Հուլիսի 9-ին Էջմիածնում կայացել է «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակը սահմանվել է 2012թ. Հայ առաքելական եկեղեցու ու Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից և տրվում է արվեստի բնագավառում համաշխարհային ներդրում ունեցած անձանց:
Այն հանձնվեց այս տարվա լիամետրաժ ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր, սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեին: Իր խոսքում «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ մրցանակը տրվել է շատ պատվավոր մարդու, բազմաթիվ մրցանակների դափնեկրի, ով իր կարիերան սկսել է որպես սցենարիստ, այնուհետև ինքն է սկսել իր սցենարների հիման վրա ֆիլմեր նկարահանել:
«Աննկարագրելի հուզված եմ և շոյված, քանի որ այդ մրցանակը արտացոլում է ճշմարտության և լույսի մասին իմ պատկերացումները, որոնք իմ թույլ ուժերով փորձում եմ հասցնել աշխարհին: Հատուկ շոյված եմ կյանքի յուրօրինակության, մշակույթի յուրօրինակության մասին պատկերացումներից, որը հակադիր է զանգվածային արվեստին», -ասաց Մինդաձեն, հավելելով, որ մրցանակը հավելյալ ուժ կտա ստեղծել ֆիլմերը հանուն մարդու և հանուն լույսի:
Արարողության շրջանակներում հանդես եյավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաստեղծ սարկավագաց երգչախմբը:
Դավիթ Բախշիյան