Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը Հայաստանի Հանրապետության տարածքի մետաղային օգտակար հանածոների հանքավայրերից ամենախոշորն է: Այն միավորում է մի քանի հանքային տեղամասեր։ Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Քաջարան քաղաքի մոտ:
Հանքադաշտի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են ստորին էոցենի հրաբխածին-նստվածքային ապարները և դրանց պատռող մոնցոնիտները, պորֆիրանման գրանիտները և գրանոդիորիտները։ Լայն տարածում ունեն երակային ապարները, որոնք գլխավորապես ներկայացված են գրանիտ- և գրանոդիորիտ-պորֆիրներով։ Հանքառաջացման պրոցեսներն ունեցել են բազմափուլ, երբեմն՝ բազմաէտապ բնույթ։ Մոլիբդենի պաշարների կեսից ավելին կապված է քվարց-մոլիբդենիտային, իսկ պղնձի պաշարների հիմնական մասը՝ քվարց-խալկոպիրիտային փուլի հետ։ Կարևոր է նաև քվարց-մոլիբդենիտ- խալկոպիրիտային փուլը, երկրորդական նշանակություն ունեն բազմամետաղային և այլ փուլեր։ Հանքայնացումը ներկայացված է գլխավորապես երակիկացանավոր (շտոկվերկային) տիպով, պակաս նշանակություն ունի երակային տիպը։
Հանքային միներալներն այստեղ ունեն անհավասար բաշխում։ Առանձնացվում են 10—15 մ-ից մինչև 100—150 մ հաստության և 300 մ ու ավելի ձգված հանքային զոնաներ։ Ըստ խորության հանքայնացումը շարունակվում է մինչև 500 մ և ավելի։
Քաջարանի հանքանյութերը բնութագրվում են միներալային կազմի մեծ բազմազանությամբ։ Հիմնական հանքառաջացնող հանքային միներալների՝ մոլիբդենիտի և խալկոպիրիտի հետ միասին հանքանյութերի կազմում մեծ քանակությամբ առկա են նաև պիրիտ, պակաս չափով բոռնիտ, գալենիտ, սֆալերիտ, մագնետիտ, Էնարգիտ, տեննանտիտ, տետրաէդրիտ, լյուցոնիտ, բիսմութին, ալթայիտ, բնածին ոսկի, արծաթ, բիսմութ, տելուր, տելուրիդներ։ Թվարկած միներալները կազմող տարրերից բացի, հանքանյութերի բաղադրության մեջ մասնակցում են նաև Re, Se, Cd ևն, որոնք սեփական միներալներ չեն առաջացնում և ցրված են այլ տարրերի միներալների բյուրեղային ցանցերում որպես իզոմորֆ խառնուրդներ։
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հաշվեկշռային պաշարների քանակը կազմում է հանքաքարերինը` 2 230 763 500 տոննա, պղնձինը 525 034 տոննա, մոլիբդենինը` 727 800 200 տոննա, ոսկունը` 59 010,59 կգ, արծաթինը 3 314 070 տոննա, ռենիումինը` 272 590 տոննա, բիսմուտինը`4 411 120 տոննա, սելենինը` 3365340 տոննա, տելլուրինը` 2828280 տոննա, վանադիումինը` 630000 տոննա, սկանդիումինը`10500 տոննա եւ մագնետիտ հանքանյութի հետ կապված երկաթինը` 15901000 տոննա եւ ծծմբինը` 17000000 տոննա:
Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը եւ մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի եւ առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Բնապահպանական տեսանկյունից` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն, աղետալի վիճակի, առաջին հերթին մոլիբդենի, պղնձի, վանադիումի և ծծմբի հաշվին:
Քաջարանի հանքավայրի պոչերում 1951թ-ից 2012թ. ընթացքում կուտակվել է 63,8 միլիոն դոլլարի թանկարժեք տարր: Շահագործման է գնում հանքաքարի քիչ մասը, իսկ հազվադեպ հանդիպող եւ թանկարժեք տարրերը լցվում են պոչամբար: Փորձագետների հաշվարկով`պոչերը պարունակում են 30 459 տոննա մոլիբդեն, 259 000 տոննա պղինձ, 500 տոննա սելեն, 3262.3 կգ ոսկի:
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: