Սևանավանք, հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, վանական համալիրը գտնվում է Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի)՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի համայնքում:
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Հայկական մատենագրության մեջ վանքը հիշատակվում է դեռևս հնագույն աղբյուրներում: Համաձայն ավանդության, այստեղ եղել է մեհյան, որը 305 թ. կործանվել է Գրիգոր Լուսավորիչի կողմից: Հին սրբավայրի տեղում Լուսավորիչը կանգնեցրել է նոր հավատքը խորհրդանշող փայտակերտ մի խաչ:
Սևանա կղզին հայտնի էր նաև որպես միջնադարյան Հայաստանի առավել նշանավոր ամրոցներից մեկը, որտեղ 921 թ. տեղի է ունեցել հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթ Բագրատունու (914-921 թթ.) արաբական զորքերի դեմ մղված նշանավոր ճակատամարտը:
IX դ. երկրորդ կեսին (860 թ.) Մաքենյաց վանքից այստեղ է առանձնանում նշանավոր աստվածաբան Մաշտոցը, որը հետագայում մեծ համբավ ձեռք բերելով` դառնում է Հայոց կաթողիկոս։
Վանքի եկեղեցիները կառուցվել են 874 թ.` Մաշտոցի առաջնորդության օրոք` հայոց Աշոտ Ա Բագրատունի թագավորի դուստր, Սմբատ Ա Բագրատունի թագավորի և Շապուհ Բագրատունի սպարապետի քույր, ինչպես նաև Սյունյաց Վասակ իշխանի կին` Մարիամ իշխանուհու կողմից: Շուտով վանական համալիչը դառնում է երկրի նշանավոր պաշտամունքի կենտրոններից մեկը և զգալիորեն ուժեղանում տնտեսապես: Մաշտոց Ա Եղիվարդեցին բացել է դպրոց ու հարստացրել վանքի մատենադարանը:
XV դ. Սևանավանքում Դանիել վարդապետը բացել է Սևանի վարդապետարանը: XVII դ. Համահայկական Ս. Առաքելոց եկեղեցի անապատական կյանքի վերածննդի տարիներին Սևանավանքը գործել է որպես անապատ, որտեղ բացի Բարսեղ Կեսարացու համակեցության կանոններից կիրառվել են նաև Սարգիս Սաղմոսավանեցու կազմած 7 կանոնները: XVII դ. կեսին թիֆլիսցի Չիթաղյան եղբայրների միջոցներով վերանորոգվել են միաբանության եկեղեցիները: XVII դ. կղզու արմ. ստորոտին կառուցվել է Ս. Աստվածածին բազիլիկ եկեղեցին։
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Վանական համալրի եկեղեցիներից փոքրը կոչվել է Առաքելոց (հետագայում նաև ս. Կարապետ), մեծը` ս. Աստվածածին, իսկ երրորդը (այժմ կիսավեր)` ս. Հարություն, որոնք միաբանությանը պատկանող բնակելի ու կոմունալ շենքերի հետ միասին տեղադրված են կղզու հարավ- արևմտյան լանջին:
Համեմատաբար լավ վիճակում են հասել միան երկուսը: Դրանք իրենց հատակագծային ձևերով ու ծավալատարածական հորինվածքով վերարտադրում են վաղ միջնադարում մշակված եռաբսիդ կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների տիպը: Երկու եկեղեցիներն էլ դրսից ու ներսից խաչաձև տեսք ունեն: Երկուսն էլ կառուցված են գլխավորապես կիսամշակ քարերով, իսկ սրբատաշ քարերը օգտագործված են միայն առավել կարևոր կոնստրուկտիվ մասերում (կամարներ, գմբեթ, թմբուկ, բացվածքների անկյուններ և այլն): Երկու եկեղեցիների տեսքը պարզ է ու անպաճույճ, առանց քանդակների և այլ հարդարանքի:
Առաքելոց եկեղեցին վանքի ճարտարապետական համալիրի փոքր եկեղեցին է: Ըստ իր հատակագծային կոմպոզիցիայի այն եռաբսիդ մի կառուցվածք է, մեկ` հարավ-արևելյան ավանդատնով: Ամբողջ կառուցվածքը դրված է երկաստիճան որմնախարիսխի վրա, որը լավ երևում է հուշարձանի հարավային կողմում: Հուշարձանի պատերը, ընդհուպ մինչև գմբեթարդներն անջատող գոտին, շարված են կոպիտ տաշված բազալտից, ընդ որում` շարքի թե հորիզոնական և թե ուղղաձիգ կարանները քսահարթված են կրաշաղախով։ Մյուս կողմից` գմբեթակիր կամարները, գմբեթարդները, թմբուկը և գմբեթը շարված են գորշագույն տուֆի համեմատաբար լավ մշակված քարերից: Գմբեթակիր կամարները ոչ թե երկշերտ են, այլ միաշերտ:
Հուշարձանի հարավային ճակատում ուշագրավ է մուտքը շրջանցող կամարածածկ շարվածքը: Ինչ վերաբերվում է ավանդատանը` ապա, այն հետագայի ավելացում չէ և առկա էր տաճարի սկզբնական կոմպոզիցիայում: Արտաքին հարդարանքից, որն այնքան համեստ տեղ է գրավում այստեղ, ուշագրավ են ճակտոնապատերի և հատկապես թմբուկի լուսամուտների երեսակալները: Արևելյան աբսիդի բարավորը իրենից ներկայացնում է մի ամբողջական քար` ներքևի մասի կիսաշրջանաձև հանվածքով, որի լայնությունը ճշտորեն համապատասխանում է լուսամուտի լայնությանը:

Սբ.Աստվածածին (ձախ) և Առաքելոց (աջ) եկեղեցիները
Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Առաքելոց եկեղեցուց դեպի հյուսիս-արևելք, նրանից ընդամենը 10 մ հեռավորության վրա: Ըստ իր հատակագծային հորինվածքի այն համարյա թե կրկնում է Առաքելոց եկեղեցին:
Ըստ ավանդության, հենց այստեղից էր լսում ժամերգությունը եկեղեցու կտիտորը` իշխանուհի Մարիամը: Ինչպես Առաքելոց եկեղեցում` այնպես էլ այստեղ ամբողջապես վերափոխված է բեմի առաջնային պատը, իսկ եկեղեցու հատակը ավելի ուշ շրջանում նորից սալահատակված` այս անգամ արդեն բազալտի կանոնավոր տաշված սալերով։
Ս. Հարություն եկեղեցին տեղադրված է նախորդից արևելք, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Այստեղ նշմարվում են կանոնավոր մշակված բազալտե քարերից կառուցված եկեղեցու մնացորդները, որից` դժբախտաբար շատ քիչ բան է պահպանվել: Բացառված չէ, որ այն կառուցված լինի կամ Ստեփանոս Սևանցի (969-972 թթ.) կամ Սարգիս Սևանցի (992-1019 թթ.) կաթողիկոսների օրոք: Ավելի հավանական է հուշարձանի կառուցումը վերագրել Սարգիս Սևանցի կաթողիկոսին, որը, ինչպես հայտնի է մատենագրական տվյալներից, առանձնակի հոգատարություն էր ցուցադրում սյունյաց եպիսկոպոսության նկատմամբ, և ծերության հասակին հրաժարվելով պաշտոնից, քաշվել է իր հայրենի Սևանավանք:
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Սևանավանք համալրի տարածքում փայտի փորագրության արվեստի հայտնի նմուշներյն են խոյակները, ինչպես նաև միափեղկ, հիանալի պատկերաքանդակներով ծածկված դռները, որոնք թեև պատկանում են ավելի ուշ ժամանակաշրջանների (XII–XV րդ դարեր) :
Մարիամ իշխանուհու կառուցած երկու եկեղեցիներից արևմուտք այսօր կարելի է նշմարել զանազան շենքերի մնացորդներ, որոնց մեծ մասը կառուցված է շատ ավելի ուշ ժամանակներում:
Դրանց շարքում պետք է նշել մինչև XX դ. 30-ական թվականները դեռևս կանգուն գավիթը` կառուցված ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում: Այն հայտնի է շնորհիվ իր փայտյա սյուների երկու հոյակապ խոյակների, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում (պահվում են Հայաստանի պատմության թանգարանում):
Խոյակների թե իրաչափային առանձնահատկությունը և թե բաձրարվեստ փորագրությունները որոշակի հիմքեր են տալիս պնդելու, որ դրանք այստեղ են բերված մի ինչ որ այլ, ամենայն հավանականությամբ արդեն այդ ժամանակ լիովին կործանված պալատական շենքից:
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Սևանավանք համալիրը գտնվում է Սևանա լճի հյուսիսարևմտյան մասում, Ցամաքաբերդ թերակղզու արևելյան հատվածում: Նախկին կղզին վերածվել է թերակղզու 1960-1980-ական թվականներին՝ ջրերի իջեցման հետևանքով
Հեռավորությունը (կմ)`
Երևանից՝ 80 կմ
Մարզկենտրոնից (Գավառ)՝ 40 կմ
Գտնվում է Սևան քաղաքային համայնքի սահմաններում
Անմիջական տրանպորտ՝ Երևան – Սևան
Մոտակա ուղի՝ Երևան – Սևան- Ճամբարակ
Սպասարկում՝ առկա