Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի յոթանասուն տարվա պատմություն, բայց չի փոփոխվել մշակութային այս օջախի գաղափարախոսական կարևորագույն և առաջնային կետը՝ պարգևել խինդ և ծիծաղ թատերասերներին: Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը www.ostarmenia.com կայքի լրագրող Քրիստինե Առաքելյանի հետ հարցազրույցի ընթացքում ուրախությամբ ու հաստատակամությամբ նշեց, որ 21-րդ դարում նույնպես Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը շարունակում է ժպտալ և ծաղկել…
– Հայկական թատրոնը 25 տարի առաջ և այսօր. ի՞նչ միջավայրում է ապրում և շնչում
– 25 տարի առաջ այլ հասարակարգ էր, այլ էր ընդհանուր միջավայրը: Այն ժամանակ մարդիկ այդքան քաղաքականացված չէին, և մարդկանց հետաքրքրում էր մշակույթը, սպորտը: Առօրյա խոսակցությունները ու քննարկումներն էլ դրանց մասին էին: 25 տարի առաջ մարդկանց մոտ հետաքրքրություն կար հաճախել թատրոններ, թանգարաններ և այլն: Այսօր իրավիճակը փոքր-ինչ ուրիշ է: Ինչ վերաբերում է ներկայացումներին, ես կարող եմ ասել, որ մեր թատրոնի հարցում ոչինչ չի փոխվել: Այն ինչ թատրոնը կատարում էր այն ժամանակ անում է նաև հիմա: Այսինքն՝ անվանակոչված լինելով որպես երաժշտական կոմեդիայի թատրոն՝ բեմադրում է երաժշտական ներկայացումներ, կոմեդիաներ:
– Թատրոնում կենդանի շունչը տարիներ առաջ ավելի՞ն էր, քան այսօր
– Կարծում եմ՝ այո՛, ավելին էր, հասարակությունը շատ ավելի հետաքրքրված էր թատրոնով՝ սկսած դպրոցահասակ երեխաներից և մանուկներից: Այսօր մի քիչ այլ է՝ հետաքրքրությունները փոխվել են:
– Արդյոք Երևանյան թատրոնների դժվարին օրերը անցյալու՞մ են:
-Ես չեմ ուզում օգտագործել «դժվարին օրեր» բառակապակցությունը: Այո՛, եղել են դժվարին օրեր՝ մեր անկախության տարիները՝ 1991-1998 թվականները: Բայց այն ժամանակ դժվար էր ոչ միայն թատրոնների համար, այլ բոլոր ոլորտների: Դա ես չեմ կապում թատրոնների հետ, բոլորս էլ գիտենք՝ համատարած ամբողջ Հայաստանում դժվարին օրեր էին: Բայց այսօր, փառք Աստծո, արդեն օրեցօր, տարուց տարի բարելավվում է: Չմոռանանք, որ փոքր երկիր ենք և նոր ենք անկախացել, ուստի փոքր քայլերով ենք առաջ գնում:
– Պարոնյան թատրոնը կոչված է որպես երաժշտական կոմեդիայի թատրոն: 21-րդ դարում դուք ժպտացող թատրոն ե՞ք համարվում
-Այո՛, միանշանակ: Մեր թատրոնում դերասանները ու ստեղծագործողները նվիրյալներ են, ապրում են դրանով, ինչպես աշխատել ենք, այդպես էլ աշխատում ենք:
– Իսկ Պարոնյան թատրոնը հանդիսատեսի պահանջարկ ունի՞
-Բնականաբար ունի: Ես չեմ ասում՝ հանդիսատես չկա, ո՛չ, կա, բայց հիմնական պակասը դպրոցահասակ երեխանների շրջանում է: Ես կցանկանայի, որ լինեին շատ դպրոցահասակներ:
– Ինչո՞վ է դա պայմանավորված
-Հարցին ստույգ չեմ կարող պատասխանել, միայն կարող եմ ասել, որ 25 տարի առաջ պարտադիր էր դպրոցականներին աբոնեմենտներ տալը, իսկ այսօր՝ ոչ: Իմ պատանեկության տարիներին ես այդ ձևով ներկա եմ եղել Սունդուկյան թատրոնի ներկայացումներին: Ստանում էինք աբոնեմենտներ և հաճախում: Դա ես կարևորում եմ: Այսօր չկա դպրոց-թատրոն կապը:
– Չե՞ք փորձում վերականգնել այն
– Մենք փորձում ենք, բայց կարծում եմ՝ դա ավելի շատ պետական քաղաքականություն է: Դա, բնականաբար, մեր այսօրվա լավ վիճակից չէ: Խորհրդային տարիներին մեր ծնողները վճարում էին, որպեսզի մենք գնանք թատրոն, այսօր, չգիտեմ՝ ինչու, դա համարում են դրամահավաք: Ցավոք, ես չեմ կարող վերլուծել դա: Միանշանակ է, որ խնդիր կա երեխաներին բերել թատրոն, քանի որ այսօր երեխային չբերելու դեպքում նա ինքնակամ կնախընտրի համակարգիչը: Այսինքն` երեխան իր կամքով չի ցանկանա գալ թատրոն, նրան պետք է բերեն և ծանոթացնեն, որպեսզի հետագայում այդ երեխան արդեն նաև թատրոնով ստանա գիտելիք:
– Իսկ առհասարակ` ի՞նչ ավանդ է ունեցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը և ի՞նչ է բերել թատերական կյանք
-Օրինակ բերեմ. թատրոնը հիմնադրվել է 1942թ-ին՝ համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ ամենաթեժ օրերին ստեղծվեց Երաժշտական կոմդեդիայի պետական թատրոն, դա արդեն իսկ նպատակ էր Խորհրդային Հայաստանի համար, քանի որ թատրոնը կոչված էր մարդկանց, ժողովրդին ուրախացնելու ու ինչ որ տեղ պատերազմից շեղելու: Դրանից հետո և այսօր էլ թատրոնը շարունակում է առաջնորդվել իր որդեգրած առաքելությամբ:
– Իսկ ո՞րն է այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնական գաղափարախոսությունը
– Մեր հիմանական խնդիրներից մեկն բեմադրել հայ դասականների ու ժամանակակից դրամատուրգների աշխատանքներ: Դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք համաշխարհային դրամատուրգիան, բայց մեր հիմանական խնդիրն է տարվա մեջ 2-3 անգամ անդրադառնալ ազգայինին՝ առաջնորդվում ենք ազգայինի պրոպագանդման գաղափարախոսությամբ:
– Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած թատրոնը` իր առաքելությունը կատարելիս
– Ժամանակին ունեինք վերանորոգման խնդիր, որը լուծվեց, այսօր հիմնական խնդիրը բեմական տեխնիկայի, մեխանիզմների բացակայությունն է, որը շատ կարևոր է երաժշտական կոմեդիայի թատրոնի համար, քանի որ երաժշտական ներկայացումները պահանջում են շքեղ բեմ, լույսեր և սարքավորումներ: Հիմնական խնդիրը տեխնիկական վերազննումն է:
– Լուծման ինչպիսի՞ ուղղություններ եք փնտրում
– Ավստրիական մի ընկերություն կառավարության հետ պայմանագիր ունի կնքած, և մոտ մեկ տարի առաջ վերանորոգվեց Օպերայի և մեր թատրոնը, հիմա վերանորոգման մեջ է Արամ Խաչատրյան մեծ համերգասրահը, դրանից հետո նախատեսված է վերանորոգել Սունդուկյանի անվան թատրոնը, կարծում եմ՝ բարեհաջող ընթացքի դեպքում հաջորդ տարի մեր հերթը կլինի:
– Երիտասարդները ի՞նչ մասնակցություն ունեն Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի կյանքում
– Ընդհանրապես բոլոր թատրոնների համար պարտադիր է 3 սերունդների առկայությունը՝ ավագ, միջին, երիտասարդ: Մեր թատրոնում առկա են 3 սերունդներն էլ, ամեն տարի, կոնկրետ երիտասարդների շրջանում ունենում ենք համալրումներ: Համաչափությունը պահպանվում է…Կարևոր է, որ թատրոնը ունենա այնպիսի գեղարվեստական ղեկավար, որը կկարողանա ստեղծել փոխադարձ հարգանքով լեցուն միջավայր:Մեզ մոտ հենց այդպիսի մթնոլորտ է տիրում, և մեր թատրոնի ավագ սերունդը սովորեցնում է երիտասարդներին, և զիջում՝ հարկ եղած դեպքում:
– Այսօրվա երիտասարդը թատերասեր է՞
– Կարծում եմ՝ այո՛, ուղղակի խնդիր կա մեր երիտասարդներին բերել թատրոն ու ծանոթացնել թատերարվեստին: Բայց որ սիրում են՝ փաստ է:
– Պարոն Շահբազյան, Դուք չունեք թատերական կրթություն, ի՞նչը Ձեզ բերեց թատերարվեստ
– Ես կրթությունս ստացել եմ Խորհրդային տարիներին և կարող եմ ասել, որ սերտ կապ եմ ունեցել մշակութային օջախների հետ, դրանից հետո աշխատել եմ Մշակույթի նախարարությունում՝ ֆինանասատնտեսական հարցերով՝ մոտավորապես 5 տարի: Այնուհետև առաջարկ ստացա աշխատելու Պարոնյան թատրոնում՝ որպես տնօրեն և արդեն 14 տարի է՝ այս աշխատանքին եմ:
– Դուք թատրոնի 24-րդ տնօրենն եք. Ձեր օրոք ո՞րն է թատրոնի կարևորագույն ձեռքբերումը
– Չեմ ցանկանում ասելիքս կապել հենց ինձ հետ, սակայն այս տարիների ընթացքում լուծվել են շենքային պայմանների խնդիրը, ջեռուցումը, ինչպես նաև տարբեր տեխնիկական հարցեր:
– Ամփոփելով՝ որո՞նք են թատրոնի լավագույն տարիները
– Ըստ իս` դա մի մեծ ժամանակաշրջան էր, երբ բեմում էին մեր մեծերը: Այդ տարիներին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն հաճախելու համար տոմս ձեռք բերելը լուրջ խնդիր էր:
– Ինչպիսի՞ ապագա եք տեսնում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի համար:
– Կցանկանայի, որ ինչպիսին եղել է, այնպիսին էլ շարունակի գոյություն ունենալ և պահպանի իր ժանրային առանձնահատկությունը:
– Ո՞րն է Ձեր երազանքը
-Իմ երազանքը ունենալ ազատ, անկախ Հայաստան, բայց ոչ այս սահմանների մեջ՝ մեր պատմական հայրենիքի միացմամբ ևս:
Լուսանկարներ` Հայկ Ալեքսանյան