Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է Տեառնընդառաջը։
Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Արարողության ավարտին օրհնվում են աշխարհի չորս ծագերը, այնուհետև կատարվում է մոմերի օրհնության արարողությունը, իսկ եղեցիների բակերում վառվում են խարույկներ։
Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, եկեղեցիների Սբ. խորանների վարագույրները բացվում են, մատուցվում բաց Պատարագ:
Կրակը վերացնում էր արգելքը
Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տեառընդառաջի խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները, քանի որ նախկինում Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու արգելքը վերացնելու առիթ: Այս տոնին էր, որ պսակից հետո նորափեսան առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ․ մինչ այդ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների հետ հանդիպել: Կրակի վրայով ցատկելը վերացրել է այդ արգելքը։
Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը, ժողովրդական ավանդույթի համաձայն, վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին: Տեառնընդառաջը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ 2012 թվականից հռչակվել է նորապսակների օրհնության օր:
Որո՞նք ենք Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները, նվերները
Տոնական կերակրատեսակները փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը, դդմի կորիզն էին, որոնք պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում երեկոյան խնջույքի համար:
Տրդեզին իրար նվիրում էին ձեռքի աշխատանքներ: Հատուկ տոնին ընդառաջ աղջիկները գործում էին գուլպա, թաշկինակ, գլխաշոր և այլ հետաքրքիր իրեր, իսկ տղաները, որպես սիրո խորհրդանիշ, աղջիկներին նվիրում էին խնձորի փնջեր կամ խնձոր` վրան շարված կոպեկներ:
Տոնին միմյանց շնորհավորել են «Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն» բառերով։
Այդ օրը բոլոր ընտանիքներում ցորենից, գարուց, կորեկից, ոսպից և սիսեռից աղանձ էին պատրաստում, խնամիները հարսնացուի և փեսացուի անունով աղանձափոխանակություն էին կատարում: Սովորությունը կապված էր տղաբերքը և հողաբերքը ապահովելու գաղափարի հետ: Խարույկի մոխիրը պահելը և արտերում շաղ տալը ենթադրում էր վնասատուների ոչնչացում: Անասունների և թռչունների աճը, կաթնատվությունը ու ձվադրությունն ապահովելու համար մոխիրը երդիկից թափում էին գոմերը, փարախները և հավանոցները, իսկ երեխաները հավերը գրկած` շրջապատում էին կրակը:
«Ով տա՝ զորանա, ով չտա՝ քյոռանա».․․
Ըստ հրեական օրենքի’ ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից:
Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն’ նրան Երուսաղեմ տարան’ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը, Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սբ. Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
Հազարամյակներ շարունակ նշվող տոնը հայտնի է եղել Դոռոնջ, Մելետ, Դառդառանջ, Տառինջ-տառինջ, Տնդալեշ, Տանդառեջ, Տրնդեզ, Տեառնընդառաջ անուններով։ Հայաստանի հարավում այն ունի Խըդր անունը։ Այս օրը երեխաները, խմբեր կազմելով, այցելում են հարևաններին՝ միաբերան արտասանելով. «Խըդր, խըդր խդըր ա, խըդրի օրը էսօր ա, ով տա՝ զորանա, ով չտա, քյոռանա»։ Երեխաներին տրվող հիմնական բարիքներն էին աղանձը, չրեղենը, խնձորը, քաղցրավենիքը:
Անի Բաղումյան