Հայաստանի Հանրապետության կլիմա առաջացնող գործոնները բազմազան են։ Աշխարհագրական դիրքի հետ մեկտեղ որոշիչ նշանակություն ունեն լեռնային համակարգերը (Մեծ Կովկասի, Փոքր Կովկասի լեռնաշղթաները և Հայկական լեռնաշխարհը), Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրանական և Փոքր Ասիական բարձրավանդակների հարևանությունը:
Կլիմայի հորիզոնական գոտուն հատուկ առանձնահատկություններն զգալի փոփոխությունների են ենթարկվում բարձունքային գոտիականության ազդեցությամբ։ Մեծ Կովկասի լեռնաշղթան, իր արգելակող դերի շնորհիվ, կլիմայական սահման է մերձարևադարձային և բարեխառն գոտիների միջև, իսկ Հայկական լեռնաշխարհի միջօրեական ուղղություն ունեցող լեռնաշղթաները պատնեշ են արևմտյան օդային խոնավ հոսանքների ճանապարհին։ Հանրապետության կլիմայական տարբերությունների ձևավորման գործում մեծ է նաև ռելիեֆի ձևերի՝ դիրքադրության, կտրտվածության, ծովի մակարդակից տարածքի ունեցած բարձրության դերը։
Հայաստանը գտնվում է մերձարևադարձային զոնայի հյուսիսային լայնություններում և աչքի է ընկնում կլիմայի արևոտությամբ։ Արեգակի բարձրությունը կեսօրին հորիզոնի նկատմամբ տատանվում է 28°-ից (դեկտեմբեր) մինչև 71° (հունիս)։ Ցերեկվա տևողությունը 9 ժամ 17 րոպեց 15 ժամ 3 րոպե է։ ճառագայթային հաշվեկշիռը դրական է։
Ճառագայթային ռեժիմ: Կլիմայի արևոտությունը բնորոշող կարևոր ցուցանիշներից է արևափայլքի տևողությունը։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը տատանվում է 1930 ժամից (Իջևան) մինչև 2780 ժամ (Մարտունի)։ Առավելագույնը դիտվում է գոգավորություններում (Արարատյան, Սևանի)։ Տարվա ընթացքում արևափայլքի նվազագույն մեծությունները դիտվում են դեկտեմբերին և տատանվում են 61 ժամից (Արտաշատ) մինչև 172 ժամ (Մարտունի), առավելագույնը հուլիսին՝ 200 ժամից (Վանաձոր) մինչև 368 ժամ (Արենի)։ Անարև օրերի միջին տարեկան թիվը տատանվում է 19-ից (Սևանի թերակղզի) մինչև 64 (Իջևան)։ Առավելագույն թվով անարև օրեր դիտվում են ձմռանը, հունվարին՝ 9—12 օր, նվազագույնը՝ ամռանը (2—3 ամիս անարև օրեր համարյա չեն լինում)։ Անարև օրեր ձմռանը շատ են նախալեռնային, ամռանը՝ միջին լեռնային գոտում։
Արեգակնային էներգիայի ինտենսիվությունը ՀՀ-ում մեծ է և աճում է ըստ բարձրության։ Ուղիղ ճառագայթման լարվածությունը հորիզոնական մակերևույթին, մայիս—հունիս ամիսներին Երևանում հասնում է 1,39, Սևանում՝ 1,56 կալ/քառ.սմ։ ճառագայթային էներգիայի լարվածության օրական առավելագույնը դիտվում է կեսօրին, տարեկանը՝ մայիս- հունիսին։ Հորիզոնական մակերևույթին ընկնող Արեգակի ուղիղ ճառագայթման տարեկան գումարը 150—170 կկալ/քառ.սմ է, ցրված ճառագայթմանը՝ 50—58, գումարային ճառագայթմանը՝ 148—157։ Տարվա ընթացքում ուղիղ և գումարային ճառագայթման առավելագույն մեծությունները դիտվում են հուլիսին, նվազագույնը՝ դեկտեմբերին:
Ճառագայթային էներգիայի հաշվեկշռի միջին տարեկան մեծությունները 62—69 կկալ/քառ. սմ են։ Առավելագույն մեծությունները դիտվում են հունիս-հուլիսին, նվազագույնը՝ դեկտեմբերին։
Մթնոլորտային շրջանառություն։ Հայաստանը գտնվում է բարձր ճնշման մերձարևադարձային գոտու հյուսիսում, որտեղ ամբողջ տարին տիրապետում է օդային զանգվածների արևմտյան հոսքը, որը տրոպոսֆերայի մերձգետնյա 3—4 կմ շերտում ռելիեֆի ազդեցության տակ զգալի կերպով աղավաղվում է։ Տարվա ցուրտ կեսին հանրապետության տարածքը ենթակա է Սիբիրական անտիցիկլոնի և Արևելյան Եվրոպայում ձևավորվող բարձր ճնշման մարզի ազդեցությանը։ Այդ ժամանակ եղանակի ռեժիմը մեծապես կախված է նաև միջին լայնությունների ճակատի վրա ծավալվող ցիկլոնային գործունեությունից։ Տարվա տաք կեսին աճում է Ազորյան անտիցիկլոնի ազդեցությունը։Եղանակների ռեժիմի ձևավորման գործում նշանակալից դեր են խաղում տեղական թույլ գրադիենտ ունեցող ճնշման դաշտերը։
Հարավային ցիկլոնների ներթափանցումները պակասում են։ Հյուսիս-հարավ շարժվող ցուրտ օդային զանգվածները հազվադեպ են հաղթահարում Կովկասյան լեռնաշղթայի պատնեշը, սովորաբար նրանք շրջանցում են լեռնաշղթան արևմուըքից կամ արևելքից և ներխուժում Անդրկովկաս։ Լեռնաշղթաների արգելակող դերի շնորհիվ տեղի է ունենում լեռնագրական բարձրացում, որը նպաստում է օդի ջերմաստիճանի նվազման ամպամած և տեղումներով եղանակների ավելացմանը։
Հանրապետության կլիմայի ձևավորման գործում կարևոր նշանակություն ունի տարածքի մակերևույթի հատկապես ռելիեֆի բնույթը: Որոշիչ նշանակություն ունեն գոգավորությունները։ Լեռնային ռելիեֆը սկիզբ է տալիս մթնոլորտի տեղական շրջանառությանը։
Մթնոլորտային շրջանառությամբ է պայմանավորված տարբեր ֆիզիկական հատկություններ ունեցող միջին լայնությունների, արևադարձային և արկտիկական օդային զանգվածների ներթափանցումները հանրապետություն, պայմանավորելով եղանակների սեզոնային հերթափոխը։ Կլիմայական սեզոնների տևողությունը և բնույթը փոխվում են ըստ բարձրության, ցածրադիր և նախալեռնային գոտում շուրջ 5 ամիս ամառ է, բարձրադիրում՝ 5—6 ամիս ձմեռ։
Ձմեռվա կլիմայական առանձնահատկությունները ձևավորվում են արեգակնային էնեգիայի ներհոսքի նվազման և արմ․ հոսանքների ներթափանցման հաճախականության ավելացման պայմաններում։ Ձմեռը լեռներում սկսվում է բարձրադիր գոտում և աստիճանաբար տարածվում դեպի ցածրադիր վայրերը։ Միջին տվյալներով հոկտեմբերի վերջերին 3000 մետր֊ից բարձր վայրերում առաջանում է ձնածածկույթ, և դիտվում են սառնամանիքային եղանակներ, մեծանում է քամիների արագությունը։ Այդ գոտում ձմեռը դաժան է, տևական, հաստատուն ձնածածկույթով, ձնաբքերի հաճախականությունը մեծ է։
Միջին լեռնային գոտում կլիմայական սեզոնները համընկնում են տարվա օրացուցային սեզոնների հետ։ Ձմեռը չափավոր ցուրտ է, հաստատուն ձնածածկույթով, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Հանրապետության ցածրադիր գոտում ձմեռը կարճատև է, հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Գոգավորություններում (հատկապես Արարատյան) առաջանում են ջերմաստիճանային ինվերսիաներ։
Գարունը հանրապետությունում ձևավորվում է Արեգակի ճառագայթային էներգիայի աստիճանական աճի և ցիկլոնային շրջանառության ավելացման պայմաններում, հաճախակի են դառնում տարբեր օդային զանգվածների ներխուժումները, որոնք պայմանավորում են եղանակների փոփոխականությունը։
Ամառը հանրապետության կլիման ձևավորվում է Արեգակի ճառագայթների առավելագույն մուտքի և Առաջավոր Ասիայի ցածր ճնշման ջերմային դաշտի պայմաններում, որտեղ միջին լայնությունների օդը վերափոխվում է արևադարձային օդի։ Ցիկլոնային անցումները պակասում են, զարգանում են լեռնահովտային քամիները և վերընթաց հոսանքները։
Ցածրադիր և նախալեռնային գոտում գերակշռում են արևոտ, չոր, շոգ եղանակներ, օդի առավելագույն ջերմաստիճանը հասնում է մինչև 42°C-ի։ Հաճախակի են դառնում խորշակները, որոնք զգալի վնաս է հասցնում գյուղատնտեսությանը: Օրվա երկրորդ կեսին զարգացող լեռնային քամիները հասնում են իրենց առավելագույն արագությանը և զգալիորեն մեղմում տապը։
Աշնանը ՀՀ-ում գերակշռում են արևոտ, անհողմ, տաք եղանակները։ Աշնան կլիմայական առանձնահատկությունները ձևավորվում են Արեգակնային էներգիայի մուտքի նվազման և ցիկլոնային շրջանառության ակտիվացման պայմաններում։ Արկտիկական օդի վաղ ներխուժումները պայմանավորում են աշնանային ցրտեցումները։ Սակայն Հայաստանում աշունն ավելի տաք է, քան գարունը։
Մթնոլորտային ճնշում։ ՀՀ տարածքում պայմանավորված է վայրի բարձրությամբ, օդի ջերմաստիճանով, մակրոցիրկուլյացիոն պրոցեսների և ռելիեֆի առանձնաոատկություններով։ Դրա տարեկան միջին մեծությունները տատանվում են՝ 1015,7—1018,6 մբ սահմաններում, հունվարին 1028,2—1029,9 մբ, հուլիսին՝ 1009,6—1004,4 մբ։
Կիրառական կարևոր նշանակություն ունի նաև մթնոլորտային ճնշման ռեժիմը օդերևութաբանական կայանների բացարձակ բարձրության վրա։ Դրանց տարեկան միջին արժեքները տատանվում են 940,5— 686,6 մբ, նվազագույնը հունվարին՝ 942,3—680,3, իսկ առավելագույնը հուլիսին՝ 936,2—691,3 սահմաններում։
Քամիներ։ Հայաստանի աշխարհագրական լայնություններում տիրապետող արևմտյան օդային հոսանքները լեռնային ռելիեֆի ազդեցությամբ աղճատվում և պայմանավորում են քամիների ուղղությունների բազմազանությունը։ Տարվա ցուրտ կեսին գերակշռում են արևմտյան և հյուսիսային, ամռանը՝ արևելյան և հարավային քամիները։ Քամիների ուղղությունը համընկնում է ձորերի և հովիտների ուղղությանը։ Իջևանում Աղստև գետի հունին համապատասխան տիրապետում են հյուսիսային և հարավային քամիները։ Լեռնանցքներում քամիների ուղղությունը ավելի ցայտուն է արտահայտված։ Սպիտակի լեռնանցքում ձմռանը տիրապետում են արևմտյան, ամռանը՝ արևալյան քամիները։
Քամու միջին տարեկան արագությունները հանրապետությունում տատանվում են 1 մ/վ-֊ից (Կապան) մինչև 7,7 մ/վ (Սիսիանի լեռնանցք) սահմաններում։ Լեռներում քամու արագությունը ըստ բարձրության ավելանում է։ Մեծ արագություններ դիտվում են նաև լեռնանցքների շրջանում։ Քամիների առավելագույն արագությունները բարձր լեռնային գոտում դիտվում են ձմռանը, ցածրադիր և նախալեռնային գոտում՝ ամռանը։ Քամիների արագությունը մեծանում է կեսօրից հետո, նվազագույնը՝ առավոտյան ժամերին։
Քամիների պարզ արտահայտված օրական ընթացքը դիտվում է նաև Սևանի ավազանում՝ լճային բրիզների ձևով, որոնք հատկապես լավ են արտահայտված լճի հարավային ափին։ Լեռնային շրջաններին բնորոշ են ֆյոններն (լեռներից իջնող տաք օդային հոսանքներ), որոնք ուղեկցվում են օդի ջերմաստիճանի բարձրացմամբ, խոնավության իջեցմամբ, ձնհալքով։
Օդի ջերմաստիճանը։ Հանրապետության բարդ ռելիեֆը, ծովի մակարդակից ունեցած բարձրությունների տատանումները, լանջերի դիրքադրությունը և թեքությունը զգալի ազդեցություն են թողնում օդի և հողի ջերմաստիճանների բաշխման վրա։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանները տատանվում են – 2,7°C-ից (Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայան) մինչև 13,8°C (Մեղրի)։ Ամենացուրտ ամիսը հունվարն է (1,2°C-ից մինչև — 12,8°C), ամենատաքը՝ հուլիս-օգոստոսը (25,8—8,7°C)։ Օդի նվազագույն ջերմաստիճանը —46°C Է, առավելագույնը՝ 42°C, օդի ջերմաստիճանի բացարձակ տատանումները՝ 88°C։
Ջերմային ռեսուրսների մասին գաղափար է տալիս 0°-ից բարձր ջերմաստիճանների գումարը, որը տատանվում է 828°— 4900°, իսկ 10°-ից բարձր՝ 40°—3800° սահմաններում։ Անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունը ըստ բարձրության նվազում է, ցածրադիր գոտու 253-ից բարձրադիրում՝ 60 օր։
Հողի մակերևույթի տարեկան միջին ջերմաստիճանները տատանվում են —2°C-ից մինչև 15°C, նվազագույնը մինչև -47°C։ Ամառային միջինները համապատասխանաբար 12—32°C, ծայրահեղ մեծությունները՝ -44°C-ից մինչև 70°C-ի սահմաններում։
Օդի խոնավությունը։ Բնութագրվում է բացարձակ ու հարաբերական խոնավությամբ և խոնավության պակասորդով։ Բացարձակ խոնավության բարձր արժեքները տարվա ընթացքում դիտվում են ամռանը, հանրապետության հյուսիս-արևելքում՝ հուլիսին հասնելով 16—17 մբ-ին, իսկ նվազագույնը՝ հունվարին, բարձրլեռնային գոտում՝ մոտ 2 մբ։
Հարաբերական խոնավությունը տարվա տաք կեսին նվազում է, օգոստոս – սեպտեմբեր ամիսներին հասնելով նվազագույնի (32—45%)։ Առավելագույն արժեքները դիտվում են ձմռանը բարձր լեռնային գոտում (80—90%)։
Խոնավության պակասորդի նվազագույնը լինում է ձմռանը՝ 1,5 մբ, առավելագույնը՝ ամռանը՝ 22,6 մբ։
Ամպամածությունը հանրապետության տարածքում բաշխվում է անհավասարաչափ։ Ամպամածության վրա ևս մեծ ազդեցություն է թողնում ռելիեֆը, ինչպես նաև վայրի բարձրությունը ծովի մակարդակից։ Կիսապարգ և ամպամած վիճակները գերակշռում են ձմռանը, պարզը՝ ամռանը։ Առավելագույն ամպամած վիճակ հանրապետությունում դիտվում է ձմռանը հյուսիսային շրջաններում, իսկ երկնքի պարզ վիճակը՝ ամռանը, Արարատյան գոգհովտում և Սևանի ավազանում։
Մթնոլորտային տեղումները։ ՀՀ ոչ մեծ տարածքում տարեկան տեղումների գումարը տատանվում է 220—900 մմ-֊ի սահմաններում։ Տեղումների առավելագույնը թափվում է մայիս-հունիսին, նվազագույնը՝ ձմռանը։ Հունվարին ամսական միջին տեղումները տատանվում են 10—80 մմ-֊ի, հուլիսին՝ 10—90 մմ-֊ի սահմաններում։
Տեղումներով օրերի թիվը հանրապետության տարածքում, ըստ բարձրության, աճում է։ Արագած բարձրլեռնային կայանում, միջին տվյալներով, այն կազմում է մոտ 180, Արարատյան գոգհովտում՝ 80 օր։ Մթնոլորտի շրջանառությունից կախված տարեցտարի տեղումների քանակը և տեղումներով օրերի թիվը մեծապես տատանվում է։
Ձնածածկույթը Հանրապետության տարածքում առաջին հերթին ձևավորվում է բարձրլեռնային գոտում սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբներին, իսկ Արարատյան դաշտում, հյուսիս-արևելյան և Զանգեզուրի ցածրադիր գոտում դեկտեմբերի երկրորդ կեսին։ Հաստատուն ձնածածկույթի ձևավորման ժամկետը նույնպես զգալիորեն տատանվում է։ Միջին տասնօրյա տվյալներով բարձրլեռնային գոտում ձնաշերտի հաստությունը հասնում է ավելի քան 2 մետր֊ի, միջին լեռնային գոտում՝ 30—35 սմ-ի, ցածրադիր գոտում՝ 10—20 սմ-ի։ ձնածածկույթով օրերի թիվը լեռներում ըստ բարձրության աճում է․ մինչև 1000 մ բարձրությունը 40 օր է, 3000 մ բարձր․՝ 230—250։
Հանրապետության կլիման ենթակա է բարձունքային գոտիականության. չոր մերձարևադարձային, չոր խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր շոգ, բարեխառն, ցուրտ լեռնային:
Հայաստանի Հանրապետություն ՀԱՅԱՍՏԱՆ