Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում: Դեկտեմբերի 5-ին և 6-ին Արամ Մխիթարյանի բեմադրությամբ կներկայացվի Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք Դիակ» մեկ գործողությամբ կատակերգությունը:
Բեմադրիչը խոստովանել է, որ ծանոթ չէ Սեմիրջյանի նախկինում բեմադրած գործերին և ընտրել է այս թատերգությունը, համոզված լինելով, որ այն հանդիսատեսին դուր կգա:
“Բեմադրված է ժամանակակից ոճով, ժամանակակից պարերով ու ռիթմերով: Ի՞նչ է կատարվում այսօր մեր շրջապատում, լինի թաղում, թե հարսանիք. սրա մասին է ներկայացումը, այսինքն՝ իրականությունը մենք բերել ենք բեմ: Նպատակը, ուղերձը ուրախություն պարգևելն է հանդիսատեսին: Մեկ—մեկուկես ժամ հանդիսատեսը կազատվի առօրյա հոգսերից, կզգա թատրոնի շունչը և կապրի այս ներկայացումով”,- վստահեցրեց նա:
Ըստ սցենարի, երկու մանկության ընկերուհիները` Մագդալենան և Թամարան, որոշում են իրենց սիրելի ընկերուհու Ռոզիի համար անակնկալ պատրաստել հենց վերջինիս ծննդյան օրը: Նրա բնակարանը տոնական զարդարում են և սպասում հոբելյարին: Իրադարձությունների շղթան գլխիվայր շուռ է գալիս, երբ սարսափած ու վախից քարացած ներս է մտնում հոբելյարը և աղջիկներին ասում, որ մեքենայի տակ մարդ է գցել: Ծննդյան ուրախ և գունավոր տրամադրությունն ու երիտասարդ ենթադրյալ հանգուցյալը բախվում են իրար:
Դերերում խաղւմ են Ալլա Դարբինյան , Նոնա Սաֆարյան, Տաթև Պետրոսյան, Էդգար Բարսեղյան, Վահրամ Խառատյան (Հակոբ Դեմիրճյան), Թաթուլ Բոստանչյան (Արամ Մխիթարյան, Թինա Գալոյան): Երաժշտական ձևավորումը Սեդրակ Զարգարյանին է:
Նշենք, որ այս տարի թատրոնի խաղացանկը համալրել էին նաև «Վարազդատ», «Սմբակներ», «Սե՞ր, թե՞ քուանշ», «Ես միայն զանգահարելու եմ եկել», «Անուշ» ներկայացումները: