Խորհրդային Միությունում 1985-ին որպես պետական քաղաքականություն մատնանշված «Վերակառուցման» ընձեռած բացախոսության և հրապարակայնության պայմաններում գլուխ է բարձրացրել տասնամյակներ կոծկված ազգային հարցը, որն էլ դարձել է խորհրդային կայսրության փլուզման գլխավոր պատճառներից:
Արցախյան հուժկու շարժումը և անկախության համար պայքարը տալիս են իրենց պտուղները. Հայաստանը դառնում է անկախ պետություն:
1985-ի մարտին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար է ընտրվել Միխայիլ Գորբաչովը (1990-91-ին’ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը)’ «վերակառուցում» կոչված քաղաքականության «ճարտարապետը»: Այդ քաղաքականությունն ընդունվել է ԽՄԿԿ ԿԿ ապրիլյան պլենումում (1985) և հաստատվել կուսակցության 27-րդ համագումարի (1986) որոշումներով: Խնդիր է դրվել վերափոխությունների միջոցով արագացնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կատարել քաղաքական համակարգի բարեփոխում:
ԼՂԻՄ-ի հայությունը վերստին օրակարգ է մտցրել 1921-ից սկիզբ առած Խորհրդային Հայաստանին վերամիավորվելու հիմնախնդիրը: Սկսվել է հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի նոր փուլը’ Արցախյան շարժումը: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության, դիմել է Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդներին’ ԼՂԻՄ-Ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդ գրկելու համար: ՀԽՍՀ-ում սկսվել են արցախահայության հետ համերաշխության ելույթներ և ԽՍՀՄ-ում աննախադեպ’ հարյուրհազարանոց հանրահավաքներ ու ցույցեր: Փետրվարի 25-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն հայրապետական նամակ է հղում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Միխայիլ Գորբաչովին.
«Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք բազմաթիվ նամակներ, հեռագրեր, հեռախոսազանգեր ենք ստացել Հայաստանից, մասնավորապես, մեր եպիսկոպոսներից և եկեղեցուց, արտերկրի մշակութային կազմակերպություններից, որոնք Սփյուռքի ավելի քան երկու միլիոն հայերի անունից պահանջում են, որ մենք միջնորդենք Խորհրդային Միության բարձրագույն իշխանություններին, որ հայկական Ղարաբաղի հարցը արդար լուծում ստանա՝ մեր սահմանադրության հիման վրա՝ Ղարաբաղի ժողովրդական դեպուտատների որոշման և ժողովրդավարական սկզբունքների համաձայն:
Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված լուրջ իրավիճակով, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ստացած լուրերի համաձայն եղել են զոհեր և վնասվել են հայկական պատմական եկեղեցական հուշարձաններ»։
Սակայն ի սկզբանե Կենտրոնի դիրքորոշումը Արցախյան շարժման նկատմամբ բացասական էր. մտավախություն կար, որ ազգային շարժումը կարող էր տարածվել նաև Միության մյուս հանրապետություններում, և ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոն փետրվարի 21-ի որոշումով արցախահայության պահանջը բնութագրել է որպես «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» սադրանք: Ավելին’ Ադրբեջանի իշխանությունները գորբաչովյան ղեկավարության թողտվությամբ փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում կազմակերպել են հայ ազգաբնակչության ջարդեր: Պաշտոնական տվյալներով’ սպանվել է 27 հայ, կողոպտվել 200 բնակարան:
Արցախում և Հայաստանում վերսկսվել են բողոքի բազմահազարանոց ցույցեր: Հայ ժողովուրդը ԽՍՀՄ կառավարությունից պահանջում էր արդարացի լուծում տալ Արցախի խնդրին, պատժել սումգայիթյան եղեռնագործներին, տալ կատարվածի քաղաքական գնահատականը: Սակայն կենտրոնը հետևողականորեն շարունակում էր նույնացնել Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
1988-ի Մարտի 22-ին Խորհրդային բանակի զորամիավորումներ են մտցվում Երևան, շրջափակվում է Օպերայի հրապարակը՝ կանխելու մարտի 26-ին նախատեսվող հանրահավաք։ խորհրդային բանակի զորամասեր են մտցվել Երևան: Մարտի 26-ին Երևանում հայտարարվում է պարետային ժամ։ Շրջափակված են հանրահավաքների վայր դարձած հրապարակները, Երևանը վերածվում է պաշարված քաղաքի: Արգելված են բոլոր չարտոնված ցույցերը, «Ղարաբաղ» կոմիտեն հայտարարված է օրենքից դուրս:
1988-ի ապրիլի 24-ին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդում տեղադրվում է Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքար:
Մայիսի 12-16-ը Ադրբեջանում սկսվում է Սումգայիթյան ջարդերի գործով առաջին դատավարությունը։ Թալի Իսմայիլովը դատապարտվում է 15 տարվա ազատազրկման՝ «խուլիգանական դրդապատճառներով կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում» մեղադրանքով։ Մայիսի 17-ին Երևանում, Մատենադարանի մոտ տեղի է ունենում հանրահավաք, որի մասնակիցները իրենց վրդովմունքն են արտահայտում Սումգայիթյան դատավարությունների նկատմամբ։ Հանրահավաքի մասնակիցները ցնցված են դատավճռի մեղմությամբ, կենտրոնական իշխանություններից պահանջում են դատավարությունը տեղափոխել Հայաստան և կողմնակալության վտանգը նվազեցնելու համար փոխել դատավորների խորհուրդը: Ստեփանակերտում ընդհանուր գործադուլը գործարանների և հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման պատճառ է դառնում։
Մայիսի 21 -ին Հայաստանի կոմունիստական կուսակցության լիագումար նիստը որոշում է ազատել Կարեն Դեմիրճյանին զբաղեցրած պաշտոնից և առաջին քարտուղար նշանակել Սուրեն Հարությունյանին:
Մայիսի 28-ին Օպերայի հրապարակում անցկացվում է հանրահավաք: Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) 70-ամյակն է, Մովսես Գորգիսյանն առաջին անգամ ծածանում է հայոց եռագույնը։
1988-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը, հակառակ կենտրոնական իշխանությունների դիրքորոշման, ժողովրդի ճնշմամբ, ընդառաջելով ԼՂԻՄ-ի մարզխորհրդի դիմումին, համաձայնություն է տվել մարզը ՀԽՍՀ-ի կազմում ընդգրկելուն և այդ հարցը լուծելու խնդրանքով դիմել է ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդ:
Ի պատասխան, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը հունիսի 16-ին «անհարին» է համարում Լեռնային Ղարաբաղի հանձնումը Հայկական ԽՍՀ կազմ, հիմնվելով ԽՍՀՄ Սահմանադրության 78-րդ հոդվածի վրա, որում նշվում է՝ «խորհրդային հանրապետության տարածքը չի կարող փոփոխության ենթարկվել առանց նրա համաձայնության»: Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղում շարունակվում են արդեն չորս շաբաթ տևող գործադուլն ու հանրահավաքները, խորհրդային զորամիավորումներ են մտնում Ստեփանակերտ։
Հուլիսի 4-ին հայտարարվում է համընդհանուր գործադուլ: Պահանջը կրկին Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիավորումն է, մարզի հայ ազգաբնակչության անվտանգության երաշխավորումը։ Երևանում շրջափակվում է «Զվարթնոց» օդանավակայանը։ Հուլիսի 5-ին «Զվարթնոց»-ի շրջափակման կապակցությամբ խաղաղ նստացույցի ժամանակ երիտասարդ հայ տղամարդ է սպանվում: Զինվորները նախ զգուշացնում են, որ 30 վայրկյան անց կսկսեն ցրել ցուցարարներին, ապա, դեռ 30 վայրկյանը չլրացած, հարձակվում են: Զոհված երիտասարդի հուղարկավորությունը հարյուր-հազարավոր հայերի է դուրս բերում փողոց և փոխում շարժման ընթացքն ու ուղղվածությունը. հանրահավաքներում սկսում են հայտնվել հակախորհրդային կարգախոսներ։ Թատերական հրապարակում հավաքված ժողովուրդը երեք հիմնական պահանջ է առաջադրում. Հայաստանի հետ ԼՂ վերամիավորում, Սումգայիթյան դատավարությունների վայրի փոփոխություն և իրադարձությունների ամբողջական լուսաբանում:
Հուլիսի 12-ին ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանը հայտարարում է Ադրբեջանական ԽՍՀ կազմից միակողմանիորեն դուրս գալու մասին:
Հուլիսի 18-ին Մոսկվայում հրավիրվել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստ, որին մասնակցել են նաև Ադրբեջանական. և Հայկական ԽՍՀ-ների ու ԼՂԻՄ-ի ներկայացուցիչները (ՀԽՍՀ-ից’ Սերգեյ Համբարձումյան, Վիկտոր Համբարձումյան, Վարդգես Պետրոսյան, Հենրիկ Իգիթյան, ԼՂԻՄ-ից’ Հենրիկ Պողոսյան): ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության արտակարգ նիստը մերժում է հայերի վերամիավորման պահանջը, հղում կատարելով ԽՍՀՄ Սահմանադրության 78-րդ հոդվածին: Այնուամենայնիվ, նիստը խոստանում է ամրապնդել մարզի ինքնավարությունը, բարելավել կենսապայմանները, ձևավորել աշխատանքային խումբ, որը կվերահսկի մարզում կարգուկանոնի հաստատումը, ստեղծել պետական հանձնաժողով՝ ուսումնասիրելու հայերի բողոքների վերացման ուղղությամբ հավելյալ միջոցառումները։ Որոշվում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ներկայացուցիչների պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ՝ Արկադի Վոլսկիի գլխավորությամբ:
1988-ի Սեպտեմբերի 18 -ին Ղարաբաղում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, երբ Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող Խոջալուի բնակավայրի հարևանությամբ ադրբեջանցիների կողմից անսպասելի հարձակման է ենթարկվում ազգությամբ հայ ուսանողներ տեղափոխող ավտոբուսը: Ուսանողներից շատերը վիրավորվում են: Երբ լուրը հասնում է Ստեփանակերտի հանրահավաքին, նրա մասնակիցները որոշում են շարժվել դեպի դեպքի վայր։ Առաջին անգամ կողմերը հրազեն են օգտագործում, ինչի արդյունքում զոհվում է մեկ մարդ, ավելի քան 40-ը ծանր վիրավորվում են: Շուշիում կրակի են մատնվում հայերի տները, Ստեփանակերտում՝ ադրբեջանցիներինը։ Սեպտեմբերի 21-ին Մոսկվան Լեռնային Ղարաբաղում արտակարգ դրություն է հայտարարում: Ուժի մեջ է մտնում պարետային ժամը, օտարազգի լրագրողներին արգելվում է մուտք գործել Ադրբեջան և Հայաստան: Չնայած արգելքին, Երևանում բողոքի ակցիաներն ու համընդհանուր գործադուլը շարունակվում են: Հանրապետության խոշոր քաղաքները կաթվածահար են:
Հոկտեմբերի 18 -ին Մոսկվայում, ԽՍՀՄ Գերագույն դատարանում, մեկնարկում է Սումգայիթյան ջարդերի գործով ներգրավված Ահմեդ Ահմեդովի, Իսմայիլ Իսմայիլովի և Յավար Ջաֆարովի դատավարությունը: Նրանք մեղադրվում են «զանգվածային անկարգությունների կազմակերպման և ջարդերին, հրկիզումներին և սպանություններին անմիջականորեն մասնակցելու» համար: Դատավարությունը Ադրբեջանական ԽՍՀ դատարաններից տեղափոխվել է Մոսկվա: Նոյեմբերի 18-ին Սումգայիթյան ջարդերում մեղադրվող ադրբեջանցիներից մեկը, Ահմեդ Ահմեդովը, մեղավոր է ճանաչվում սպանության համար և դատապարտվում մահապատժի: Վճռից դժգոհ ադրբեջանական ազգայնականները նոյեմբերի 19-ին Բաքվում կազմակերպում են զանգվածային ցույց ընդդեմ ԽՍՀՄ Գերագույն դատարանի մահապատժի վճռի: Նոյեմբերի 22-ին Բաքվում սկսված բռնությունները տարածվում են Ադրբեջանի այլ քաղաքներում և գյուղերում, Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում։ Հայտարարվում է պարետային ժամ, տանկեր և զորքեր են մտցվում Բաքու, Կիրովաբադ, Նախիջևան: Նախիջևանից խորհրդային զորամիավորումները Հայաստան են տարհանում մոտ 500 հայ կին և երեխա։ Նոյեմբերի 22 -ին Կիրովաբադում հակահայկական զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվում է չորս զինվոր: Նույն օրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում ընդունվում է Օսմանյան Թուրքիայում 1915թ. Հայերի ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ: Սակայն նիստն ընդհատվում է, երբ ստացվում է Բաքվում, Կիրովաբադում, Նախիջևանում և Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններում բռնության դեպքերի մասին լուրը: Սկսվում է Ադրբեջանից հայերի տեղահանումը։ Մեկ ամսվա ընթացքում մոտ 180 հազար հայ է բռնագաղթում Ադրբեջանից, մոտ 160 հազար ադրբեջանցի՝ Հայաստանից:
Կիրովաբադում տեղի ունեցած սպանություններից հետո ժողովուրդը պահանջում է Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել: 1988-ի նոյեմբերի 24-ին ցուցարարների խմբերը պատգամավորներին իրենց տներից ուղեկցում են Օպերայի հրապարակ, որտեղ և, քվորում ապահովելու նպատակով, նախատեսված է անցկացնել նստաշրջանը։ Այդ գիշեր կայացրած այլ որոշումների շարքում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Սումգայիթի ջարդերը ճանաչում է ցեղասպանություն: Գիշերը, ժամը 1-ին, հայտարարվում է, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանը արժանացած օրենքները։ Շուտով Երևանի փողոցներում հայտնվում են զորքեր և տանկեր, Մոսկվան հակասահմանադրական և ապօրինի է համարում այդ նստաշրջանի որոշումները, Երևանում մտցվում է արտակարգ դրություն։
Ադրբեջանական ԽՍՀ ամբողջ հայբնակչության նկատմամբ հալածանքների ու բռնիտեղահանմանազդակ դարձավ: 1988- 1990-ի ընթացքում Կիրովաբադում Գյանջա), Բաքվում, Շամխորում, Խանլարում, Դաշքեսանում և Ադրբեջանի հայաշատ այլ վայրերում սկսվեցին հայերի կոտորածներ ու բռնություններ, որոնք հիմնականում նպատակաուղղված էին նրանց զանգվածային տեղահանությանը: 1990-ին Հայաստանում ապաստանել է Ադրբեջանից բռնագաղթած ավելի քան 300 հազար մարդ, մոտ 360 հազարը մասն էլ ապաստանել է ԽՍՀՄ տարբեր վայրերում, հատկապես’ Հյուսիսային Կովկասում, իսկ հայաստանաբնակ ադրբեջանցիներին կազմակերպված տեղափոխել են Ադրբեջան: Ընդհանուր առմամբ՝ 1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքից փախստական են դարձել 660 հազարից ավելի հայ:
Դեռևս մայիսին ստեղծված Դարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն (Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան և ուր.) կազմակերպել է համազգային գործադուլներ, որոնց նպատակը կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հայ ժողովրդի արդար պահանջի վրա բևեռելն էր և այն սահմանադրական եղանակով բավարարելը: 1988-ի հոկտեմբեր – նոյեմբերին և 1989-ի օգոստոսին տեղի ունեցած ՀԽՍՀ ԳԽ մասնակի ընտրություններում ՀԽՍՀ ԳԽ պատգամավորներ են ընտրվել Արցախյան շարժման ղեկավարներ Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ, որոնք զգալի ազդեցություն են ունեցել խորհրդարանի հետագա գործունեության վրա:
Հանրապետության տնտեսությունն զգալի կորուստ է կրել 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից. ավերվել է հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանների արդյունաբերությունն և բնակելի ֆոնդի 40 %-ը: ԽՍՀՄ հանրապետությունները, բազմաթիվ երկրներ, միջազգային զանազան կազմակերպություններ և Սփյուռքն զգալի օգնություն են ցույց տվել երկրաշարժից տուժած շրջաններին: Դեկտեմբերի 10-ին և 11-ին լուրեր են տարածվում, որ իշխանությունները երկրաշարժից որբացած երեխաներին (ավելի քան 10 հազար երեխա) ուղարկում են Հայաստանից՝ նրանց որդեգրելու են ԽՍՀՄ այլ ազգերի ներկայացուցինչերը։ Լուրերը պայմանավորված են խորհրդային մամուլի հրապարակումներով, որոնք կոչ են անում ոչ հայ քաղաքացիներին որդեգրել որբացած երեխաներին։ Բժշկական օգնություն ստանալու նպատակով մի քանի հարյուր վիրավոր երեխա ինքնաթիռներով տեղափոխվել են Միության այլ քաղաքներ: Ենթադրվում է, որ թռիչքները որդեգրման ծրագրի ընդհանուր մաս են կազմում: Հայերը վրդովված են, շուրջ 100 հազար մարդ է հավաքվում Օպերայի հրապարակում։ Բախումներ են սկսվում ոստիկանության հետ, ինչը որպես պատրվակ օգտագործվում է «Ղարաբաղ» կոմիտեի յոթ անդամներին ձերբակալելու համար։ Վերջիններս մեղադրվում են «հանրային անկարգություններ հրահրելու» համար:
1989-ի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության որոշմամբ դադարեցվել է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման մարզխորհրդի գործունեությունը: Մարզում ստեղծվել է Հատուկ կառավարման կոմիտե, որը որոշ քայլեր է կատարել կատարել ԼՂԻՄ-ի սոցիալական վիճակի բարելավման, Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև տնտեսական ու մշակութային կապեր հաստատելու ուղղությամբ: Սակայն կոմիտեի կառավարման պայմաններում էլ Ադրբեջանը շարունակել է Ղարաբաղի շրջափակումը:
1989թ. փետրվարին ՏԱՍՍ-ը հրապարակում է Ադրբեջանում և Հայաստանում նախորդ տարվա իրադարձություններում տուժածների ընդհանուր թիվը՝ 91 զոհ և 1650 վիրավոր: Նրանց թվում են չորս սպանված և 117 վիրավոր խորհրդային զինծառայող, 32 ոստիկան: Քրեական գործեր են հարուցվել 517 անձի դեմ՝ անկախ նրանց ազգությունից։ Երկու հանրապետություններից տեղահանվել է մոտ 200 հազար մարդ։ Ադրբեջանում «ներքին գործերի մարմինների» ավելի քան 100 ղեկավար է ազատվել աշխատանքից կամ պատժվել:
ՀԽՍՀ բնակչության մեծ մասը բոյկոտել է պարետային ժամի պայմաններում 1989-ի փետրվարին անցկացվող ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրությունները և շարունակել պայքարը շարժման ձերբակալված ղեկավարներին ազատելու համար: 1989-ի ապրիլին նրանք ազատ են արձակվել: Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, հենվելով բնակչության քաղաքական ակտիվության վրա, ընդլայնել է իր ծրագիրը’ աստիճանաբար առաջ մղելով անկախ պետականության վերականգնման խնդիրը, որի իրագործմանն էր ուղղված «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) հասարակական կազմակերպության գործունեությունը: 1989-ի նոյեմբերին կայացել է վերջինիս հիմնադիր համագումարը: Նույն թվականից հրատարակվել է «Հայք» պաշտոնաթերթը: ՀՀՇ-ն թեև գլխավորել է շարժումը, սակայն չի դարձել համաժողովրդական կազմակերպություն: Կատարվել են կոպիտ սխալներ («Նաիրիտ», Ալավերդու պղնձաձուլական, Կիրովականի քիմիական և այլ գործարանների փակում), որոնք ծանր հարված են հասցրել երկրի տնտեսությունը:
1989-ի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ ԳԽ-ն ընդունել է որոշում «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում իրադրությունը կարգավորող միջոցառումների մասին», ըստ որի՝ մարզը կառավարելու համար ստեղծվել է հանրապետական կազմկոմիտե, որի գործունեությամբ Լեռնային Ղարաբաղում ծայր է առել հակահայկական քաղաքականության մի նոր փուլ: Ելնելով դեպքերի զարգացման նման ընթացքից՝ 989-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը (ընտրվել է նույն թվականի օգոստոսի. 16-ին) համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և ԼՂ-ի վերամիավորումը: Ավելին, Սակայն ԽՍՀՄ ԳԽ-ն չի ճանաչել այդ որոշումը:
Ի պատասխան հայերի պայքարի’ 1990-ի հունվարին ադրբեջանական գրոհայինները զինված հարձակումներ են ձեռնարկել ՀԽՍՀ-ի սահմանի ողջ երկայնքով, սակայն հայ կամավորական և աշխարհազորային ջոկատները հակահարված են տվել նրանց: ՀԽՍՀ ԳԽ-ի 1990-ի մայիսի ժողովրդավարական ընտրություններին մասնակցել է նաև արցախահայությունը: Ընտրական պայքարը ծավալվել է հիմնականում ՀՀՇ-ի և ՀԿԿ-ի միջև: Արցախի հարցում ԽՍՀՄ կոմունիստական ղեկավարության դիրքորոշումից հիասթափված ժողովուրդը ձայների զգալի մասը տվել է ՀՀՇ-ին, որի շնորհիվ 1990-ի օգոստոսի 4-ին ԳԽ նախագահ է ընտրվել ՀՀՇ վարչության նախագահ, Դարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լ. Տեր-Պետրոսյանը:
1990-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով հայտարարվել է երկրում անկախ պետականության վերահաստատման գործընթացի սկիզբը, հանրապետության կարգավիճակը խորհրդային պետության համակարգում’ մինչև լիակատար անկախության ձեռքբերումը: 12 կետից բաղկացած փաստաթուղթը նախանշում է Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման ուղիները: ՀԽՍՀ-ն վերանվանվել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ, կրճատ’ Հայաստան), գործող ՀԽՍՀ 12-րդ գումարման ԳԽ-ն համարվել ՀՀ 1-ին գումարման ԳԽ: Հատուկ կետով արձանագրվել է, որ ՀՀ-ն պետք է ունենա իր մասնաբաժինը ԽՍՀՄ ԶՈՒ-ի միջոցներից: Թեև ԳԽ-ի նախագահը դեմ է արտահայտվել հռչակագրում 1915-ի Հայոց ցեղասպանության և հայկական. տարածքների մասին կետ մտցնելու պատգամավորների մեծ մասի պահանջին, սակայն քվեարկությամբ այդ մասին հոդված, այնուամենայնիվ, մտցվել է: Հռչակագիրը հաստատել է ՀՀ-ի վճռականությունը Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերյալ: Մինչև նոր սահմանադրության (հիմնական օրենքի) ընդունումն այն ծառայել է որպես ծրագրային փաստաթուղթ:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնալով ավելի էր սրվում: Մարզում գտնվող ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը փաստորեն կատարում էին պատժիչ դեր և ենթարկվում հանրապետական կազմկոմիտեին: Արցախում ծավալված զանգվածային բռնությունների ալիքն իր գագաթնակետին է հասել 1991-ի ապրիլ-օգոստոսին, երբ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը ադրբեջանական զինված ջոկատների աջակցությամբ իրականացրել են «Кольцо» («Օղակ») գործողությունը, ինչի արդյունքում հայաթափվել են Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի և ԼՂԻՄ-ի 24 գյուղեր: Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների աջակցությամբ ձեռնամուխ են եղել բռնի ուժով Արցախի վերջնական հայաթափմանը: Լեռնային Ղարաբաղի հայությունը ոտքի է ելել զենքով պաշտպանելու իր հայրենիքը: Ստեղծվել են ինքնապաշտպանական ջոկատներ, ապա՝ պաշտպանության բանակը: