Ավետիսի օրը, որը Հայաստանյաց Առաքելական եկեղոեցին նշում է ապրիլի 7-ին, տեղի է ունեցել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը:
Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, որից հետո իր ձեռամբ մատուցել է առաջին պատարագը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն իր օրհնանքի և հանրապետական մաղթանքն է հղել համայն հայությանը:
«Արցախի գողտրիկ երկրամասում վեր խոյացած հայոց հավատքի նոր վկայականի հիմնարկեքը մենք կատարեցինք 2006 թվականին՝ հավատով, որ Աստված միշտ մեզ հետ է, և ձեռքբերումներ ու հաղթանակներ է պարգևում մեր բոլոր բարի ձգտումների համար: Մեր ժողովրդի ժառանգած ջանքերով վեր խոյացած այս եկեղեցին Աստծո օրհնությամբ և շնորհով նոր ղողանջը պիտի դառնա մեր հավատքի ու հաղթական ոգու, նաև ազդարարողն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի անօտարելի իրավունքին, ինչպես նաև մեր քրիստոնեկան հավատքի ու ազգային ինքնության անխորտակելի շաղկապվածության»,- մասնավորապես ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով՝ իրենք Արցախում են վերստին վկայելու, որ հակառակ բոլոր դժվարություններին, պարտադրված պատերազմներին, ավերին ու կոտորածին, անհնար է ընկճել հայի հավատքն ու ոգին, քանզի Աստված հայի հետ է:
Դիմելով Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին՝ Գարեգին Բ-ն մասնավորապես ասել է. «Տարիներ շարունակ ջանք ու եռանդ չեք խնայել Արցախի հոգևոր կյանքի զարթոնքի և զորացման համար, ինչպես և Արցախի սրտում այս եկեղեցու կառուցման նվիրական գործն ավարտին հասցնելու համար: Թող Աստված շնորհի Ձեզ քաջ առողջություն, օրհնություններ,ամենայն բարին: Այս նվիրական և աստվածահաճո գործի իրականացման համար մեր գնահատանքն ենք հայտնում նաև Արցախի իշխանություններին, հայրենանվեր հովանավորներին,որոնց օգնությամբ և օժանդակությամբ իր դռները բացեց Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը»:
Արարողությանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է նվիրել եպիսկոպոսական պանակե (կրծքի զարդ է՝ ձվաձև մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ), իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարին՝ Սուրբ ծննդյան տեսարանով սրբապատկեր:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր տաճարի կառուցման առաջին բարերար լուսահոգի Հրանտ Վարդանյանի երկու որդիներին՝ Կարեն և Միքայել Վարդանյաններին, շնորհել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին է հանձնել 17-րդ դարի սկիհ (Փոքր նստուկով, բարձր պատվանդանով և կափարիչով արծաթյա եկեղեցական անոթ, որի մեջ լցնում են գինի՝ Պատարագի ժամանակ նվիրագործելու համար):
Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցու շինության բարձրությունը 41 մետր է, իսկ գմբեթին ամրացված խաչի բարձրությունը 3 մետր: Ճարտարապետական առումով տաճարը եռաստիճանությամբ պատկանում է կենտրոնագմբեթ եկեղեցիների՝ Զվարթնոցիմիջնադարյան եկեղեցիների տեսակին:
Մայրաքաղաքում Մայր տաճար ունենալը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գաղափարն է, որն արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հավանությանն ու նա է հաստատել կառույցի նախագիծը, իսկ 2006-ին հուլիսի 19-ին՝ Պայծառակերպության օրը, օծել էր եկեղեցու հիմքերը: Եկեղեցու կառուցման համար միջոցներ են տրամադրել տարբեր բարերարներ: Իսկ առաջին արձագանքողը եղել է հայտնի գործարար, լուսահոգի Հրանտ Վարդանյանը, ում գործը շարունակել են իր որդիները: Կարեն և Միքայել Վարդանյանների ընտանիքը շինարարության համար ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ: