Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 972.9 հազար մարդ:: Հայաստանի Հանրապետությունը խիտ բնա- կեցված երկիր է (միջին խտությունը՝ 108 մարդ/քառ.կմ). առավել խիտ բնակեցված են Արարատյան (ՀՀ բնակչության 65 %-ը) և Շիրակի դաշտերը:
Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակչություն կա 400–2400 մ բարձրություններում, որի խտությունն ըստ բարձրության նվազում է: Ամենացածրադիր բնակավայրը Լալվար գյուղն է (Տավուշի մարզ), իսկ ամենաբարձրադիրը՝ Վերին Շորժա գյուղը (Գեղարքունիքի մարզ):
Ժողովրդագրական բնութագիր
ՀՀ-ում կան 48 քաղաք և 953 գյուղական բնակավայրեր: Քաղաքային բնակչությունը կազմում է 63.3%-ը, գյուղական` 36.7%-ը: Ամենաշատ բնակեցվածը մայրաքաղաք Երևանն է, որտեղ կենտրոնացված է Հանրապետության բնակչության մոտ 35 %-ը: Այստեղ բնակվում է 1 մլն 076.4 հազար մարդ:
2017թ. ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճը 2017թ.-ին կազմել է 14 605 մարդ, իսկ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով, կազմել է 4.8 պրոմիլե: Պտղաբերության (ծնելիության գումարային գործակցի) ցուցանիշը մեկ կնոջ հաշվով կազմում է 1.5 երեխա:
Մինչև 17 տարիքային խումբը կազմում է բնակչության 23 %-ը: 65 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը կազմում է 11.1%: Այդպիսի բնակչությունը համարվում է ծերացած` ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի (7%-ից բարձր): Կյանքի սպասվող տևողությունը 74.1 տարի է (77.2՝ կանայք, 70.6՝ տղամարդիկ):
ՀՀ մշտական բնակչության կազմում` 48.6%-ը կազմում են տղամարդիկ և 51.4%-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը կազմում է 35.3 տարի, արական սեռի համար` 36.2 , իսկ իգականի համար` 38.0 տարի:
Բնակչության ազգային կազմը
Հայաստանի Հանրապետությունը բնակչության ազգային կազմով աշխարհի առավել միատարր պետություններից է: Բնակչության 96 %-ը հայեր են, բնակվում են նաև ռուսներ, եզդիներ, ասորիներ, քրդեր, ուկրաինացիներ, հույներ, հրեաներ և այլք: Ըստ 2011թ. մարդահամարի տվյալների, նրանց թվաքանակներն են` եզդիներ` 32 272, ռուսներ` 11 862, ասորիներ` 2 769, հույներ` 900, ուկրաինացիներ` 1 176, քրդեր` 2 156, վրացիներ` 974: Ազգային փոքրամասնությունները հիմանկայնում բնակեցված են խոշոր քաղաքներում: Կան մեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղական համայքներ: Որևէ մի համայնքւմ կամ շրջանում ազգային փոքրամասնությունը բնակչության մեծ տոկոս չի կազմում:
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Հայաստանը 2001 թվականին միացել է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիային: Ըստ այդմ` որպես ազգային փոքրա- մասնությունների հիմնական լեզու կիրառվում է ռուսերենը: Հայաստանում բացակայում է տարածաշրջանային լեզվի խնդիրը և Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, ստանձնել է մշակել քաղաքականություն և սահմանել գործողությունների ծրագիր ազգային փոքրամասնությունների լեզուների /ռուսերեն, հունարեն, եզդիերեն, քրդերեն, ասորերեն/ պաշտպանության և զարգացման ուղղությամբ:
Ազգային փոքրամասնություններից ոչ մեկը ՀՀ-ում բնիկ (ավտոխտոն) չէ և ավանդականորեն չի կապվում որևէ տարածքի հետ, թեև կան առանձին ոչ մեծ բնակավայրեր (գյուղեր), որոնք առավելապես համալրված են այդ փոքրամասնություններով։ Հայաստանը Խարտիային միացած այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որը` ունենալով ազգային փոքրամասնությունների խիստ փոքրաթիվ համայնքներ, ճանաչել է երկրում գործածվող փոքրամասնության 5 լեզուների հատուկ կարգավիճակը:
Բնակչության կրոնական կազմը
Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 66 կրոնական համայնք։ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են համարել 94%-ը, կաթոլիկ` 0.46% (մոտ 13,0 հազար մարդ), ուղղափառ` 0,25 (մոտ 7,5 հազաև մարդ), նեստորական` 0,05% ( 1,7 հազար), ավետարանական` 1% (29,8 հազար), Եհովայի վկա` 0,3% (8 հազար), բողոքական` 0,024% (0,7 հարար), մորմոն` 0,2 % (2 874), Շար-Ֆադինական` 0,78% (24 հազար), հեթանոս` 0.18% ( մոտ 5 հազար), մահմեդական` 0,25 (մոտ 800): Իրենց որևէ կրոնի հետևորդ չի համարում 1,14 % ( մոտ 34 հազար):
Կրոնական փոքրամասնությունների թվում են. կաթոլիկներ, մոլոկաններ, ռուս ուղղափառներ, ավետարանականներ, բապտիստներ, հոգեգալստականներ, խարիզմատական քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, մորմոններ, եզդիներ, հուդայականներ, սուննի մուսուլմաններ (հիմնականում՝ քրդեր) և շիա մահմեդականներ։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, սակայն սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական բոլոր փոքրամասնությունների ազատությունը։
Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին է։ Կենտրոնը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է։ Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդները հիմնականում բնակվում են հանրապետության հյուսիսային շրջաններում: Նրանց ճնշող մեծամասնությունն ավանդականորեն են Կաթողիկե եկեղեցու անդամներ: Գործում են եկեղեցիներ: Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդների քանակը, ըստ այդ եկեղեցու սպասավորների, մոտ 120 000-180 000 է, սակայն իրականում նրանց մոտ կաթողիկե եկեղեցուն պատկանելությունը հաճախ խորհրդանշանական կերպով է արտահայտված: Կաթոլիկ են նաև լեհերի, գերմանացիների փոքրա համայքները:
Ռուսները, ուկրաինացիները, հույներն ուղղափառ են: Շատ քիչ են նաև հայ ուղղափառները: Եզդիները զրադաշտականության և իրենց ուրույն կրոնի հետնորդներն են: Ասորիները մեծամասամբ Հայաստանյան Առաքելական եկեղեցու հետնորդներ են, մի մասը` Ուղղափառ կամ Ասորական եկեղեցու: Պարսիկները շիա մահմեդական են: Հրեական համայնքը մեծամասամբ հուդադավան է:
Մյուս կրոնական համայնքների ներկայացուցիչները բնակվում են գլխավորապես քաղաքներում: Որևէ մի համայնքում նրանք մեծամասնություն չեն կազմում: