Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Երեւանի` Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում ապրիլի 8-ին անցկացվեց բաց դաս, որը նվիրված էր հայ ժողովրդի կողքին` հայկական լինելու պատճառով իր սեփական արհավիրքը վերապրած ընտանի մի կենդանուն` վանա կատվին: 6-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին կատուների այդ ազնվագույն տեսակի ողբերգական պատմությունը, Թուրքիայում իրականացվող կեղծարարությունները եւ նրա վերածնունդը;
Վանա կատուն կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ է, որը սերում է Վանա լճի շրջակա տարածքից: Ինչպես ցույց է տվել կատուների գենետիկ ուսումնասիրությունը, կատուն ընտանեցվել է մարդու կողմից Առաջավոր Ասիայի Բերրի կիսալուսնու տարածքում մոտ 9500 տարի առաջ, երբ մարդը անցել է նստակյած կյանքի եւ սկսել է զբաղվել ցորենի աճեցմամբ և առաջացել են ցորենի պաշարներ: Եվրոպայում մինչեւ 16-րդ դար բոլոր կատուները եղել են կարճագեղմ եւ փոքրակազմ։ Առաջին երկարագեղմ կատուներին հին Բյուզանդական Անկիրայից, որը հետագայում վերանվանվել է Անգորայի (ներկայումս՝ժամանակից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա), իրենց հետ էին բերում տուն վերադարծող խաչակիրները։ Այդ պատճառով բոլոր երկարագեղմ կատուներին Եվրոպայում սկսեցին անվանել «Անգորայի կատու»։ Իրականում երկարագեղմ կատուների այդպես կոչված «Թուրքական Անգորա», «Թուրքաքան Վան» եւ «Անատոլի» տեսակները գենետիկորեն պատկանում են միեւնույն խմբի եւ հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։
Հետաքրքիր է, որ դասական վանա կատվի գեղմի նշանների գույնը համապատասխանում է Վանա լճի, որը ավանդաբար հայկական գրականության մեջ անվանվում էր ծով, արեւածագի/մայրամուտի գույնին։ Դասական գույնիվանա կատուների մոտ նշանները գտնվում են մորթու այն մասերի վրա, որոնք կգտնվեին ջրի մակերեսից բարձր, եթե կատուն լողանալ Վանա լճի մեջ արեւածագին/մայրամուտին՝ կարծես թե արեւն ինքն է թողել կատվի մորթու վրա այդ ծիրանագույն նշանները։ Երեւի թե լողացող վանա կատուների տեսարանը հիացրեց մեր նախահայրերի եւ այսպես ծնվել է առասպելը, որը Ամենազոր Աստծո օրհնությամբ է բացատրել վանա թույրի առաջացումը վանա կատուների մոտ:
Վանա կատվի ցեղաստեսակը ուշադրության կենտրոնում հայտնվեց 1955 թվականին, երբ բրիտանական երկու թղթակիցներ Լորա Լաշինգտոնը ու Սոնյա Հոլիդեյը Թուրքիայում հայտնաբերեցին վառ գույնի մորթիով կատուներ, որոնց արտաքին տեսքը շքեղ էր ու անսովոր: 1969 թվականին GCCF-ը (Governing Council of the Cat Fancy) տեսակը գրանցեց «Թուրքական կատու» անվամբ, իսկ 1971 թվականին այն ճանաչվեց «Թուրքական Վանա կատու» անվան տակ FIFe-ի կողմից։ Հետագա տարիներին տեսակը ճանաչվեց կատվասերների միջազգային այլ կազմակերպությունների կողմից։ Սակայն իրականում այն հայկական ընտանիքներում ապրող կատուների էնդեմիկ տեսակ է, որը` հայության հետ միասին վերապրեց Հայոց ցեղասպանության արհավիրքները, ոչնչացումն եւ նույնիսկ գաղթը:
Թուրքական հասարակության համար անընդունելի եւ խորթ էր վանա կատուների արտաքին տեսքը եւ նրանց ազատատենչ բնավորությունը: Մեծ եղեռնի ժամանակ` հայ ընտանիքների հետ միասին ոչնչացվում էին նաեւ այդ տեսակի կատուները, քանի որ համարվում էին «հարամ» եւ «ոչ մաքուր». Պարզապես Թուրքիայում փորձում էին վերացնել այն ամենը, ինչ կապված էր հայության հետ: Վանա կատվի ցեղատեսակը հայտնվում է ոչնչացման եզրին, միայն փոքր թվաքանակն է պահպանվում շնորհիվ նրան, որ հայ ընտանիքները գաղթի ճամփին իրենց հետ տարան նաեւ հավատարիմ այդ կենդանիներին: 2000 տարի գոյատեւած վանա կատվից այսօր ամբողջ աշխարհում մնացել է շուրջ 2000-ը: Կատվի այս տեսակը Կարմիր գրքում էլ է գրանցված՝ որպես վերացող: Գիտնականները փաստում են, որ ներկայումս Թուրքիայի տարածքում իրական վանա կատու այլեւս չի մնացել:
Ցեղատեսակի ոչնչացմանը զուգահեռ` Թուրքիայում բուծվում է ամբողջությամբ սպիտակ, այլ ֆիզիոլոգիական տվյաներ ունեցող անգորական ցեղատեսակը, իսկ Վանի համալսարանում բուծում են Վանա եւ անգորական կատուների խառնուրդ, ստանում են բնածին գենետիկ թերություններով կատուներ, որոնք ներկայացնում են որպես մաքրացեղ Վանա կատուներ: Ավելին` «վանա կատուն» հայտարարված է Անկարայի կողմից հռչակված եվրոպական ինտեգրման քաղաքականության խորհրդանշան: Նրա պատկերը զարդարում է նույնիսկ ԵՄ և Թուրքիայի միջև բանակցությունների փաստաթղթերը:
Իրականում մաքրացեղ վանա կատվի գեղմի գույնը պայմանավորված է այլ գեներով։ Տեսակի ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, աչքի է ընգնում պղնձագույն կամ ծիրանագույն խայտերով, որոնք գտնվում են գլխի վրա՝ աչքերից վերեւ, նույն գույնի է վանա կատվի պոչը, եւ մեկ փոքր խայտ կա ուսերի շրջանում (ավելի հաճախ՝ ձախ ուսի շրջանում)։ Խայտերի այդպիսի դասավորությունը ընտանի կենդանիների մոտ ստացել է «վանա թույր» անվանումը:
Խայտուցավոր կամ պիսակավոր թույրը առաջացել է ընտանի կենդանիների ընտանեցման առաջին փուլերում։ Խայտուցավոր կամ պիսակավոր թույրը ունի սպիտակ գույնի արտահայտման տարբեր աստիճան՝ նվազագույն, երբ կենդանու գեղմի վրա կա մեկ փոքր խայտ եւ առավելագույն, որն էլ հանդիսանում է «վանա թույրը», որի դեպքում գեղմի առնվազն 80-85 տոկոսը սպիտակ է, իսկ մնացած մասը գունավոր է՝ ներառյալ պոչը, գլխի վրա աչքերից վերեւ մինչեւ ականջներ ընկած հատվածը եւ մեկ-երկու փոքրիկ նշան ուսերի վրա։
Վանա թույրի գենը միջին դոմինանտ է։ Այդ է պատճառը, որ վանա թույրով կատվի ձագեր ծնվում են միայն այն դեպքում, եթե ծնողներից երկուսն ել ունեն վանա թույր, այսինքն եթե ծնված ձագերը հոմոզիգոտ են վանա թույրի գենի գծով։ Պարտադիր չէ նաեւ, որ վանա կատուն տարբեր գույնի աչքեր ունենա: Ըստ աչքերի գույնի` Վանա կատուները երեք խմբի են բաժանվում` երկնագույն աչքերով, դեղինի տարբեր երանգներով եւ տարբեր գույնի աչքերով:
Վանա կատուները կատվազգիներից միակն են, որ շատ են սիրում ջրի հետ շփումը: Նրանք նաեւ ունեն բնավորության հատուկ գծեր` շատ հավատարիմ են, մարդամոտ, խելացի, որոշումներ կայացնող եւ իհարկե, հարգալից:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը գոհունակություն հայտնեց դպրոցականներին` վանա կատվին, նրա ճակատագիրը բովանդակալից ներկայացնելու համար:
– Միջոցառումը, այն էլ` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին յուրահատուկ էր բովանդակային մասով, կազմակերպվածությամբ և խորհրդով: Այսպիսի նախաձեռնությունները ևս մի միջոց են պահպանելու ազգային արժեքները, վերադառնալու պատմական ակունքներին, – ասաց դպրոցի տնօրենը:
Ինչպես ostarmenia.com-ին հայտնեց դասղեկ Ասյա Աթանեսյանը, վանա կատուների մասին բաց դասի կազմակերպման նպատակն էր այլ կերպ աշակերտներին ներկայացնել Մեծ Եղեռնը, դրա հետևանքները:
– Բաց դասի շնորհիվ աշակերտները հնարավորություն ստացան նաև տեղեկանալու կատուների` այդ իսկապես հայկական տեսակի մասին: Դա նոր գիտելիք ձեռք բերման լավագույն հնարավորություն էր, – հավելեց նա:
Բ.Մովսիսյան