Հայաստանի Հանրապետությունը բնութագրվում է բնական հանքային ռեսուրսների կարևոր բաղկացուցիչ մասը կազմող ստորերկրյա քաղցրահամ, հանքային բուժիչ և արդյունաբերական ջրերի առաջացման ու քանակական տեղաբաշխման բազմատեսակ պայմաններով։ Հանրապետությունում կազմավորվող ստորգետնյա ջրային պաշարները հիմնականում աչքի են ընկնում իրենց որակական բարձր ցուցանիշներով:
ՀՀ տարածքը հարևան Կուր և Արաքս գետերի հովիտների նկատմամբ գրավում է բարձր դիրք, այդ պատճառով այն ցամաքուրդի (դրենաժի) մարզ է՝ ինտենսիվ ջրափոխանակման գոտի, որի ստորերկրյա և մակերևութային ջրային հոսքը կենտրոնախույս ձևով ուղղված է դեպի այդ գետահովիտները և նրանց հատող կառուցվածքային ճկվածքները։
Ստորերկրյա ջրերի հիմնական զանգվածը կապված է Հայկական լեռնաշխարհի ռեգիոնալ կոմպլեքսի կառուցվածքի հետ: Նրանց գոյացման, կուտակման և տեղաբաշխման գործում որոշիչ դեր են խաղում կլիման, ռելիեֆը, հողաբուսական ծածկը, ապարատեսակները, տեկտոնական կառուցվածքները, մարդու ինժեներա-տնտեսական գործունեությունը։ Հաշվի առնելով վերոհիշյալ գործոնները, ՀՀ տարածքում հիդրոերկրբանական տեսակետից առանձնացվում են մի քանի գոտիներ. հյուսիսային և հյուսիս-արևելյան ծալքավոր լեռնաշղթաներ, կենտրոնական հրաբխային բարձրավանդակ, հարավային և հարավ-արևմտյան ծալքավոր լեռներ, միջլեռնային գոգավորությունների համակարգ։
Հանրապետության ստորերկրյա ջրերի սնման հիմնական աղբյուրը մթնոլորտային տեղումները և լեռնազանգվածներում ու հողագրունտներում խտացող ջրային գոլորշիներն են։ Առանձին տեղամասերում սնման գործում որոշ չափով մասնակցում են նաև լճերի, ջրամբարների և մակերևութային հոսքի ջրերը։ Բնապայմանների արտահայտված բարձունքային գոտիականության, լեռնաշղթաների դիրքավորման, ապարների ճեղքավորվածության և ջրաթափանցության տարբերության պատճառով վերոհիշյալ մարզերի սահմաններում խիստ տարբեր են նաև ստորերկրյա ջրերի հաշվեկշռի բաղադրիչները։
Բարձրադիր լեռնաշղթաները, սարահարթերը և լեռնազանգվածները ստորերկրյա ջրերի սնման մարզեր են, իսկ միջլեռնային գոգավորությունները, նախալեռնային թեք հարթությունները և գետահովիտները՝ կուտակման և հիմնական բեռնաթափման մարզեր։
ՀՀ տարածքում տարեկան գոյանում է շուրջ 4 մլրդ խորանարդ մետր ստորերկրյա ջուր, որի շուրջ 38%֊ը բեռնաթափվում է աղբյուրների ձևով, 35,7%֊ը ցամաքուրդի ենթարկվում գետահովիտներում, 18%-ը սնում է միջլեռնային գոգավորությունների ստորերկրյա հոսքը, իսկ մնացած 6,3%֊ը խորքային հոսքի ձևով հեռանում է հանրապետության տարածքից։ Երկրի ստորերկրյա ջրերի առաջացման գործում բացառիկ կարևոր դեր են կատարում ադեզիտաբազալտային լավաները, որոնց բազմահարկ հոսքերը և ծածկոցները ձևավորում են Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասը, զբաղեցնելով հանրապետության տարածքի կեսը։ Նորագույն լավաները և դրանց բեկորային տարբերակները՝ խարամները ստորերկրյա ջրերի հսկայական և մշտապես նորոգվող շտեմարան են։ Ուժեղ ճեղքավորվածության և ծակոտկենության շնորհիվ դրանք հեշտությամբ կլանում են անձրևային և հալվող ձյան ջրերը (տեղումների շուրջ 70%֊ը), որոնք լավային ծածկույթի տարբեր հորիզոններում կամ լավաների և հիմքի հին ապարների կոնտակտում կազմավորում են հզոր ջրային հոսքեր։ Բացի այդ, լավաների ճեղքվածքներում և հրաբխային խարամների ծակոտիներում առաջանում են խտացման (կոն դենսացիոն) ջրեր։ Այդ ջրերը դուրս են գալիս Երկրի մակերևույթ երբեմն հորդ աղբյուրների ձևով, դրանց թվին են պատկանում Դողթ—Գառնիի, Ակունքի, Արգնու, Դյումուշի, Լիճքի, Աարուխանի, Հացառատի, Ղազանչիի, Շաքիի և բազմաթիվ այլ աղբյուրներ՝ տալով վայրկյանում 500— 2500 լիտր ջուր։
Բազալտային և անդեզիտաբազալտային լավաների ջրերը սառն են (5-120) և շատ սառն են (1-40), գերքաղցրահամ (հանքայնացման քանակը 60-150 մգ/լ) քաղցրահամ (200-500 մգ/լ) են: Ըստ քիմիական կազմի՝ պատկանում են հիդրոկարբոնատային կալցիումային և հիդրոկարբոնատային նատրիումային տիպերին` հաճախ անսուլֆատային, փափուկ և խմելու բարձր որակական հատկանիշներով:
Միջլեռնային իջվածքներում գտնվող ճնշումային ջրերի հիմնական պաշարները տեղադրված են Արարատի և Շիրակի արտեզյան ավազաններում, Սիսիանի, Արևելյան Սևանի և Փամբակի ավազաններում: Դրանց շուրջ 90% ֊ը կապված է լավային ծածկույթի և լճագետային նստվածքների հետ։ Լավային ծածկույթում ձևավորվող ստորերկրյա ջրերով են սնվում նաև Արարատյան, Սևանի, Շիրակի, Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանի, Լոռվա սարահարթի, Որոտանի և այլ ավելի փոքր միջլեռնային գոգավորությունների գրունտային և ճնշումային ջրատար հորիզոնները։
Նստվածքային, հրաբխային-նստվածքային, հրաբխային, փոխակերպային և ներժայթքային ապարներից կազմված ծալքավոր լեռնաշղթաները թույլ ճեղքավորվածության և ռելիեֆային անբարենպաստ պայմանների պատճառով սակավաջուր են։ Ստորերկրյա ջրերի փոքրաքանակ կուտակումներն այստեղ կապված են ապարների հողմահարման կեղևի կամ խզումնային խախտումների հետ։ Ստորերկրյա ջրերի բարենպաստ շտեմարաններ են գետահովիտները, որտեղ ենթահունային և դարավանդային ավազագլաքարային նստվածքները մշտապես սնվում են գետային հոսքի, մթնոլորտային տեղումների և հովտակողերի ապարների ստորերկրյա ջրերով։
Խորքային խզումնային խախտումները, որոնք սահմանազատում են օրոտեկտոնական գոտիները, ենթարկված են ջարդոտման (կատակլազի)։ Խզումնային զոնաներում կազմավորվում են խորքածին գազերով հագեցած հանքային ջրեր, որոնք դուրս են գալիս Երկրի մակերևույթ սառը և տաք աղբյուրների ձևով։ ՀՀ տարածքում ուսումնասիրված է հանքային աղբյուրների շուրջ 300 խումբ։ Հանքային ջրերի ձևավորման գործում էական դեր են խաղում պլիոցենի և չորրորդական հասակի էֆուզիվ ու պալեոգենի հասակի ներժայթքային ապարները։ Հանքային ջրերի մեծ մասը հագեցած է ածխաթթու գազով, որի պատճառով հանրապետության տարածքը դիտվում է որպես ածխաթթվային ջրերի տարածման երկիր: Որոշ միջլեռնային գոգավորությունների ընդերքում թույլ ջրափոխանակության պատճառով, թթվածնազուրկ պայմաններում, ընթանում են սուլֆատավերականգնման պրոցեսներ, որոնք հանգեցնում են ծծմբաջրածնային ջրերի ձևավորմանը (Գյումրիի գոգավորության հարավային մաս)։
ՀՀ-ում հանդիպում են նաև թույլ գազահագեցած ազատածխաթթվային և մեթանային ջրեր (Արարատ, Շիրակ)։ Մեծ համբավ ունեն Ջերմուկի տաք (Կառլսբադի նմանակ), Հանքավանի, Լիճքի, Սայաթ-Նովայի , Արզականի և Բջնի) գոլ և Դիլիջանի սառը, Արարատի և Տաթևի՝ գոլ ջրերը։ Իջևանի շրջանում հայտնի են սուլֆատային հանքային ջրեր։ Մերձերևանյան շրջանում լայն տարածում ունեն տարբեր չափով հանքայնացված աղաալկալային ջրեր (Արզնի, Գետամեջ, Ավազան)։
Արարատյան գոգավորության արևմտյան մասում խոր հորատումով հայտնաբերված են քլոր նատրիում-կալցիումային տիպի շատ տաք (83°C), աղի (40 գր/լ) ջրեր։ Նման ջրերի առկայություն ենթադրվում է նաև Հանրապետության այլ շրջանների խոր ճկվածքային շերտախմբերում, դրանց հատող խզման գոտիներում և սինկլինալ ծալքերի կտրվածքի խոր հորիզոններում։
Հանքային ջրերի մի քանի տարբերակներ պարունակում են արժեքավոր տարրեր, մետաղական իոններ (լիթիումի, բորի, բրոմի, ցեզիումի, լանթանի), աղեր Մնացուկային (ռելիքտային) բնույթի հանքային ջրեր հայտնաբերված են Արարատյան դաշտի և այն շրջապատող նախալեռնային տարածքներում։
Հանքային ջրերի ճնշող մեծամասնությունն առաջացել է, հավանաբար, ներծծանցման (ինֆլիտրացիայի)՝ ջրերի և խորքից բարձրացող ածխաթթու գազի փոխազդեցության պայմաններում, ըստ որում դրանց աղային բաղադրամասերը գոյացել են շրջապատի ապարների լուծման հետևանքով։ Կա նաև այն ենթադրությունը, որ այդ ջրերը մասամբ կապված են չորրորդական հասաի հրաբուխների հետ, որոնցից ամենաերիտասարդները գտնվում են Վարդենիսի լեռներում, Արագածի հարավ-արևմտյան լանջերում, Արարատից հարավ գտնվող շրջաններում։
Երկրում ստորգետնյա ջրերի դերը մեծ է գետերի հոսքի ձևավորման գործում. առավելապես ստորգետնյա սնում ունեն Մեծամոր (93 %), Աշոցք (85 %), Գավառագետ (83 %), Մասրիկ (78 %), Գորիս (73 %), Ազատ (69 %), Ախուրյան (59 %) և այլ գետեր: Հայաստանի քաղցրահամ ջրերի աղբյուրների և ստորգետնյա ավազանների ընդհանուր պաշարները կազմել են 23 մլրդ 712 մլն 958 հազ. խոր.մ/տարի, իսկ ռեսուրսները` 9 մլրդ 537 մլն 780,27 հազ. խոր.մ/տարի:
Հատկանշական է, որ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ բնակավայրերի գերակշռելի մասի, այդ թվում նաև 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող մայրաքաղաք Երևանի ջրամատակարարումն իրականացվում է ստորգետնյա աղբյուրների ջրերով, առանց լրացուցիչ մաքրման գործընթացի անհրաժեշտության:
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը վերագրվում է սակավաջուր երկրների թվին։ Նրա ընդերքի ջրային ռեսուրսների նկատմամբ պետք է ցուցաբերել արտակարգ հոգատար, խնայողական վերաբերմունք և լրջորեն զբաղվել դրանց պաշարների արհեստական լրացման ու պահպանման հարցերով։ Ներկայումս բնապահպանական լուրջ խնդիր է ստորգետնյա ջրերի մաքրության պահպանումը: Ջրային ֆոնդին վնաս են հասցնում նաև Արարատյան դաշտում ձկնաբուծության նպատակով արհեստական լճերը: Դաշտի արտեզյան ստորգետնյա ավազանի ինքնաշատրվանող ջրհորները, որ բազմաթիվ գյուղերի ջրի միակ աղբյուրն են, շատ նվազել ու ցամաքել են, քանի որ ցածրադիր մասում ձկնաբուծության համար փորված հորերը խլում են վերին հատվածի ջրհոր-շատրվանների ճնշումը: Հաշվարկները ցույց են տալիս, որ ձկնաբուծության նպատակով տարեկան օգտագործվում է 371 799 020 խոր. մ ջուր, այսինքն` ամեն տարի Արաքս գետն է լցվում 371,8 մլն խոր.մ քաղցրահամ ջուր և անօգուտ կորչում: