Աշտարակ քաղաքի սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ սեպտեմբերի 7-ին կայացավ «Ոսկեհատ» գինու փառատոնը։ Ավանդական դարձած այս միջոցառումը միտված է նպաստել Արագածոտնի մարզում խաղողագործության զարգացմանը:
Փառատոնի համար ընտրված «Ոսկեհատ» անունը (Խարջի) նշանակում է «ոսկե պտուղ»։ Սա ամենահին վայրի հայկական խաղողն է, որը հանդիպում է Աշտարակում և հարակից շրջաններում:
Միջոցառման մյուս կարևոր նպատակը գինու տուրիզմը զարգացնելն ու մարզը մշակութային ակտիվությամբ լցնելն է։ Միջոցառման շրջանակներում շուրջ 25 ընկերություն ներկայացնում էր իր արտադրանքը՝ բոլորին հյուրասիրելով անսահմանափակ քանակությամբ գինի։
Փառատոնի պաշտոնական բացմանը հաջորդեց խաղողի օրհնության արարողությունը։ Պար-բեմականացման միջոցով հյուրերին ներկայացվեց խաղողաքաղից մինչև գինի պատրաստելու ընթացքը։
Համերգային մասը սկսվեց փառատոնի օրհներգի պրեմիերայով, որին հաջորդեցին հայկական պարերը, էթնիկ երգերն ու ավանդական քոչարին։ Անցկացվեցին նաև խաղեր ու մրցույթներ։
Փառատոնի տարածքում կային նաև սննդի, հանգստի ու լուսանկարվելու տաղավարներ, մանկական խաղահրապարակ։
Միջոցառումն անցկացվում էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ Զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Սմիթսոնի ինստիտուտի, «Իմ Հայաստան» ծրագրի եւ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ։