Տրնդեզը կամ Տեառնընդառաջը կրոնա-ժողովրդական հնավանդ տոն է։ Սահմանել է քրիստոնեական եկեղեցին՝ ի պատիվ Հիսուս Քրիստոսի ծննդյան քառասունքի։ Ավանդության համաձայն այս օրը կապվում է Քրիստոսին ընդառաջ գնալու հետ, որը կատարվում էր հիմնականում փետրվարի 14-ին:
Ըստ հին հրեական (մովսեսական) կրոնի, տղաբերքից քառասուն օր անց մայրը պարտավոր էր այցելել տաճար՝ զոհ մատուցելու, «սրբազան» հրով ու ջրով սրբվելու և նորածնին օրհնելու համար։ Ավանդության համաձայն՝ Տիրամայր Մարիամը ծիսական այդ արարողությունը կատարել է որդու ծննդյան օրից՝ հունվարի 6-ից (հուն, և լատին, եկեղեցիներում՝ դեկտեմբերի 25-ից) 40 օր անց՝ փետր․ 14-ին (հուն, և լատին, եկեղեցիներում՝ փետր․ 2-ին)։ Եվ երբ 40-օրեկան Հիսուսին ծնողները բերեցին տաճարում ընծայելու, մանուկ Հիսուսին ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին: Նա իր աղոթքն է բարձրացրել առ Աստված, որ. «Տեր իմ աչքերը տեսան քո փրկությունը, Իսրայելի փրկությունը և հիմա կարող ես ինձ արձակել խաղաղության»:
Հայաստանյաց Առաքելական եկեղեցում Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան և Առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի Տաճար գալուն:
Եկեղեցու ատյանում արտասովոր լուսավորություն է տիրում: Հավատացյալները մասնակցում են աղոթքին՝ ձեռքներին մեկական մոմ: Այդ լույսը՝ որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ, ժամերգության ավարտին տանում են և լուսավորում իրենց օջախները: Այս ամենը կազմում է լույսի մի յուրօրինակ տոնախմբություն, որը Սիմեոնի՝ Քրիստոսին տված «Լույս» անվանման խորհուրդն ունի:
Տեառնընդառաջի նախատոնակին եկեղեցում կատարվում է Անդաստանի կարգը՝ արտերի և այգիների օրհնությունը, որը ձմռան ավարտի և գարնանամուտի մունետիկն է:
Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նվերներով այցելում են նորապսակներին, նրանց 3-7 անգամ խարույկի շուրջը պտտեցնում, կրակի վրայից թռցնում (մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), իսկ հետո նրանց վրա շաղ են տալիս չիր, չամիչ, որ քաղցր զույգ լինեն: Ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով։ Խարույկների մոխիրը երդիկներից շաղ են տալիս տների ու գոմերի մեջ, ինչպես նաև տնամերձ հողերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ» (որից էլ՝ տոնի «Տրնդեզ» ժողովրդական անվանումը)։ Ժողովրդական շատ սովորույթներից պահպանվել է նաևտոնի օրը ճոխ սեղաններ բացելը:
Տոնի մեջ պահպանվել են հինավուրց՝ նախաքրիստոնեական մաքրագործական, հատկապես հրապաշտական ծեսեր, որոնց կապված են կրակի և արևի աստված Միհրի հետ: Միհրի անունով էլ հին հայերը փետրվար ամիսը մեհենական են կոչել: Քրիստոնեական եկեղեցին չկարողացավ վերացնել այդ սովորությունները` հարմարեցնելով Քրիստոսի ծննդյան քառասունքի տոնին: Տեառընդառաջի խարույքն ավանդաբար օատրաստվում էր ցրտենի կոչվող ծառի ճյուղերից, որոնցիցն, ֆավանորեն, անցյալում նվիրական կրակ էին ստանում: Վառելանյութը բերում էին նորապսակ տղաները: Խարույքից ոտւն մոմ տանելը ևս հեթանոսական ավանդույթ ունի:
Ըստ ազգագրագետների` ձմեփվա պայմաններում կրակի տոնը բխել է արևի ջերմությունը բարձրացնելու, գարնան գալուստը արագացնելու գաղափարից: Այ մագիկ գործողությունները ենթադրում էին երկարգործության, մարդկային պտղաբերության և անասնապահության հաջողությունների ապահովում: Այսպես օրինակ` նորապսակների ձեռքով կրակի բորբոքումը և պտույտը խարույքի շուրջ` սեռական մագիայի գործողություն էր` հանուն սերնդաաճի: Երեխաների և երիտասարդների կրակթռուկները և մոխիր իրար երեսի քսելը` նույն նպատակն էր հետապնդում:
Ամուլ կանայք ներքնազգեստը խանձելով` պտղաբերում էին ակնկալում: Ծննդաբերող կանայք մոխրաջուր էին ընդունում, որ ազատումը դյուրանար: Հարսնացուն կրակի վրով երիցս թռչում էր` որդեծնության ընդունակությունն ապահովելու համար: Խարույքի ծխի և դեպի վերնետված մոխրի փոշու շարժման միջոցով գուշալվում էին բերքառատությունն ու երիտասարդների սիրային ակնկալությունները: Կրակի շուրջը երգվող երգերն ուղղակիորեն առնչվում էին սիրո և ընտրության հետ: Տոնին բոլոր ընտանիքներում ցորենից, գարուց, կորեկից, ոսպից և սիսեռից աղանձ էին պատրաստում, խնամիները հարսնացուի և փեսացուի անունով աղանձափոխանակություն էին կատարում:
Այդ սովորությունը ևս կապված էր տղաբերքը և հողաբերքը ապահովելու գաղափարի հետ: Խարույքի մոխիրը պահելը և արտերում շաղ տալը ենթադրում էր վնասատուների ոչնչացում: Անասունների և թռրունների աճը , կաթնատվությունը ու ձվադրությունն ապահովելու համար մոխիրը երդիկից թափում էին գոմերը, փարախները և հավանոցները, իսկ երեխաները հավերը գրկած` շրջապատում էին կրակը:
Խարույկ վառելը քրիստոնեական եկեղեցում ծիսական որևէ իմաստ կամ նշանակություն չունի: Սիմեոն Երևանցի կաթողիկոսը (XVIIդ) «Տոնացույցում» նշում է. «Հրի շուրջը պտտվելը խոտելի է, որը տգետների կողմից է ներմուծված»:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Եթե Տեառնընդառաջի տոնը համընկնում է Մեծ պահքի շրջանին, ապա Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները բացվում են: Նորապսակները գալիս են եկեղեցի, որի բակում մեծ խարույկ է վառվում, ուր երգվում են հոգևոր երգեր: