Հնագույն ձեռագրերը մեր բազմադարյա քաղաքակրթության և ինքնության առհավատչյան են:
Նրանք ապրում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Վենետիկի, Վիեննայի , Երուսաղեմի հայկական ձեռագրատներում, Զմմառի վանքում և աշխարհի ա՛յն անկյունում, ուր բնակություն է հաստատել հայ մարդը պատմական դեգերումների ճանապարհին՝ իր հետ տանելով ամենաթանկը՝ ձեռագիր մատյանը:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Միջնադարյան ժողովրդական մշակույթի աղբյուրների հետազոտման գիտական խմբի ղեկավար , միջնադարագետ, պատմագիտության և բանասիրության դոկտոր , պրոֆեսոր Արծրունի Սահակյանն արդեն չորս տասնամյակ իր ավանդն է ներդնում հայագիտության ոլորտում: Միաժամանակ երկու գիտությունների գծով դոկտորական թեզի պաշտպանությունը նրա համար ինքնանպատակ չի եղել.
-Ես գնացի այդ քայլին, որովհետև ցանկանում էի ցույց տալ, որ հայագիտությունը, որի առանցքը պատմաբանասիրությունն է, միաձույլ, ամբողջական գիտություն է: Խորհրդային տարիներին արհեստականորեն տարանջատվել էին այդ բնագավառները՝ ըստ ակադեմիական ինստիտուտների՝ բանասիրություն, պատմագիտություն, ազգագրություն և այլն: Մինչդեռ մեր մեծ նախորդներին հայագիտությունը ներկայանում էր որպես ամբողջական գիտություն: Երբ ուսումնասիրում ենք գիտության մեր հսկաների թողած ժառանգությունը՝ Մ. Աբեղյան, Հր. Աճառյան, Ն. Ադոնց, Գ. Հովսեփյան, Ստ. Մալխասյանց, Հ. Մանանդյան և այլք, տեսնում ենք, որ նրանք ներկայացրել են բոլոր բնագավառները միաժամանակ: Այդպիսին էր նաև մեր այդ ժամանակվա կրթական համակարգը: Եվ մենք այսօր խնդիր ունենք վերականգնելու և վերաարժևորելու նրանց ավանդները,-ասում է Արծրունի Սահակյանը:
Եվ նա հենց այդ միասնական հայագիտության կրողն է: Արծրունի Սահակյանի պատմագիտական և բանասիրական ուսումնասիրությունների շնորհիվ գիտական շրջանառության մեջ են դրվել հայ ժողովրդի քաղաքակրթական ժառանգության վերաբերյալ բազմաթիվ կարևոր փաստեր, որոնք հարված են հասցնում մեր անցյալը խեղաթյուրողներին: Եվ այդ համոզիչ փաստերը նա պեղում է նաև օտար սկզբնաղբյուրներից: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում է ամբողջ միջնադարյան պատմագրությունն ու ժողովրդական մշակույթը:
– Իմ կյանքի առաջին շրջանում ուսուցիչս եղել է բանագետ Նելլի Հակոբյանը, երկրորդում՝ միջնադարագետ, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը, իսկ կյանքի ուսուցիչ եղավ մեր ժամանակի ականավոր գրող Հրանտ Մաթևոսյանը: Մինչ օրս զգում եմ նրանց հոգևոր ազդեցությունը, -երախտագիտությամբ հիշում է Արծրունի Սահակյանը:
1973-78 թթ. նա սովորել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետում: Հենց ուսանողական տարիներից էլ սկսեց զբաղվել գիտությամբ՝ ուսումնասիրելով ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի բանահյուսական արխիվը, որի արդյունքում հրատարակեց երկու ժողովածու՝ բանագետ և բանահավաք Նելլի Հակոբյանի համահեղինակությամբ՝ «Հիմա՞ ես ուզում, թե՞ հետո» (Երևան, 1977թ.), «Հայկական ժողովրդական հեքիաթներ» ( Երևան, 1980թ.): Դրանցից առաջինի խմբագիրը դարձավ մեր ժամանակի ականավոր գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը, իսկ երկրորդինը՝ ականավոր լեզվաբան, բարբառագետ Մանվել Ասատրյանը:
1978-81 թթ. Արծրունի Սահակյանը սովորել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: Իսկ մինչ այդ խոստումնալից երիտասարդին նկատել էր Մատենադարանի երջանկահիշատակ հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանը, երբ Արծրունի Սահակյանը դիպլոմային աշխատանքի թեմայով սկսել էր ժողովրդական հեքիաթներ փնտրել միջնադարյան ձեռագրերում:
1986թ. Արծրունի Սահակյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հուշա – պաշտամունքային կոթողները հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի համակարգում» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատությունը Խաչքարերին է նվիրված: Այդ աշխատության գիտական խորհրդատուն էր ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը:
2011թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ժողովրդական քրիստոնեությունը միջնադարյան Հայաստանում և հայ եկեղեցու պատմության խնդիրները « թեմայով և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան: Իսկ 2014թ. «Հայ հին վիպական ավանդույթը և պատմագրությունը» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն բանասիրական գիտությունների գծով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Նրա գրչին են պատկանում «Ժողովրդական քրիստոնեությունը միջնադարյան Հայաստանում», «Հայ հին վիպական ավանդույթը և II դարի պատմագրությունը» , «Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» բնագրի պատմություն» մենագրությունները և 60-ից ավելի գիտական հոդվածներ: Դրանցից մի քանիսի հիշատակումն էլ բավական է, որպեսզի ընդգծվի պրոֆեսոր Արծրունի Սահակյանի՝ հայագիտության մեջ ունեցած մեծ ավանդը. «Культурологический поиск утерянных столиц Древней Армении», «Astuac (Бог) – знак армянского христианского конфессионально – культурного контекста», «Նոր դիտարկումներ ի լրումն Մովսես Խորենացու կենսագրության», «Հայ միջնադարյան վանական բանահյուսություն», «Մ.թ. II դարի պատմիչ Մարաբ Մծուրանցու աշխարհընկալման և աղբյուրաբանական մեթոդի մասին», «Տապանակիր լեռան ավանդապատումը և Հայաստանի սրբազնացումը» և այլն:
-Պարո՛ն Սահակյան, մեր նախնիները իրենց կյանքը նվիրաբերելով՝ մեզ են հասցրել միջնադարյան ձեռագիր մատյանները: Եվ շատերը նույնիսկ տառաճանաչ էլ չէին: Ի՞նչ ոգի էր ստիպում հայ մարդուն ամեն գնով փրկել ձեռագրերը,- հարցնում եմ:
– Թեև միջնադարյան հայկական իրականությունը բնակեցված էր նաև անգրագետներով, այնուամենայնիվ, համատարած զանգվածային մտայնության մեջ Հայաստանը գրավոր ձեռագրերի աշխարհ էր: Եվ այդ աշխարհի բնակիչը հասկանում և արժևորում էր ձեռագիրը, հարգում էր գրագիտությունը և ուսումը: Եվ որքան էլ տվյալ անձն ինքը լիներ անգրագետ, իր զավակների և թոռների ապագան կապում էր կրթության հետ, ինչը առաջին կարևոր գործոնն էր: Երկրորդը կարելի է նշել այն , որ ,ինչպես Հայաստանում, այնպես էլ քրիստոնյա մյուս երկրներում գոյություն ուներ նաև ժողովրդական քրիստոնեություն, որի առանձնահատուկ կողմերից էր գրքի պաշտամունքը:
-Ինչպե՞ս կբացատրեք այն ֆենոմենը, որ դարեր շարունակ մեր ժողովուրդը կարողացավ գոյատևել առանց պետականության…
-Այդ ֆենոմենը արդե՛ն ձևակերպել է Վահան Տերյանը՝ հռչակելով «հոգևոր Հայաստանի» գաղափարը: Նա ասում էր. «Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգության , որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը , և , որ գլխավորն է, մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու: Ահա թե ինչու՛ ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծե այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են»:
-Դարեր շարունակ Մատենադարանում պահվող ձեռագիր մատյաններն ապահովեցին մեր երթը պատմության մեջ: Ո՞րն է լինելու մեր անելիքը՝ գալիք սերունդներին «հոգևոր Հայաստանի» գաղափարով կրթելու և դաստիարակելու գործում:
-Իմ խորին համոզմամբ դաստիարակելու կարիք չկա:Պետք է պարզապես եղածը բյուրեղացնել: Իսկ Մատենադարան ասվածը մեր ամբողջ ժողովուրդն է՝ առանց որևէ չափազանցության: Մատենադարանը ենթագիտակցորեն նստած է մեր ժողովրդի հոգում: Փորձե՛ք ցանկացած ընտանիքի հարց ուղղել իր տոհմական անցյալից , իր պատմության խորքերից…նա անպայման քեզ կուղղորդի Մատենադարան: Հայտնի փաստ է, որ ազգի մեջ նոր տոհմեր չեն առաջանում, իսկ ավանդապաշտ բոլոր տոհմերը ինչ-ինչ թելերով կապված են Մատենադարանի հետ: Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որոնք առօրյայով ապրում և սերնդափոխ են լինում ՝ իրենց թիկունքին ունենալով առարկայացած անցյալի հիշատակարանը՝ Մատենադարանի տեսքով,-ասում է պրոֆեսորը:
Նա իր երկարամյա գիտական ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն համոզման, որ Մատենադարան ստեղծած ժողովուրդը կարո՛ղ է և պարտավոր է ունենալ հոգևոր արժեքների վրա խարսխված ամուր պետականություն.
-Պետություն և մշակույթ հարաբերության մեջ կա մի իդեալ, որին մարդկությունը դեռ չի հասել: Եթե առաջին անգամ դրան հաջողվի հասնել Հայաստանում, շատ խորհրդանշական կլինի՝ մոտավորապես նման կլինի քրիստոնեությունը առաջինը պետականացնելուն: Ո՞րն է այդ իդեալը: Դա մշակութավարական պետությունն է՝ հասարակական այն կարգը, որը կարելի է կոչել կուլտուրոկրատիա : Եվ ես երազում եմ, որ հենց մեր Հայրենիքում ստեղծվի մշակութավարական պետություն…
Հասմիկ Պողոսյան