Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ոչ մետաղային օգտակար հանածոներով, հատկապես բնական քարի` տուֆի, գրանիտի, մարմարի և բազալտի տարբեր տեսակներով: Տուֆի հանքավայրերի մասշտաբներով և ֆիզիկա-մեխանիկական որակներով առանձնանում է Շիրակի մարզը: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի։
Ոչ մետաղային օգտակար հանածոներից հայտնի են բարիտի, ծծմբահրաքարային (Լոռու, Տավուշի մարզեր), քարաղի (Մերձերևանյան շրջան), ֆոսֆորիտային (Ուրծի լեռնաշղթա), բազալտի, անդեզիտաբազալտի, անդեզիտի (հանրապետության ողջ տարածքում), գրանիտի, գրանոդիորիտի, դունիտի և այլ ներժայթուք ապարների (Փամբակի, Բազումի լեռնաշղթաներ), հրաբխային խարամի (Շիրակի, Գեղարքունիքի մարզեր), կրաքարի ու տրավերտինների (Լոռու, Սյունիքի, Արարատի մարզեր), մարմարի (Արզական, Արարատ, Խոր վիրապ), պեմզայի (Անիպեմզա), տուֆի (Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզեր), օբսիդիանի ու պեռլիտի (Արտենի լեռներ, Հատիս լեռ, Գութանասար, Սպիտակասար, Գեղասար), բենտոնիտային կավերի (Տավուշի մարզ) հանքավայրերը։
Արթիկի տուֆի հանքավայրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում՝ Արագած լեռան զանգվածի հյուսիս-արևմտյան լանջին, 1600-2100 մ բարձրության վրա: Այն հայտնի է վաղ անցյալից (III —V դդ․)։ Արթիկի հանքավայրը վարդագույն տուֆի խոշորագույն հանքավայրներից է։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են վերից վար՝ վարդագույն տուֆալավաներ, անդեզիտ-բազալտային լավաներ, պեմզաներ, պեմզային տուֆեր, Երևան-Գյումրի տիպի սև ու կարմիր տուֆեր։ Տուֆաքարի շերտի միջին հաստությունը՝ 6—7 մ, հետախուզված պաշարները՝ 62 մլն խոր. մետր։ Հանքավայրի առաջացումը պայմանավորված է չորրորդականի հասակի հրաբխային գործունեությամբ։
Անիպեմզայի տուֆի հանքավայրը տեխնիկական պեմզայի և պեմզային տուֆի ամենամեծ հանքավայրերից է։ Վերին պլիոցենի բազալտային լավաների 200 մ հաստությամբ շերտախումբը ծածկված է ստորին չորրոդականի կավավազային նստվածքներով։
Հրաբխային գործունեության հետևանքով առաջացած արդյունավետ շերտը կազմված է ստորին մասում՝ պեմզաներից, վերին մասում՝ դեղնագույն պեմզային տուֆերից։ Արդ յունավետ շերտի առավելագույն հաստությունը 20—25 մ է, որից 5—6 մ տուֆեր են։ Պեմզան տուֆի է փոխանցվում աստիճանաբար։ Որոշ տեղամասերում պեմզային տուֆերից վեր կան Երևան-Գյումրի տիպի սև ու կարմիր տուֆեր։ Հանքադաշտի ընդհանուր տարածությու նը 1,8 քառ. կմ է:
Ավանի աղահանքը հայտնի է 1949-ից, արդյունաբերական շահագործումն սկսվել է 1967-ից։ Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում մասնակցող միոցենյան աղաբեր հաստվածքը արտահայտված է կավերի և քարաղի շերտերի հերթափոխությամբ և առաջացնում է զառիթափ թևեր ու միջօրեական տարածում ունեցող բրախիանտիկլինալ ծալք։ Աղաբեր շերտախմբի հաստությունը կազմում է 700 մ, աղի շահագործվող շերտերի հաստությունը 42—50 մ է։ Քարաղի պաշարները կազմում են մոտ 28 մլն տոննա։
Արագածի պեռլիտի հանքավայրը ծագումով կապված է Արտենիի հրաբխի գործունեության հետ։ Առաջին հետախուզական աշխատանքները կատարվել են 1932-ին։ Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում առկա են երրորդական հասակի հիմնային և թթու լավաներ, անդեզիտներ, անդեզիտադացիտներ, Երևվան—Գյումրի տիպի տուֆեր։ Հանքանյութի արդյունավետ շերտը, հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ձգված, մոտ 500 մ բարձրությամբ երկայնակի մի բարձունք Է։ Հանքաշերտի տեղադրման բարենպաստ պայմանները հնարավորություն են ստեղծել իրագործել պեռլիտի, ինչպես նաև օբսիդիանի խա- նույթը բացահանքերով։ Հետախուզված պաշարները կազմում են․ պեռլիտ՝ 21 մլն խոր. մ, օբսիդիան՝ 0,9 մլն խոր. մ ։
Թումանյանի հրակայուն կավերի հանքավայրի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են միջին Էոցենի հասակի պորֆիրիտներ, դրանց տուֆերը և տուֆափշրաքարերը։ Հրակայուն կավերի առաջացումը կապում են գրանոդիորիտային և դիորիտային ներժայթքումի ջրաջերմային գործունեու թյան հետ։ Ինտենսիվ ջրաջերմային պրոցեսների հետևանքով ապարները ենթարկվել են խիստ փոփոխության (հիմնակա նում կաոլինացման) և դարձել հրակայուն։ Հանքանյութի արդյունավետ շերտը (երկարությունը՝ մոտ 30 կմ) ձգվում է տեկտոնական խախտման ուղղությամբ։ Հրակայուն կավերի հետախուզված պաշարները կազմում են 3 մլն 63 հզ․ տոննա։
Լուսաձորի (Իջևանի) դոլոմիտի հանքավայրը ուսումնասիրվել է 1960—61-ին։ Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում առկա դոլոմիտային ապարները տեղադրված են վերին յուրայի 350 մ հաստության կարբոնատային հաստվածքի մեջ, որն առաջացրել է անտիկլինալային ծալք։ Կրային դոլոմիտների մեջ հանդիպում են զուտ դոլոմիտների և թույլ կրային դոլոմիտների մինչև 30 մ միջին հաստության շերտախմբեր, որոնք պարզորոշ հետամտվում են տարածման և անկման ուղղություններով։ Այդ շերտախմբերն աչքի են ընկնում մագնեզիումի օքսիդի բարձր (18,5—20,7%) և կողմնակի խառնուրդների ցածր պարունակությամբ։ Հանքավայրը նստվածքային ծագում ունի։ Հումքի մոտավոր պաշարներն կազմում են 15 մլն տոննա։
Խոր Վիրապի մարմարի հանքավայրը հայտնի է 1932-ից։ Շահագործվում է 1954-ից՝ բաց եղանակով։ Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են վերին դևոնի քվարցիտները և ստորին կարբոնի մարմարներն ու մարմարացված կրաքարերը։ Արդյունավետ շերտի հաստությունը հասնում է 50 մ։ Մարմարի առանձին ենթաշերտեր թեքված են հորիզոնի նկատմամբ 25—40° անկյան տակ և հորատանցքերով հետազոտված են մինչև 120 մ խորությունը։ Ըստ գույնի առանձնացվում են գորշ, մուգ գորշ և սև մարմարներ, որոնք աչքի են ընկնում բարձր դեկորատիվությամբ։ Հանքավայրի պաշարները կազմում են շուրջ 1 մլն 200 հզ․ խոր. մետր։
Սարիգյուղի ագատի հանքավայրը մոտավորապես 6 քառ. մետր տարածքում բաղկացած է մի քանի տեղամասերից: Ագատաբեր հորիզոնը ներկայացված է նշաքարային անդեզիտային պորֆիրիտներով, որոնք ճեղքված են անդեզիտա բազալտային պորֆիրիտների դայկաներով։ Վերջիններս հետամտվել են մինչև 150 մ և ունեն 0,3—8 մ հաստություն։
Ագատը հանդիպում է երակային և նշաձև մարմինների ձևով։ Երակները միամիներալ և բազմամիներալ են։ Առաջինները կազմված են երկնագույն կամ մանուշակա գույն ագատից (խալցեդոն), վերջինները՝ ագատ-քվարցային, ագատ֊ – կալց իա- ֊քվարցային, ագատ-քվարց-ամեթիստային և կալցիտ-ագատ-ցեոլիթային նյութերից։ Նշաձև տիպը ագատի հանքայնացման գլխավոր արդյունաբերական տիպն է։ Տարածված են հասպիսի, ագատի, ամեթիստի, ագատ-օպալի, խալցեդոնի զա նազան տարբերակներ։
Սարիգյուդի բենթոնիտային կավերի հանքավայրը տեղադրված է վերին սանտոնի հրաբխա ծին-նստվածքային շերտախմբի մեջ։ Բենթոնիտային կավերը կապված են անդեզիտաբազալտային պորֆիրիտների, դրանց սիլերի, տուֆերի և տուֆաավազաքարերի հետ։ Ներփակող ապարների հետ դրանք մոտ 20° անկյունով անկում են դեպի արևելք և առաջացնում 30—120 մ հաստության շերտանման կամ ոսպնյակաձև կուտակներ։ Տարածման ուղղությամբ հետամտված են գրեթե 2 կմ, իսկ անկման ուղղությամբ՝ 200 մ, տեղ-տեղ մինչև 400 մ։
Հանքակուտակները տեղադրված են տուֆաավազաքարերի վրա և ծածկված նույն ապարներով, երբեմն նաև կրաքարերով։ Բենթոնիտային կավերն առաջացել են տուֆերի, պորֆիրիտների և դրանց սիլերի ու շտոկների հաշվին՝ ջրաջերմային լուծույթների ազդեցության ներքո։ Կազմված են մոնտմորիլոնիտից (բեյդելիտ), որի հետ խառնուրդների ձևվով հանդիպում են նաև դաշտային սպաթներ, քվարց, հրաբխային ապակի, ամֆիբոլներ, պիրոքսեններ, հանքային միներալներ։ Ծագումով և տարածականորեն այս հանքավայրի հետ կապված են ագատի, ամեթիստի, մանգանի հանքավայրերը։
Փամբակի գրանիտի հանքավայրը շահագործվում է 1880-ից։ Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում մասնակցող ներժայթքային ապարները ներկայացված են մոխրագույն քվարցային դիդրիտ-գրանոդիորիտներով, մուգ մոնցոդիորիտներով և գաբբրո-դիորիտներով։ Գրանիտի ստրուկտուրան հիպիդիոմորֆ հատիկային է, տեքստուրան՝ հավասարաչափ միջին հատիկային։ Միներալային կազմում մասնակցում են՝ պլագիոկլազ (50—60%), քվարց (5—10%), օրթոկլազ (0—10%) և մուգ միներալներ (20—25%)։ Հաճախ հանդիպում են գաբբրոյի և գաբբրո-դիորիտների ներփակումներ։ Հանքավայրը հարում է Բազումի ուշ էոցենի հասակի գաբբրո-գրանիտային զանգվածի կոնտակտին։ Փամբակի գրանիտին բնորոշ են լավ ողորկելիությունը և բարձր խտությունը։ Այն հղկելուց հետո ստանում է հայելանման ողորկ մակերես։ Հանքավայրի պաշարները կազմում են շուրջ 6 մլն 410 հզ․ խոր. մետր, որից 520 հզ․ խոր. մետր` բարձրորակ։
Շինանյութերի օգտագործումը հանրապետությունում, կապված շինարարության ծավալման հետ, անընդհատ աճում է։ Աննախադեպ արագությամբ ընդարձակվում է նաև դրանց օգտագործման աշխարհագրությունը։ Հրաբխային տուֆերը և տուֆալավաները հանրապետության հիմնական շինաքարն են: Տուֆերը, լինելով հրաբխային մոխրի և այլ միներալային բեկորների ցեմենտացման արդյունք, առաջացնում են լայնատարած մակերևույթներ՝ տուֆադաշտեր։ Դրանց տեղադրումը կախված է ստորադիր հին ռելիեֆի ձևից։ Տուֆակուտակների հզորությունը տատանվում է մի քանի մետրից մինչև տասնյակ մետրեր։ Տուֆերը և տուֆալա վաներր, շնորհիվ իրենց բազմազան գույների (վարդագույն, դեղին, կարմիր, մոխրագույն, սև), գեղեցիկ երանգների, հիանալի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների (թեթևություն, սառնադիմացկունություն, ձայնամեկուսացում, սղոցվելու, սոսնձվելու ունակություններ), ամենուրեք մեծ համբավ են վայելում և ունեն շատ լայն պահանջարկ։