Արցախի Տիգրանակերտ հնավայրում 2020 թվականի հուլիսի 1-ին սկսված պեղումներն ավարտվել են օգոստոսի 24-ին: Արշավախումբը համաճարակի պայմաններում շուրջ երկամսյա պեղումների արդյունքներն ամփոփում է՝ ի ցույց ունենալով պեղածո նյութերի առատությունը: Այս տարի պեղումները շարունակվել են հնավայրի մի քանի հատվածներում: Հնագետներն ասում են՝ ուսումնասիրության հարուստ նյութ են գտել գրեթե ամեն անկյունում: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ներկայացրեց կատարված աշխատանքը։
– Տիգրանակերտի ավանդական պեղավայրերից ամրացված թաղամասի պարիսպներն ենք շարունակել բացել, որը հելլենիստական ամրաշինական դասական օրինակ է: Բացել ենք 15 մ երկարությամբ և 2,5 մ բարձրությամբ պարիսպները: Առաջին անգամ 4-րդ ուղղանկյուն աշտարակից դեպի Արքայական աղբյուրները գնացող 12 մետր երկարությամբ մի պատ ենք հայտնաբերել և պիտի հասկանանք, թե որն էր այդ լրացուցիչ պատի գործառույթը”, յասաց նա։
Նրա խոքով՝ Տիգրանակերտ քաղաքի երկրորդ անտիկ թաղամասում իրականացված պեղումներից արշավախմբի թիմին իր ճարտարապետությամբ զարմացրել է ուշ անտիկ շինարարությունը, որը համահունչ է ամրաշինական ճարտարապետությանը:
– Վաղքրիստոնեական հրապարակում կյանքը շարունակվել է մինչև ХII-XIII դարերը, և պարզ է, որ ուշ շրջանի շերտերը նստած են վաղքրիստոնեական շրջանում կառուցված շերտերի վրա: Մենք ստիպված ենք ավելի ուշ շրջանի շերտերը հեռացնել՝ հասնելու համար բուն քրիստոնեական հրապարակին, որն Արցախում հայության համար բացառիկ նշանակություն ունի։ 100 քառակուսի մետրի վրա 20-ից ավելի գտնված թոնիրները թույլ են տալիս կարծել, որ դա քաղաքային ճարտարապետության նման չէ: Այս վայրում գտածոն հատկապես փորագրանախշ ջնարակապատ խեցեղենն է՝ զանազան կերպարների մարմնավորմամբ,- հայտնում է հնագետը։
Եվս երկու կարևոր բացահայտում արվել է Ցից սարի եկեղեցում: Դա V-VI դարերի ժայռափոր եկեղեցի է, որտեղ գտել են վաղքրիստոնեական թևավոր խաչի քանդակի բեկորներ, ինչպես նաև XII-XIII դարերի խաչքարի բեկորներ: Վերջապես հայերեն երկու արձանագրություն է հայտնաբերվել, որը խիստ էական է այդ տարածքի համար:
-Ես վստահաբար կարող եմ ասել,-նշում է արշավախմբի ղեկավարը,-որ ընդհուպ մինչև մոնղոլական արշավանքներն այդ տարածքները հայկական են եղել և, ըստ էության, Հասան Ջալալի մասին տեղեկությունները, համաձայն որոնց մինչև Կուր գետ նա վերահսկել է, լիովին համապատասխանում են իրականությանը: Հնագիտորեն դրա փաստարկները կան, – նշում է Պետրոսյանը։
Խումբը նախաձեռնել է նաև հիդրոտեխնիկական մի բարդ կառույցի՝ ջրանցքի թունելային հատվածի պեղումները, որը լուրջ հետազոտության կարիք ունի:
– Մենք պլանավորում ենք մի բան, բայց քաղաքն անընդհատ մեզ ուրիշ հարցեր է առաջադրում,-նկատում է Հ. Պետրոսյանը՝ խոստովանելով – հետաքրքիր է աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ:
Արշավախմբի թիմը՝ Ինեսա Կարապետյանը, Լյուբա Կիրակոսյանը, Տատյանա Վարդանեսովան, Արմինե Գաբրիելյանը, Նժդեհ Երանյանը, Համիկ Աբրահամյանը, ջանք ու եռանդ չի խնայում պեղումների ընթացքը հնարավորինս արդյունավետ օգտագործելու նպատակով:
Ինչպես հայտնում են Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունում, Տիրգրանակերտի մասին ցայսօր հրապարակվել են 5 տասնյակից ավելի գիտական հոդվածներ։ 4 գիտնականներից 3-ը պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն և 1-ը՝ դոկտորական աշխատանք: Տիգրանակերտ հնավայրը նաև միջազգային հանրույթի հետաքրքրության նյութն է: Պեղումների արդյունքները ուղղակի չեզոքացրել են հարևան Ադրբեջանի տեղաբնիկ լինելու մասին քաղաքական և գիտական բոլոր ավանդազրույցները: