Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ դեկտեմբերի 26-ին Երևանի «Սամուրայ» սուշի բարում «Ճապոնական ակումբը» կազմակերպեց իր հերթական մշակութային երեկոն: Տոնական բարձր տրամադրություն հյուրերին հաղորդեց Տաթև Մովսիսյանը՝ ներկայացնելով, թե ինչպես են նշում Ամանորը Ճապոնիայում, բացահայտեց ավանդական տոնակատարությունների այլ գաղտնիքներ:
«Սամուրայ» սուշի բարի անձնակազմի կողմից ներկայացվեց նաև թեյախմության ավանդական ծիսակարգը. յուրերը հնարավորություն ունեցան ըմբոշխնել ոչ միայն ճապոնական դասական թեյի անմոռանալի համը, այլ նաև՝ օգտվել սուշիի հարուստ տեսականուց:
Միջոցառման ամենանմոռանալի րոպեներ, թերևս, պարգևեց Գարիկ Բաբելյանը՝ սամուրայի մենապարով և «Հանա» երգչախումբը, որը կատարեց տոնական երգերի շարք՝ ճապոներեն լեզվով:
Ինչպես ողջույնի խոսքում նշեց «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, կազմակերպչական խմբի ղեկավար Վաչագան Մկրտչյանը, ճապոնական երեկոյի միջոցով փորձ արվեց Ամանորից առաջ հաղորդել նոր և բարի լիցքեր, բարձր նախատոնական տրամադրություն:
«Մեր կազմակերպության կողմից արդեն ավանդույթ են դառնում ոչ միայն ճապոնական, այլ նաև՝ արևելյան մյուս երկրների մշակութային երեկոները, և այդ հարցում աջակցում են մեր գործընկերները», – հավելեց նա, շնորհակալություն հայտնելով «Սամուրայ» սուշի բառի տնօրենությանը՝ ի դեմս Գայանե Առաքելյանի՝երեկոյի անցկացումը հնարավոր դարձնելու համար:
Իր հերթին «Ճապոնական ակումբի» տնօրեն Սաթեն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց հյորերին, որ այս նախատոնական երեկոն անցկացրեցին «Ճապոնական ակումբի» հետ:
Ավարտին ակումբի հյուրերը կարողացան նկարահանվել նաև «Սամուրայ» սուշի բարի դիմած աճող սակուրայի մոտ: