Հայաստանը Արևմտյան Ասիայի հյուսիսում գտնվող պատմա — աշխարհագրական տարածաշրջան է, որտեղ ստեղծվել, ձևավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ազգը։ Այն իր մեջ ամբողջությամբ ներառում է Հայկական լեռնաշխարհը՝ Արևմտյան Ասիայի խոշորագույն բարձրավանդակներից մեկը:
Հյուսիսից Հայաստանը սահմանակից է Կովկասին և Սև ծովի ավազանին, արևելքից `Իրանի բարձրավանդակին, հարավից` Միջագետքին և արևմուտքից` Փոքր Ասիայի բարձրավանդակին։
Տարբեր գնահատականների համաձայն ՝ Հայաստանը զբաղեցնում է 290,000 / 300,000 — 360,000 քառ․ կմ տարածք:
Հայկական լեռնաշխարհը պատկանում է երկրագնդի այն տարածքներին, որտեղ տեղի է ունեցել ժամանակակից մարդկանց ձևավորումը։ Աշխարհարգրական այս շրջանում հնագետները հայտնաբերել են հնագույն մարդկանց ներկայության բազմաթիվ հետքեր՝ սկսած ստորին պալեոլիթից։ Հայկական լեռնաշխարհում մշտական բնակչություն և բնակավայրեր հանդես են գալիս հոլոցենից։
Իր պատմության ընթացքում երկիրը մաս էր կազմում մեծ թվով պետությունների և ամբողջությամբ միայն կարճ ժամանակով էր գտնվում մեկ կառավարչի վերահսկողության տակ:
Պատմաաշխարհագրական Հայաստանի սահմանները մեծամասամբ համընկնում են Մեծ Հայքի և Փոքր Հայքի պատմական պետությունների սահմանների հետ։ Քարտեզի վրա նրանց սահմանները նշված են կանաչ գույնով։
Հայկական ներկայիս պետականությունը սկիզբ է առնում 1918 թվականին՝
հանրապետության ձևաչափով։ 1991 թվականից գոյություն ունեն հայկական երկու պետություն՝Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը (բռնազավթված է Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին):
Ներկայումս հայկական պետականությունը գոյություն ունի պատմաաշխարհագրական Հայաստանի միայն 1/10 մասում։ Քարտեզի վրա այն ներկայացված է դեղին սահմաններով։
Բնիկների՝ հայերի կողմից երիրն անվանվում է Հայաստան կամ Հայք։ Հին շրջանում շումերներն անվանում էին Արատտա, աքքադացիները ՝ Armani կամ Armanum: Խեթերը օգտագործում էին Հայասա և Արմատանա անունները, իսկ ասորիները` Ուրուատրի կամ Ուրարտու և Արմի:
Պարսիկները կոչում էին Արմինիուա, էլամացիները՝ Հարմինույա, իսկ եգիպտացիները ՝ Էրմենեն: Վրացիները երկիրն անվանում են სომხეთი (Սոմխեթի):Եվրոպական լեզուներով երկրի անվանումը գալիս է լատինական Armenia անունից, որը եկել է հունական Ἀρμενία անվանումից։
Հայաստանի մասին ամենավաղ հիշատակումը սկսվում է մ.թ.ա. 2237-2200 թվականներին։ Պարսից արքա Դարեհ I- ը Բեհիստունյան գրության մեջ (մ.թ.ա. VI դար) երեք լեզուներով Ուրարտուի երկիրն անվանում է «Արմինա» (հին պարսկերեն) և «Արմինուա» (էլամերեն) տեղանուններով:
Հին հունական լեզվում Αρμένιοι բառը հայտնվել է մոտավորապես նույն ժամանակաշրջանում։ Այն առաջին անգամ օգտագործվել է Հեկատեոս Միլետացու կողմից մ.թ.ա. մոտ 476 թվականին։