Հայաստանի խորհրդայնացումից հետո նոր հնարավորություններ են ստեղծվում երաժշտական մշակույթի զարգացման համար` բացվում են նոր ստուդիաներ, երաժշտական դպրոցներ, օպերա, կոնսերվատորիա, այլ հաստատություններ: Միաժամանակ` երաժշտությունը դառնում է իշխող վարչակարգի կարևորագույն գաղափաչական գործիքներից մեկը, ծառայեցվում զանգվածների մոտ համապատասխան բարոյա-հոգեբանական մթնոլորտ ձևավորման համար: Բայց գաղափարական բեռվածությունը չի խանգարում հայկական երաժշտական մշակույթի ավանդույթների էլ ավելի ամրապնդմանը և զարգացմանը: Հանդես են գալիս ավանդականն ու արդիականը սինթեզող աշխարհահռչակ ստեղծագործություններ:
Դեռ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին նորանկախ հայրենիք են եղել նշանավոր կոմպոզիտորներ, կատարողներ, երաժշտական գործիչներ:
Երաժշտական արվեստը 1920-30-ականներին
1921-ին Երևանում բացվել է երաժշտական ստուդիա, որի հիման վրա 1923-ին ստեղծվել է կոնսերվատորիան։ Շուտով կոնսերվատորիային կից ստեղծվել են սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ։ Այդ ժամանակ էլ կազմակերպվել են ժողովրդական և գուսանական երաժշտությունը պրոպագանդող կոլեկտիվներ, այդ թվում՝ 1926-ին՝ ժողգործիքների անսամբլ, կամերային անսամբլներ, որոնցթվում՝ Կոմիտասի անվան կվարտետը (1925թ), երաժշտական հրատարակչություն, երաժշտական ռադիոհաղորդումներ։ Կազմակերպված բնույթ է ստացել համերգային կյանքը, որը ներառել է տեղացի և հյուրախաղերի ժամանած ականավոր երաժիշտ կատարողների ելույթներ։ 1925-ին Լենինականում (Գյումրի) բացվել է երաժշտական ստուդիա, 1929-ին Երևանում՝ երաժշտական դպրոց (հետագայում՝ Ա․ Մպենդիարյանի անվան)։
Սովետահայ երաժշտությունն առաջին իսկ տարիներից հանդես է եկել որպես անցյալի ազգային երաժշտական մշակույթի առաջադիմական ավանդույթների շարունակող։ Ցուրօրինակ կապող օղակ է հանդիսացել այն կոմպոզիտորների գործունեությունը, որոնք, ստեղծագործական ասպարեզ իջնելով դեռևս XIX դարի վերջում, ակտիվորեն մասնակցել են Հայաստանի նոր երաժշտական արվեստի զարգացման գործին։ Հատկապես մեծ է Ա․ Սպենդիարյանի դերը, որը 1924-ին տեղափոխվեց Երևան։ Սովետական շրջանում նրա ստեղծագործությունը ներառնում է տարբեր ժանրեր, ինչի շնորհիվ նրա հայտնագործած երաժշտական արտահայտչամիջոցները վճռական նշանակություն են ունեցել հայկական սիմֆոնիզմի ինքնատիպ ազգային ոճի հաստատման գործում:
Ազգային ինքնատիպությամբ են առանձնանում Ռ․ Մելիքյանի «վոկալ ցիկլերը» որոնք եզրափակում են հայկական դասական ռոմանսի ձևավորման շրջանը։ Ազգային սյուժեով ծրագրային սիմֆոնիկ առաջին երկերն է գրել Ա․ Տեր–Ղևոնդյանը: Ս․ Բարխուդարյանի նրբակերտ մանրանվագները զգալիորեն հարստացրել են հայկական դաշնամուրային երաժշտությունը, հաստատուն տեղ գրավել համերգային և, հատկապես, մանկավարժական երկացանկում։ Մուղամների սիմֆոնիզացման հաջող փորձեր է կատարել Ն․ Տիգրանյանը:
1930-ական թթ․ ստեղծվել են երաժշտական մշակույթի նոր կենտրոններ։ «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ 1933-ին բացվել է Երևանի օպերային թատրոնը (1939-ից՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, 1956-ից՝ ակադեմիական)։ Ազգային օպերային խաղացանկի ստեղծման գործում կարևոր նշանակություն ուներ նաև նոր, ընդարձակված և վերամշակված խմբագրությամբ Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունը (1935):
Երաժշտական կարևոր կենտրոն է դառնում Հայկական ֆիլհարմոնիան (1932)։ Սիստեմատիկ բնույթ են ստանում սիմֆոնիկ համերգները, ստեղծվում են երաժշտական նոր կոլեկտիվներ․ Հայկական ժողովրդական երգի–պարի անսամբլը (1938թ), Հայաստանի պետական էստրադային նվագախումբը (1938թ), Սայաթ–Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլը (1938թ)։
1930-ական թթ․ երաժշտական ստեղծագործության մեջ նոր փուլ էր՝ կապված առաջատար ժանրերում սովետական թեմատիկայի, ժամանակակից կերպարների, ժողովրդի մտքերի և զգացմունքների նոր համակարգի հաստատման հետ։ Այդ տարիներին ստեղծագործական ասպարեզ է իջել տաղանդավոր կոմպոզիտորների երիտասարդ սերունդ՝ Ա․ Խաչատրյան, Հ․ Ստեփանյան, Լ․ Խոջա–Էյնաթով, Կ․ Զաքարյան, Ա․ Սաթյան, Վ․ Տալյան, Ա, Այվազյան և ուրիշներ։
1932-ին կազմակերպվել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ Սովետական երաժշտության խոշորագույն երևույթներից է Ա․ Խաչատրյանի արվեստը։ 1930-ական թթ․ նրա առաջին ստեղծագործությունները լայն ճանաչման արժանացան, նա դասվեց ժամանակակից խոշորագույն կոմպոզիտորների շարքը։ Խաչատրյանը հայկական երաժշտությունը հարստացրել է նոր բովանդակությամբ, նշանակալիորեն ընդլայնել ժանրերի սահմանները, ստեղծել ազգային առաջին բալետը, առաջին սիմֆոնիան, առաջին գործիքային կոնցերտները։ Համարձակ և խորապես ստեղծագործական էր կոմպոզիտորի վերաբերմունքը ժողովրդական երաժշտության նկատմամբ։ Իր ստեղծագործություններում նա չի ձգտել պահպանել ժողովրդական մեղեդիների անձեռնմխելիությունը։ Դրանք կոմպոզիտորի համար իր ստեղծագործական մտահղացումները, արդիականության հուզող գաղափարներն արտահայտելու միջոց էին։
Երաժշտական թատրոնի բնագավառում հաջողությամբ է ընթացել Հ․ Ստեփանյանի գործունեությունը։ «Սասունցի Դավիթ» էպիկական օպերայում (1936) ստեղծագործորեն միավորվել են հին գուսանական և հոգևոր երաժշտության տարրերը։ Մասսայական երգը հետագա զարգացում է ստացել Մ․ Միրզայանի, Կ․ Զաքարյանի, Մ․ Մազմանյանի, Վ․ Տալյանի, է․ Կզարթմյանի, Ա․ Սաթյանի, Ա․ Այվազյանի ստեղծագործության մեջ։ Նոր ռոմանսների ստեղծման հաջողությունները կապված են Հ․ Ստեփանյանի ստեղծագործության հետ։ Մեծ ուշադրություն է դարձվել ժողովրդականերգերի խմբերգային մշակումներին ։ Երևան են եկել կամերային անսամբլների համար գրված առաջին ստեղծագործությունները:
Երաժշտական արվեստը ՀՄՊ տարիներին
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, չնայած ծանր պայմաններին, Հայաստանում համերգային և երաժշտական մշակութային կյանքը չի ընդհատվել։ Ինչպես և գրականությունը, երաժշտությունը դարձավ հայրենասիրության, խաղաղասիրության գաղափարական լրջագույն քարոզչամիջոց: Ստեղծվում են մարտիկի ուժը, խիսախությունը գովերգով ստեղծագործություններ, վերամշալման են ենթարկվում եղածները, մանսավորապես` ժողովրդական ծագման:
Ակտիվ գործունեություն է ունեցել օպերայի և բալետի թատրոնը, որը պատրաստել է մի շարք նշանակալից ներկայացումներ՝ Գլինկայի «Իվան Սուսանին», Հաջիբեկովի «Քյոռ Օղլի», Վերդիի «Օթելլո» (երեքն էլ՝ բեմ․1942), Փալիաշվիլու «Դաիսի» (բեմ․ 1943) օպերաները, Սպենդիարյանի երաժշտությամբ «Խանդութ» բալետը (բեմ․ 1945)։ Կարևոր իրադարձություն էր հայկական․ առաջին օպերայի՝ Տ․ Չուխաճյանի «Արշակ Բ»-ի բեմադրությունը (1945)։
1942-ին երևանում բացվել է Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, որը մեծ դեր է կատարել օպերետի մասսայական ժանրի զարգացման գործում։ Սովետահայ առաջին՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմ․ 1944), «Երջանիկ օր» (բեմ․ 1945), «Քաջ Նազար» (բեմ․ 1948) և այլ օպերետների հեղինակը Ա․ Այվազյանն է։ Այդ ժանրի հետագա հաջողությունները կապված են Վ․ Տիգրանյանի («Մեծ հարսանիք», բեմ․ 1946), Վ․ Կոտոյանի, Ս․ Զրբաշյանի ստեղծագործության հետ։
Պատերազմի տարիներին աճել է երգային ստեղծագործության նշանակությունը։ Լայն ճանաչում գտավ Ա․ Սաթյանի «Մարտիկի երգը»։ 1944-ին ստեղծվեց Հայկական ՍՍՀ պետական հիմնը (խոսք՝ Սարմենի, երաժշտություն՝ Ա․ Խաչատրյանի)։ Խոր և բազմազան մարմնավորում է գտել սովետական հայրենասիրության թեման սիմֆոնիկ ժանրի ստեղծագործություններում։ 1942թ. լույս է տեսնում «Գայանե» բալետը:
Ազգային օպերային արվեստի բնագավառում լայնորեն մշակվել է պատմա–հերոսական թեման՝ Հ․ Ստեփանյանի «Նունե» (1947), Կ․ Զաքարյանի «Աղասի» (1954), Վ․ Արարատյանի «Գագիկ արքա» օպերաները։ Այդ տարիներին է ստեղծվել Ա․ Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան (բեմ․ 1950), որը հաստատուն տեղ է գրավել ազգային օպերային խաղացանկում։ Քնարադրամատիկ ժանրով է գրված Լ․ Խոջա– Էյնաթովի «Նամուս» օպերան (բեմ․ 1945)։
Երաժշտական արվեստը 1960-80-ականներին
Հետպատերազմյան տարիներին որակապես նոր աստիճանի է բարձրացել կատարողական արվեստը, ստեղծվել են թե դասական, թե էստրադային, ջազ, այլ ոլորտների բազմաբնույթ ստեղծագործություններ: Թեև գաղափարական ներգործությունը դեռ ուժեղ էր, այնուամենայնիվ` հայկական երաժշտությունը պահպանում է իր դարավոր ժողովրդական ավանդույթները` համադրելով դրանք արդիականության նոր շնչի հետ: Ծաղկում են ապրում նաև երաժշտական հիմնարկները, ուսումնական հաստատությունները:
Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի վերաստեղծման գործում մեծ աշխատանք է տարել դիրիժոր Մ․ Մալունցյանը։ Նվագախմբի գործունեության նոր վերելքին նպաստել է Գ․ Խանջյանը, որը մեծ տեղ է հատկացրել ժամանակակից երաժշտությանը, ազգային նվագացանկի ընդլայնմանը։ Հայաստանի պետական երգչախմբի (կապելլա) կատարողական արվեստի առաջընթացում մեծ է Ա․ Տեր–Հովհաննիսյանի, այնուհետև Հ․ Չեքիջյանի ներդրումը, որը նոր թափ է հաղորդել երգչախմբի գործունեությանը, ընդլայնել նրա երկացանկը, այն դարձրել ԽՍՀՄ լավագույն կոլեկտիվներից մեկը։
Աշխարհի շատ երկրներում ունկնդիրների ճանաչմանն է արժանացել Կոմիտասի անվան կվարտետի արվեստը։ Միևնույն ժամանակ ստեղծվել են կատարողական մի շարք նոր կոլեկտիվներ․ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը , Հայաստանի երգչախմբային ընկերության Ա․ Տեր–Հովհաննիսյանի անվան երգչախումբը , որոնք նշանակալից չափով ընդլայնել են հայկական սիմֆոնիկ և խմբերգային երաժշտության պրոպագանդման հնարավորությունները։ Կազմակերպվել են Հայֆիլհարմոնիայի կամերային անսամբլը, Երևանի կամերային նվագախումբը։ Դրանց ծնունդը համընկավ ժամանակին բնորոշ միտումներից մեկի՝ հնագույն (նախադասական և վաղ դասական) երաժշտության նկատմամբ կենդանի հետաքրքրության առաջացման հետ, ինչպես և խթանեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունը նոր՝ կամերային նվագախմբի համար գրվող երաժշտության բնագավառում։ Ճանաչման է արժանացել Հեռուստատեսության և ռադիոյի ջութակահարների անսամբլը։