Հայերը ջրապաշտ ժողովուրդ են, ինչը բխում է ազգային էությունից և մտածելակերպից: Ջուրը հին հայերի պատկերացմամբ եղել է արարչագործ չորս մեծ տարերքներից (հող, օդ, ջուր, կրակ) մեկը՝ համարվելով կյանքի կենարար աղբյուրը և հարատևության երաշխավորը:
Հնում ջրի պաշտամունքին են նվիրած եղել աստվածներ, տաճարներ, տոներ, ծեսեր և ավանդույթներ: Ջրին վերագրվել են մաքրագործման և երկարակեցության հատկանիշներ: Այդ պատճառով էլ «աղբյուր» և «երկարակեցություն» բառերը հաճախ համադրվում են:
Հայ ժողովրդի մոտ ջրի պաշտամունքի առկայության ամենամեծ վկայությունը ազգային «Սասնա ծռեր» դյուցազնավեպի գլխավոր հերոսների՝ Սանասարի և Բաղդասարի և հայոց ուժն ու իշխանությունը խորհրդանշող Քուռկիկ Ջալալիի և Թուր կեծակիի ջրածին լինելն է: Ջրին վերագրել են նաև պտղաբերության հատկանիշներ, ինչի վկայությունն է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի գլխավոր հերոսուհի Ծովինարի ջրից հղիանալը:
Հատկանշական են հատկապես ջրի պաշտամունքին նվիրված հայկական ձկնակերպ վիշապ կոթողները, որոնք հնում դրված են եղել աղբյուրների ակունքների մոտ, որից հայկական հեքիաթներում ի հայտ է գալիս ջրի ակունքը վիշապի կողմից հսկելու գաղափարը :
Ջրի պաշտամունքը հնում կապված է հայոց դիցարանի Աստղիկ աստվածուհու հետ: Նա պատկերվել է ջրի մեջ լողացող գեղեցիկ կնոջ կերպարանքով: Աստղիկի լոգարանն ըստ ժողովրդական հավատալիքների եղել է Արածանի գետի այն հատվածը, որն անցել է Մշո դաշտով: Դիցուհին գետում լողալուց մշուշապատել է Արածանիի շրջակայքի դաշտը, որպեսզի հեռվից իրեն ոչ ոք չտեսներ: Այստեղից էլ գալիս է Մշո դաշտի անունը:
Աստղիկ դիցուհու հետ է կապված ջրի պաշտամունքին նվիրված Վարդավառի տոնը, որտեղ ջրի պաշտամունքն հասնում է մեծարանքի աստիճանի: Տոնն այսօր էլ նշվում է որպես ջրապաշտության վերապրուկ:
Ջրի պաշտամունքը նաև տիրապետող է եղել և այժմ էլ տիրապետող է Արևելքի շատ երկրներում: