Համահայկական VII խաղերի երեք ջահերը արդեն վառվել են և ուղևորվում են դեպի Ստեփանակերտ, որտեղ տեղի կունենա բացման պաշտոնական արարողությունը:
Այս տարի խաղերը ընթանալու են օգոստոսի 5-17-ը Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, նրանց կարգախոսն է. «Միասնություն՝ սպորտով»:
Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը խորհրդանշող ջահերից առաջինը վառվեց մեր պատմական հայրենիքում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը՝ Խոր Վիրապում, երրորդը՝ Արցախի Տիգրանակերտում։
Համահայկական առաջին ամառային խաղերն անցկացվել են Հայաստանում 1999 թ.–ին, որոնց մասնակցել են 23 երկրներ ներկայացնող մարզիկներ, երկրորդ խաղերն անցկացվել են 2001 թ.–ին, երրորդը` 2003 թ.–ին, չորրորդը` 2007 թ.–ին, հինգերորդը` 2011 թ.–ին, վեցերորդը`2015 թ.–ին։
Ձմեռային առաջին համահայկական խաղերն անցկացվել են Ծաղկաձորում 2014 թ.–ի փետրվարի 24–ից մարտի 2–ը։ Խաղերին մասնակցել են աշխարհի 11 երկրների 22 քաղաքները ներկայացնող մոտ 400 մարզիկներ։ Խաղարկվել են 13 կոմպլեկտ մեդալներ դահուկավազքում, լեռնադահուկային մարզաձևում, սնոուբորդում, խաղարկվել է նաև Հոկեյի գավաթը։
Առաջին ջահը. Պատմության մեջ առաջին անգամ իրականացված՝ Երևան-Վան թռիչքով հայկական պատվիրակությունը հունիսի 12-ին ժամանեց Վան: Սփյուռքի ջահը վառվեց Կիլիկիո թագավորության հերոսական վայրերից մեկում՝ Մուսա լեռան ստորոտում:
Համահայկական խաղերի ջահի վառման պատիվը տրվեց ամերիկահայ բարերար, համահայկական խաղերի հիմնադիրներից՝ Ալբեր Բոյաջյանին:
Ջահը վառվեց Հայաստանի և Արցախի պետական դրոշների ներքո և Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ, Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի աղոթքով: Համահայկական լեռան ուժը հերոսական Արցախին փոխանցելու համար կոմիտեի փոխնախագահ Ստեփան Դեր Բեդրոսյանի գլխավորությամբ ջահը հասավ Մուսա-լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը:
Մուշ-Անի ճանապարհին պատվիրակության անդամները համահայկական խաղերի ջահը խոնարհեցին հայ ազգային –ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզմանին:
Երկրորդ ջահը. Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ Համահայկական խաղերի երկրորդ ջահը վառել է օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Երրորդ ջահը. Արցախի Տիգրանակերտում վառվեց Համահայկական խաղերի երրորդ ջահը: Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:
Պարգև սրբազանն արարողության կարևորությունն ընդգծեց հայի ինքնությունը շատ բարձր պահելու առումով։ «Նման միջոցառում Արցախում անցկացնելը շատ մեծ նշանակություն ունի: Մենք ոգեկոչում ենք անցյալի փառքն ու նշում ներկայի ձեռքբերումները, արցախյան հաղթանակները: Սերունդների համար կարևոր ձեռքբերում է սա»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը վառեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ, պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Արթուր Աղասյանը:
«Հպարտության և պատասխանատվության շատ բարձր զգացումով եմ առաջնորդվել։ Այս ամենը պարտավորեցնող է, կարևոր խորհուրդ ունի իր մեջ»,- ասաց Աղասյանը: