Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Տավուշի մարզը գյուղատնտեսական կարևոր մարզերից է: Այն զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1 %-ը, իր մեջ ներառում Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի (Շամշադինի) տարածաշրջանները:: Մարզկենտրոնն է Իջևան քաղաքը:
Տարածքը 2 704 քառ. կմ է:
Բնակչությունը` 124.5 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբ)
Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։
Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:
Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցին է:
Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։
Աշխարհագրություն
Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ):
Ծովի մակարդակին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ` 390մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2 993 մ: Մարզի տարածքը մի մասը գնվում է ցածրադիր գոտում (հիմնականում Բագրատաշենի տարածաշրջան), իսկ մյուս մասը միջին և բարձրադիր գոտիներում, 2000 մ բարձրությունից ավել են գտնվում մարզի ընդհանուր տարածքի5-10%, իսկ ցածրադիր գոտին կազմում է մարզիտարածքի մոտ 15%-ը:
Տավուշի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր.Աղստևը’ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակներով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը ևն: Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է: Այստեղ են գտնվում Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի արհեստական ջրամբարները: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները ևս սահմանային են և մասամբ են օգտագործվում:
Մարզում արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, բազալտը, ֆելզիտը, ցեոլիտը,ոսկին, ածուխը և այլն, որոնցից հիմնականում արդյունահանվում է Նոյեմբերյանի ֆելզիտը, ցեոլիտը, բազալտը, բենտոնիտային փոշին այն էլ ոչ մեծ ծավալներով: Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով, որտեղ կազմակերպված է դրանց արտադրությունը:
Մարզում գոյություն ունեն օգտակար հանածոների պաշարներ, որոնք դեռևս վերջնական ուսումնասիրված չէն, դրանցից են ոսկին, պղինձը, քարածուխը:
Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Տեղումների քանակը տարեկան հասնում է 500-600 մմ-ի: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։
Մարզի ընդհանուր մակերեսի 40.3%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մարզի անտառները կազմում են հանրապետության անտառային տարածքների 38%-ը: Բնության պահպանության, հարստացման և տեղ. պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառ-պուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի արգելավայրերը]:
Տավուշը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Այստեղ առկա են մի շարք սողանքային գոտիներ/Հաղարծին, Գոշ, Հովքում, Վազաշենում, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Այրում, Գանձաքար/, որոնք ազդում են ինչպես մարզի զարգացման, այնպես էլ միջպետական, մարզային ու տեղական նշանակության ավտոճանապարհների բնականոն աշխատանքի վրա:
Բնակչություն
Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:
Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։
Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%), որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%):
Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:
Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք /Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան /
Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 61 բնակավայր
Տավուշի տեսարժան վայրեր
ՀՀ Տավուշի մարզը հարուստ է ինչպես բնական մեծ ժառանգությամբ՝ գեղատեսիլ ձորեր, ջրվեժներ, քարափներ, սարավանդներ, բացատներ, բնական ջրամբարներ, քարայրներ, եզակի ծառատեսակների պուրակներ, տարաշխարհիկ ծառեր և թփեր, այնպես էլ մարզին մի ուրույն գեղեցկություն և գրավչություն հաղորդող անձեռակերտ բնության հրաշալիքներին համահունչ բնակիչների կողմից կերտված պատմաճարտարապետական հուշարձաններով:
Մարզի տարածքում հաշվառված է 1996 պատմամշակութային հուշարձան: Այստեղ հայտնաբերված են տարբեր ժամանակաշրջանների կիկլոպյան ամրոցներ, մասնավորապես մ.թ.ա. V – I հազարամյակների հնավայրեր, կոթողներ (Նոյեմբերյան, Բաղանիս, Ենոքավան, Գանձաքար), միջնադարյան քարանձավային բնակավայր Լաստիվերում, ինչպես նաև վաղ, միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և գերեզմանաքարեր:
Մարզի նշանավոր պատմամշակութային կենտրոններ
Հաղարծին (X – XIII դդ)
Նոր Գետիկի վանքային համալիր (XII-XIII դդ)
Մակարավանք (X-XIII դդ.)
Կապտավանք (XIII դդ.)
Դեղձնուտի վանք (XII-XIII դդ.)
Ջուխտակ վանք (XI-XII դդ.)
Մաթոսավանք (XIII դդ.)
Աղջկաբերդ (XII-XIII դդ.)
Կիրանցի վանքային համալիր (XIII դ)
Սրվեղի վանք (XIII դ)
Մորոձորի վանք (V դ.)
Կողբի միանավ եկեղեցի (VI դ.)
Տվարոսեղցի միանավ եկեղեցի (VI դ.)
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցի (VII դ.)
Նոր Վարագավանք (XII-XIII դդ.),
Կայան բերդ (X դ.)
Տավուշ (X դ.) բերդ
Խորանաշատի վանական համալիր (XIII դ.)
Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը
ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:
Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:
Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):
Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։
Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:
2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 65,3 %-ը: Մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է քան միջին հանրապետական ցուցանիշը, սակայն այդ ցուցանիշը երիտասարդության համար զգալիորեն ավելի բարձր է քան միջին հանրապետական և հարակից մարզերի ցուցանիշը։ Աղքատության մակարդակը մարզի բնակչության 35,3 % է:
Մարզի առողջապահական համակարգում գործում են 29 բուժհաստատություններ՝ 4 բժշկական կենտրոն 3 առողջության կենտրոն , 22 առողջության առաջնային պահպանման կենտրոններ: Գործում են նաև 3 մասնավոր բուժհաստատություններ:
Գործում է 81 հանրակրթական ուսումնական հաստատություն, 59 նախակրթական հաստատություն, 5 պետական քոլեջ և 31 արհեստագործական ուսումնարան, արվեստի 1 պետական քոլեջ /նախարարության ենթակայությամբ/, 11 երաժշտական, գեղարվեստի և արվեստի 5 դպրոց, 2 մարզա-մշակութային կենտրոն:
Տավուշի մարզում է պետական ԲՈՒՀ-երի 2 մասնաճյուղ՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղը:
Մարզում առկա է 32 մշակույթի տուն և ակումբ, 1 մարզային և 40 քաղաքային ու գյուղական գրադարան, 4 զբոսայգի, 1 մշակույթի և ժամանցի կենտրոն /«Ավանդույթ»/, 2 պատկերասրահ /Իջևան, Դիլիջան/, 1 ժողովրդական թատրոն /Նոյեմբերյան/, 4 ժողովրդական նվագարանների համույթ, 4 թանգարան:
Տրանսպորտ և կապ
Տավուշի մարզով են անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:
Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է, մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ:
Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:
Մարզում առկա է Այգեպարի և Բագրատաշենի օդանավակայանները, որոնք չեն գործում:
Մարզի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից: Բնակավայրերը 100 տոկոսով ապահովված են բջջային և ինտերնետ ծածկույթով /օպտիկամանրաթելային և եթերային – շարժական/: Ինտերնետից ակտիվ օգտվողների քանակությունը կազմում է մարզի բնակչության շուրջ 50%-ը: Լարային հեռախոսակապով ապահովված են մարզի 62 բնակավայրերը: Մարզի 49 բնակավայրերում գործում է “Հայփոստ” ՓԲԸ –ի 54 բաժանմունքներ, ապահովելով մարզի բնակավայրերի 100% ծածկույթը:
30 թվային կայանները եթերային հեռուստահաղորդումներով ապահովում են մարզի բնակավայրերի 98 % ծածկույթը: Հեռարձակվում է թվային 8 ծրագիր, ինչպես նաև մարզային “Տավուշ TV” և “Իջևան TV” տեղական ծրագրերը: Մարզի ամբողջ տարածքը ընդգրկվել է թվային հեռուստահաղորդումների ծածկույթում: Հեռարձակվում է նաև “Հանրային ռադիոն”, որը հասանելի է մարզի բոլոր բնակավայրերում:
Հեռախոսային կոդեր՝
Դիլիջան 268
Հաղարծին 268 95
Թեղուտ 268 97
Այգեհովիտ 263 74
Իջևան 263
Աչաջուր 263 92
Ոսկեպար 266 96
Նոյեմբերյան 266
Կողբ 266 5
Կոթի 266 99
Մոսեսգեղ 267 96
Նավուր 267 91
Բերդ 267
Նորաշեն 267 97
Փոստային ինդեքսներ — 3901–4216
Տավուշի մարզպետարան
Հասցե՝ ՀՀ ք.Իջեւան Սահմանադրության 1
էլ հասցե՝ tavush.mtad.am
էլ փոստ՝ tavush@mta.gov.am
Հեռ./ֆաքս` (+374 263) 4-23-56 / (+374 263) 4-00-45