Հայկական ճարտարապետական նշանավոր այս համալիրը գտնվում է Ամաղու գյուղից արևելք, անդընդախոր կիրճի հյուսիսային կողմի դժվարամատչելի դարավանդի վրա։ Վանքի տարածքը սրբատեղի է եղել և ուխտատեղի դեռ վաղ միջնադարում իր հրաշագործ աղբյուրի շնորհիվ և հայտնի էր որպես Ավագ կամ Խորաձոր անապատ:
Վանական համալիրը հիմնադրվել է ավելի ուշ՝ XII դարում և կառուցապատվել հիմնականում XIII-XIV դդ.: Անապատը Նորավանք է վերանվանվել 1221-ին:
Համաքրիստոնեական միջնադարյան արվեստի համար աննախադեպ է Հայր Աստծո և Սուրբ Հոգու պատկերագրությունը, որն արվել է Նորավանքի որմնաքանդակներում: Նորավանքի այդ քանդակները դուրս են գալիս ազգային արվեստի շրջանակներից:
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Կիրճի հյուսիսային կողմի դժվարամատչելի դարավանդի վրա հոսող աղբյուրի մոտ դեռ վաղ միջնադարում կառուցվում է սբ. Փոկասի եկեղեցին: Աղբյուրի առկայությունը չի բացառում, որ այս տեղանքը սրբավայր է եղել նաև հեթանոսական ժամանակներում, երբ լայն տարածում ուներ ջրի պաշտամունքը: IX դ. կառուցվել է Ս. Կարապետ եկեղեցին: 1105 թ. այստեղ հաստատվելով՝ Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը նոր միաբանություն է հիմնում, ընդարձակում վանքապատկան տարածքները, հավաքում ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերնում եպիսկոպոսական վիճակ ճանաչելու վերաբերյալ։ 1221 թ.-ին վանքը վերանվանվում է Նորավանք:
Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։
Ստեփանոս եպիսկոպոսի շնորհիվ XII դ. կեսերին դառնում է Սյունյաց հոգևոր կենտրոնը: 1216-ին Սարգիս եպիսկոպոսը թեմը բաժանել է Նորավանքի և Տաթևի վանքի միջև: Նորավանքին են մնացել միայն Վայոց ձորը, Ճահուկն ու Նախիջևանը: Վանքը բազմաթիվ նվիրատվություններ է ստանում իշխանական ընտանիքներից, հողատարածքներ Վայոց Ձորում և Սյունիքում, և շուտով դառնում խոշոր ավատատեր:
1238 թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվում, որը հնարավորություն է ընձեռում վերակառուցել վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև Լենկ Թեմուրի արշավանքները` XIV դարի վերջում։
1287-ին Սյունյաց մետրոպոլիտ է դարձել Ստեփանոս Օրբելյանը, որը, ստանալով մոնղոլական իշխանությունների հովանավորությունը, միացրել է Տաթևի և Նորավանքի առաջնորդարանները, բազմապատկել Սյունյաց միացյալ թեմի տնտեսական հզորությունը, ձեռք բերել նորանոր կալվածքներ:
XV–XVI դդ. Նորավանքը շարունակել է մնալ հոգևոր-մշակութային կենտրոն, այստեղ կանգնեցվել են նոր խաչքարեր: XVII դ. կառուցվել են վանքի պարիսպը, բնակելի ու տնտեսական շենքերը:
XVIII դ. վանքում տնօրինություն են արել մահմեդական հրոսակախմբերը: 1813-ին պարսից Ֆաթալի շահը Նորավանքը հանձնել է Պետրոս-Բեկ Օրբելյանին և հրամայել, որ Ամաղու գյուղի եկամուտը տրամադրվի վանքին: 1840-ին Նորավանքը ավերվել է երկրաշարժից ու լքվել: 1948–49-ին մասնակի նորոգվել է, իսկ 1982-ին սկսվել են նրա պեղման, շենքերի վերակառուցման աշխատանքները: Ամբողջական վերականգնողական աշխատանքները ավարտվել են 2001 թ.։ 1998-ի ապրիլի 18-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի ձեռամբ վերաօծվել է Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցին:
Ավանդազրույցներ վանքի մասին
Մոմիկի կյանքը սերտորեն կապված է Նորավանքի հետ: Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ են ստեղծվել: Դրանցից մեկը պատմում է, որ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի միակ աղջկան` Լուսիկին: Լուսիկն էլ Մոմիկին է սիրահարվում: Իշխանն իմանում է այդ մասին, ու, որովհետև հանգուցյալ իշխանուհուն խոսք էր տվել, որ նրա հոգու փրկության համար պիտի շիներ մի վանք, որի նմանը չլիներ հայոց աշխարհում, կանչում է Մոմիկին և այսպիսի պայման դնում: Մոմիկը երեք տարում պետք է կառուցեր 3 տաճար, որոնցից մեկը լինելու էր իշխանի տոհմական դամբարանը, երկրորդը` աղոթատուն, իսկ երրորդ տաճարում պետք է կատարվեր Մոմիկի ու Լուսիկի պսակադրությունը: Մոմիկը նախօրոք պիտի կտրեր, տաշեր ու քանդակեր երեք տաճարի քարերն այն հաշվով, որ ոչ մի քար չպակասեր, ու վանքն էլ անկրկնելի պիտի մնար հայոց աշխարհում:
Մոմիկն ընդունում է այս պայմանը: Նա աշխատում է օր ուգիշեր` մտածելով Լուսիկի մասին, նրա տեսիլքից ուժ ստանալով ու երևակայության մեջ ստեղծված պատկերները քարերի վրամարմնավորելով: Նա ավարտում է քարերի մշակումը, հաշվարկում ու մտքում որոշում յուրաքանչյուր քարի տեղը, գտնում երրորդ տաճարի գմբեթի վերջին քարը` վրան քանդակելով նետահար մի սիրտ, որին վերևից նայում էր լուսինը: Ապա գարնանն սկսում է առաջին տաճարը: Երկրորդ գարնանն արդեն սկսում է երկրորդ տաճարը: Վերջին տաճարը Մոմիկը կառուցում է ավելի մեծ եռանդով` շարելով գիշեր ու զօր: Ահա վերջապես վարպետը հասնում է գմբեթին, և նրա քարերից ոչ մեկը դեռ չէր պակասել:
Իշխանը, տեղեկանալով, որ Մոմիկն արդեն մոտենում է շինարարության ավարտին, կանչում է իր Սեպուհին և հրամայում սպանել վարպետին: Սեպուհը բարձրանում է Մոմիկի մոտ` իբրև թե իշխանի կողմից նրան շնորհավորելու` աշխատանքի ավարտի առթիվ: Երբ ուրախացած Մոմիկը պատրաստվում է վերջին քարը դնել գմբեթին, Սեպուհը հրում է նրան, և վարպետը քարի հետ ընկնում է երրորդ տաճարի մեջ` սեղանի առջև, ուր պիտի կատարվեր նրա պսակադրությունը: Այնտեղ էլ թաղում են նրան, իսկ տաճարը կիսատ մնաց, որովհետև նրա վերջին քարը չդրվեց, այլ շիրմաքար դարձավ վարպետի համար: Սակայն վանքը անկրկնելի մնաց, ինչպես ասել էր իշխանը, որովհետև չկար նրա ստեղծողը, որ նորը շիներ, ուստի միշտ նոր էր մնալու: Եվ այդ պատճառով էլ վանքի անունն էլ մնաց Նորավանք:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Նորավանքը բացառիկ է իր ճարտարապետական լուծումներով և ոճերով, որոնք հատուկ են Զաքարյանների ժամանակաշրջանին:
Վանքի համալիրի հիմնական հուշարձանախմբի հարավում հնագույն Ս. Կարապետ միանավ դահլիճն է, կենտրոնում Ս. Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին, հյուսիսում՝ Ս. Գրիգոր միանավ թաղածածկ եկեղեցի-տապանատունը: Համալիրի արևելյան կողմում առանձին կանգնած է Ս. Աստվածածին երկհարկ – եռաստիճան եկեղեցին՝ գմբեթի սյունազարդ ռոտոնդայով:
Սբ. Կարապետ եկեղեցի: Վանքի հնագույն կառույցն է միանավ դահլիճով Սբ. Կարապետ եկեղեցին (IX դ.): Եկեղեցուց միան ավերակներ են պահպանված, որոնք պեհվել են 1980-ականներին: Հաճախակի «Սուրբ Կարապետ» են անվանում վանքի գլխավոր մյուս եկեղեցին, որը կառուցվել էր XIII դարում՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի:
Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցի: 1216–21-ին իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը Նորավանքում կառուցել են համալիրի գլխավոր Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին (օծվել է 1223-ին): 1220-ականներին Խորանի տակ զետեղված են Ստեփանոս Նախավկայի մասունքները, որոնք բերվել են Պաղեստինից:
Եկեղեցին ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է (գմբեթը կործանվել է 1840-ի երկրաշարժի ժամանակ)։ Հուշարձանն ուշագրավ է ճարտարապետական զուսպ ձևերով, ինտերիերը՝ բեմի ճակատային մասի խաչազարդ ռելիեֆով։ Միակ մուտքը արևմուտքից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը։
1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ եկեղեցու գմբեթը վնասվել է: 1949 թվականին վերակառուցվել են տանիքն ու պատերը, իսկ 1998 թ-ին Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է հայկական ծագումով կանադական ընտանիքի հովանավորությամբ:
Միջնադարում և ավելի ուշ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին կոչել են նաև «Նոր Սուրբ Կարապետ եկեղեցի»: Երկու անվանումները օգտագործվում են գրեթե հավասարապես:
Գավիթ: Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու ավարտից անմիջապես հետո կառուցվել է գավիթը: Այն հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է, բայց նախնական շենքից պահպանվել են պատերի ներքևի մասերը (մոտ 3 մ բարձրությամբ), որոնց վրա կան 1232-ի և 1256-ի արձանագրություններ։ 1261-ին Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ գավիթը վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Հեռացվել են 4 կենտրոնական գմբեթակիր սյուները, ծածկը փոխարինվել է որմնասյուներին հենված կենտրոնական ստալակտիտավոր գմբեթ ունեցող վրանաձև պարփակ թաղով։
Հետագայում՝ 1321-ի երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է։ Վերակառուցվել են ստալակտիտավոր երդիկը և արևմտյան պատը, ավելացվել է XIV դ․ բնորոշ, ընդգծված ելուստ ունեցող ստալակտիտավոր կամարաղեղներով և քանդակազարդ ճակատակալ քարով նոր շքամուտք։ Ամենայն հավանականությամբ վերակառուցումն իրականացրել է Մոմիկը:
Նորավանքի Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքի լուսամուտի բարավորին Հայր Աստծու պատկերաքանդակն է: Կենտրոնում Հայր Աստծո կիսանդրին է` մարդու կերպարանքով, տպավորիչ դիմագծերով, փառահեղ մորուքով, խոշոր, ձվաձև աչքերով, գանգուր մազերով: Աստծո մորուքից ցած Սբ. Հոգին խորհրդանշող աղավնին է, որի կտուցը որպես Աստծո շունչ հպված է Աստծո ձախ ձեռքում գտնվող Ադամի շուրթերին (միայն գլուխն է պատկերված): Աջ կողմում` Հայր Աստծո օրհնող Աջի տակ, խաչված Քրիստոսն է, 2 կողքերին` Աստվածածինը և Հովհաննես ավետարանիչը: Ներքևում պառկած և ձեռքը դեպի «Խաչելությունը» ուղղած Դանիել մարգարեն է: Աստծուց ձախ սերովբե է պատկերված:
Հարթաքանդակը պատկերում է նստած Տիրամորը` երեխան գրկին, որի թիկունքում հարուստ զարդաքանդակներ են. գրերը միահյուսված են տերևների, խաղողի որթերի և ծաղիկների զարդամոտիվներով քանդակներին։ Հորինվածքի կենտրոնում երկու սրբերն են` սևեռուն հայացքով` ինչը բնորոշ է միջնադարյան կերպարային քանդակներին։ Ժանեկազարդ շքեղ գահի զարդանաշխերի մեջ տեսանելի են հայկական տարրերը: Գավիթում են թաղված Ստեփանոս Օրբելյանը և մի քանի այլ եպիսկոպոսներ:
Ս.Գրիգոր եկեղեցի – դամբարան: Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով՝ ուղղանկյունի միանավ դահլիճի տեսքով ձգվում է Ս.Գրիգոր եկեղեցին՝ Թավրիզում վախճանված Իշխանաց իշխան Սմբատ Օրբելյանի թաղածածկ դամբարանը, որը 1275թ.-ին կառուցել է ճարտարապետ Սիրանեսը:
Խորանի մակերեսին քանդակված են երկրաչափական պատկերներ` քառակուսիներ, ժամանակաշրջանին բնորոշ քառաթև աստղեր և հյուսածո բուսազարդեր։ Զարդաքանդակները պատկերում են աղավնիներ և տարատեսակ խաչեր:
Հարդարանքի կարևոր տարր են հանդիսացել նաև որմնաքանդակները, որ առաստաղի վրա պահպանվել են մինչ օրս. կարմիրի ու սևի համադրությամբ շախմատաձև նախշերը հարստացված են պտտվող արևի խորհրդանշաններով, կարմիր գույնի նկարներով և շեղ գծերով։ Տարվա մեկ օր խորանի լուսամուտից ճառագայթ է սփռվում Սմբատ Օրբելյանի գերեզմանին՝ որպես ծննդյան օրվա նվեր:
Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատանը 1300-ին թաղվել նաև Ստեփանոս եպիսկոպոսի եղնայր՝ Էլիկում Օրբելյան իշխանը, 1318-ին՝ Բուղդա իշխանը, որի եղբայր Բուրթելը նրա հիշատակին Նորավանքում խաչքար է կանգնեցրել: Էլիկումի տապանաքարի վրա փորագրված է «մեդալիոն» կրող ննջող առյուծ, որը խորհրդանշում է ճակատամարտում ցուցաբերած նրա քաջությունը: Այստեղ են ննջում նաև Տարսաիճ իշխանը, նրա մայրը, տոհմի այլ անդամները:
Սբ. Աստվածածին եկեղեցի – դամբարան (Բուրթելաշեն): Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան է՝ Սբ․ Աստվածածին եկեղեցին: Այն կառուցված է բաց կարմրավուն քարից: Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են հիանալի մշակված, պատի մեջ ագուցված պահունակային 13-ական աստիճանները։ Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս հորինվածքը պսակված է եղել սյունազարդ ռոտոնդայով։
Հատկապես ուշագրավ են հուշարձանի պատկերաքանդակները, որոնք տեղադրված են դամբարանային հարկի բարավորի (Աստվածամայր, հրեշտակապետներ), երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարի (Քրիստոս, Պողոս և Պետրոս առաքյալներ) և ռոտոնդայի սյուների բեկորների (կտիտորական կոմպոզիցիա) վրա։
Կենտրոնական սյան վրա պատկերված է պատկերված է Աստվածամայրը` բազմած գահույքին, գրկին մանուկ Հիսուսը, կողքերին Գաբրիել և Միքայել հրեշ-տակապետներն են` կիսաբաց թևերով: Ձախ կողմի սյան վրա՝ Բուրթել իշխանն է՝ կառույցի մանրակերտը ձեռքին, աջ կողմի սյան վրա՝ նրա որդին՝ Բեշքենը: Վերին հարկի մուտքի ճակատաքարին պատկերված է Հիսուսը` ձախ ձեռքով կրծքին բռնած ավետարան, կողքերին` Պողոս և Պետրոս առաքյալները: Արևելյան ճակատին պատկերված է Օրբելյան իշխանական տան տոհմանշանը` արծիվ, որի մագիլներում եղնիկ է։ Հյուսիսային և հարավային ճակատների լուսամուտի բացվածքները պսակում են կամարաձև ծեփածո զարդաքանդակները։ Առաջին և երկրորդ հարկերի մուտքերի բարավորների քանդակները կերտված են այլ վարպետների կողմից, Մոմիկի մահից հետո։
Չնայած նրան, որ Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը լրիվ ավարտվել է 1339-ին՝ արդեն Մոմիկի մահից (1333թ.) հետո, այն համարվում է ճարտարապետ, մանրանկարիչ և քանդակագործ Մոմիկի վերջին գլուխգործոցը: Գմբեթը 1840 թ. երկրաշարժից փլվել է, վերանորոգվել 1990-ականներին:
«Թամթայի» և Մոմիկի խաչքարեր: Հիշարժան է Մոմիկ վարպետի կողմից փրագրած «Թամթայի» խաչքարը: Ճակատը 2 գեղեցկորեն ձևավորված սյուներով բաժանվում է 3 մասի, կենտրոնում լրիվ խորան է, ուր գահույքին բազմած է Քրիստոսը, ձախ ձեռքով կրծքի վրա բռնել է Ավետարանը, կողքերին 2 կիսախորանների մեջ մեկական առաքյալներ են: Կենտրոնում խաչն է, տակին գունդ-վարդյակը. 2 շրջանակներին մոմաթերթի մանրությամբ ծակոտկեն ցանցապատ մակերեսի վրա 8-թևանի աստղեր են` յուրաքանչյուր շրջանակի մեջ 7 հատ: Քիվին եղել է 1-տողանի արձանագրություն, որը ջարդվել է: Տակին նույնպես կա արձանագրություն, որում ասվում է, որ խաչքարը պատվիրել է Թամթա խաթունը իր ամուսնու` Աթաբեկ Տարսայիճի հոգու փրկության և որդիներ Բուղդայի և Բուրթելի արևշատության համար խաչքար կերտելու: Այն Մոմիկն ավարտել է 1308 թվականին և ստորագրել. «Մոմիկ վարդպետ»:
Սբ. Աստվածածին եկեղեցի – դամբարանի (Բուրթելաշեն) հարավային կողմում պահպանվել է Մոմիկի` իր իսկ կերտած համեստ խաչքար-մահարձանը։
Այլ շինություններ: Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։
Համալիրը շրջափակող պարիսպը XVII–XVIII դդ․ գործ է։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները։ XIII դ․ վերջին քառորդին այստեղ կառուցված է եղել նաև հյուրատուն։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։ Նորավանքում որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր եկեղեցական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը` հեղինակը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության (1299 թ.)։ 1300-ին նա գրում է «Ողբ ի կաթողիկե» պոեմը:
XIV դ. 1-ին տասնամյակը Նորավանքում Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի (1250?–1339 թթ.) բեղմնավոր գործունեության տարիներն էին: 1302-ին Ստեփանոս Օրբելյանը նրան պատվիրում է ընդօրինակել և նկարազարդել Ավետարանը: 1304-ին արդեն մոմիկը խաչքար է կերտել Ստեփանոս Օրբելյանի հիշատակին, 1307-ին Պողոս վարդապետի հետ գրչագրել և նկարազարդել է Ավետարանը, 1308-ին Թամթա իշխանուհու պատվերով կերտել խաչքար՝ նրա որդիներ Բուրթելի և Բուղդայի «արևշատության» համար: Մոմիկի վերջին աշխատանքներ համարում են Նորավանքի համալիրի հարավ – արևելյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի – դամբարանը (Բուրթելաշեն), եկեղեցու արևմտյան և հարավային պատերին արտաքուստ արված երկու գեղաքանդակ հարթաքանդակները, ինչպես նաև կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին և Մոմիկի խաչքար-մահարձանն է։
Միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր հատկանիշներով են առանձնանում Նորավանքի աստվածաշնչային ու ավետարանական թեմաներով պատկերաքանդակները, հատկապես գավթի արևմտյան մուտքի և լուսամուտի ճակատակալ քարի վրա կերտվածները: Աննախադեպ է Հայր Աստծո պատկերագրությունը: Հայր Աստվածը մինչ այդ պատկերվում էր միայն խորհրդանշական ձևով (օր.՝ երկնքից իջած Աջի տեսքով): Եզակի է քրիստոնեական պատկերագրության մեջ նաև Աստծո շունչը Սուրբ Հոգով փոխարինելը. ուշագրավ է Հայր Աստծո մորուքի մեջ պատկերված աղավնին, որը կտուցով ուղղված է դեպի Աստծո շուրթերը:
Համալիրի տարածքում կան վարպետորեն կերտված բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը:
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Երևանից՝ 117
Մարզկենտրոնից (Եղեգնաձոր)՝ 21
Բնակավայրից (գ. Ամաղու)՝ 3 (19)
Անմիջական տրանպորտ Երևանից չկա
Մոտակա ուղի՝ Երևան – Եղեգնաձոր
Սպասարկում՝ Հուշանվերների խանութ, սննդի կետ, զուգարան