Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 16-ին նշում է ամենակարևոր տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնի խորհրդի համաձայն խաղողով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը:
Տոնի ծագումը
Խաղողօրհնեքը կապված է Հայկական լեռնաշխարևհում երկրագործության, մասնավորապես՝ գինեգործության ծագման և զարգացման հետ: Նախաքրիստոնեական Հայաստանում այն նշվում էր հայկական ավանդական Ամանորի կամ Նավասարդի օրերին: Նավասարդյան տոնախմբությունները տեղի էին ունենում հայոց բուն տոմարի վերջում՝ օգոստոսին, երբ կատարվում էին հասունացած պտղի (ներկա դեպքում՝ խաղողի) օրհնության և ճաշակման ծեսը:
Հայ ժողովրդական ծիսերգային բանահյուսության մեջ Ամանորը ուներ կույսի կերպարային ընդհանրությունը, որին զոհաբերում էին հասունացած պտուղները (ներկա դեպքում՝ խաղող): «Առաջին պտղի» ճաշակման ծեսը, հատկապես խաղողի և նոր գինու, առանձնակի տեղ են զբաղեցնում նախաքրիստոնեական հայերի միջավայրում, քանի որ ճաշակման խոհրդին բաղհյուսված էր «ծիսական համբույրի» գաղափարը: Հայ ժողովրդական վեպում ծիսական համբույրն ընկալվել է իբրև ամուսնության առաջարկ, ինչպես նաև վեպում ու հեքիաթներում՝ աղջկա դեմքին պիսակ (նշան) թողնելը:
Տոնին նվիրված ծիսերգերը հանդես էին գալիս իբրև հաղորդության ծիսարարք` տղաբերություն – կյանք – հարատևություն – բերքառատություն ծիսախորհրդով: Բերքի օրհնման ծեսը կատարվել է Հայոց արքայի կամ քրմապետի կողմից: Երվանդունիների ժամանակաշրջանում տոնը կապվում է պտղաբերևության աստվածուհի Անահիտի և սիրո դիզուհի Աստղիկի պաշտամունքի հետ:
Հելլենականության ազդեցության տակ տոնը կապվել էր խաղողագործության և գինեգործության հովանավոր հունական աստված Դիոնիսոսի տոնակատարությունների հետ: Դիոնիսոսյան երթերն ու հրաշագործությունները անցնում էին Հունաստան – Սիրիա – Ասիա – Հնդկաստան ճանապարհով և մշտապես ուղեկցում էին կանայք՝ բաքոսուհիները: Նիսան տեղավայրի անվանումը տարածված էր նաև սասունցիների միջավայրում՝ իբրև ամսանուն , ինչպես նաև Սասնո բանաձևային բանահյուսության մեջ:
Նավասարդյան այս օրերի համար հատուկ էին նաև թատերական ներկայացումները: Ըստ Պլուտարքոսի, հայոց մայրաքաղաք Արտաշատում պարթևների թագաժառանգ Բակուրի և Արտավազդ Բ-ի քրոջ հարսանեկան խնջույքի ժամանակ, հույն դերասաններն արքունիքում ներկայացնում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, երբ այնտեղ են բերում գլխատված Կրասոսի գլուխը: Հայտնի է, որ Արտավազդ Բ-ն (մ. թ. ա. 55-31 թթ ) «Բաքոսուհիները» բեմադրում էր Արտաշատում և Տիգրանակերտում ու պարթևների թագավոր Օրոդեսի հետ՝ բաքոսյան խնջույքներ կազմակերպում:
Տոնակատարության օրը սեղանին մրգեր էին դնում, մասնավորապես տոնի խորհրդանիշը` խաղողը։ Մատուցում էին նաև գաթա, զոհաբերում էին գառ ու բաժանում չքավորներին:
Այսպիսով, հասունացած առաջին պտուղները և բերքը հարկ էր զոհաբերել ուխտավայրերում կամ պաշտամունքի տներում, ինչից հետո միայն կարելի էր ճաշակել այդ պտուղը։ «Նոր պտղոց տոնը»(կույս-Ամանորը) իր ծիսական վերարտադրությամբ ամրակայվեց քրիստոնեական (կույս-Մարիամ Աստվածածին) Վերափոխման տոնով («Խաղողօրհնեք»): Հայ Առաքելական Եկեղեցին շարունակեց ազգային այս արարողակարգը՝ պահպանելով հասունացած խաղողի օրհնման խորհուրդը: Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, Վերափոխմանը նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը:
Տոնի քրիստոնեական ավանդապատումը
Ըստ ավանդության՝ Մարիամ Աստվածածինը որդու՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։
Մարիամ Աստվածածինը շուրջ 12 տարի պահքով այցելել է Որդու գերեզմանն ու աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապատն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից երկնային թագավորություն վերափոխվելու լուրը։ 26 օր անց նույն հրեշտակապետը Տիրամորը բերել է բրաբիոնի մի պսակ, որը հյուսել էր Ադամի դրախտից: Այն դնելով Սուրբ Աստվածածնի գլխին առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնել են Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշել է իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում։
Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ նա Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ընդունի: Այստեղ Հովհաննեսը տախտակ վերցրեց, տվեց Աստվածամորն ու խնդրեց, որպեսզի վերջինս դրոշմի իր պատկերը։
Աստվածամայրը վերցրեց տախտակը, խաչակնքվեց և դրեց դեմքին, այնուհետև արցունքներով ողողեց և խնդրեց Աստծուն, որ մարդիկ այդ տախտակի օգնությամբ բուժվեն իրենց հիվանդություններից։ Սուրբ Աստվածածնի երկրային կյանքի վերջը եկեղեցին «քուն» է անվանում, այլ ոչ թե «մահ», հասկանալի դարձնելու համար երկինք նրա տեղափոխումը։
Բարթուղիմեոս առաքյալը ներկա չի եղել Տիրամոր հուղարկավորությանը: Գալով Երուսաղեմ՝ ցանկացել է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացել են գերեզմանը, սակայն այն դատարկ է եղել: Սա նշանակել է, որ Հիսուսը, իր խոստման համաձայն, երկինք է փոխադրել Մորը: Բարդուղիմեոսին մխիթարելու համար առաքյալները նրան փոխանցեցին Աստվածամոր դրոշմված պատկերով տախտակը։ Մովսես Խորենացու համաձայն` Հայաստանի առաջին լուսավորիչը այն Հայաստան բերեց և տեղադրեց Դարբնոց կոչվող վայրում Անձևացյաց գավառում, որտեղ հետագայում Աստվածամոր պատվին եկեղեցի և կանանց համար նախատեսված վանք է հիմնվել։
Վաղքրիստոնեական մեկ այլ ավանդություն Խաղողօրհնեքի արարողությունը կապում է նաև Նոյ Նահապետի՝ Արարատից իջնելու և խաղողի այգի տնկելու, նրա բերքից ստացված գինով արբենալու հետ:
Տոնի ժամանակակից արարողակարգը
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը օգոստոսի 15–ին ամենամոտ կիրակի օրը։ Տոնի առթիվ մատուցվում է Սուրբ Պատարագ, և կայանում խաղողօրհնեքի արարողություն, որով, փաստացի, օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։
Անցյալում խաղողօրհնեքը հիմնականում տեղի էր ունենում այգիներում, երբ քահանան մի ձեռքին մկրատը, իսկ մյուսին՝ խաչը, այցելում էր եկեղեցու կամ տվյալ բնակավայրի երեցի այգիները և այնտեղ կատարում խաղողօրհնության արարողությունը։ Խաղողից բաժին էին հանում նաև թռչուններին, որոնց համար օրհնված ողկույզները կախում էին աղբյուրների կամ խաչքարերի վրա։
Ըստ հայկական ավանդույթների` տոնից առաջ չի կարելի խաղող ուտել։ Այդ օրը խաղողը եկեղեցի էին բերում, օրհնում էին, ու միայն դրանից հետո այն կարելի էր սեղանին դնել: Այդ խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը պահում են մինչ հաջորդ տարվա խաղողօրհնեքը, որպես առատության ապահովման նշան: Տոնը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։
Առանձին բնակավայրերում Աստվածածնի Վերափոխման տոնը ուներ անվանման տարբերակներ՝ Աստվածածնի Զատիկ, Խաղողի Զադագ (Խաղողի Զատիկ, Մուսալեռ), Աստվարալին (Հարք-Բուլանըխ), Պտուղի օրհնանքի տոն (Ղարաբաղ)։
Էլադա Պետրոսյան
Բագրատ Մովսեսյան