Փետրվարի 12-ին Հայաստանում և սփյուռքում նշվում է սիրահարների հովանավոր սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ավանդաբար, եկեղեցական և տոնական միջոցաոռւմները տեղի են ունենում հունվարի վերջում կամ փետրվարի սկզբում”
Սուրբ Սարգսի մասին
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու` Սուրբ Սարգիս զորավարն իր որդի Մարտիրոսի և տասնչորս քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Արիության համար Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից Սուրբ Սարգիսը կարգվել է որպես իշխան եւ սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր համաձայնությունից՝ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդել է հեթանոսական մեհյանները, կառուցել եկեղեցիներ եւ տարածել քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սուրբ Սարգիսը Աստծո հայտնությամբ հրաման է ստացել լքել կայսրությունը: Իր որդու՝ Մարտիրոսի հետ նա ապաստանում է Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արգան՝ Մեծն Տրդատի թոռը՝ Պոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով զերծ պահել իր երկիրը հարձակման վտանգից, համոզում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:
Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զինվորներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու նվիրումն առ Աստված, հրաժարվում են հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակն ու զոհ մատուցել: Սարգիսը կտրականապես մերժում է՝ հայտարարելով. «Պետք է երկրպագել միայն մեկ Աստծուն՝ Սուրբ Երրորդությանը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերն աստվածներ չեն, քանի որ հողեղեն մարդը կարող է ոչնչացնել դրանք»: Այդ խոսքերից հետո Սուրբ Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սուրբ Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը: Սուրբ Սարգիսը բանտարկվում է և հավատարիմ մնալով իր հավատքին՝ գլխատվում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս.Սարգսի հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալ մարդիկ նահատակների մարմինները թաղում են Համիան քաղաքում:
Սուրբ Սարգիսը հայերի ամենասիրելի սրբերից է: Պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը տեղափոխել է նրա մասունքները Կարբի-Ուշի (Աշտարակի շրջան), որտեղ հետագայում կառուցվել է նրա անունը կրող եկեղեցի:
Սրբի միջնորդությունը
Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս եւս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, եւ աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչեւ այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որեւէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն եւ ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց եւ տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը:
Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Տոնական արարողակարգ
Ս.Սարգսի տոնին նախորդում է Առաջավոր պահքը, որը հաստատվել է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից: Պահքը տևում է հինգ օր:
Հայաստանում Սուրբ Սարգիս զորավարի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով: Գոյություն ունեն նաև բարի ավանդույթ դարձած ժողովրդական սովորույթներ:
Ժողովրդական սովորություններից է Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակի ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինջի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:
Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: