան։ Երևանից տարածներին բնակեցրել են Տփղիսի Հավլաբար թաղամասում:

Երևանի բերդը, Կարմիր կամուրջը և Հրազդան գետը XX դարի սկզբին

1804֊1813-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ զեներալ Պավել Ցիցիանովի գլխավորությամբ ձեռնարկվել է ռուսական զորքերի առաջին արշավանքը Երևան։ 1804-ի հուլիսի 2-ին ռուսական, զորքերը գրավել են բուն քաղաքը։ Հուլիսի 24-ին նրանք պաշարել են բերդը, սակայն շուտով հարկադրված վերադարձել են Թիֆլիս: 1808-ի սեպտեմբերին գեներալ Իվան Գուդովիչի գլխավորությամբ արշավանքը Երևան նույնպես արդյունք չի տվել:

1826-ին սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ձեռնարկվել է երրորդ արշավանքը Երևան’ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ: 1827-ի հոկտեմբերի 1-ին գեներալ Աֆանասի Կրասովսկու զորքերը հայ կամավորականների աջակցությամբ գրավել են քաղաքը:

1828-ի փետրվարի 10-ին կնքված պայմանագրով’ Երևանի և Նախիջևանի խանություններն անցել են Ռուսաստանին: Երևանը դարձել է Հայկական մարզի կենտրոնը: 1840-ին Հայկական մարզի վերացմամբ Երևանի գավառը ներառվել է Վրացա-իմերեթյան նահանգի մեջ, և Երևանը վերածվել է գավառական քաղաքի: 1849-ին կազմվել է նահանգ Երևան կենտրոնով:

Ռուս-պարսկական պատերազմից հետո հաստատված խաղաղությունը խթանում է Երևանի տնտեսական զարգացմանը։ 1864-ին ստեղծվում է հեռագրային կապը և հաստատվում մշտական փոստային կապ, 1866 –ին՝ դիլիժանսային երթևեկությունը։ 1879-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտբում քաղաքային առաջին կանոնադրությունը։ Սկսում են գործել քաղաքային դուման, վարչությունը և ինքնավարության այլ մարմիններ: Առաջին քաղաքապետ է ընտրվել Հովհաննես Ղորղանյանը (1879-84): Գյուղացիական ռեֆորմը Հայաստանում իրականացնելուց (1870) հետո կապիտալիստական արտադրության ստեղծման համար նախադրյալներ են ստեղծվել նաև Երևանում:

Երևանի գլխավոր նախագիծը (1924)

1885-ին Ն. Թաիրովը (Թաիրյան) Երևանում հիմնել է գինու, օղու և սպիրտի առաջին գործարանը Երևանում: 1887-ին այդ գործարանին կից կազմակերպվել է կոնյակի առաջին արտադրությունը: 1899-ին ռուս խոշոր ձեռնարկատեր Ն. Շուստովը գնել է Թաիրովի գինու-կոնյակի գործարանը, կարճ ժամանակամիջոցում մի քանի անգամ ընդլայնել ։ XX դարի սկզբին Երևանում կար կոնյակի, օղու, սպիրտի, գինու 5 գործարան։ 1896-ին Երևանում ընդհանուր եղել է 129 գործարան:

Երևանի տնտեսական կյանքում էական նշանակություն է ունեցել Ալեքսանդրապոլ -Երևան երկաթուղու կառուցումը (1899-1909), Երևան — Աղստաֆա, Երևան — Ջուլֆա և Երևան — Իգդիր խճուղիների բարեկարգումը: XX դ-ի սկզբին ձիակառքերից բացի Երևանում գործել են ձիաքարշ տրամվայներ, որոնց երթևեկության համար ստեղծվել է 4 վերստ երկարությամբ գիծ (1906): 1907-ին կառուցվել է երկու հէկ, սկսվել է քաղաքի լուսավորումը։ 1911-ին քաղաքի մեծահարուստների միջոցներով կառուցվել է Երևանի ջրմուղը, որը սկսել է խմելու ջուր մատակարարել քաղաքին: 1913-ից գործել է հեռախոսային ցանց:

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել են նաև երևանցի բազմաթիվ կամավորներ, որոնք հայկական ջոկատների հետ ռուսական զորքի կազմում կռվել են Հայաստանը թուրքական լծից ազատագրելու համար: 1915-ի Մեծ եղեռնից փրկված բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Երևանում: 1918-ի գարնանն Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական զորքերի մի մասը շարժվել է դեպի Երևան: Քաղաքն առանց դիմադրության հանձնելու քաղաքային դումայի որոշմանը հակառակ’ Երևանի և շրջակա գյուղերի (Քանաքեռ, Ավան, Առինջ) բնակչությունը, Արամ Մանուկյանի գլխավորությամբ աշխարհազոր կազմած, մասնակցել է քաղաքի պաշտպանությանը:

1918-ի հուլիսին Երևան է տեղափոխվել նույն թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակված Հայաստանի Հանրապետության Կառավարությունը: Երևանը դարձել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:

1920-91 ֊ին Երևանը Հայկական ԽՍՀ մայրաքաղաքն էր: 1922-ին Երևանի բնակչությունը 46 662 էր, որից 40 396-ը հայեր էին, 5 124-ը՝ թուրքախոս մահմեդականներ,1122-ը՝ այլազգիներ: Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ  գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսվածէր 150000 բնակչի համար:

Երևանը 1970-ականներին

Խորհրդային տարիներին քաղաքի վարչական տարածքը մեծացավ 5 անգամ: Սկսվեց կառուցապատումը. Երևանը կառուցապատվում էր բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ էր տալիս քաղաքին, սկսեցին Երևանն անվանել «Վարդագույն քաղաք»:

Խորհրդային իշխանության տարիներին Երևանը կառավարել է ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը: Երևանը ամբողջությամբ փոխվել է և բարեկարգվել Հայրենական մեծ պատերազմից (1941-45) հետո։ 1951 թվականին հաստատվել է Մեծ Երեւանի գլխավոր հատակագիծը։ 40 տարվա ընթացքում բացվել են նոր արդյունաբերական ձեռնարկություններ, հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչություններ, եկեղեցիներ, մշակութային այլ օջախներ, ստեղծվել է ռադիոհեռուստատեսային լայն ցանց: Երևանը դարձել է Առաջավոր Ասիայի արդյունաբերական խոշոր կենտրոն։

1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք: