Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Հայաստանում ևս ծավալվել է տնտեսության վերականգնման բուռն գործընթացը, որը ուղեկցվել էր սփյուռքից հայրենադարձության հզոր ալիքով: Ձևավորվել ու զարգացել են ծանր արդյունաբերության նոր ճյուղեր: Ծաղկում է ապրում հայկական մշակույթը:
Անհատի պաշտամունքի քննադատությունից հետո Հայաստանում ևս աշխուժանում է հասարակական-քաղաքական կյանքը:1960-ական թթ-ին Հայաստանում ստեղծվել են ընդհատակյա կազմակերպություններ: Սակայն այդ գործընթացը 1980-ական թվականներին ոչ միայն կանգ է առնում, այլև երկիրը թևակոխում է խոր լճացման ժամանակաշրջան:
Տնտեսություն
Հայրենական մեծ պատերազմից հետո անհրաժեշտ էր վերափոխել երկրի տնտեսությունը’ խաղաղ ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան: Խնդիր է դրվել մինչև 1950-ը վերականգնել ու կրկնապատկել արդյունաբերության համախառն արտադրանքը: Արդեն 1948-ին հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքը 1940-ի մակարդակը գերազանցել է 3 %-ով: 1949-ին շահագործվել է Սևանի ստորգետնյա ջրէկը, որն իր տեսակի մեջ եզակի էր աշխարհում: Ավարտվել է Ձորագէսի վերակառուցումը, գործարկվել է նրա 2-րդ ագրեգատը, նոր հզորություններ են ավելացվել Քանաքեռի ջրէկում, սկսվել է Սևան – Հրազդան կասկադի խոշորագույն ջրէկի’ Գյումուշի (այժմ’ Արգել) շինարարութքյունը: Էներգետիկ հենքի ընդլայնումը նպաստել է ժողովրդական տնտեսության և առաջին հերթին արդյունաբերության զարգացմանը: Ձևավորվել ու զարգացել են ծանր արդյունաբերության նոր ճյուղեր’ էլեկտրամեքենաշինությունը, հաստոցաշինությունը, մոլիբդենի, շինանյութերի արտադրությունները ևն: Կառուցվել են ավելի քան 50 արդյունաբերական ձեռնարկություններ: 1950-ին արդյունաբերական արտադրանքը 1945-ի համեմատությամբ աճել է 2,7 անգամ:
Խորհրդային Միության տնտեսվարության մեջ որոշ ժողովրդավարացում է տեղի ունեցել Իոսիֆ Ստալինի մահից (1953-ի մարտ) հետո: Կառավարության որոշմամբ (1955) հանրապետություններին թույլատրվել է ինքնուրույն տնօրինելու հատկացված ֆինանսական միջոցները: Տեղական ինքնուրույնությունը որոշ չափով ուժեղացնելու նպատակով վերակազմավորվել են ժողովրդական տնտեսության խորհուրդները (ժողտնտխորհ.):
Հայաստանի ժողտնտխորհի (սկզբնական շրջանում միավորել է ավելի քան 250 ձեռնարկություն) գործունեության շրջանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել արդյունաբերական ձեռնարկություններում գիտատեխնիկական նվաճումներն արմատավորելու համար: Արդեն 1960-ին ժողտնտխորհի կազմում գործել են 20 ԳՀ և նախագծային ինստիտուտներ: Տնտեսության վերակառուցման և առաջընթացի ապահովման գործում զգալի ավանդ են ներդրել ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը (1937-53) և Սուրեն Թովմասյանը (1953-60):
1958-ին ԽՍՀՄ Կառավարությունը որոշում է ընդունել քիմիական արդյունաբերության զարգացման մասին: Հայաստանում շարունակվել է «Փոքր հանրապետություն և մեծ քիմիա» կարգախոսի իրականացումը: Գործարկվել են Երևանի «Պոլիվինիլացետատ», Ալավերդու սուպերֆոսֆատի գործարանները, Կիրովականի ազոտային պարարտանյութերի արտադրամասը ևն: Քիմիական ձեռնարկություններն զգալիորեն նպաստել են ՀԽՍՀ տնտեսության զարգացմանը, սակայն վատթարացրել Են բնապահպանական վիճակը, անխնա օգտագործվել է Սևանի ջուրը: Լճի մակարդակը պահպանելու նպատակով 1961-ին ՀԽՍՀ Կառավարության միջնորդությամբ ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշել է կառուցել 48-կմ-անոց Արփա-Սևան ջրատար թունելը (շահագործման է հանձնվել 1981- ին): Թեև 1970-ական թթ-ի կեսերից որոշ չափով կասեցվել է մեծ քիմիայի զարգացումը հանրապետությունում, և այն փոխարինվել է փոքր քիմիայով, սակայն բնապահպանական լարվածությունը չի նվազել: 1965-ի համեմատությամբ’ 1985-ին արդյունաբերական արտադրության ծավալն ավելացել է շուրջ 4 անգամ: Այդ փուլում ժողտնտեսության զարգացման խնդրում մեծ է հանրապետության ղեկավար մարմինների դերը’ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարներ Անտոն Քոչինյանի (1966-74) և Կարեն Դեմիրճյանի (1974-88) գլխավորությամբ:
1960-80-ական թթ-ին արդյունաբերական խոշոր համալիրներ են ստեղծվել Չարենցավանում, Աբովյանում, Սևանում, Հրազդանում և այլուր: Միայն 1960-65-ին շրջաններում կառուցվել են 300-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ կամ արտադրամասեր: 1969-ին սկսվել է ՀԱԷԿ-ի շինարարությունը, որի 1-ին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976-ին, 2-րդը’ 1979-ին: Ատոմակայանի էլեկտրաէներգիայի միայն 25 %-ն է սպառել Հայաստանը, մնացածն արտահանվել է Ադրբեջան և Վրաստան: 1960-80-ական թթ-ին բարելավվել է հանրապետության ճանապարհատրանսպորտային համակարգը: Կառուցվել են Սևան-Շորժա-Սոթք, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները, մի շարք ավտոմայրուղիներ, Երևանի մետրոպոլիտենը, մայրաքաղաքի «Զվարթնոց», «էրեբունի», ինչպես նաև Գյումրիի օդանավակայանները:
Հետպատերազմյան տասնամյակներին աննախադեպ էին նվաճումները բնակարանաշինության բնագավառում: Մինչև 1980-ը հանրապետությունում կառուցվել է 36 մլն քառ.մ բնակմակերես: Նշանակալի էր գյուղացիական շինարարությունը. հողաշեն տնակները փոխարինվել են քարաշեն, հարմարավետ մենատներով:
1980-ական թթ-ի վերջին հանրապետությունում գործել են 700 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց թվում էին միութենական նշանակության «Նաիրիտ» հզոր գործարանը, Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը ևն: Աշխատանքով ապահովվել են 1,3 միլիոն բանվոր-ծառայողներ, բազմապատկվել է արդյունաբերության արտադրանքի ծավալը:
ՀԽՍՀ գյուղատնտեսությանը բնորոշ էր տնտեսության վարման էքստենսիվ (ծավալաճային) եղանակը, իսկ գյուղում գերիշխողը սակավ արդյունավետ ձեռքի աշխատանքն էր:
1948-ին հանրապետության գյուղերի միայն 31 %-ն է օգտվել էլեկտրականությունից: Կառավարության որոշմամբ խրախուսվել է փոքր ջրէկների շինարարությունը: Արդեն 1950-ին Հայաստանում գործել են 50-ից ավելի գյուղական ջրէկներ, որոնց շնորհիվ կոլտնտեսությունների էլեկտրիֆիկացումը հասել է 68 %-ի: Գյուղատնտեսության մեքենայացման նպատակով ստեղծվել են մեքենատրակտորային կայաններ (ՄՏԿ):
Հետպատերազմյան շրջանում ավարտվել է Ստորին Հրազդանի ջրանցքի առաջին հերթի շինարարությունը: Սկսել են գործել Կոտայքի, Թալինի, Սպիտակի, Գառնիի և այլ ջրանցքներ: Բազմաթիվ ջրհան կայաններ ու արտեզյան հորեր են կառուցվել Արարատյան դաշտում: 1947-65-ին ոռոգելի հողատարածություններն ավելացել են 48 հազար հա-ով, յուրացվել է մոտ 16 հազար հա ճահճուտ: Սակայն շեշտը դնելով ցանքատարածությունների ավելացման վրա’ անհրաժեշտ աշխատանքներ չեն կատարվել բերքատվության բարձրացման ուղղությամբ: Տարեցտարի նվազել է այգեգործության, տեխնիկական մշակաբույսերի բերքատվությունը, կրճատվել է անասունների գլխաքանակը, պակասել մթերատվությունը:
Հանրապետության գյուղատնտեսությանը մեծապես վնասել է նաև սեփական հացով ապահովելու մասին ԽՍՀՄ Կառավարության 1950-ի որոշումը: Նախատեսվել է 1951-53-ին հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացնել 180 հազար հա-ով: Որոշման կենսագործման հետևանքով քայքայվել և անօգտագործելի են դարձել տասնյակհազարավոր հեկտար խոտհարքներ, արոտավայրեր ու այգիներ: Այդ որոշումը վերացվել է Ի. Ստալինի մահից հետո:
ԽՄԿԿ ԿԿ-ի 1953-ի սեպտեմբերյան պլենումի ընդունած որոշումների համաձայն’ մի քանի անգամ բարձրացել են մթերումների ու պետական գնումների գները, կրճատվել են օժանդակ և հանրային տնտեսություններից գանձվող հարկերը ևն: Արդյունքում որոշակիորեն բարելավվել է գյուղատնտեսության վիճակը, ավելացել մթերքների արտադրությունը: Հանրապետության կոլտնտեսությունների դրամ, եկամուտները 1953-ի 53,5 միլիոն ռուբլուց 1962-ին հասել է 116,5 միլիոնի: Ամրապնդվել է գյուղատնտեսության մեքենայական բազան:
Զգալիորեն ավելացել են գյուղացիության դրամական եկամուտները, ծավալվել է բնակարանաշինությունը: 1958-ին վերացել են ՄՏԿ-ները, և հանրապետության 28 կայանի ագրոտեխնիկան վաճառվել է կոլտնտեսություններին:
1950-60-ական թթ-ին հանրապետությունում նոր յուրացված տարածությունների հիմնական մասը հատկացվել է տեխնիկական մշակաբույսերին: Արարատյան դաշտում ընդլայնվել է բամբակի մշակումը, Սևանի ավազանում ու Զանգեզուրում’ ծխախոտի, Արթիկի, Ախուրյանի և Սպիտակի շրջաններում’ շաքարի ճակնդեղի արտադրությունը: Թեև մթերումների բարձր գները որոշ չափով խթանել են տեխնիկական մշակաբույսերի արտագրությունը, սակայն մեքենայացման ցածր մակարդակի պատճառով այն վերածվել է տաժանակիր աշխատանքի, և գյուղացիները խուսափել են այդ ճյուղում աշխատելուց:
1965-ի ԽՄԿԿ ԿԿ-ի մարտյան պլենումը միջոցառումներ է մշակել գյուղատնտեսության վիճակը բարելավելու համար: Սակայն դրանք չեն կենսագործվել: 1970-ական թթ-ին երկրում ստեղծվել են ագրոարդյունաբերական. համալիրներ, որոնք միասնական համակարգի մեջ են ընդգրկել գյուղ, մթերքների արտադրությունը, վերամշակումը, դրանց սպառման կազմակերպում:
1980-ական թթ-ի սկզբներին մթերքների արտադրությունն անկում է ապրել, և գյուղատնտեսությունը կրկին հայտնվել է ճգնաժամի մեջ: Գյուղացին ընտանիքի կարիքները հիմնականում բավարարել է տնամերձ հողմասերի միջոցով, որոնց բերքատվությունն անհամեմատ բարձր էր, քան հանրային տնտեսություններինը:
1960-80-ական թթ-ին ՀԽՍՀ Կառավարության որոշմամբ ընդլայնվել է ոռոգման ցանցը: Կառուցվել են Արզնի-Շամիրամ, Որոտանի, Ախուրյանի ջրանցքները, շահագործման հանձնվել մի շարք ջրհան կայաններ ու ջրամբարներ: Արդյունքում ավելացել են ոռոգելի հողատարածությունները:
Ագրարային ճգնաժամից դուրս գալու փորձերը ցանկալի արդյունք չեն տվել: Հիմնական պատճառները նախկինում կատարված սխալներն էին, արմատական միջոցառումներից խուսափելը և գոյություն ունեցող կացութաձևը:
Հասարակական – քաղաքական կյանքը
Հայրենական մեծ պատերազմի տարիներին թուլացել է խորհրդային ամբողջատիրական համակարգի գաղափարական «աքցանը»: Սակայն հետպատերազմյան շրջանում, հակառակ ժողովրդի սպասումների, այն կրկին ուժեղացել է: Հաղթանակը վերագրելով կոմկուսին և «ժողովրդի հայր» Ստալինին’ կուսակցական բյուրոկրատիան դարձել է ավելի կամայական ու անկառավարելի և իրավապահ մարմինների (ՆԳՆ, ՊԱԿ) հետ լարված վիճակի մեջ պահել ժողովրդին: Գիտությունն ու մշակույթը շարունակում էին մնալ որպես կուսակցության գաղափարախոսությանը ծառայող բնագավառներ: 1946-48-ին Համկ(բ)Կ ԿԿ-ն մի շարք որոշումներ է ընդունել գրականության և արվեստի հարցերի վերաբերյալ: 1947-51 ֊ին ԿԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել են բանավեճեր փիլիսոփայության, պատմության, կենսաբանության, ֆիզիոլոգիայի, լեզվաբանության, քաղաքատնտեսության հիմնահարցերի շուրջ, որոնք առիթ են ծառայել մեծանուն, բայց գաղափարական տեսակետից կուսակցությանն անցանկալի մասնագետների հետ հաշվեհարդար տեսնելու համար: ՀԽՍՀ ԳԱ-ն և ԵՊՀ-ն ճանաչված շատ գիտնականների (ակադեմիկոսներ Հրաչյա Աճաոյան, Գրիգոր Ղափանցյան, Աշոտ Հովհաննիսյան, Մկրտիչ Ներսիսյան, Արմեն Թախտաջյան, Աբգար Հովհաննիսյան, դոկտոր, պրոֆեսորներ Վահան Ռշտունի, Վարդան Պարսամյան, Ավետիք Տեր-Պողոսյան և ուր.) անհարկի մեղադրել են դասակարգային մոտեցում չունենալու, այսպես կոչված «միասնական հոսանքի», օտարամոլության, «ֆորմալիզմի» և այլ արատների համար:
1949-ի հունիսի 11-ին ՀԿԿ ԿԿ-ն գաղտնի խորհրդակցությունում կուսակցության և ՊԱԿ-ի պատասխանատու աշխատողներին հաղորդել է ԽՍՀՄ Կառավարության որոշումը հանրապետության «անբարեհույս տարրերին» Ալթայի երկրամաս (Ռուսաստան) աքսորելու մասին: Ցուցակներում ընդգրկվել են 1930-ական թթ-ին բռնադատվածների հարազատներ ու բարեկամներ, նախկին դաշնակցականներ, ռազմագերիներ և 1946-48-ի հայրենադարձների որոշ մասը: ՀԽՍՀ-ից հունիսի 14-ին աքսորվել է 2754 ընտանիք (12.316 մարդ): Հայ ընտանիքներ են աքսորվել նաև միութենական այլ հանրապետություններից’ մասնավորապես Վրաստանից և Սև ծովի առափնյա այլ շրջաններից:
Ի. Ստալինի մահից (1953-ի մարտի 5) և Լ. Բերիայի մերկացումից ու գնդակահարումից (1953-ի դեկտեմբեր) հետո վերանայվել են նաև 1949-ի աքսորյալների գործերը, ողջ մնացածները վերադարձել են հայրենի տուն:
Ստալինյան բռնատիրությանը հաջորդել են խրուշչովյան ժամանակաշրջանի (1953-64) «ձնհալը» և բարեփոխումները: ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար (1958-ից’ նաև ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ) Նիկիտա Խրուշչովի նախաձեռնությամբ 1956-ին գումարված ԽՄԿԿ 20-րդ համագումարը դատապարտել է անհատի’ Ստալինի պաշտամունքը: Նույն թվականի հունիսի 30-ին ԽՄԿԿ ԿԿ-ն ընդունել է «Անհատի պաշտամունքը և նրա հետևանքները հաղթահարելու մասին» որոշումը: 1950- ական թթ-ին արդարացվել են հարյուր- հագարավոր անմեղ քաղաքացիներ (քչերն էին ողջ մնացել), վերականգնվել են շատերի ազնիվ անունն ու բարի հիշատակը: Բարեփոխումները նպաստել են տնտեսության, գիտության և մշակույթի զարգացմանը: Հասարակա-քաղաքական կյանքում տեղի են ունեցել քաղաքական որոշ մեղմացումներ, ժողովրդավարության արմատավորման դրսևորումներ:
1964-ի հոկտեմբերին ԽՍՀՄ-ում հաստատվել է պահպանողականների տիրապետությունը: ԽՄԿԿ ԿԿ առաջին (հետո կոչվել է գլխավոր) քարտուղար է ընտրվել Լեոնիդ Բրեժնևը (1977-82-ին’ նաև ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նախագահ): Հիմնականում ստալինյան դարաշրջանում ձևավորված կուսակցա-տնտեսական վերնախավը չէր ցանկանում ձերբազատվել անցյալի ժառանգությունից: Աստիճանաբար վերացվել են նշմարվող ազատությունները, կրկին ամրապնդվել է վարչահրամայական համակարգը (թեկուզև ոչ առաջվա խստությամբ), երկիրը թևակոխել է տեղատվության և լճացման փուլ: Մեծ աշխատանք է կատարվել Լ. Բրեժևևի պաշտամունք ստեղծելու ուղղությամբ: 1960-80-ական թթ-ին ԽՍՀՄ-ին բնորոշ ուռճացած վարչահրամայական համակարգի առկայությունն ավելի ընդգծված էր Հայաստանում: 1980-ական թթ-ին ՀԽՍՀ-ում գոյություն են ունեցել ավելի մեծ թվով նախարարություններ ու գերատեսչություններ, քան ՌԽՖՍՀ-ում: 1960-66-ին ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յակով Զարոբյանը ժողովրդի և ազգային շահերին նվիրված կոաակցական- պետական գործիչներից էր: Նրա նախաձեռնությամբ Երևանում սկսվել է 1915-ի Մեծ եղեռնի գոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի շինարարությունը, որից հետո նրան ազատել են պաշտոնից:
Օգտվելով խրուշչովյան հարաբերական ազատություններից’ հայ ժողովուրդը փորձել է արտահայտել իր ազգ. իղձերը: 1965-ի ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում կազմակերպվել է համազգ. ցույց, որը ԽՍՀՄ-ի պատմության մեջ առաջին զանգվածային ելույթն էր: Ցուցարարներն իշխանություններից պահանջել են պաշտոնապես դատապարտել Հայոց ցեղասպանությունը, հասնել նրա միջազգային ճանաչմանը, պաշտպանել հայ ժողովրդի պատմական իրավունքները: Այս պահանջները ներկայացնելու նպատակով ցուցարարների ներկայացուցիչները երեկոյան փորձել են մտնել Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիայի թատրոնի շենքը, որտեղ առաջին անգամ պետական մակարդակով նշվում էր Մեծ եղեռնի տարելիցը: Սակայն կենտրոնական իշխանությունների հրահանգով ուժային մարմինները ցրել են ցույցը, իսկ կազմակերպիչները պատժվել են, մի քանիսը’ ձերբակալվել ու դատապարտվել:
1960-ական թթ-ին Հայաստանում ստեղծվել են ընդհատակյա կազմակերպություններ (Ազգային միացյալ կուսակցություն, Հայ հայրենասերների միություն ևն), որոնք, հանդես գալով տիրապետող իրավակարգի դեմ, նպատակադրվել են հասնել Հայ դատի և պահանջատիրության միջազգային ճանաչմանը, Արցախը մայր Հայաստանին վերամիավորելուն, ժողովրդավարության հաստատմանը, անկախ պետականության վերականգնմանը:
1960-70-ական թթ-ին քաղաքական այլախոհության ու հակախորհրդային գործունեության համար ՀԽՍՀ-ում դատապարտվել է ավելի քան 70 մարդ: Այդուհանդերձ, հանրապետության ղեկավարությունը հարկադրված իրականացրել է որոշ ազգանպաստ քայլեր: 1967-ին Երևանում ավարտվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցումը: 1968-ին նշվել է Մայիսյան հերոսամարտերի (1918) 50-ամյակը: Ի նշանավորումն տարելիցի’ Սարդարապատում կառուցվել է հուշարձան-համալիր, ստեղծվել է նաև ազգագրության թանգարան: Սակայն հետագայում վարչակարգը կասեցրել է ազգային շարժման այդ վերելքը: Ինչպես ողջ խորհրդային կայսրությունում, այնպես էլ ՀԽՍՀ-ում հասունանում էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամը (Տես. Վերկառուցումը և Արցախյան շարժումը: Անկախության հռչակում)
Հայրենադարձություն
Երկրորդ աշխարհամարտից (1939-45) հետո սփյուռքահայ շրջանները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել ԱՍՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի կառավարություններին և ՄԱԿ-ին’ պահանջելով վերականգնել պատմական արդարությունը, հնարավորություն ստեղծել հայ ժողովրդի համար’ վերադառնալու իր բուն հայրենիքը: Նախաձեռնություն է հանդես բերել նաև Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը: 1945-ի նոյեմբերին ԽՍՀՄ Կառավարությունը որոշում է ընդունել ներգաղթ կազմակերպելու մասին: ՀԽՍՀ Կառավարությանը կից ստեղծվել է Արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե: Սփյուռքում կազմակերպվել են հայրենադարձությանը նպաստող հանձնաժողովներ:
Հայրենադարձների առաջին քարավանը Բեյրութից (Լիբանան) Հայաստան է հասել 1946-ի հունիսին: Նույն թվականին Լիբանանից, Իրանից, Սիրիայից, Հունաստանից և այլ երկրներից հայրենադարձել է շուրջ 51 հազար հայ, 1947-ին՝ 25 հազար, 1948- ին’ 10 հազար: 1946-48-ին’ «մեծ հայրենադարձության» ժամանակ, 12 երկրից մայր հայրենիք է եկել շուրջ 90 հազար մարդ: Հետագայում ներգաղթողների թիվը խիստ կրճատվել է’ 1949-ին ՀԽՍՀ բնակիչների և որոշ սփյուռքահայերի նկատմամբ կիրառված քաղաքական բռնաճնշումների հետևանքով: 1950-ական թթ-ին ներգաղթել է 4 հազար, 1960-70-ական թթ-ին’ 32 հազար մարդ: Այնուհետև սկսվել է հակառակ գործընթացը’ հիմնականում կենսամակարդակի անկման պատճառով: Որոշ թվով հայրենադարձներ և նրանց հարազատներ հեռացել են Հայաստանից, այդ թիվը կտրուկ ավելացել է 1980-ական թթ-ի վերջին և 1990-ական թթ-ի սկզբին: