Գեղարքունիքի մարզում ՝ Գավառ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք, Գավառագետ գետի աջ ափին է գտնվում Նորատուս գյուղը, որը համարվում է մարզի ամենահին բնակավայրերից մեկը: Բնակավայրը նաև Գեղարքունիքի այն սակավաթիվ գյուղերից է, որի հին անունը պահպանվել է մինչև հիմա։
Հնուց, մինչև XIXդ․ սկզբները Նորատուսը եղել է Ծմակ գավառի/Կամոյի, հետո Գավառի շրջան/ վարչական կենտրոնը։ Զաքարյանների ժամանակ այստեղ է նստել նրանց կառավարիչը, որն արձանագրության մեջ կոչվում է դեմեթար, մեփորել կամ առաջնորդ։ XVIդ․-ում Նորատուսը եղել է Գեղարքունյաց մելիքական չորս տոհմերից մեկի նստավայրը։ Ազարյանները մելիք Բարիքի օրոք, իրենց նստոցը մոտակա Գանձակ/Քյոսամահմատ/ գյուղից տեղափոխել են Նորատուս:
Բնակավայրի տարածքում պահպանվում են հնագույն հուշարձաններ: Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավ-արևելյան եզրին`Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատուն: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Գեղարքունիքի իշխան Սահակի կողմից IX դարի վերջին:
Գյուղի հարավային գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Նրանց մեծ մասը (XIII-XVII դարեր) հիմնականում խմբավորված են և հանդիսանում են որոշակի ընտանիքի գերեզմանատների մի մաս:
Բնակատեղիի դամբարաններում հայտնաբերվել են բրոնզե գոտիներ, սլաքներ, ձեռնաշղթաներ, ուլունքներ, երկաթե դաշույն, խեցեգործարան և այլն:
Նորադուզի խաչքարերի առասպելը
Նորատուս գյուղի և հարակից շրջանների բնակիչները հետաքրքրաշարժ առասպել են պատմում Նորատուսի /Նորադուզի/ խաչքարերի մասին։ Առասպելում գովերգվում է այն խաչքարերի այն փրկարար հզորորությունը, որն օգնեց հերոսին թուրք-սելջուկներից/որոշ տարբերակների համաձայն մոնղոլ-թաթարներից/ փրկել հայրենի բնակավայրը։
Այն ժամանակ, երբ հայոց աշխարհում հարսանիքներ էին տոնում,և կամ, թաղման ծեսեր էին կատարվում,հանկարծակի հայտնվում էին այս արյունարբուներն ու հարձակվում այս կամ այն բնակավայրի վրա։ Մի անգամ թուրք տիրակալ Մելիք շահին իմաց են տալիս, թե Նորադուզ գյուղում Գեղամ թագավորը սգալու է իր մոտ ընկերոջ վախճանը: Նրա զինված պահապանների թիվը սակավ է: Մնացածը անզեն գյուղացիներն են, կանայք ու երեխաները: Պետք է ասել, որ Գեղամը իրոք գերեզմանոց էր եկել իր սակավաթիվ ջոկատի հետ: Երեկոյան նա իմացավ, որ իրեն ընդդեմ է դուրս եկել Մելիք շահի հսկայաթիվ զորքը: Ինչպե՞ս վարվել։Վերադառնա՞լ՝ օգտվելով գիշերվա մթությունից, թե՞ կռվի բռնվել՝ չմտածելով դրա հետևանքների մասին:
Գեղամը կարողանում է պահպանել ինքնատիրապետումը։ Նա որոշեց օգտագործել ռազմական խորամանկություն․նա հրամայեց իր զինվորներին հանել իրենց հագուստները և հագցնել դրանք խաչքարերի վրա: Իսկ ինքն իր ջոկատի հետ միասին կանգնեց խաչքարերի առաջ: Եվ ահա ժայռերի հետևից դուրս եկան թուրքական զինվորները և իրենց հայացքների առաջ եկող գիշերվա մթնող երկնքի տակ բացվեց ահավոր մի տեսարան:Բարձունքի վրա կանգնած էին հզոր ձիավորները Գեղամի ղեկավարությամբ, իսկ նրանց մեջքերի հետևում տեղադրված էին համաչափ հետևակային զինաշարքերը՝անթիվ ու անհամար: Այդպիսով թուրքերը ընդունեցին քարերը որպես զինվորներ,արագ դիմեցին փախուստի, իսկ Գեղամն իր ջոկատով հանդերձ հասավ փախչող թուրքերին ու բոլորին ջարդեց:
Եվս մի լեգենդ են տեղացիներն ավանդաբար պատմում Նորատուսի խաչքարերի և նրանց հարևանությամբ գտնվող մատուռի վերաբերյալ։ Դամբարանի տարածքում կար մի փոքր մատուռ, որի շնորհիվ, ըստ լեգենդի, փրկվել է մի ամբողջ գյուղ: Մոնղոլ-թաթարները համաձայնության են գալիս գյուղի խորհրդի հետ, ըստ որի նրանք կփրկեին բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր կմտնեին մատուռ և դուրս չէին գա: Քանի որ մատուռը գաղտնի ելք ուներ, բոլոր բնակիչներին հաջողվեց փրկվել: Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ, ապշած մնաց: Նա տեսավ միայն աղոթող խորհուրդը: Ծերուկներից մեկը կատաղած հրամանատարին բացատրեց, թե ամբոխը դարձել էր աղավնի և բարձր թռել դեպի երկինք։
Խաչքարերի արձանագրությունները
Նորատուս բնակատեղիի արձանագրությունները կարևոր սկզբնաղբյուր են բնակավայրի պատմությունը, կյանքն ու կենցաղը, նաև գործունեության ամենատարբեր ոլորտներն ուսումնասիրելու առումով։ Դրանցից ամենահետաքրքիրը գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային որմին փորագրված 7 տողից բաղկացած արձանագրությունն է։ Այն վերաբերում է բնակչությունից գանձվող հարկերից ազատմանը։ Այս արձանագրությունում օգտագործված են հետևյալ վարչական – հարկային տերմինները`միիսալում(տուրքից ազատված),չափող(հաշվող,համարող),չափողի հարկ (հաշվողին, համարողին տրվող հարկ) և գզրի հարկ (գյուղական տանուտերին ստորադրյալ պաշտոնյային տրվող հարկ)։
Արձանագրության հեղինակները` Նորատուսի շահնա (հարկահավաք պաշտոնյա) Սինային և դեմեթարը(գյուղապետը) սահմանում են,որ Զաքարյան Ավագի`Իվանեի որդու արևշատության համար զիջել,վերացրել են գզրին և չափողին տրվելիք հարկերը։
Միաժամանակ, շարունակության մեջ սահմանվում է, որ Նորատուսի գզիրն ու չափողը տեղի իշխանավորներից իրավունք են ստանում իրենց տնտեսական կարիքների համար բանեցնելու կոռին հատկացվող լծկան անասունը՝ յուրաքանչյուրը`մեկ լուծ եզ։ Այս արտոնությունը տրվում էր նրանց`հատուցելու բնակչությունից նրանց համար հավաքվող հարկհասույթի զիջումից պատճառված վնասը։ Այս մասին է վկայում արձանագրության սկիզբը.
«ՈՉ ԳԶՐԻՆ ՏԱՆ ՀԱՐԿ, ՈՉ ՉԱՓՈՂԻՆ»։
Գյուղամիջում ցրված են առանձնակի խաչքարեր։ Դրանք շատ են, բայց ոչ բոլորն ունեն արձանագրություններ։Հնագույնը վերաբերում է կամուրջի շինարարությանը և թվագրվում է 1211թ․-ով, իսկ Ս․Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք, դրանք մի խումբ են կազմում, ուր կան նաև տապանաքարեր,ըստ երևույթին Ջուղայեցոնց ընտանիքի տոհմական գերեզմանատունն է այստեղ եղել,դրանցից մեկն է միայն թվագրված 1553թ․-ով։
Գյուղի մեծ գերեզմանատան/գյուղի հարավային եզրին՝ ընդարձակ բարձրավանդակի վրա/ մասում ամենահին խաչքարը թվագրվում է 1225թ․-ով,սակայն գերեզմանատան մեջ,և հատկապես մատուռի շուրջը,ընկած և կիսականգուն վիճակում կան կլոր և քառակուսի բներով կոթողներ ու նրանց գլխի անջատ խոյակներ,որոնք IXդ-ին և ավելի վաղ ժամանակների են վերաբերում։
Նորատուս բնակատեղիի սահմանի խաչքարերի մեջ կան մեծարվեստ գործեր, որոնք կրում են նաև կազմողների անուններ,որոնցից նշանավոր են Մելիքսեթն ու Քիրամը։