Սաղմոսավանքը գտնվում է Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին՝ Սաղմոսավան գուղի արևելյան կողմում: Քասախի կիրճը այստեղ ունի ամենամեծ խորությունը՝ 180 մ։
Ըստ ավանդության, վանական միաբանությունը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը: Մինչև XIII դար այստեղ քարափոր անապատներ էին:
Բուն համալիրը կազմավորվել է XIII դարում, բաղկացած է երկու եկեղեցիներից, գավիթից և գրատնից: Մեծ է կապը հարակից Հովհաննավանքի հոգևոր և մշակութային կյանքի հետ:
Հիմնադրումից՝ միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կյանքի կարևորագույն կենտրոններից է:
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Վանական միաբանության հիմնումը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ: IV դարում նա ճգնում է այս վայրերի քարանձավներում՝ հիմք դնելով տեղի ժայռափոր անապատների: Արդեն X-XI դարում անապատնեևը կարևոր դեր էին խաղում Հայաստանի հոգևոր և մշակութային կյանքում:
XII դարի վերջում, երբ Զաքարյանները ազատագրում են Արագածոտնը սելջուկ-թուրքերից, տեղի իշխանությունը հանձնում են Վաչե Վաչուտյանին, ով այստեղ՝ ի պատիվ Լուսավորչի, հիմնում է համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Սիոնը, կից գավիթը: Նրա որդի Քւրդը հիմնում է այստեղ վանական գրատունը:
1243 թ-ին Կոնստանդին Ա Բարձրաբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով Սահմոսավանքն անցնում է Հովհաննավանք կենտրոնով Ամբերդի եպիսկոպոսական թեմին: 1245-1352 թթ-ին թեմակալ առաջնորդներ են եղել Մամիկոնյան – Համազասպյան տոհմի ներկայացուցիչները: XVI դարից միաբանությունը մաս է կազմում Երևանյան, իսկ ապա՝ Արարարատյան թեմի:
XIV-XVI դարերում վանքի տարածքը մտել է մոնղոլական, ապա` կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։ Պարսկական տիրապետության ժամանակ Երևանի կուսակալության, հետո՝ Երևանի խանության կազմում էր: Թուրք — պարսկական պատերազմների ավարտից հետո մշակութային կյանքն այստեղ կրկին ակտիվանում է: Այն կրկին ստանձնում է մշակութային կենտրոնի և ուսումնական կարևորագույն հաստատության դերը:
Սաղմոսավանքն անշքանում է XVIII դարի երկրորդ կեսից: Վանական միաբանությունը խիստ տուժում է վրաց Հերակլես II-ի և Թեյմուրազ թագավորների կողմից վարվող ռազմական գործողություններից, 1753—1754 թթ. լեզգինների ասպատակություններից, ավիրվում և արդեն XIX դ. սկզբին դադարում գոյություն ունենալուց:
Վանքը խիստ տուժում է նաև 1827 և 1840թթ. երկրաշարժերից: 1890թ. այստեղ նորոգումներ է կատարել Խրիմյան Հայրիկը։
1828թ ռուսական կայսրական իշխանության հաստատումով վանքի շրջակայքը սկսում է շենանալ: 1830 թվականին՝ Կարսից այստեղ մեծ թվով փախստականներ են բնակեցվում:
Վանքը նորոգվել է 2001թ. – ին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյա տարեդարձի առիթով: 1996 թվականից Սաղմոսավանքն ընդգրկվել է Արագածոտնի թեմում:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Վանական համալիրը ներկայացնում է Զաքարյանների ժամանակաշրջանի ճարտարապետությունը՝ համապատասխան լուծումներով: Այն կազմված է երեք շինություններից (Սուրբ Սիոն եկեղեցի, գավիթ, գրատուն) բաղկացած գրեթե կատարյալ ուղղանկյունի՝ երեք գմբեթներով: Վանքի գավիթը և գրատունը XIII դ. հայկ. աշխարհիկ ճարտարապետության բարձրարվեստ կառույցներից են:
Ս. Սիոն եկեղեցի: Համալիրի գլխավոր եկեղեցին կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215 թ.: Պատկանում է գմբեթավոր, սրահավոր եկեղեցիների տիպին: Հատակագծում արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է:
Մուտքը արևմտյան կողմից է: Բարձր գլանաձև թմբուկը և կոնաձև վեղարով գմբեթը եկեղեցուն հաղորդում են սլացիկ տեսք: Թմբուկն ունի չորս լուսամուտ: Եկեղեցու ճակատները մշակված են «հայկական խորշերով»:
Գավիթ: 1215-1235 թթ.Վաչե Վաչուտյանը Ս. Սիոն եկեղեցուն կից կառուցել է քառասյուն գավիթ, որի առաստաղի կենտրոնական հատվածն ունի 12-նիստանի վրանաձև ծածկ, բոլորաձև երդիկ՝ վրան բարձրացող 6-սյունանի նրբագեղ ռոտոնդա:
Միմյանցից տարբեր և ինքնատիպ են լուծված ծածկի մյուս հատվածները (հայելային, գլանաձև, խաչվող թաղերով, դեկորատիվ տրոմպներով): Սաղմոսավանքի գավթի ծածկի համակարգը հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից է: Ինքնատիպ են գավթի հարավային ճակատի խոշոր, զույգ լուսամուտները, պայտաձև կամարով արևմտյան բարձր շքամուտքը:
Գրատուն: 1255-ին իշխան Քուրդ Վաչուտյանը և նրա կին Խորիշահը իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին կառուցել են գրատուն՝ օգտագործելով Ս. Սիոն եկեղեցուց և գավթից հարավ-արևելյան կողմում, նրանց և միանավ եկեղեցու միջև ընկած տարածքը: Արևելյան կողմում ունի խորան, իսկ պատերում` խորշեր:
Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ճարտարապետը վարպետորեն լուծել է տեղադրության հետ կապված դժվարությունները՝ խաչվող կամարներով իրականացնելով շենքի ծածկի բարդ համակարգը: Ենթադրվում է, որ այդ կառույցը նախատեսված է եղել նաև եկեղեցական թանկարժեք սպասքի պահպանման համար: Պատի վրա պատկերված է ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը, իսկ նրան կից կամարի վրա` հրեշտակը և իշխանական զինանշանը. գառանը մագիլող թևատարած արծիվը: Ճարտարապետը օգտագործել է նաև գունային ձևավորում: Որոշ մասերը կարմիր և սև քարերով շարվելուց բացի, ներկվել են նաև սպիտակ, դեղին և կարմիր ներկերով, ինչը շինությանը հաղորդել է շքեղություն:
Գրատան տանիքին կանգուն 8-սյունանի ռոտոնդայով Սաղմոսավանքը ստացել է եռագմբեթ գեղատեսիլ ուրվագիծ: Վանքի գավիթը և գրատունը XIII դ. հայկ. աշխարհիկ ճարտարապետության բարձրարվեստ կառույցներից են:
Ս. Աստվածածին եկեղեցի: Ս.Սիոն եկեղեցուց հարավ, գրատան արևելյան պատին կից գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցին: Այն կառուցվել է 1235 թ.: Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, արևելյան կիսաշրջանաձև խորանով, թաղածածկ փոքր շինություն է: Մուտքը միայն գրատնից է:
Վանքի տարածքում, նրան կից գերեզմանոցում, ինչպես նաև, շինությունների ներսում, պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր, դրանց մի մասը` հարուստ զարդաքանդակված խաչքարերի տեսքով:
Վանքը շրջապատված է եղել կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպներով:
Սաղմոսավանքի անապատը գտնվում է վանքից հարավ և բաղկացած է ժայռափոր երկհարկ կառուցվածքներից։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին և ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին: Քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական բանաստեղծություն։
Սաղմոսավանքն իր պատմության բոլոր ժամանակներում, ինչպես նաև Վաչուտյանների իշխանության շրջանում, խիստ կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքում։ XIII դարում Քասախի գետի ձախ ափին Հովհաննես Մունջ վարդապետը տեղի վիմափոր անապատը դարձրել է գրչության կենտրոն։ Արդեն դարավերջում Կիրակոս Գանձակեցին վանքը դասել է հայկական ամենանշանավոր ութ մենաստանների շարքում։
Վիմափոր անապատում Մարկոս և Մխիթար եղբայրները 1185 – 1188թթ. ընդօրինակել են «Ճառընտիր», իսկ 1194-95թթ. Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» ձեռագիրը, որի բնագիր օրինակը բերվել էր Անիի Մայր տաճարից։ Ուշագրավ են 1436-ին Կարապետ վարդապետի արտագրած Մաշտոցը, 1496-ին Հովհաննես աբեղայի ընդօրինակած Ավետարանը և այլ ձեռագրեր: Սաղմոսավանքի գրիչներին ձեռագրեր են պատվիրել Մեծոփավանքը և Սանահինը:
1267թ. Սաղմոսավանք է եկել հանրահայտ Վարդան Արևելցին և այստեղ դպրոց է հիմնել: Իր իսկ կազմած վեցամյա բարձրագույն այդ հաստատությունում, բացի աստվածաբանությունից, դասավանդվել է նաև պատմիչների, աշխարհագետների, փիլիսոփաների, տրամաբանների, ճարտասանների, քերականների աշխատությունները: 1267-ին Գևորգ Սկևռացին ընդօրինակել է Տոնապատճառ ժողովածուն (ներկայումս Ս. Էջմիածնում է): Սաղմոսավանքի դպրոցում կարճ ժամանակ դասավանդել է Գրիգոր Տաթևացին:
XV դարը նշանավորվում է վանքի բուռն մշակութային գործունեությամբ, երբ այստեղ է գալիս Հակոբ Սաղմոսավանքցին, որը 20 տարի ուսանել էր Հովհաննես Որոտնեցուն։ 1413թ. Սաղմոսավանքում գործել են Մկրտիչ Եղեգեցին, 1436թ.՝ Կարապետ Գրիչը, 1496թ.՝ Հովհաննես աբեղան:
XVII դարում վանքում գործել է անապատական (ճգնավորական) կյանքի հիմնադիր Սարգիս Արենեցին, որի մասին ընդարձակ տեղեկություններ է հաղորդում Առաքել Դավրիժեցին։ Սարգսի վանահայրության ժամանակ Սաղմոսավանք է այցելում ժամանակագիր Գրիգոր Դարանաղցին։ Իսկ 1637թ. Հովհաննավանքից այստեղ է գալիս Հովհաննես եպիսկոպոս Կարբեցին։ Հովհաննեսի եղբորորդին՝ Գաբրիել վարդապետի օրոք վանքը կրկին ծաղկում և բարգավաճում է: 1669թ. նա նորոգում է գրատունը։
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Երևանից՝ 34
Մարզկենտրոնից (Աշտարակ)՝ 14
Բնակավայրում է
Անմիջական տրանպորտ Երևանից չկա
Մոտակա ուղի՝ Երևան – Կարբի
Սպասարկում՝ Հուշանվերների խանութ, սննդի կետ, զուգարան չկա