Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում գտնվող Սյունիքի մարզն ամենահարուստն է օգտակար հանածոներով: Այն զբաղեցնում է ՀՀ տարածքի 15.1%-ը, իր մեջ ընդգրկում է Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրու վարչական շրջանների տարածքները: Մարզկենտրոնն է Կապան քաղաքը:
Տարածքը 4 506 քառ. կմ է
Բնակչությունը` 138.9 հազար մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ)
Սյունիքի մարզը կազմավորվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ին:
Անցյալում հայտնի է եղել երկու անունով՝ Սյունիք և Սիսական: 1813թ. Գյուլիստանի պայմանագրով Սյունիքի մի զգալի մասը, իսկ 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով երկրամասը ամբողջությամբ անցավ Ռուսաստանի տիրապետության տակ:
1918-1920 թթ Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Մինչև 1921թ. Սյունիք-Զանգեզուրում ժողովրդական զանգվածները և ռազմական ուժերը անհավասար կռիվ էին մղում թուրք-մուսուլմանական ուժերի և բոլշևիկյան Ադրբեջանի դեմ:
1920-ին Գարեգին Նժդեհի գլխավորությամբ հռչակվել է Ինքնավար Սյունիքը, 1921-ի ապրիլին’ Լեռնահայաստանի Հանրապետությունը’ Գորիս կենտրոնով:
Խորհրդային իշխանության հաստատումից հետո 1921թ. օգոստոսին կազմակերպվեց Զանգեզուրի գավառը Գորիս կենտրոնով: ՀՍԽՀ տարիներին այստեղ էին Գորիսի (1930-ից), Սիսիանի (1930-ից),, Ղափանի (1930-ից) ևՄեղրու (1930-ից), շրջանները:
Մարզը ներառված է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի կազմում (առաջնորդանիստը Գորիս քաղաքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է:
Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին (Նախիջանի մարզ), հարավից՝ Իրանին, արևելքից՝ Արցախի Հանրապետությանը: Հյուսիսից այն սահմանակից է ՀՀ Վայոց Ձորի մարզին:
Աշխարհագրություն
ՀՀ Սյունիքի մարզը զբաղեցնում է Զանգեզուր բնաշխարհի տարածքը, որը ներառում է Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների ավազանը և Զանգեզուրի՝ Մեծ Կովկասից հետո Հարավային Կովկասում ամենաբարձր լեռնաշղթայի, արևելյան լանջերը։
Զանգեզուրի լեռնաշղթայից ճյուղավորվում և տարածքն արևմուտքից արևելք հատում են Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները: Հարավ-արևելքում է Խուստուփ-Կատար լեռնաշղթան (Խուստուփ լեռնագագաթ, 3202 մ), հյուսիս- արևելքում’ Սյունիքի բարձրավանդակը, Անգեղակոթի, Եռաբլրի և Գորիսի սարավանդները, Ողջիի միջին հոսանքում’ Կապանի գոգավորությունը: Մարզը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։
Մարզի ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է (3 906 մ), իսկ ամենացածր վայրը՝ Մեղրու կիրճը (Արաքսի հովիտ 380մ)։ Հյուսիսում են Որոտանի (2344 մ) և Սիսիանի (2345 մ) լեռնանցքները, հվ-ում’ պլուտոն ներժայթուքը, որով պայմանավորված է օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, ոսկի, երկաթ, բազալտ, կրաքար, այրվող թերթաքարեր, մարմար, գրանիտ, պեռլիտ ևն) պաշարների բազմազանությունը:
Սյունիքն օգտակար հանածոներով Հանրապետության ամենահարուստ մարզն է։ Հանրահայտ են Քաջարանի, Կապանի, Ագարակի, Դաստակերտի, Լիճքի, Սվարանցի մոլիբդենի, պղնձի, ոսկու և հազվագյուտ այլ մետաղների հանքավայրերը, որոնցից շահագործվում են Քաջարանի, Կապանի, Ագարակի, Լիճքի հանքավայրերը: Զգալի են բազալտի, մարմարի, կրի, կավի պաշարները, հիդրոէներգետիկ մեծ ռեսուրսներ, հողեր, հարուստ անտառներ և ալպյան մարգագետիններ։
Մարզում կան շուրջ 170 մեծ և փոքր գետեր, որոնցից առավել խոշորներն են Որոտանը, Ողջին և Մեղրիգետը: Մարզի ջրամբարներն են Սպանդարյանի (ջրատարողությունը՝ 257 միլիոն մլն խոր.մ), Տոլորսի (96, 8 միլիոն մլն խոր,մ), Շամբի(13, 6 միլիոն մլն խոր.մ), Անգեղակոթի (3.4մլն խոր.մ) և Գեղիի (15 միլիոն մլն խոր.մ) ջրամբարները:
Սյունիքի մարզում, ըստ բարձունքային գոտիականության, հերթափոխվում են Հանրապետության տարածքին բնորոշ կլիմայի գրեթե բոլոր տեսակները՝ չոր մերձարևադարձային, չափավոր տաք, բարեխառն, ցուրտ լեռնային և ձյունամերձ։ Սյունիքում է գտնվում Հանրապետության ամենատաք վայրը՝ Մեղրու ցածրադիր գոտին։ Արևափայլքի տարեկան տևողությունը տատանվում է 2120 ժամից (Գորիս) մինչև 2700 ժամի (Մեղրի) սահմաններում։ Տարվա ամպամած օրերի միջին թիվը կազմում է 40 օր։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին 0.9 ՛C-ից (Մեղրի) – 9.8 ՛C է (Գորայք), հուլիս-օգոստոսին՝ 13.9-25.4՛C։
Տեղումների տարեկան քանակը տատանվում է 161 մմ (Մեղրի) մինչև 826 մմ (Սիսիանի լեռնանցք)։ Տեղումների առավելագույն մասը դիտվում է մայիսին, նվազագույնը՝ օգոստոսին։
Մարզի շուրջ 20 %-ն անտառածածկ է: Բնական հուշարձաններից հայտնի են Գորիսի և Խնձորեսկի «բուրգերն» ու քարայրերը, Շաքիի ջրվեժը (18մ)` Փոքր Կովկասի ամենաբարձր ջրվեժը, Որոտանի և Ողջիի կիրճերը, «Սատանի կամուրջը», Ծավի` աշխարհի ամենամեծ բնական սոսիների ռելիկտային պուրակը (60 հա), Շիկահողի արգելոցը, «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը, «Արևիք» ազգային պարկը, Մթնաձորի անտառը։
Բնակչություն
ՀՀ Սյունիքի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը: Այստեղ բնակվում է շուրջ 138.9 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.6 %-ը: Բնակչության խտությունը կազմում է 31 մարդ/1 քառ.կմ:
Մարզի քաղաքային բնակչությունը՝ 7 քաղաքներով, կազմում է 93.9հազար մարդ կամ 67.6 %: Գյուղական բնակչությունը կազմում է 45.0 հազար մարդ կամ 32.4%:
Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության նկատմամբ` 49,07%, իսկ կանայք` 50,93%-ը: Մարզի բնակչության մեջ գերակշռում են մինչ 15 տարեկան տարիքային խումբը (19,60%): 63-ից ավել անձիք կազմում են բնակչության 13,08%-ը, ինչը բարձր է ՀՀ ընդհանուր միջին ցուցանիշից:
Բնակչության 41.1% կենտրոնացած է Կապանի, 29.3%՝Գորիսի, 21,5%՝ Սիսիանի , 7.8%՝ Մեղրիի տարածաշրջաններում: Բացի այդ Կապանի և Մեղրու տարածաշրջաններում առկա հանքարդյունաբերության և դրանց արբանյակ ձեռնարկություններով պայմանավորված քաղաքաբնակները համապատասխանաբար կազմում են բնակչության 86.2%-ը և 79.8%-ը, իսկ Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում այդ հարաբերակցությունը համարյա հավասար է և քաղաքաբնակներ-գյուղաբնակներ հարաբերակցությունը համապատասխանաբար կազմում է` 49.6% – 50.4%-ը և 50.1% – 49.9%-ը։ Այս տարածաշրջաններում քիչ են արդյունաբերական ձեռնարկությունները, ազգաբնակչությունը զբաղվում է հիմնական գյուղատնտեսությամբ։
Մարզի մշտական բնակչության 99,9% կազմում են հայերը: Սյունիքի մարզում ազգային փոքրամասնություններով բնակեցված կոմպակտ բնակավայրեր չկան: Այստեղ բնակվում են ռուսներ, ուկրաինացիներ և այլ ազգեր (0.1 %):
Քաղաքային համայնքների թիվը` 7 համայնք /Կապան, Ագարակ, Գորիս, Դաստակերտ, Մեղրի, Սիսիան, Քաջարան/
Գյուղական համայնքների թիվը` 65 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 127 բնակավայր
Սյունիքի տեսարժան վայրեր
Մարզի զբոսաշրջային ներուժը ներկայացված է Սյունիքի հարուստ, գեղատեսիլ և առողջարար բնությամբ, անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով, բնության հուշարձաններով, բուժիչ ջրաղբյուրներով և ենթակառուցվածքներով։
Սյունիքի մարզը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Մարզում գրանցված են շուրջ 2812 պահպանվող պատմամշակութային հուշարձան:
Պահպանվել են հնագույն ժայռապատկերներ մեգալիթյան կառույցներ, դամբարանադաշտեր, մենհիրներ, բնակատեղիներ (մ.թ.ա. X-I հազաչամյակներ, Ուզ, Նորավան, Սիսիան, Սառնակունք, Հարժիս), (Ուզ, Նորավան, Սիսիան, Սառնակունք, Հարժիս): Մասկավորապես հայտնի պատմամշակութային օբյեկտներից են Սիսիան քաղաքից հյուսիս՝ մ. թ. ա. III-II հազարամյակների մեգալիթյան «Զորաց դաշտ» համալիրը (նոր հետազոտություններով’ «Քարահունջ» աստղադիտարան, մ. թ. ա. VII հազարամյակ), քարայրային բնակարաններ (Գորիս, Խնձորեսկ):
Պատմամշակութային հուշարձանների մեջ հայտնիներից են Աղիտուի դամբարանային հուշարձանը (V-VI դդ.), Կուլձորի քարայրը. Սիսիանի նեոլիթի ժամանակաշրջանի դամբարանաբլուրը,Հարժիսի կարավանատունը (XIV դ.), Խնձորեսկի անապատում է Մխիթար Սպարապետի գերեզմանը: Զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցավ Տաթևի ճոպանողու գործադումը 2010 թվականին:
Մարզի նշանավոր պատմամշակութային կենտրոններ
Հալիձորի բերդ (XVII-XVIII դդ.)
Որոտնաբերդ (XVII-XVIII դդ.)
Տաթևի վանք (IX-XIX դդ.)
Որոտնավանք (X-XI դդ.),
Բղենու վանք (XI դ.)
Վահանավանք (X դ.),
Երիցվանք (V-XI դդ.)
Աղիտուի դամբարանային կոթող
Բաղաբերդ (III-IV դդ.),
Զորաց քարեր
Շինուհայրի Կուսանաց անապատի վանքը
Թանահատի վանք (V դ.)
Տանձափարախի անապատ (XVII դ.)
Հին Խնձորեսկ
Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը
Գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով հանրապետության ամենախոշոր վարչական ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես թույլ յուրացված:
Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են: Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այստեղ արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին: Մարզում առկա է էլեկտրաէներգիայի բաշխման զարգացած ցանց, որը միացված է նաև ԻԻՀ-ը և Արցախին:
Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես` հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն) և անասնաբուծության (մասնավորապես` խոշոր եղջերավոր անասունների բուծում) մեջ:
Արդյունաբերությունը հիմնականում զարգացած է Կապանի և Մեղրու տարածաշրջաններում, իսկ գյուղատնտեսությունը՝ Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում: Մեղրիում զարգացած է նաև պտղաբուծությունը:
Մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 68.3%-ը, գործազրկության մակարդակը՝ 15.7% է: Հատկանշական է, որ զարգացած լեռնահանքային արդյունաբերություն ունեցող Սյունիքում տղամարդկանց գործազրկության մակարդակը (18%), բարձր է ՀՀ ցուցանիշից (17.6%): Աղքատության մակարդակը մարզի բնակչության 24% է:
Մարզում գործում է 53 նախադպրոցական, 170 հանրակրթական ուսումնական հաստատություն. 17 երաժշտական, արվեստի, գեղարվեստիի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, պետական բուհի 2 մասնաճյուղ և ոչ պետական. բուհ, 4 նախնական և 8 միջին մասնագիտական հաստատություններ, 18 ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ:
Սյունիքի մարզում գործում են 2 թատրոն, 4 թանգարան, 129 գրադարան, «Սոսի» մարզային հեռուստաընկերությունը, հրատարակվում է «Սյունյաց աշխարհ» մարզային պաշտոնաթերթը:
Տրանսպորտ և կապ
Մարզի տարածքով անցնում Երևան-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետություն միջպետական ճանապարհը, որին Գորիս քաղաքին մոտ միանում է ՀՀ-ն Արցախին կապող հիմնական ճանապարհը:
Գործող օդանավակայաններ չկան, նախկինում օդանավակայաններ էին գործում Կապան, Սիսիան, Գորիս, Մեղրի քաղաքներում, նախատեսվում է փոքր ավիացիայի միջոցով վերագործարկել Կապանի օդանավակայանը:
Մարզի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից: Բնակավայրերը 98 տոկոսով ապահովված են ինտերնետ ծածկույթով /օպտիկամանրաթելային և եթերային – շարժական/: Ինտերնետի որակը հիմնականում բավարար է: Լարային հեռախոսակապով ապահովված են մարզի բնակավայրերի 85 տոկոսը:
ՀՀ Սյունիքի մարզում եթերային հեռուստահաղորդումներով ապահոված է բնակավայրերի 90%-ը: Հեռարձակվում է թվային 8 ծրագիր, ինչպես նաև մարզային “Սոսի TV” և Կապանում՝ կաբելային “Խուստուփ TV” տեղական ծրագրերը: Մարզի ամբողջ տարածքը ընդգրկվել է թվային հեռուստահաղորդումների ծածկույթում: Հեռարձակվում է նաև “Հանրային ռադիոն”, որը հասանելի է մարզի բոլոր բնակավայրերում:
Հեռախոսային կոդեր՝
Բարձրավան 284
Տաթև 284
Քարաշեն 284
Քարահունջ 284
Խնածախ 284
Շինուայր 284
Շուռնուխ 284
Խնձորեսկ 284
Կոռնիձոր 284
Տեղ 284
Գորիս 284
Վերիշեն 284 27
Որոտան 284
Քաջարան 285
Կապան 285
Մեղրի 286
Ագարակ 286
Շվանիձոր 286 95
Սիսիան 283
Թասիկ 283 75
Փոստային ինդեքսներ ՝
2601 – 3030
Սյունիքի մարզպետարան
Հասցե՝ ք.Կապան, Գ. Նժդեհի 1
էլ հասցե՝ http://syunik.mtad.am
էլ փոստ՝ syunik@mta.gov.am
Հեռ.՝ (+374 60) 517822,
(+374 285) 4 4291
Ֆաքս` (+374 60) 517830